Շատերն, իհարկե, ծանոթ են Կառլ Յունգի առաջարկած անձնային տիպերի դասակարգմանը՝ ինտրովերտների և էքստրավերտների։ Կարող է հարց առաջանալ, թե ինչու եմ խտրականություն դրել ու թեման բացել հենց ինտրովերտների մասին, ոչ թե, ասենք, ինտրովերտների ու էքստրավերտների։ Իրականում ինտրովերտների մասին խոսելիս ամեն դեպքում դժվար կլիներ խուսափել էքստրավերտների մասին խոսելուց, ու, բնականաբար, էս թեմայում էլ էքստրավերտների մասին խոսելը չի արգելվում։ Պարզապես հաշվի առնելով, որ մենք, կարելի է ասել, ապրում ենք էքստրավերտների աշխարհում (այսինքն՝ առնվազն մեր ժամանակակից քաղաքակիրթ կյանքի բնույթն ու կառուցվածքը զգալի չափով հիմնված է էքստրավերտների համար հոգեհարազատ ու ցանկալի երևույթների ու գործունեության ձևերի վրա, որոնք ուղղակիորեն անհրաժեշտ են կյանքի շարունակականության համար), բնական է, որ ինտրովերտների համար կյանքն ավելի բարդ է ու պրոբլեմատիկ, որովհետև ապրելով քաղաքակիրթ աշխարհում և լինելով դրա մի մասնիկը՝ նրանք ամեն դեպքում ստիպված են լինում մշտապես կատարել մի շարք գործողություններ, որոնք հակառակ են իրենց բնույթին, ներքին պահանջներին, հետևաբար այս կամ այն չափով անհարմարավետություն ու տհաճություն են պատճառում, իսկ չափից դուրս շատ կամ ինտենսիվ լինելու դեպքում նույնիսկ կարող են լուրջ սթրեսների հասցնել նրանց։ Մի խոսքով՝ ինչպես գիտեք, սովորաբար քննարկվում են պրոբլեմատիկ թեմաները, իսկ տվյալ դեպքում պրոբլեմատիկը ինտրովերտներն են ։
Այդ առումով կարելի է ասել, որ ինչպես, օրինակ, քաղաքակիրթ կյանքի ռիթմը հիմնականում հարմարեցված է արտույտներին, ոչ թե բուերին, ինչպես նաև՝ աջլիկներն, ոչ թե ձախլիկներին, նույն կերպ էլ հարմարեցված է էքստրավերտներին, ոչ թե ինտրովերտներին, թեև վերջինիս դեպքում այդ «հարմարեցումը» ոչ միայն տվյալ տիպի գերակշռող թվով է պայմանավորված, այլև դրա անխուսափելիությամբ. ինչքան փորձում եմ պատկերացնել կյանքը ինտրովերտի նախընտրած գործունեությամբ ու ռիթմով, անհնար է թվում։ Մյուս կողմից՝ կյանքն առանց ինտրովերտների էլ հաստատ առաջ չէր գնա։ Իհարկե, տվյալ դեպքում լավ ու վատի հարց չկա, համենայնդեպս, թե՛ էքստրավերտները, թե՛ ինտրովերտները անհրաժեշտ են կյանքի շարունակականության և զարգացման, ընդհանուր հավասարակշռության համար։
Փորձեմ համառոտ բնութագրել ինտրովերտներին ու էքստրավերտներին։
Ինտրովերտները չեն սիրում մարդաշատ վայրեր, ակտիվ շփումներ, հոգնում ու սպառվում են ակտիվ հաղորդակցությունից ու երկար ժամանակ մարդաշատ վայրերում լինելուց։ Խուսափում են ուշադրության կենտրոնում լինելուց։ Նրանք իրենց էներգիան ստանում են մենակությունից, լռությունից, հանգիստ, խաղաղ միջավայրում գտնվելուց։ Որոշ ժամանակ ակտիվ հաղորդակցություն ունենալուց ու մարդկանց մեջ լինելուց հետո խիստ կարիք են ունենում իրենք իրենց հետ մենակ մնալու, որպեսզի վերալիցքավորվեն, հակառակ դեպքում կարող են սթրեսի մեջ ընկնել։ Մարդաշատ ու աղմկոտ հավաքույթների ժամանակ ինտրովերտներին սովորաբար կարելի է ճանաչել իրենց մեկուսացած ու տիրող ընդհանուր մթնոլորտին անհաղորդ վարքից։ Սիրում են ամեն ինչ նախօրոք պլանավորել, չեն սիրում անսպասելի իրավիճակներ, հեռախոսով/սքայփով խոսել, սովորաբար խոսելուց առաջ ավելի երկար են մտածում, գրավոր հաղորդակցությունը նախընտրում են բանավորից, մեկ կամ մի քանի մարդկանց հետ առանձին շփումը գերադասում են մեծ խմփով մարդկանց հետ շփումից։ Ընդհանրապես սիրում են շատ գրել։
Էքստրավերտները սիրում են ակտիվություն, հավաքույթներ, միջոցառումներ, մարդկային ակտիվ շփումներ, նախաձեռնող են, սիրում են ուշադրության կենտրոնում լինել։ Նրանք իրենց էներգիան ստանում են հիմնականում շփումներից ու իրենց բավարարված զգալու համար կարիք ունեն ավելի շատ արտաքին խթանների։ Շփումների ու իրադարձությունների պակասից սովորաբար ձանձրանում են ու տառապում։ Կարելի է ասել, նրանք «ծաղկում են» մարդաշատ վայրերում և համապատասխանաբար «թոշնում» մենակության մեջ։ Սիրում են արկածներ, անակնկալներ, բազմազան իրադարձություններով հագեցած կյանք՝ միջոցառումներ, հավաքույթներ, հասարակական ցույցեր և այլն։
Մարդիկ հիմնականում իրենց մեջ կրում են թե՛ ինտրովերտին, թե՛ էքստրավերտին բնորոշ հատկանիշներ, բայց դրանցից մեկը սովորաբար զգալիորեն գերակշռում է, ու դրանով էլ պայմանավորված է ինտրովերտ կամ էքստրավերտ լինելը։
Կա նաև միջանկյալ տեսակը՝ ամբիվերտ։ Ամբիվերտների մեջ ինտրովերսիան ու էքստրավերսիան մոտավորապես նույն չափով են դրսևորվում։ Սովորաբար ինտրովերտին ու էքստրավերտին բնորոշ վարքագծերը հերթագայում են միմյանց՝ շրջաններով։ Կարող են պարզապես միջին վարք դրսևորել՝ չափավոր էքստրավերսիա, չափավոր ինտրովերսիա։
Կան նաև «թաքնված» ինտրովերտներ, ովքեր գիտակցաբար փորձում են մերվել միջավայրին և արտաքինից դրսևորում են էքստրավերտներին բնորոշ վարք։ Բայց նրանք նույնպես երկարատև ակտիվությունից հետո կարիք են զգում մենակության ու պասիվ հանգստի, պարզապես այդ մասին քչերն են իմանում։ Ընդհանրապես շատ ինտրովերտներ հանգամանքների բերումով էքստրավերտի կյանք են վարում, այսինքն՝ արտաքինից դառնում են էքստրավերտներ, ու մոտիկից չճանաչելու դեպքում նրանց սխալմամբ կարելի է նույնիսկ տիպիկ էքստրավերտի տեղ դնել։
Ինտրովերսիան հաճախ սխալմամբ նույնացնում են ամաչկոտության հետ։ Ճիշտ է, ինտրովերտներից շատերը նաև ամաչկոտ են, ու ընդհանրապես ամաչկոտներն ավելի շատ ինտրովերտների շրջանում են հանդիպում, քան էքստրավերտների, բայց բոլորովին պարտադիր չէ, որ ինտրովերտը նաև ամաչկոտ լինի. պարզապես մարդաշատ միջավայրերում ինտրովերտների պասիվությունն ու անհաղորդ կեցվածքը հաճախ մոլորության մեջ է գցում մարդկանց՝ ստիպելով ենթադրել, թե նման վարքի պատճառն ամաչկոտությունն է։
Ըստ վիճակագրության՝ մարդկանց միայն 30%–ն է ինտրովերտ։
Համարվում է, որ հակադրությունների փոխադարձ ձգողության սկզբունքի համաձայն՝ ինտրովերտները հիմնականում ձգտում են էքստրավերտների հետ ընկերություն անել և հակառակը՝ այսպես ասած՝ հավասարակշռությունը պահպանելու համար։ Ինչ–որ առումով տրամաբանական է, բայց, օրինակ, իմ դեպքում էդպես չի. թեև ընկերներիս մեջ կան ու միշտ էլ եղել են նաև էքստրավերտներ, բայց ամենամտերիմ ընկերներս համարյա բոլորն ինտրովերտ են, ու առնվազն վերջին 10-15 տարիներին միշտ էլ էդպես է եղել։ Դրա պատճառով իմ մեջ տպավորություն էր ձևավորվել, թե ինտրովերտներն ու էքստրավերտները մոտավորապես նույն քանակի են լինում, բայց, փաստորեն, ուղղակի ես եմ ակամա ինձ շրջապատել հիմնականում ինտրովերտներով ու մոլորության մեջ ընկել էդ առումով։ Օրինակ, փոքր ժամանակ, երևի մինչև դպրոցն ավարտելը չեմ հիշում, որ հավաքույթների ժամանակ ինձնից բացի, ուրիշ իրենց անհարմարավետ զգացողների նկատած լինեմ շուրջս։ Կամ էլ թաքնված են եղել, չեմ ճանաչել։
Ընդհանրապես ինտրովերտների համար հատկապես վաղ տարիքում բարդ է էն առումով, որ դեռևս գաղափար չունենալով անձնային տիպերի մասին՝ աղմկոտ հավաքույթներին, քեֆ–ուրախություններին և այլ ակտիվ, մարդաշատ միջավայրերում լինելիս նրանք պարզապես իրենց օտար ու միայնակ են զգում, իրենց թվում է, թե իրենց հետ մի բան այն չէ, իրենք նորմալ չեն, քանի որ բոլորն ուրախանում են, հաճույք են ստանում էդ մթնոլորտում, իսկ իրենք՝ ճիշտ հակառակը՝ ոչ միայն հաճույք չեն ստանում, այլև ընդհանրապես չեն հասկանում, թե ինչ կա էդտեղ հաճույք ստանալու, ինչի վրա են ուրախանում էս բոլոր մարդիկ, ու վերջապես երբ պիտի պրծնի էս անիծյալ հավաքույթը, որ ռադները քաշեն տուն ու հանգստանան էդ դժոխքից։
Ճիշտ է, ավելի հասուն տարիքում էլ այլ խնդիրներ են առաջ գալիս. աշխատանքի ու կենցաղի հետ կապված մի շարք մանր ու խոշոր գործողություններ, որոնք ուզած–չուզած պիտի արվեն, շատերը՝ կանոնավոր կերպով, օրինակ՝ հանդիպումներ, շփումներ, որոշները՝ պարբերաբար, թեև գործի բերումով կարող են դրանք էլ կանոնավոր կերպով տեղի ունենալ, օրինակ՝ նոր ծանոթություններ, հավաքույթներ։ Իրականում լիքը «սովորական» ու «առօրեական» մանր–մունր պրոցեդուրաներ, որոնք էքստրավերտի համար շնչելու պես բնական ու առանձնապես չնկատվող բաներ են, ինտրովերտի համար ամեն մեկը մի սթրես է՝ կախված հանգամանքներից՝ մեծ կամ թեկուզ չնչին, բայց ամեն դեպքում սթրես։
Ի դեպ, էս թեսթով կարելի է պարզել ոչ միայն ինտրովերտ–էքստրավերտ լինելը, ու թե քանի տոկոսով եք ինտրովերտ, քանի տոկոսով՝ էքստրավերտ, այլև իմանալ, թե տասնվեց անձնային տիպերից որին եք համապատասխանում, նաև որոշ այլ բաներ։ Ես վերջերս անցա թեսթը, ու ինձ տրված բնորոշումից ուղղակի ապշած եմ. դեռ ոչ մի թեսթ ինձ էս աստիճաանի ճշգրտությամբ բնութագրած չկար, ոնց որ հենց կոնկրետ իմ անձի ճշգրիտ բնութագիրը լիներ... 97–տոկոսանոց ինտրովերտ դուրս եկա, իսկ տիպը` INFJ (introversion, intuition, feeling, judging)։
Էս թեմայում քննարկում ենք ինտրովերտների համար դժվար իրավիճակները, խնդիրները, զավեշտալի ու անհեթեթ իրավիճակներ, փորձում ենք լուծումներ առաջարկել, խորհուրդներ տալ, սեփական կամ այլոց դառը և օգտակար փորձը ներկայացնել և այլն։ Հումորը նույնպես ողջունվում է։
Ինձ համար հատկապես հետաքրքիր է կարդալ, թե մյուս ինտրովերտ ակումբցիները ոնց են գլուխ հանում ինտրովերսիայով պայմանավորված զանազան մանր ու խոշոր դժվարություններից, խնդիրներից։ Կարող եք նաև պարզապես էս թեմայով ձեր դարդերը պատմել, լիցքաթափվել՝ կողքից էլ մխիթարանքներ ակնկալելով ։
Էջանիշներ