Արեգը շարունակում է ազատ խոսել, կարդալ ու գրել հայերեն: Բավական հարուստ բառապաշար ունի` կենցաղային մակարդակից անհամեմատ բարձր: Էդ հարցում, կարծում եմ, մեծ դեր ունի նաև էն հանգամանքը, որ 5 տարեկանից սկսած` անգլերեն գրքերին զուգահեռ միշտ կարդացել է նաև հայերեն գրքեր` և՛ գեղարվեստական, և՛ ճանաչողական: Նաև միշտ հետը պարապել ենք Հայաստանից բերած` իր տարիքին (դասարանին) համապատասխան դասագրքերով: Համենայնդեպս, էն, որ ինքը Հայաստանում շփվում է երեխաների հետ, ու ոչ ոքի մտքով չի անցնում, որ ինքը Հայաստանից չի, կարծում եմ, ամենաբարձր գնահատականն է:
Երկու տարի առաջ մտածեցինք, որ տարբեր առումներով ավելի նպատակահարմար ու արդյունավետ կլինի, եթե արդեն մասնավոր պարապել տանք հայերենը: Մենք, իհարկե, շարունակում ենք տանը հայերեն խոսել, հայերենով լիքը խաղեր խաղալ, հայերեն գրքեր կարդալ տալ, բայց կարծում եմ` պարապելը հայերենի ուսուցիչներն ավելի լավ կանեն: Dasa2 օնլայն դպրոցի մասին ահագին դրական կարծիքներ էի լսել, որոշեցինք իրենց դիմել: Հիմա շատ լավ ուսուցչուհի ունի` ընտրիր մեթոդիկայով, ու հավեսով պարապում է օնլայն: Երբ նոր պիտի սկսեին պարապելը, նախօրոք օնլայն հանդիպեցինք, ընդհանուր ծանոթացանք: Նպատակը համ մեր պահանջներն ու ակնկալիքները պարզելն էր, համ էլ Արեգի հայերենի մակարդակի մասին գոնե մոտավոր պատկերացում կազմելը, որպեսզի ուսուցչուհին իմանար` ինչից սկսի, ոնց անցկացնի առաջին դասը: Չնայած ասեցինք, որ ինքն ազատ խոսում է ու նաև գրել-կարդալ գիտի վաղուց, բայց, ըստ, երևույթին, ուսուցչուհին, իր ունեցած փորձից ելնելով` ամեն դեպքում լավ չէր պատկերացրել Արեգի հայերենի մակարդակը: Առաջին դասի ժամանակ շատ զարմացել էր, ասեց` էն, ինչ ես նախատեսել էի ամբողջ դասին իր հետ անելու համար, 5 րոպեում արեց-պրծավ, չէի սպասում էսպիսի մակարդակ: Ասեց` ես էսպիսի աշակերտ դեռ չեմ ունեցել, չեմ էլ կարող պատկերացնել, թե ինչ տիտանական աշխատանք եք արել իր հետ, որ ԱՄՆ-ում ապրելով` էսքան լավ գիտի հայերեն: Ու ամեն անգամ զարմանում էր, որ Արեգն էսինչ կամ էնինչ բառը գիտի: Ասում է` ես իմ դպրոցի աշակերտներին էլ (որոնք նույն Արեգի տարիքին են) եմ պատմել Արեգի մասին, ու երբ ինչ-որ բան սխալ են անում կամ չեն իմանում, երբեմն ասում եմ` այ, Արեգը դա հաստատ ճիշտ կաներ կամ կիմանար: )))
Հայերենից բացի, նաև նկարչություն է օնլայն պարապում Dasa2-ով: Մի անգամ նկարչության ուսուցչուհին ինչ-որ կենդանու նկար էր ցույց տվել Արեգին, որ նայելով նկարեր, ասեց` անգլերեն sea otter ա, հայերենը չգիտեմ... Ջրա՞րջ էր, ջրաքի՞ս, թե՞ ինչ: Արեգը միանգամից ասեց` ջրասամույր: Ես ինքս էլ չգիտեի, տեղում ինտերնետով բառարան նայեցի, ստուգեցի, պարզվեց` իրոք ջրասամույր է հայերեն: Թե որտեղից գիտեր` չգիտեմ, բայց հաճելի էր, ինչ խոսք: )))
Մեր ընտանիքում էլ, ոնց որ նախկինում էր, էլի խստիվ արգելված է անգլերեն խոսելը, թեև Արեգի դեպքում դրա կարիքն արդեն վաղուց չկա. արդեն գիտակցված մոտեցում է ցուցաբերում էդ հարցի նկատմամբ ու չի էլ փորձում անգլերեն խոսել` բացառությամբ էն դեպքերի, երբ ինչ-որ բառի հայերեն համարժեքը չի իմանում կամ չի հիշում: Նման դեպքերում սովորաբար հարցնում է, թե էսինչ բառը հայերեն ոնց է: Ոչ միայն ինքը չի խոսում, այլև փոքր եղբորը միշտ դիտողություն է անում, եթե անգլերեն որևէ բան է ասում. մեր օրինակին հետևելով` ասում է` էսինչը (ինչ-որ անգլերեն բառ) չգիտեմ` ինչ ա, ես անգլերեն չեմ հասկանում, հայերեն ասա, կամ` մենք էս տանը մենակ հայերեն ենք խոսում, չգիտե՞ս: ))
Դավիթը (7 տարեկան) էլի նորմալ խոսում է հայերեն, թեև էդ հարցում Արեգից բավական հետ է, այսինքն` նույն տարիքում Արեգն ավելի հարուստ բառապաշար ու ավելի սահուն խոսք ուներ: Երևի նրանից է, որ Արեգը շատ ավելի ուշ է սկսել խոսել, դրա համար իրենով ավելի շատ ենք զբաղվել, հատկապես խոսքի զարգացմամբ, իսկ Դավիթը շատ շուտ է խոսել սկսել, իր դեպքում շատ բաներ հեշտությամբ ու ինքնըիրեն են եղել, մենք էլ էդ առումով մի քիչ արխայնացել ենք ու նույնքան շատ ջանք չենք թափել իր հետ: Բայց դե էլի լավ է, համենայնդեպս, մենք միայն հայերեն ենք խոսում իրար հետ, իր հետ ոչ ոք անգլերեն չի խոսում ընտանիքում, ինքն էլ գիտի, որ եթե անգլերեն բան ասի, արձագանք չի ստանալու, ու հիմնականում հայերեն է խոսում: Հիմա իր մոտ էն փուլն է, որ փորձում է դպրոցից բերած անգլերենն առաջ տանել նաև տանը, բայց դե մենք էլ ինտենսիվ դիմադրում ենք: Քանի որ Արեգի հետ մի անգամ արդեն անցել ենք էս փուլի միջով, արդեն պատկերացում ունեմ` ինչու է էդպես, ինչ պիտի անենք, որ հաղթահարվի, ու մոտավորապես ինչքան ժամանակից կանցնի: Մի երկու տարուց, կարծում եմ, իր դեպքում էլ արդեն գիտակցված մոտեցում կլինի, էլ չի փորձի անգլերեն խոսել. կարևորը` ընտանիքում դրա համար նպաստավոր պայմաններ բացարձակապես չկան, մնացածը ժամանակի հարց է: Հայերեն գրել-կարդալ էլ գիտի վաղուց (ես հետը կանոնավոր կերպով պարապում եմ դասագրքով, պլյուս` խաղեր-մաղեր): Մինչև վերջերս ինքը միայն մեր ընտանեկան բանավոր հայերեն խաղերին էր մասնակցում, քանի որ գրավորը դեռ վարժ չէր, վերջերս սկսել է նաև բառքամոցիին ու մյուս գրավոր խաղերին էլ մասնակցել ու շատ սիրում է էդ խաղերը: Կարծում եմ` դա էլ է լավ մոտիվացիա եղել, որ ձգտի գրավոր հմտությունները բարելավել:
Էջանիշներ