Արտասահմանում ապրող ակումբցիներից շատերը երեխաներ ունեն, ու կարծում եմ՝ տվյալ խնդիրը բոլորի համար էլ այս կամ այն չափով ակտուալ է։ Ի՞նչ անել, որ օտարալեզու միջավայրում ապրելով՝ երեխան ոչ միայն սովորի խոսել ու գրել հայերեն, այլև իմացածը պահպանի ու նաև զարգացնի, այնպես, որ հայերենը նրա համար մայրենի լինի ու մնա, այսինքն՝ գոնե երկու մայրենիներից մեկը լինի։ Գիտեմ, որ շատ դժվար է, ու մարդկանց մեծ մասին դա չի հաջողվում։ Ցավոք, շրջապատումս բազմաթիվ են չհաջողված դեպքերը, ավելին՝ հաջողված դեպքերն ուղղակի հազվագյուտ են, ըստ իմ դիտարկումների։ Չեմ ուզում դատել կամ մեղադրել, բայց, ինչքանով ես եմ նկատել տարբեր ծանոթներիս տեսնելով, էն մարդիկ, որոնց երեխաները չեն խոսում հայերեն կամ վատ են տիրապետում հայերենին, հիմնականում առանձնապես ջանքեր չեն էլ գործադրել երեխաների հայերենը պահպանելու համար։
Պիտի խոստովանեմ, որ մինչև երեխա ունենալը ավելի շատ էի մեղադրում էդպիսի ծնողներին, որովհետև ավելի վատ էի պատկերացնում խնդրի լրջությունը։ Իրականում սա իսկապես շատ բարդ գործ է ու պահանջում է մշտական, հետևողական ջանքեր ու աշխատանք։ Երբ երեխայի համար հայերենի միակ աղբյուրը ծնողներն են կամ ընտանիքը, իսկ մնացած ամեն ինչն օտար լեզվով է, երեխան ինքնաբերաբար ավելի շատ հակվում է օտար լեզվին։ Շատ հայ ծնողներից եմ լսել, որ մանկապարտեզ կամ դպրոց գնալուն պես երեխան սկսում է տանն էլ անգլերեն խոսել, նույնիսկ ծնողների հայերեն հարցերին անգլերենով պատասխանել և այլն։ Ու երևի հենց էդ պահն է ամենանուրբն ու վճռականը, երբ ծնողները տեղի են տալիս, ու հետո արդեն ուշ է լինում։ Կամ իրենք էլ են սկսում անգլերեն խոսել երեխաների հետ, կամ պարզապես հաշտվում են էն փաստի հետ, որ իրենք հայերեն պիտի խոսեն, իսկ երեխան իրենց անգլերեն պատասխանի։ Ծնողներ էլ կան, որ հատուկ ուսուցիչ են վարձում, որ իրենց երեխային հայերեն սովորեցնի, բայց իրենք, Հայաստանի հայ լինելով, երեխայի հետ անգլերեն են խոսում։ Նման մոտեցումը ոչ մի կերպ չեմ հասկանում։ Բայց դե իրենք իրենց կյանքը։
Անձամբ ինձ համար շատ–շատ կարևոր է, որ երեխաներս գերազանց տիրապետեն հայերենին՝ որպես իրենց մայրենի լեզու, ու փորձում եմ ամեն ինչ անել, որ էդպես լինի։ Բայց արդեն զգում եմ, որ բարդ է, գնալով բարդանում է։ Ու մի թեթև բացթողումն անգամ կարող է ճակատագրական լինել էդ առումով։
Տղայիս հետ հենց սկզբից հայերեն ենք խոսել։ Մինչև նախամանկապարտեզ գնալը, որն անցյալ տարի էր, անգլերեն ընդհանրապես չգիտեր, բացի տառերից։ Մանկապարտեզում սկզբից դժվար էր, իհարկե, բայց շատ արագ սովորեց, հիմա, չասեմ գերազանց կամ սահուն, բայց բավական ազատ խոսում է անգլերեն։ Ճիշտ է, քերականական սխալներ է անում երբեմն, բառապաշարն էլ իր տարիքի անգլախոս երեխաների համեմատ դեռ աղքատիկ է, բայց ընդհանուր առմամբ նորմալ խոսում ու արտահայտվում է։ Հայերենից շատ լավ բառապաշար ունի, տարբեր մարդկանց կարծիքով, իր տարիքի երեխաներից անհամեմատ ավելի հարուստ։ Բայց վերջերս նկատում եմ, որ մեկ–մեկ որոշ հայերեն նախադասություններ կամ արտահայտություններ անգլերեն կառույցներով է ասում, մի քիչ էլ անգլերեն ակցենտով է սկսել նկատվել։ Ճիշտ է, ուղղելուց հետո ճիշտ է արտասանում, բայց դե խնդիրը կա, փաստորեն։ Ու գիտեմ, որ գնալով ավելի վառ է արտահայտվելու էդ ամենը, եթե հետևողական պայքար չտանենք էդ ուղղությամբ։ Երբ նոր էր սկսել մանկապարտեզ գնալ, երբեմն ինչ–որ բաներ անգլերեն էր ասում, բայց տանը խիստ դրվածք սահմանեցինք, որ իրար հետ միայն հայերեն պիտի խոսենք, բացառությամբ տնային անելիս կամ իրեն անգլերենի հետ կապված ինչ–որ բան բացատրելիս։ Հիմա տանը համարյա չի խոսում անգլերեն։ Նաև ամեն օր իր համար հայերեն գրքեր ենք կարդում։ Գրել դեռ չենք սկսել, բայց մի օր դա էլ կանենք։ Սկզբում, երբ նոր էր սկսում անգլերեն սովորել, մտածում էինք՝ խթանելու համար տանը մի քիչ հետը անգլերեն էլ խոսենք, բայց հետո մտածեցինք (կողքից էլ շատ լսեցինք), որ իմաստ չունի, անգլերենն էսպես թե էնպես սովորելու է. անգլերենին հաստատ վտանգ չի սպառնում, պետք է հնարավորինս հայերենի վրա կենտրոնանալ։
Կուզենայի, որ էս թեմայում բոլորը պատմեին իրենց փորձից։ Ենթադրում եմ, որ ակումբցիների մեջ պիտի որ էս հարցը կարևորողներ շատ լինեն։ Թե չէ՝ ԱՄՆ–ում, կոնկրետ իմ միջավայրում, ես ինձ էդ առումով ահագին մենակ եմ զգում, մի տեսակ կարծես նորմալ երևույթ համարվի հայերենի աստիճանական մոռացությունը, կարծես էդպես էլ պիտի լիներ։
Մի խնդրանք. ինձ համար սա շատ նուրբ թեմա է, ու շատ տհաճ կլինի կարդալ «մեկ ա, ինչ էլ անես, հայերենը մոռանալու ա, եթե ԱՄՆ–ում մնաք», «հայերենը կամաց–կամաց հետ ա գնալու, տենց էլ պիտի լինի, ու դա լրիվ նորմալ ա» կարգի կարծիքներ։ Հավատացեք, ես դրանցից լիքը լսել եմ ու մինչև կոկորդս կուշտ եմ։ Դրական ու հնարավորինս պրակտիկ բնույթի գրառումներ եմ ուզում։ Կարծում եմ՝ շատերի համար օգտակար կլինի։ Կոնկրետ տղայիս հետ կապված առայժմ ինչ–որ լուրջ անհանգստանալու վիճակ չեմ տեսնում, առնվազն ներկայումս կարծես թե ընդհանուր առմամբ վերահսկելի է իրավիճակը, բայց ինչքա՞ն ժամանակ էդպիսին կմնա, չգիտեմ։ Դրա համար փորձում ենք վերահսկողությունը չկորցնել ու աշխատել հայերենի ուղղությամբ, հուսով եմ՝ կհաջողվի։ Ամեն դեպքում գիտեմ, որ իմ ուզածը հնարավոր է, որովհետև կան կոնկրետ դրական օրինակներ, ցավոք, քիչ են, բայց կան։ Էնպես որ ավելի լավ է մտածել, թե ոնց հասնել դրան, ոչ թե բացասական օրինակներին նայելով՝ համակերպվել էն մտքի հետ, որ ոչինչ անել հնարավոր չէ։
Մի խոսքով՝ Ակումբի ծնողներ, խնդրում եմ, գրեք, ի՞նչ մեթոդներ եք կիրառում ձեր երեխաների հայերենի պահպանման ու զարգացման համար։ Ի՞նչ մեթոդներ, ձեր կարծիքով, չարժե կիրառել, որոնցում համոզվել եք սեփական կամ այլոց փորձի հիման վրա։ Մի խոսքով՝ եկեք էստեղ քննարկենք էս խնդիրը, փորձի փոխանակում անենք, խորհուրդներ, առաջարկներ ներկայացնենք։
Ծնողներին դիմելով եմ գրել, բայց ցանկացած մարդ էլ, իհարկե, կարող է խորհուրդներ ու առաջարկներ անել կամ պատմել ծանոթ մարդկանց փորձերից, եթե վերևում նշածս անցանկալի մոտեցումը ցույց չի տալու։
Էջանիշներ