User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Արմեն Մալխասյան. Նոր պատմավեպ

  1. #1
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արմեն Մալխասյան. Նոր պատմավեպ

    1.Սիրիայի թագավորության նոր փոխարքան

    Անտիոքն իր շքեղությամբ ոչ մի քաղաքի չէր զիջում, սակայն Բագարատ Բագրատունին, Սիրիայի փոխարքան, որն ի կամոք արքայից արքա Տիգրանի, ամբողջ ութ տարի կառավարում էր այստեղ, ուրախ էր, որ հայրենիք է վերադառնում: Տիգրանը դժգոհ չէր Բագարատից, այնուամենայնիվ այնպես էր ստացվել, որ նա ավելի անհրաժեշտ էր այնտեղ, ուստի որոշում էր կայացվել ետ կանչել նրան: Բագարատին փոխարինելու էր Տիգրան թագավորի ավագ որդին` Զարեհը, թագաժառանգը:

    Այսպիսի լուրջ փոխատեղությունը, քանզի Սիրիան ամենակարևոր թագավորությունն էր Տիգրանին խոնարհվող պետությունների մեջ, չէր անհանգստացնում Հայոց արքային: Շնորհիվ Բագարատի խելամիտ կառավարման` Սիրիան, որն արյունաքամ էր եղել Սելևկյան արքայազնների երկպառակ կռիվներից, մի խաղաղ և փթթուն երկրամասի էր վերածվել, որտեղ քաղաքներն ազատ առևտուր էին անում, իսկ հողագործները վերջապես հնարավորություն էին ստացել մշակել այդ երկրի արգասաբեր ու լայնատարած հողերը: Ոչ ոք այլևս ահ չէր կրում, որ պարթևներն իրենց ձիերի սմբակների տակ կտրորեն ցորենի ընդարձակ դաշտերը կամ կթալանեն ու կավերեն մարդաշատ քաղաքները:

    Հայերը հաղթել էին պարթևներին, ստորացրել նրանց թագավորին, որը Տիգրանի ոտքերի տակ էր նետել` ինչպես իր հյուսիսային բոլոր տիրույթները` այնպես էլ ՙարքայից արքա՚ տիտղոսը: Սելևկյան արքայազններն էլ այլևս ոչ մի տեղ չէին երևում, կարծես գետնի տակ էին անցել: Մինչդեռ այնքան էլ շատ ժամանակ չէր անցել այն օրերից, երբ որևէ Անտիոք, Սելևկ, Ֆիլիպ կամ Դեմետր, իր վարձու բանակի գլուխն անցած, ներխուժում էր ուզածդ երկրամասը, խլում ոսկին ու հացը, ավերում` ինչ չէր կարող հետը տանել, ու Սիրիրայի միահեծան թագավոր հռչակում ինքն իրեն: Ինչ վերաբերվում է Պտղոմեոսների Եգիպտոսին, այդ նենգ և նախանձախնդիր պետությանը, որը դարեր շարունակ դավել էր ու թշնամություն սերմանել, այն ընդհանրապես դադարել էր իր գոյության մասին ինչ որ ձևով հիշեցնել:

    Ալեքսանդրիան բարեհոգի տեսքով առևտուր էր անում Տյուռոսի ու Բերիտի հետ ու բոլոր հնարավոր միջոցներով ցույց տալիս, որ դա այն ամենն է, ինչն իրեն անհրաժեշտ է: Այս հույժ ցանկալի խաղաղությունն ապահովում էր հայկական զորքը, որը տեղակայված էր Անտիոքում, Ապամեայում, Արադոսում, Սիրիայի այլ քաղաքներում, և սկզբունքորեն այնքան էլ մեծաքանակ չէր, սակայն հաշվի առնելով Տիգրան թագավորի ամեհի ուժը, որը նա երբեմն ցույց էր տալիս գործի մեջ, ոչ ոք չէր ցանկանում նրան առիթ տալ իր հիմնական զորքի ուղեկցությամբ այցելության գալ իրենց: Եթե նշենք նաև Հուդան և Նաբաթեան, մոտավորապես ամբողջացրած կլինենք Ասորիքի այն հարևան պետությունների ցանկը, որոնց մասին արժե հիշատակել, սակայն այս վերջինները չափազանց աննշան երկրներ էին, որպեսզի հանդգնեին ծուռ աչքով նայել դեպի հյուսիս: Ալեքսանդրա Սալոմեն` Հուդայի պառավ թագուհին, հիմնականում զբաղված էր լուծելով այն ներքին խնդիրները, որոնք ժամանակ առ ժամանակ ծագում էին նրա որդիների` քահանայապետ Յոհանաանի և սպարապետ Արիստոբուլի միջև, իսկ Նաբաթեայի ծեր թագավոր Հերիթաթը, ով իր բնույթով շատ էր սիրում պատերազմը, և հաճույքով սուր կբարձրացներ ուզածդ հակառակորդի դեմ, բավականաչափ խելացի էր հասկանալու, որ Տիգրանի Սիրիան հաղթական պատերազմ վարելու համար այնքան էլ հարմար ռազմական թատերաբեմ չէ: Կար նաև Հռոմը, որն աշխարհի գրեթե բոլոր մասերում ձգտում էր տարածել իր ազդեցությունը, սակայն հավերժական քաղաքը զբաղված էր միանգամից երկու լուրջ պատերազմներով:

    Իսպանիայում Հռոմը կռվում էր Սերտորիոսի դեմ, Պոտնոսում` Միհրդատ Եվպատորի, իսկ մի ժամանակ անց Կապուայում կպայթեր Սպարտակի ապստամբությունը: Այսպիսով` Սիրիայի փոխարքայի պաշտոնն իր մեջ չէր ենթադրում լարել բոլոր ուժերը, խճճված իրավիճակներից ելք որոնել, հաշտվել կամ պատերազմել: Պարզապես անհրաժեշտ էր մի մարդ, որը բավականաչափ հեղինակություն ունենար ու որպես կենդանի խորհրդանիշ հիշեցներ Տիգրան թագավորի կործանարար բանակները: Զարեհը իսկը համապատասխանում էր այդ դերին: Իրեն էլ չէր խանգարի մի փոքր հմտանալ: Տիգրան թագավորն արդեն վաթսունհինգ տարեկան էր, իսկ քանի որ ոչ մի մարդ հավերժ չէ, Զարեհը մի օր պետք է ժառանգեր նրան:

    Զարեհը երբեք չէր սիրել Բագարատին: Այդ խիստ վեր բարձրացած մեծատոհմիկը, ով քսան տարի առաջ Աղձինքում իր ձեռքով թագադրել էր Տիգրանին, միշտ թագաժառանգի մեջ շարժել էր նրա թունոտ նախանձը: Տիգրանը գահ բարձրանալուն պես նվաճեց Ծոփքը: Ու մինչ Զարեհը Արտաշատում պարապության մեջ էր կարճում օրերը, հենց Բագարատի գլխավորությամբ Հայոց հեծելազորը ներխուժեց Արշամաշատի դարպասներից ներս: Տիգրանը երեք անգամ արշավեց դեպի Կապադովկիա. առաջին անգամ գահ բարձրացրեց իր խամաճիկ Գորդիոսին, երկրորդ անգամ` թալանեց երկրի ողջ հարստությունը, երրորդ` կապադովկիական տասներկու քաղաքներից տեղահան արեց մարդկանց ու բնակեցրեց նորակերտ Տիգրանակերտում: Այս ընթացքում Զարեհը միայն երկրորդական պաշտոններ վարեց: Թագաժառանգը հույս ուներ իր փառասիրությանը հագուրդ տալ պարթևների հետ ծագած պատերազմում, սակայն նրան հասկացրին, որ եթե այդքան շատ է տենչում աչքի ընկնել, կարող է Բագարատի օգնականը լինել: Հաջորդ կռիվը, սիրիականը, լուրջ ռազմական գործողություններ չէր ենթադրում, բայց այս անգամ էլ Զարեհի սրտովը չեղավ: Զարեհն արդեն քառասունն անց էր, բազմաթիվ պաշտոններ էր վարել, բայց երբեք գոհ չէր մնացել, որովհետև միշտ իր փառատենչ ձգտումներից մեկ աստիճան ցածր էր գտնվել:

    - Ես չեմ կարող քեզ տասը թագ առաջարկել, որից դու ընտրես քո սրտի ուզածը,- մի անգամ ասաց նրան Տիգրան թագավորը: - Այո, մենք բազմաթիվ երկրներ ենք նվաճել, որոնք հպատակվում են մեզ, հարկ վճարում ու առաջին իսկ պահանջով զորք տրամադրում, բայց ես այդ երկրներում չեմ վերացրել իշխող թագավորական տոհմը ու նրանց եմ թողել իրենց երկրի կառավարումը: Նույնիսկ Ծոփքում, որտեղ միայն հայեր են ապրում, ես գահընկեց չարեցի Երվանդունիներին, թեև նրանք մեր տոհմի անհաշտ թշնամիներն են ու հազար առիթ էին տվել, որ ես այդպես վարվեմ: Հասկանում եմ, որ քո մեջ հավաքված եռանդը ելք է որոնում, ձգտում մեծ տարածությունների, փառքի և իշխանության: Մի օր դու կժառանգես Մեծ Հայքի գահը, ու միայն աստվածներին է հայտնի, թե երբ դա կլինի: Քո տարիքում ես Պարթիայում էի, որտեղ շատերը դավում էին ինձ ու իմ մահն էին ցանկանում, բայց ես համբերատար ծառայեցի այնտեղ ու դա հիմա անչափ օգտակար է ինձ պետությունը կառավարելիս: Այստեղ դու շրջապատված ես մարդկանցով, որոնք սիրում են քեզ ու հոգատար են քո նկատմամբ: Դու ունես բոլոր հնարավորությունները, որպեսզի սովորես պետություն կառավարել: Տարիներ առաջ չցանկացար Միգդոնիայում փոխարքա լինել, որտեղ հիմա քո հորեղբայր Գուրն է կառավարում: Մծբինը քեզ չափազանց փոքր ու անշուք թվաց, մինչդեռ այն հիանալի ցատկահարթակ կլիներ, որպեսզի հետագայում ավելի լուրջ պետություններ ղեկավարեիր:

    Զարեհը չհակաճառեց, բայց իր հայացքներն էլ չփոխեց, Տիգրանի կայսրության թագերը իսկական խառնաշփոթ էին ստեղծել նրա գլխում: Ծնված օրվանից սնուցվելով այն սնափառ մտքով, որ մի օր թագավոր է դառնալու, Զարեհը իր տարիքն առնելուն և Մեծ Հայքի սահմանները ընդարձակվելուն զուգահեռ ավելի ու ավելի անհամբեր էր դառնում, իսկ հոր անսպառ եռանդն ու երկաթյա առողջությունը կարծես ծաղր լինեին նրա ՙթագաժառանգ՚ տիտղոսին: ՙՕրերից մի օր դու Մեծ Հայքի թագավորը կդառնաս՚, երբեմն ասում էր նրան Տիգրանը, բայց միառժամանակ նրա ներկայությամբ բազմաթիվ հեռուն գնացող ծրագրերի մասին էր խոսում, որոնք հենց ինքն էր պատրաստվում կյանքի կոչել հինգ, տաս կամ քսան տարի հետո: Երիտասարդ տարիքում Զարեհը լիովին բավարարվում էր ապագայի նկատմամբ վառվռուն երազանքներով, այնուհետև սկսեց ձանձրույթ զգալ, իսկ քառասունը բոլորելուն պես որոշեց, որ անպատճառ պետք է թագավոր լինի: Թեկուզ Ծոփքում կամ Սիրիայում, եթե Մեծ Հայքում հնարավոր չէ: Ցավոք ճակատագիրը նրան մինչև այժմ միայն ծանր հարվածներ էր հասցրել, որոնցից անբուժելի վերքեր էին գոյացել: Երբ Մեծ Հայքի կազմը համալրվում էր հերթական պետությամբ` Զարեհը խորհում էր` մերժե՞լ թե՞ համաձայնել, եթե այդ թագավորության թագն իրեն առաջարկեն: Իսկ այնուհետև սոսկումով բախվում էր դաժան իրականությանը, որտեղ ոչ մի լույսի շող չէր փայլփլում իր համար: Քսան տարի Տիգրանն ընդարձակեց իր երկրի սահմանները, սակայն Զարեհին առավելագույնն առաջարկեցին քնձռոտ Միգդոնիայում կառավարիչ լինել, ինչը նա խոցված սրտով մերժեց: Սիրիական պատերազմի օրերին` երբ վերջնական արդյունքը կասկած չէր հարուցում, երազում էր, որ հենց իրեն թագավոր կօծեն Անտիոքում, բայց նրա թեկնածությունը նույնիսկ փոխարքայի պաշտոնում չքննարկվեց: Հիմա նա Սիրիայի փոխարքան էր, բայց եթե այդ երկրի թագավորն էլ դառնար՝ դարձյալ գոհ չէր լինի, որովհետև նրա ներկայիս բաղձանքը արքայից արքայի գահակիցը լինելն էր:

    Բագարատը մեկ շաբաթով հետաձգեց մեկնումը, որպեսզի Զարեհին ծանոթացնի ընթացիկ գործերին: Թագաժառանգը գոռոզամտորեն լսում էր նրան ու անհամբերությամբ սպասում նրա մեկնմանը: Սիրիան կառավարելը Զարեհին դյուրին էր թվում ու հոգու խորքում մի փոքր վիրավորված էր, որ չի կարող այստեղ մեծ քաղաքականություն վարել: Նույնիսկ զորք չուներ, որպեսզի մտածեր հնարավոր պատերազմի մասին:

    - Հերիթաթը հիսուն հազար ռազմիկներ ունի, Ալեքսանդրա Սալոմեն` գրեթե նույնքան, մինչդեռ Անտիոքում, Ապամեայում և զույգ Տիգրանոկոմեներում տեղակայված մեր կայազորները հազիվ թե գերազանցեն հինգ հազարը,- մի անգամ սրտնեղեց Զարեհը, երբ Բագարատի հետ միասին զորատես էին անցկացնում:

    - Եգիպտոսի փարավոն Պտղոմեոս Սրնգահարը ունի նույնքան` որքան Հերիթաթը և Սալոմեն միասին վերցրած, բայց նրանց մտքով ոչ մի անգամ չի անցել անցնել սիրիական սահմանը,- սիրալիր պատասխանեց Բագարատը և ավելացրեց:- Նրանք լավ են հիշում, թե ինչպես Տիգրան թագավորը Սիրիայից վռնդեց Սելևկյան արքայազններին:

    - Հարցը միայն պատերազմը չէ,- կայծկլտացող աչքերով առարկեց Զարեհը: - Տիգրան թագավորը, թող հավերժ ապրի նա, արքայից արքա է, իսկ ես նրա ժառանգորդն եմ ու հիմա, երբ փաստացի Սիրիայի թագավորն եմ, թեև ձևականորեն փոխարքա եմ կոչվում, անհրաժեշտություն չունե՞մ մի բանակի, որը փոքրիշատե համապատասխանում է իմ դիրքին ու հեղինակությանը:

    Բագարատը գրեթե զարհուրանքով նայեց Զարեհին: Սիրիայի հարցը չափազանց նրբին էր: Նույնիսկ Տիգրան թագավորը, ով պաշտոնապես հավասարեցված էր աստվածներին և մշտապես չորս թագավոր էր պահում, որպեսզի նրանք անձամբ սպասարկեին իրեն, Սիրիայի դեպքում բավական համեստություն էր դրսևորել, լայն արտոնություններ շնորհել իրեն աջակցած քաղաքներին, որոնց հատած դրամների վրա կոչվում էր ոչ թե արքայից արքա` այլ պարզապես արքա: Սիրիան ահռելի հարկ էր վճարում Տիգրանին, նրա տրամադրության տակ էր դրել փյունիկյան հզոր նավատորմը, իսկ պատերազմի դեպքում մեծ պարտավորություն վերցնել: Սակայն սիրիացիների մեջ դեռ ուժեղ էր սեփական թագավորությունը ունենալու ցանկությունը: Այո, Սիրիան փաստացի Մեծ Հայքին պատկանող երկրների համակարգի մեջ էր, բայց Տիգրանը չէր նվաճել այդ երկիրը, թեկուզև ընկճել էր մի քանի հարավային քաղաքների ըմբոստությունը, այլ եկել էր իբրև ազատարար: Իսկ բարի կամքն անպայմանորեն պարգևի է արժան: Ծոփքի, Օսրոենայի, Վիրքի, Աղվանքի ու Կորդուքի դեպքում Տիգրանը արքայից արքա էր, իսկ Սիրիայի դեպքում պարզապես արքա, և այդ արքային սիրիացիները ընտրել էին երկար խորհելուց և կշռադատելուց հետո, հաշվի առել նրա բոլոր առավելություններն ու թերությունները, առաջ քաշել իրենց պայմանները: Ու հիմա Զարեհը, Սիրիայի ներկայիս փոխարքան, ով այդ պաշտոնում փոխարինում է Բագարատ Բագրատունուն, լրջադեմ հայտարարում է, որ ինքն այդ երկրի փաստացի թագավորն է: Ոչ, թագաժառանգը մազաչափ անգամ չէր խելոքացել վերջին անգամ նրան տեսնելուց հետո:

    - Դու այստեղ կունենաս բոլորին հրամայելու իրավունք: Ինչ վերաբերվում է փաստացի Սիրիայի թագավորը լինելուն… Այո, փոխարքան այստեղ նույնքան իշխանություն ունի, որքան կունենար արքայից արքա Տիգրանը, եթե այս կամ այն պատճառով որոշեր անձամբ կենալ Անտիոքում: Սակայն սիրիացիները չափազանց նրբազգաց են, երբ խոսքն իրենց թագավորին է վերաբերվում: Այնպես որ, Տիգրան թագավորի կողմից այստեղ կառավարիչ նշանակված մարդը սոսկ փոխարքա է, ոչ ավել:

    Բագարատ Բագրատունին հույս էր տածում, որ Զարեհը կհասկանա նյութի կարևորությունը և լրջորեն կխորհի այդ մասին, բայց նրա խոսքերը թունավոր նետի պես մխրճվեցին նրա սրտի մեջ և նոր վերք գոյացրին այնտեղ: Թագաժառանգը մռայլադեմ ու սակավախոս դարձավ ու այդ օրն այլևս ոչ մի անգամ չանդրադարձավ ոչ իր տարբերանշաններին, ոչ էլ իրական իշխանությանը, որը պետք է պատշաճեր փոխարքայի դիրքին և հեղինակությանը:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (01.09.2015)

  3. #2
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անշտապ սկսում ես, Արմեն ջան... Դինաիկա ապահովվիր!
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (02.09.2015)

  5. #3
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Անշտապ սկսում ես, Արմեն ջան... Դինամիկա ապահովվիր!
    Ուր ես բայց վռազում, էս գործը հանգիստ է սիրում
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  6. #4
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2. Ավտոմեդոնտ

    Հունական անուն ուներ` Ավտոմեդոնտ, հելլենական ոճի հագուստներ էր հագնում, բայց նրա երակներում հազար ու մի ազգության արյուն էր հոսում: Նրա ապուպապը, ոմն Գանիմեդես, Ալեքսանդր Մակեդոնացու հույն վարձկաններից էր, մի շատ հաջողակ մարդ, ինչպես հետագայում պարզվեց` հաջողակ և ողջամիտ մարդ: Իսսոսի մոտ նա աչքի ընկավ խիզախությամբ, Գավգամելայի ճակատամարտում` քիչ մնաց զոհվեր, մակոդոնական զորքերի հետ հասավ Հինդուկուշ, անցավ Ինդոս գետը, մասնակցեց Պոր թագավորի դեմ արյունահեղ կռվին, ի վերջո նրան իր կնճիթով հարվածեց մի շատ խոշոր փիղ, բայց ճակատագիրը բարեհաճ գտնվեց նրա նկատմամբ ու նա գլուխը պրծացրեց սոսկ ուշագնաց լինելով: Սակայն սրանք ամենանշանակալի իրադարձությունները չէին Գանիմեդեսի կյանքում: Ալեքսանդրի զինվորները հրաժարվեցին շարունակել արշավը, մակեդոնական փառապանծ բանակը նահանջեց դեպի Բաբելոն: Սոսկալի վերադարձ էր այդ: Հարյուր հազար մարդիկ կիզիչ արևի տակ գիշակեր թռչուններին բաժին դարձան, մինչև երկինք բարձրացող մոլեգին հողմերը ցաքուցրիվ արեցին նրանց ոսկորները ողջ պարսկական անապատով մեկ: Հետագայում ասում էին, որ Ալեքսանդրը դիտմամբ այդ անապատն ընտրեց որպես տունդարձի ճանապարհ ու այդպիսով վրեժխնդիր եղավ իր երկչոտ զինվորներից: Ճիշտ է, Ալեքսանդրը նրանց հետ կիսեց ճանապարհի բոլոր դժվարությունները, մեծահոգաբար հրաժարվեց այն մի քանի կում ջրից, որը միայն նրա համար էին պահել, սակայն այդ տպավորիչ արարքը ոչ մի ձևով չբարելավեց զինվորների թշվառ վիճակը: Ավարտենք այս պատմությունն ավելացնելով` որ այդ հարյուր հազարի մեջ Գանիմեդեսի անունը բացակայում էր: Այդ պահից սկսված ավարտվում է հույն վարձկանի հաջողակ լինելու և սկսվում նրա հաջողակ և ողջամիտ լինելու դարաշրջանը:

    Տասը տարի մասնակից լինելով Ալեքսանդրի կռիվներին ու նրա մահվանից հետո հասկանալով, որ սկիզբ է դրվում մի երկպառակ ու արյունահեղ պատերազմի, որի վերջը միայն մեռյալները կտեսնեն, Գանիմեդեսը անցավ Ալեքսանդրի դիադոխներից ամենաուժեղի` Պերդիկկայի կողմը: Այնուհետև, երբ Պտղոմեոսի դեմ պատերազմի նախօրյակին Նեղոսն անցնելիս երկու հազար զինվորներ խեղդվեցին, Սելևկոսի հետ ապստամբեց նրա դեմ: Պերդիկկայի սպանությունից հետո զինվորագրվեց Լիսիմաքոսին, բանակցություններ վարեց Կասանդրոսի հետ, մի կարճ ժամանակ նույնիսկ վերադարձավ Մակեդոնիա, սակայն հետզհետե համոզվելով, որ ճակատագիրը գնալով ավելի ու ավելի լայն է ժպտում Սելևկոսին, առանց տատանվելու նրա մոտ վերադարձավ, ու շնորհիվ իր հաջողակ և ողջամիտ լինելուն, պատերազմի վերջը տեսավ առանց մեռյալերի աշխարհ ոտք դնելու: Քանի որ Գանիմեդեսն արդեն քառասունն անց էր` վճռեց, որ ժամանակն է ամուսնանալ:

    Սիրիացի մի հարուստ վաճառական ուրախությամբ իր դստերը նրան կնության տվեց ու հետն էլ` որպես օժիտ, կլորիկ մի գումար, որովհետև քաղաքական լուրջ աջակցության կարիք ուներ: Հակառակ Սելևկյան կայսրերի, որոնք ժամանակի ընթացքում թուլացան, փոքրացան, հեղինակազրկվեցին ու ի վերջո դադարեցին Սիրիայի տերերը լինել, Գանիմեդեսի հետնորդները քայլ առ քայլ վեր բարձրացան, հզորացան, ամրապնդվեցին խայտաբղետ շահեկան ամուսնություններով, իսկ Սելևկյան արքայազնների Սիրիայից դուրս վռնդվելու պահին` վերջին Գանիմեդեսյան Ավտոմեդոնտը առանց երկմտանքի լքեց արքայազն Անտիոքոսին և անցավ այն քաղաքների կողմը, որոնք վճռել էին Տիգրանին հրավիրել որպես իրենց թագավոր: Քանի որ Ավտոմեդոնտը ճիշտ ժամանակին էր լքել Սելևկյան խորտակվող նավը` նրա նկատմամբ բարեհաճ գտնվեցին: Այնուամենայնիվ դա այն ողորմածությունը չէր` ինչին նա հույս ուներ և մեկ այլ տեսանկյունից նույնիսկ նման էր շնորհազրկության: Սելևկյան արքայազնների օրոք Ավտոմեդոնտը եռանդուն մասնակցություն ուներ քաղաքական անցուդարձին, բազմաթիվ կենսատու թելեր էր պահում իր ձեռքերի մեջ և խոշոր եկամուտներ էր քերթում բազմաչարչար սիրիական հողից:

    Իսկ հիմա նրան վար գցեցին այդ բարձունքից և հստակ ցույց տվեցին այն ոչ այնքան լուսավոր նեղ շերտը, որտեղ նա կարող էր ծավալել իր պարզ առևտրական գործունեությունը: Այսպիսով Ավտոմեդոնտը ստիպողաբար հնազանդ ու բարեհամբյուր հպատակի վերածվեց, որի հետ պարզապես հաճելի էր շփվել, սակայն հաճելի մարդ լինելը ամենևին նրա գերնպատակը չէր ու նա երանելի կրքոտությամբ էր հիշում Սելևկյան կայսրերի եկամտաբեր, թեկուզև մի փոքր արյունոտ օրերը, որոնք այսօր սոսկ երազկոտ պատրանքների էին վերածվել: Նոր փոխարքայի նշանակումը որոշակի լավատեսական հույսեր էր արթնացրել նրա մեջ: Տիգրանի որդի Զարեհը` թագաժառանգը, ընդամենը յոթ-ութ տարով էր իրենից փոքր և անկասկած ավելի գերադասելի էր, քան կծծի ու կարծրամիտ Բագարատը, որին մերձենալու բոլոր փորձերը` պալատականի նրբին խորամանկություններն ու արևելյան հանրահայտ հաճոյակատարությունները, ապարդյուն էին անցել: Թվում էր Բագարատն է°լ ավելի նախանձախնդիր է Տիգրան թագավորի քաղաքականությունն իրագործելիս, քան ինքը Տիգրանը կլիներ:

    Չնայած ընչազրկվածի պես դժգոհ լինելուն` Ավտոմեդոնտը զուրկ չէր իշխանությունից. իրականում Սիրիայի ամենահզոր մարդկանցից մեկն էր: Նրա քառահարկ առանձնատունը նույնիսկ Դափնեի չափանիշերով էր չափից ավելի շքեղ ու կարծես հատուկ այն բանի համար էր պալատին այդքան մոտիկ կառուցվել, որպեսզի մարտահրավեր նետեր նրան: Ավտոմեդոնտին էին պատկանում Դափնեի ամենաշքեղ հասարակաց տները, ամենախոշոր բաղնիքը, ամենահանրահայտ ձիաբուծարանը, հինգ թե վեց խեցեգործական արտադրամասեր, կենտրոնական փողոցը հարող նույնքան առևտրական կրպակներ: Առանձնապես նախանձի առարկա էր Ապոլլոնի պուրակի հարևանությամբ գտնվող ընդարձակ հողատարածքը, որը դեռ նրա ապուպապ Գանիմեդեսից էր ժառանգություն մնացել, և որի արժեքը տարեցտարի շեշտակիորեն աճում էր: Մեկ տասնյակի չափ առևտրական նավեր ուներ, որոնք անխոնջ ճեղքում էին Միջերկրականի փրփրաբերան ջրերը, Եգիպտոսից հացահատիկ տեղափոխում Հռոմ, սիցիլիական բուրդը և գինին հասցնում Իսպանիա, հունական արձանիկներ ու նկարներ ներկրում Անտիոք, Չինաստանից եկող մետաքսն ու հնդկական մարգարիտը տարածում մերձմիջերկրական նավահանգիստներ: Այո, Ավտոմեդոնտը չէր մասնակցում մեծ քաղաքականությանը, բայց շատ քաղաքագետներ կախման մեջ էին նրանից, նույնիսկ Բագարատ Բագրատունին էր մի քանի անգամ դիմել նրա օգնությանը:

    Մեծատոհմիկ ու հարուստ մարդիկ նրա հասարակաց տների ու հարմարավետ բաղնիքի մշտական այցելուներն էին, որոնցից ամենակարևորներին նա երբեմն ՙպատահականորեն՚ հանդիպում էր այդ հաստատությունների միջանցներում և ընկերվարի հարաբերություններ հաստատում նրանց հետ: Շատերը ունեին Ավտոմեդոնտի կարիքը, գրեթե բոլորը: Ոմանց գրավում էր թագավորական ընդունելությունը և դրա դիմաց գանձված չնչին վճարը, մյուսները դրամական աջակցության կարիք էին ունենում, երրորդներին նա կարճ ժամանակով տրամադրում էր Ապոլլոնի պուրակի հարևանությամբ գտնվող հարմարավետ տարածքը, որտեղից ավելի դյուրին էր հետևել տավղահար աստծոն նվիրված աղմկալի տոնակատարություններին: Սակայն արքայական պալատը, որին այդքան մոտ նա կառուցել էր իր շքեղ առանձնատունը, հիմա անհասանելի էր նրան: Ավտոմեդոնտին առանց ձևականությունների ցույց էին տվել դուռը ու ավելին քան հասկանալի ակնարկել, որ նրա ծառայությունների կարիքը չեն զգում:

    Իսկ երբ Սելևկյան կայսերի հետ ես տվել առել` դժվար է հարմարվել այլ միջավայրի, ուստի Ավտոմեդոնտը նույնքան ծանր էր տանում ներկայիս իրողությունը, որքան Դարեհ թագավորը Գավգամելայի մոտ կրած խորտակիչ պարտությունը: Բայց ինչպե՞ս պատահեց, ո՞վ կարող էր հավատալ, ո՞ւմ մտքով կանցներ… Երկար տարիներ նա հաջողությամբ խուսանավել էր Սելևկյան արքայազնների կռիվներում, վարպետորեն շրջանցել վտանգավոր խութերը, կործանել իր հակառակորդներին ու թաքուն չարախնդացել նրանց դժբախտությունների վրա: Սակայն Լաոդիկեա, Բերիտ, Արադոս և Տրիպոլիս քաղաքների նրա մրցակիցները Տիգրանին հրավիրեցին Անտիոքում կառավարելու և նա անկարող եղավ կռահել նրանց մտահաղացումը: Իրոք դժվար է հակաքայլ գտնել, երբ երեք հարյուր հազար զինվորներ են կանգնած նոր կառավարության թիկունքին ու ի լրումն` այնպիսի միջավայր է ստեղծված, որտեղ անհնար է պղտոր ջրում ձուկ որսալ:

    Ճիշտ է, վերը նշված քաղաքները իրենց ուսերին տարան ռազմական էքսպեդիցիայի ամբողջ ծանրությունը, սակայն Տիգրանի սիրիական գահին հաստատվելուց հետո մեծ արտոնություններ ստացան, գրեթե ազատվեցին հարկերից ու միայն այն դեպքում վերստին կընկնեին հարկային բեռի տակ, եթե Տիգրան թագավորը պատերազմ սկսեր որևէ պետության դեմ: Բայց պատերազմ չկար, ահա արդեն քանի տարի է պատերազմ չկար, ուստի նրանք ծաղկում էին և բարգավաճում, իսկ դա սոսկալի հարված էր Ավտոմեդոնտի ու իրպեսների հզորությանը: Այսպես կոչված էլևթերիան վայելող այս քաղաքներում քիչ չէր այն մարդկանց թիվը, որոնք հարստությամբ խիստ մոտեցել էին Ավտոմեդոնտին, իսկ մի քանիսը նույնիսկ տվել անցել էին նրանից: Արդեն զգում էր, թե ինչպես են տրորում իր կրունկները: Երեք, թե չորս անգամ միջնորդները առաջարկել էին վաճառել Ապոլլոնի պուրակի հարևանությամբ գտնվող տարածքը:

    Ինչպիսի հանդգնություն. նույն հաջողությամբ նրանք կարող էին առաջարկել հույն վարձկանի ծայրագույն սերունդին իրենց զիջել նրա կնոջ ու ստրկության վաճառել սեփական երեխաներին: Իր հեղինակության ուղիղ կեսով Ավտոմեդոնտը պարտական էր այդ հողակտորին, որտեղից պարզորոշ երևում էին դափնու ծառերի մեջ կանգնած Ապոլլոնի արձանը և որտեղ սքանչելի պայմաններ էին ստեղծված, որպեսզի մարդ վեհ ու բարձր զգա իրեն, ըմբոշխի յուրահատուկ լինելու զգացողությունը ու թագավորի պես անխռով ունկնդրելի իրար գլխի խմբված մարդկանց, որոնք ոտք ու գլուխ ճխլելով ջանում են գեթ մեկ ակնթարթ արժանանալ տավղահար աստծո հայացքին: Անհնար է բառերով արտահայտել այդ հողակտորի արժեքը: Հասկանալու համար նախ անհրաժեշտ է լինել Անտիոքում, զգալ թե ինչ բան է Դափնեն` շքեղ, քաղցրիկ, անամոթ և ցանկալի Դափնեն, ու նոր միայն դատել այդ առաջարկության մասին:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  7. #5
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոչ, այդ հողը հնարավոր չէ չափել դրահմներով, դա անգին գանձ է, որից պարզապես անհնար է բաժանվել: Եվ այդ հողը ցանկանում են իր ձեռքից վերցնել: Թող լինի ցանկանում են գնել, մի՞ թե միևնույն բանը չէ: Մինչև անգամ Տիգրան թագավորը աչք չածեց այդ սեփականության վրա, նույնիսկ Բագարատ Բագրատունին նման առաջարկով երբեք չդիմեց իրեն, չնայած Ավտոմեդոնտը երկու անգամ սիրահոժար նրան տրամադրեց նախանձի առարկա այդ հողակտորը, իսկ հիմա այնպես է խոսվում այդ մասին, կարծես ինքնին լինող մի բան է, սոսկ ժամանակի հարց, ու եթե Ավտոմեդոնտը բավականաչափ ողջամիտ չգտնվի` հետագայում նրան ավելի ստորացուցիչ պայմաններ կառաջարկեն: Առայժմ չէր պարզել, թե ովքեր են կանգնած միջնորդների ետևում, բայց մոտավորապես գլխի էր ընկնում: Ասենք, ի՞նչ տարբերություն: Կարևորն այն է, որ նրանք ջանում են դուրս մղել իրեն երևելիների շրջանակից ու առայժմ դա անում են քաղաքակիրթ ձևով: Սակայն ո՞րը կլինի հաջորդ քայլը, երբ նրանք համոզվեն, որ մերժումը վերջնական է: Գուցե հրդե՞հ ծագի հասարակած տներից մեկում…

    Մի փոքր անհաջող միտք է. հրդեհը անկառավարելի արհավիրք է և հուր տարածող հենց ինքը կարող է զոհի դերում հայտնվել: Շատ հնարավոր է` կիլիկիացի ծովահենները կհարձակվեն Ավտոմեդոնտի նավերի վրա` հենց այստեղ են նրա դիրքերը ամենաթույլը: Անձնակազմին կկոտորեն, բեռները կթալանեն, նավերը կբռնագրավեն: Իհարկե հետաքննություն կլինի, Տիգրան թագավորի կառավարությունը կմիջամտի և հաշիվ կպահանջի ծովահեններից, որոնց հետ դաշինք ունի կնքած ընդեմ Հռոմի: Դատ կլինի, ճշմարտությունը պարզելու համար կատարածուները նավով կհասնեն Կիլիկիա, որոշակի երկար ժամանակ անց ծովահենները կբարեհաճեն ներկայանալ Անտիոք` որպեսզի պատասխան տան իրենց արարքների համար:

    Ծովահենների ներկայացուցիչը դեմքի հանդուգն արտահայտությամբ կլսի մեղադրանքը, անամոթաբար կհայտարարի, որ Ավտոմեդոնտի առևտրական նավերը թյուրիմածաբար շփոթել են հռոմեական ռազմանավերի հետ, որ իրենք, ինչ խոսք, անչափ ափսոսում են կատարվածի համար և հայցում են Տիգրան թագավորի ներողամտությունը: Դատարանում կներկայացվեն մի քանի կտրված գլուխներ` այն ինքնագլուխ ելուզակների գլուխները, որոնք այդքան անհարմար դրության մեջ էին դրել ծովահեն եղբայրությանը: Ու թեև դատարանը անմիջապես որոշում կկայացնի ի օգուտ Ավտոմեդոնտի, դատական գործընթացը կշարունակվի ամիսներ, չի բացառվում` տարիներ, ինչ որ մարդիկ անշուշտ հոգ կտանեն, որպեսզի այն առավելագույնս ձգձգվի: Ի վերջո թալանված բեռը կվերադարձնեն, նույնիսկ որոշակի տուգանք կվճարեն ի օգուտ տուժողի, բայց հենց այստեղ կպարզվի, որ Ավտոմեդոնտը չափից ավելի ժամանակ, առողջություն և միջոցներ է վատնել դատական քաշքշուկների վրա և շահելով մի տեղ, որն առանց այն էլ պետք է իրենը լիներ, այլ ասպարեզներում զգալիորեն զիջել է դիրքերը:

    Եվ սա դեռ վատթարագույնը չէր: Մեկ էլ տեսար` որևէ ազնիվ անտիոքցու դի հայտնաբերեցին Ավտոմեդոնտին պատկանող հաստատությունում ու հետն էլ բավարար չափով ապացույցներ, որոնցով անշնորհք փորձ էր կատարվել ինքնասպանություն բեմականացնել: Շուտով և կհայտնաբերվեր սպանության պատվեր տվողը, որը կլիներ ոչ այլ ոք, քան տխրահռչակ հաստատության տերը` Ավտոմեդոնտը, մի անուղղելի չարագործ, որը բազմաթիվ տարիներ ազնիվ մարդու դիմակ հագած խաբել էր դյուրահավատ անտիոքցիներին:

    Լաոդիկեա, Բերիտ, Արադոս և Տրիպոլիս քաղաքները ժամանակին բավական արժանապատիվ պայմաններով սիրիական թագը հանձնեցին Տիգրանին: Ավտոմեդոնտը պատրաստ էր իր արժանապատվությունը նոր փոխարքայի ոտքերի տակ դնել, միայն թե վերադառնար նախքին դիրքերին: Սակայն զգույշ մարդ էր նա` զգույշ և հաշվենկատ: Առժամանակ հեռու մնալով թագավորական պալատից` որպեսզի կոպիտ վերաբերմունքով հանկարծ չխրտնեցնի Մեծ Հայքի նրբակիրթ թագաժառանգին, նա իր քաղաքական կողմնորոշումն առայժմ արտահայտում էր Դափնեում` աղմկահարույց խրախճանքների ժամանակ:

    - Վկա է Ապոլլոնը, մեզ վաղուց էր պակասում այս նշանակումը: Ես Բագարատ Բագրատունուց ոչ մի վատ բան չեմ տեսել, բայց սիրիական ժողովրդին թագավոր է հարկավոր, իսկ նոր փոխարքայի երակներում արքայական ազնիվ արյուն է հոսում, ու ես հստակ տեսնում եմ այն լուսապսակը, որն իբրև աստվածների ընտրյալի, շողշողում է նրա ճաճանչափայլ գլխին: Իհարկե Տիգրան թագավորն է մեր օրինական տերը, թող հավերժ ապրի նա, բայց նա ցավոք գերադասում է Տիգրանակերտում գահակալել, մինչդեռ ժողովուրդը երազում է ավելի մոտ տեսնել աստվածների ընտրյալին ու մի փոքր հիասթափված է թագավորի փոխարեն սոսկ փոխարքա ունենալով:

    Ավտոմեդոնտի հաշվարկը նրբին էր: Դափնեի խրախճարաններում արտասանված բոցաշունչ ճառը չէր հասնի Տիգրան թագավորի ականջին, իսկ եթե հասներ էլ` ոչ մի վատ բան չկար դրա մեջ, մինչդեռ թագաժառանգ Զարեհն այդ մասին իմացավ հենց հաջորդ օրը և ծանր հոգոցով արձակելով համոզվեց, թե որքան ճիշտ էր իր ենթադրությունների մեջ: Սիրիացիները անչափ ցանկանում են թագավոր ունենալ, իր հայրը չի կարող մի քանի գահանիստ քաղաքներում միառժամանակ կառավարել, բայց Զարեհին էլ չի տալիս Սիրիայի թագավորությունը: Փոխարքայի աթոռը է°լ ավելի արժեզրկվեց թագաժառանգի աչքին, հոգեկան անբավարարվածություն սկսեց խեղդել անդիմադրելի ուժգնությամբ:

    Այսպիսով Ավտոմեդոնտը իր մասին նախօրոք իմաց տվեց, ու երբ նրան ասացին, որ նոր փոխարքան խիստ զբաղված է ու անհրաժեշտ է մեկ շաբաթ սպասել, իր ոչ մի լծակներից մեկը չօգտագործեց, որպեսզի հենց հաջորդ օրը ունկնդրություն ստանա:

    Զարեհի կառավարման սկզբում ոչ մի արտառոց դեպք տեղի չունեցավ: Նոր փոխարքան չորս կողմից պատիվներ էր ստանում, նրա առաջին իսկ պահանջով պալատականները մանրամասն տեղեկություններ էին հաղորդում այս կամ այն քաղաքի, այս կամ այն գործի վերաբերյալ: Առօրյան էլ ծանրաբեռնված չէր. մի քանի ձևական հանդիպում հարևան երկրների դեսպանների հետ, որոնք նվերների փոխանակումից հետո անկեղծ ողջույններ հղեցին ու ի պատասխան նույնքան անկեղծ ողջության մաղթանքներ ստացան, որոնք պարտավոր էին բառ առ բառ հաղորդել իրենց թագավորներին: Կային նաև մի քանի վիճելի հարցեր, որոնց մեջ Զարեհը` հաշվի առնելով ոչ բավարար տեղեկացվածությունը, հարմար չգտավ անձամբ խորամուխ լինել:

    Օրերս այցելություն էր նախատեսված Լաոդիկեա: Նախօրյակին Զարեհը ունկնդրություն տվեց Անտիոքի մի քանի ազդեցիկ քաղաքացիների, այդ թվում հույն վարձկանի ծայրագույն սերնդին:

    Ապոլլոնի սրահը, որտեղ Սիրիայի փոխարքան սովորաբար տալիս էր իր ունկնդրությունները, ընդարձակ էր, շքեղ կահավորված: Արձանները և նկարները համեմատաբար սակավ էին, սակայն դրանցից ամեն մեկը արվեստի իսկական գլուխգործոց էր: Գահը, որի վրա արքայավայել բազմել էր Զարեհը, սրահի ծայրին էր, հատակից մի քանի աստիճան բարձր, քիչ հեռու մեղմիկ ծփում էր շատրվանը:

    Երբ Ավտոմեդոնտը պահակազորի կողմից ստուգվեց ինչպես հարկն է, ու ներս մտնելով ոտք դրեց ուղեգորգի վրա, փոխարքայի վեհ տեսքը դող գցեց նրա սիրտը: Ավտոմեդոնտը հաղթված, նվաստացած ու զգետնված զգաց իրեն: Նրա առաջ Մեծ Հայքն էր, Տիգրան թագավորի Մեծ Հայքը, որի հոծ բանակները ահա արդեն քսան տարի է անպարտ էին ու անհաշիվ արշավներ էին ձեռնարկել արևելք և արևմուտք, հյուսիս և հարավ: Սակայն մանրաքայլ առաջանալով ու թաքուն տնտղելով նոր փոխարքային, սիրիացի մեծահարուստը մտովի քաջալերեց ինքն իրեն: Ո¯չ, սա դեռևս Մեծ Հայքը չէ, ոչ էլ Տիգրան թագավորն է: Սա ընդամենը Զարեհն է, Մեծ Հայքի թագաժառանգը, Տիգրան թագավորի ավագ որդին:

    Դեպի գահը բարձրացող աստիճանների մոտ կանգ առնելով` Ավտոմեդոնտը ստրկամտորեն խոնարվեց: Փոխարքան նշան արեց, որ նա կարող է խոսել, Ավտոմեդոնտը ևս մեկ անգամ գլուխ տվեց:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  8. #6
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Ազնվազարմ տեր,- ասաց նա,- ներեցեք անարժանիս հանդգնությունը:

    Սիրիացին ակնհայտորեն հուզված էր: Ձայնը դողում էր, հայացքի մեջ շփոթություն կար: Դա մի մարդ էր, ով քաջ գիտակցում է, որ իր անձնական մանր խնդիրքով խլում է պետության ղեկավարի սուղ ժամանակը և անչափ ափսոսում է դրա համար:

    - Խոսեցեք,- անխռով պատասխանեց Զարեհը, որի բարձր արժանապատվությունը, դիմացինի խոնարհ և հնազանդ պահվածքին հարաճյուն, մի փոքր ավելի բարձրացավ:

    - Խոսքը մի գործի մասին է, որի վճիռը կայացվել է նախկին փոխարքայի օրոք:

    Ավտոդեմոնտը ևս մեկ անգամ մինչև գետին խոնարհեց գլուխը, կարծես ցանկանալով դրանով ցույց տալ, որ նոր փոխարքայի յուրաքանչյուր վճիռ նա պատրաստ է ընդունել որպես աստվածների անսասան կամք:

    - Նախկին փոխարքայի՞,- Զարեհն իր գոռ հայացքը հառեց խնդրատուի նսեմ կեցվածքին:

    - Պայծառաշուք տեր, որի երակներում հոսում է սիգապանծ թագավորների ազնիվ արյունը, երդվում եմ անմահ աստվածների անունով, որ երբեք չէի հանդգնել կանգնել ձեր աչքերի առաջ, եթե խոսքը չվերաբերվեր մարդկային կյանքի:

    - Տիգրան թագավորն իր տիրույթներում մարդասիրական քաղաքականություն է վարում,- հանգիստ ասաց Զարեհը,- և եթե նախկին փոխարքան մահապատիժ է սահմանել, նշանակում է բավականաչափ հիմքեր է ունեցել այդ բանն անելու:

    Ավտոմեդոնտի կրծքից հառաչանք դուրս թռավ:

    - Փոխարքայի որոշումը սրբազան է, տեր իմ, սակայն ամբողջ հարցը նրանում է, որ սոսկալի թյուրիմածություն է տեղի ունեցել: Դիմետորին ծուղակն են գցել և ամբաստանել:

    Զարեհն ակնհայտորեն հիասթափված էր: Սիրիական որևէ քաղաքացու մահապատիժը կամ արդարացումը նրան հետաքրքրում էր ոչ ավելի, քան անցյալ տարվա ձյունը: Սակայն նրան ասել էին, որ Ավտոմեդոնտը հարուստ և ազդեցիկ մարդ է, ուստի թեկուզ քաղաքավարությունից ելնելով, նա պարտավոր էր հատկացնել նրան այն կես ժամը, որն ընդունված էր նման դեպքերում:

    - Ո՞վ է այդ մարդը,- դժվարությամբ թաքցնելով ձանձրույթը հարցրեց Զարեհը,- որի համար ընդունելություն եք խնդրել ու համբերատար մեկ շաբաթ սպասել:

    Ավտոմեդոնտն իսկույն դեմքին առավ ազնիվ անտիոքցու և հաճելի մարդու այն բազմափորձ դիմակը, որը վերջին տարիներին առավել հաճախ էր առիթ ունեցել գործածելու:

    - Մեծահամբավ տեր…

    Ավտոմեդոնտը ոտքի վրա մի սրտառուչ պատմություն հորինեց, որը, վստահ էր, բնավ չի հետաքրքրելու նոր փոխարքային ու իրականում այդպես էլ եղավ: Զարեհը սիրիացուն լսում էր ցրված, ոչ մի ջանք չէր գործադրում պարզել` արդյո՞ք Դիմետորը արդարացի է մեղադրված, թե թշնամիների կողմից նենգ ձևով ամբաստանված, ու միայն ՙստրուկ՚ բառի վրա բարձրացրեց հոնքը, քանզի մեծահարուստի կողմից այդպիսի մարդու համար խնդրելը առնվազն անհասկանալի մնաց նրան: Սակայն Ավտոմեդոնտը այլ շողշողուն տեսանկյուններից ներկայացրեց ամբաստանյալին, նորանոր համոզիչ բացատրություններ ներկայացրեց, թե ինչպես է պատահել, որ անարդարացի մահվան դատապարտված Դիմետորը այդքան ազնիվ ու նշանավոր արարքներ կատարած լինելով հանդերձ շարունակել է ստրուկ մնալ և ինչու հենց Ավտոմեդոնտը, որը նրա պատճառով այսօր փոխարքայի առաջ վտանգում է իր պատկառանքը, չի գնել նրան ու ազատություն չի պարգևել: Սակայն ի բարեբախտություն Ավտոմեդոնտի` Զարեհը մազաչափ անգամ ցանկություն չուներ բացահայտելու այդ ազնիվ ստրուկի դժվար ըմբռնելի կերպարը: Իսկ երբ սիրիացին զգաց, որ իր խոսքով վտանգում է լցնել փոխարքայի համբերության բաժակը, հեզությամբ խոնարհեց աչքերը և լռեց: Զարեհը չէր մտապահել Ավտոմեդոնտի բացատրությունները: Ամենասկզբից նա որոշել էր, թե ինչ է պատասխանելու, ուստի պարզապես ասաց.

    - Գուցե և ճիշտ եք, սակայն այդպիսի հարցերով դատարանն է զբաղվում:

    Զարեհը` ի հավելումն, ներողամտորեն ժպտաց, ու ենթադրվում էր, որ խնդրատուն այդ ժպիտի ներքո առնվազն պետք է ոչնչություն զգար իրեն, սակայն Ավտոմեդոնտը ակնթարթորեն կողմնորոշվեց և գործի դրեց մի հասարակ` բայց բազմափորձ միջոց:

    - Ազնվաշուք տեր, մարդուն կյանքում ամենաշատը մեկ անգամ է հնարավորություն ընձեռվում երջանկանալ` այսքան մոտ գտնվելով գահին բազմած ընտրյալին, ու ես անշուշտ կգերադասեի խոսել մեծ գործերի մասին, լուսապսակով օժտվածի ոտքերի տակ նետել իմ ահռելի կենսական փորձն ու խելքը, հարստությունը, զվարճարանները, որոնք լավագույնն են համարվում Դափնեում, նույնն է թե ամբողջ աշխարհում, այլ ու այլ բաներ, որոնց թվարկելով չեմ ցանկանում ձանձրույթ առաջ բերել ձեր ազնիվ սրտում: Սակայն ես գահից հեռու մեկուսի կյանք եմ վարում ու չեմ համարձակվում նույնիսկ մտածել` արդյո՞ք աստվածների ընտրյալը շնորհ կանի ընդունել իր խոնարհ հպատակի ծառայությունները: Ուստի բավականանում եմ այն բախտավիճակով, որ շնորհել են ինձ աստվածները. միջնորդում եմ մի արժանավոր մարդու համար, որին ստորաբար ամբաստանել են:

    ՙԳահին բազմած ընտրյալ՚, ՙլուսապսակով օժտված՚: Լսելով ունկ շոյող այս հաճոյախոսությունները Զարեհն անկարող եղավ թաքցնել համակրանքը:

    - Պատվելի Ավտոմեդոնտ,- պատկառելի դադարից հետո քաղաքավարությամբ ասաց փոխարքան,- ինձ հայտնել են, որ դուք լուրջ մարդ եք և ազնիվ քաղաքացի, և միայն այդ հանգամանքը հաշվի առնվելով է ձեզ ունկնդրություն տրվել: Ինչ վերաբերվում է ձեր բարի մտադրություններին, ապա փոխարքան որևէ տարբերություն չի դնում իր հպատակների միջև և պատրաստ է արձագանքելու այն բոլոր ազնիվ սրտերին, որոնք հանուն իրենց տերերի են բաբախում: Այնուամենայնիվ, հնարավոր չէ ձեզ օգնել: Վաղը մենք ուղևորվում ենք Լաոդիկեա, և ես նույնիսկ մեծ ցանկության դեպքում չէի կարողանա ինձ վրա վերցնել գործի քննությունը:

    Փոխարքայի հակիրճ պաշտոնավոր խոսքը թվացյալ էր: Ավտոմեդոնտը նրա ձայնի երանգների մեջ հաճելի փոփոխություն որսաց և խոսեց ավելի համարձակ:

    - Օհ, ազնազարմ տեր, ես հաշվի եմ առել բոլոր մանրուքները, այլապես Դիմետորի կյանքը` թեկուզ և նա մի ազնիվ և ինքնազոհ մարդ է, չէի դնի կշեռքի նժարին, երբ մյուսին ազնվարյուն փոխարքայի ժամանակն է: Դիմետորը հենց Լաոդիկեայում է բանտարկված, իսկ մահապատիժը նախանշված է ձեր ժամանման հաջորդ օրը:

    Զարեհը առաջին անգամ անկեղծ ժպտաց:

    - Շարունակեք, Ավտոմեդոնտ: Դուք դեռ ցույց չտվեցիք, թե Սիրիայի փախարքան երբ ժամանակ կգտնի ծանոթանալու գործի մանրամասներին:

    Ավտոմեդոնտը փոխադարձաբար այնքան սիրալիր ու հմայիչ ժպտաց, որ թույլ կասկած իսկ չմնաց, թե նա որքան ազնիվ ու լավ մարդ է:

    - Ազնվազարմ տեր,- մինչև գետին խոնարհվելով ասաց նա,- ես վախենում եմ, որ իմ առաջարկությունը հանդգնություն թվա ձեզ…

    - Խոսեք համարձակ, Ավտոմեդոնտ: Դուք հավանաբար ծանրութեթև եք արել բոլոր թեր և դեմ կողմերը և ավելին քան վստահ եք, որ այդ հանդգնությունը թույլատրված սահմանների մեջ է:

    Ավտոմեդոնտ այս անգամ ուրախ քրքջաց ու ավելի աշխույժ դարձավ շարժուձևի մեջ:

    - Աղերսում եմ, որ թույլ տաք ձեր ուղեկիցը լինել,- ջերմեռանդորեն վրա բերեց սիրիացին:- Ես ձեր խոնարհ ծառան կլինեմ, կօգնեմ հագնել շորերը և կսպասարկեմ սեղանի շուրջ: Իսկ Դիմետորի մասին գործը կներկայացնեմ, երբ դուք շնորհ կանեք թույլ տալ հագցնել ձեր ոտնամանները:

    Զարեհին դուր եկավ այս գռեհիկ ստրկաբանությունը: Նրա հորը` Տիգրան թագավորին, չորս թագավորներ էին անձամբ ծառայում, ուստի Ավտոմեդոնտի առաջարկի մեջ նա ընդհանրություններ տեսավ: Այլևս անկարող լինելով թաքցնել իր գոհունակությունը, Սիրիայի փոխարքան սիրալիր ասաց:

    - Ես տալիս եմ իմ համաձայնությունը: Կգիշերեք պալատում, իսկ առավոտյան ներկա կգտնվեք իմ արդուզարդին:

    Սիրիայի փոխարքան սնափառ էր, աշխատանքի մեջ փորձառություն չէր կուտակել, նրբանկատությամբ երբեք աչքի չէր ընկել, իսկ խորաթափանցությունից միշտ իսպառ զուրկ էր եղել: Թե ինչու է Ավտոմեդոնտն այդպես երջանիկ շողշողում` նա չկարողացավ հասկանալ ու այդ ամենը վերագրեց իր անձի մեծությանը, որին բարի սիրիացիները տենչում են իրենց թագավորը դարձնել:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  9. #7
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուր ես բայց վռազում, էս գործը հանգիստ է սիրում
    Իհարկե, անկասկած ճաշակի հարց է, բայց դե անձամբ ես գերադասում եմ դինամիզմը:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (03.09.2015)

  11. #8
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3. Մի չհաջողված դավադրություն

    Սիրիայի փոխարքայի ունկնդրությունից մեկ շաբաթ առաջ, մի հաստատությունում, որն ըստ պտտվող լուրերի, արևելքի ամենաթանկարժեք մարմնավաճառներին էր առաջարկում իր հաճախորդներին, Ավտոմեդոնտն ինքը ունկնդրություն տվեց: Դասակարգային տարբերությունն այստեղ ավելի ընդգծված էր. այցելուն վաթսունին մոտ մի ծերունի էր, որի խոնարհ տեսքը և ենթակայի ստոր կեցվածքը հայտնապես ցույց էին տալիս, թե որքան շատ է նա կախված իր տիրոջից:

    Չնայած վտիտ կազմվածքին` կենսախինդ էր, աշխույժ և իր խորունկ աչքերով ջանում էր որսալ տիրոջ ամենաչնչին շարժումներն անգամ, որոնք հավանաբար որոշակի խորհուրդ էին պարունակում իրենց մեջ: Հակառակ նրա` անտիոքցի մեծահարուստն անհույզ մխրճվել էր փափուկ բարձերի մեջ և մեծատոհմիկին հատուկ անտարբերությամբ հայացքը հառել անորոշ կետի: Ծանրաքարշ, թանձր մարմին ուներ Ավտոմեդոնտը, ձմերուկի պես կլոր` մաքուր սափրած գլուխ, որը երբեք չէր ցուցադրում հանրային վայրերում, ուր սովորաբար ներկայանում էր սիրիական թանկարժեք գլխանոցով: Մսոտ քիթ ուներ, մանր անարտահայտիչ աչքեր, դեմքին խաղում էր մի նենգախոհ ժպիտ, որը բնավ մարդու ժպտալու պահանջմունքի հետևանք չէր:

    - Լիկոն,- մի ձայնով, որով մեծատոհմիկները դիմում են իրենցից բացահայտ ցածր կանգնած մարդկանց, ասաց Ավտոմեդոնտը,- ինչ որ մեկը քեզ անհանգստանալու տեղի՞ք է տվել:

    - Տեր,- ծերունու աչքերն ավելի շարժուն դարձան,- ինչ որ մեկը երդվում է, որ թեկուզ իրեն կտոր կտոր անեն, գաղտնիքը հետը գերեզման կտանի: Սակայն նա կասկածում է, որ մեծ ջանքեր չեն գործադրվում իրեն ազատելու, ու թեև չհանդգնեց ակնհայտ սպառնալ, ակնարկների ձևով հասկացրեց…

    Ծերունու ռունգերը հուզմունքից դողում էին, Ավտոմեդոնտը նկատեց այդ: Հավանաբար այդ ՙինչ որ մեկը՚ բնավ նրբանկատ չէր գտնվել և զլացել էր վայելուչ շրջանակների մեջ առնել իր սպառնալիքները:

    - Տեր… - Լիկոնի խարդավալի ձայնը գրեթե անլսելի դարձավ: - Դիմետորն առայժմ վտանգավոր չէ, որովհետև երկրորդական մարդկանց հետ է սոսկ գործ ունեցել: Բայց դատարանը լսելով նրան որոշ ժամանակ անց կպարզի, որ զենքի մատակարար Կալխասի ետևում կանգնած է ոմն Էվրիկրատես, էվրիկրատեսի` ոմն Լիսիպոս, իսկ թե ով է…

    - Որքան փխրուն է մեր ժամանակներում մարդկային կյանքը, Լիկոն. շատերը` հարուստ և ապահովված մարդիկ, մինչև քառասուն էլ չեն ձգում: Իսկ երբ կյանքը վատ անակնկալներով լի է ազատ մարդու համար, ստրուկի համար քառակի վտանգավոր է: Թո՜ւհ, նույնիսկ շուկայում է նրանց գինն ընկել:

    Ավտոմեդոնտի դեմքն անթաքույց նողկանք էր արտահայտում: Նայելով նրան կարելի էր ենթադրել, որ ստրուկների նշանակությունը, որն առանց այդ էլ մեծ չէր, նրանց գների անկմանը զուգահեռ, իսկապես նվազել էր:

    - Տեր, նրան աչալուրջ հսկում են:

    Ավտոմեդոնտը անփութորեն թափ տվեց ձեռքը:

    - Երբ մարդ բանտում է հայտնվել ու այդ կարգավիճակով պարտական է միմիայն սեփական անշրջահայացությանը, լռությունը, այդ համր ու անդավաճան ընկերն է լոկ ապրելու հույս ընձեռում: Յուրաքանչյուր ողջամիտ մարդ, առավել ևս մարդ, որը նավապետի օգնական է եղել և բաց ծովում հանդգնել է ապստամբել նրա դեմ, անկասկած հասկանում է այս… ՙԻնչ որ մեկը՚ կասկածում է, որ մեծ ջանքեր չեն գործադրվում… Այո, նրա շատախոսությունը որոշակի դժվարություններ կստեղծի, մի փոքր գլխացավանք, որն ի վերջո կհարթվի: Իսկ ի՞նչ կլինի, եթե երկրորդ ՙինչ որ մեկը՚ կասկածի, որ առաջինը պատրաստվում է խոսել: Ո՞վ կպաշտպանի նրան երկրորդի մոլեգին զայրույթից:

    Նրա նոր տերե՞րը, որոնց դեռ երկար չի հաջողվի պարզել, թե ում հետ իրականում գործ ունեն, և որոնց համար նրա կյանքը պղնձե խալկի արժեք էլ չունի, կամ գուցե աստվածնե՞րը կմիջամտեն: Մինչդեռ մի հեռավոր և անտեսանելի ձեռք, որը բավականաչափ երկար է, որպեսզի բանտի պատերից ներս անցնի, միշտ էլ հարմար առիթ կգտնի կտրել այն լեզուն, որը կարող է անպատեհ ժամի խոսել: Ինչու մինչև հիմա հավերժ չի լռեցվել չարաբաստիկ լեզվի տե՞րը: Մի պարզ պատճառով` նա դեռ կարող է պետք գալ: - Ավտոմեդոնտը ևս մեկ անգամ անփութորեն թափ տվեց ձեռքը ցանկանալով հասկացնել, որ ՙինչ որ մեկի՚ թեման փակված է: - Իսկ ինչպե՞ս են մյուսները: Տեղյա՞կ են արդյոք, որ ըստ Անտիոքի շուկայում գործող գների, մեկ քսաներորդի չափով ավելի պակաս արժեն, քան մեկ շաբաթ առաջ:
    Լիկոնը վախեցած ետ նայեց:

    - Նրանք սարսափը սրտներում սպասում են, թե երբ կգան իրենց ետևից: Ոչ ոք փուչ հույսեր չի կապում Դիմետորի հետ. ստրուկները միշտ էլ հակված են դավաճանության և ուրախությամբ կմատնեին իրար, բայց գիտեն, որ այդ արարքով` միևնույն է, չեն փրկվի:

    Խոսքը մի դավադրության մասին էր, որն անձամբ կազմակերպել էր Ավտոմեդոնտը: Ստանալով Ապոլլոնի պուրակի հարևանությամբ գտնվող հողակտորը վաճառելու առաջարկը, Ավտոմեդոնտը գլխի ընկավ, թե որտեղից է փչում քամին և որոշեց առաջինը հարվածել: Նրա հավատարիմ մարդիկ Լաոդիկեայում սկսեցին հավաքագրել նախկինում նավաստի եղած ստրուկների, որոնք դժգոհ էին իրենց տերերից: Ծրագիրը պարզ էր ու իրագործելի: Քանի որ թիանավերը նավահանգստում խարսխված ժամանակ երեք քառորդով թեթևացած էին լինում նավազներից, դավադիրները պետք է գիշերով հարձակվեին այդ թիանավերի վրա, կոտորեին սակավ անձնակազմը և քստմնելի ստրուկներից ահարկու ծովահենների վերածվեին:

    Քանի որ թիավար ստրուկները տաժանակիր աշխատանք էին կատարում, որն այնքան ուժերից վեր էր, որ հարյուրից մեկն էր մեկ տարուց ավել ձգում, կար հաստատ համոզմունք, որ նրանք խանդավառությամբ կդիմավորեին երկնքից իջած ազատությունը ու հաճույքով դուրս կգային իրենց նախկին շահագործողների դեմ: Կապված իր ձեռասուն ծովահենների հետ` Ավտոմեդոնտը հեռուն գնացող ծրագրեր ուներ: Կիլիկիացի եղբայրացուների հետ չէին միավորվելու: Սկզբում նրանց թաքցնելու էր Սալոմե թագուհու մոտ, իսկ որոշակի ժամանակ անց նրանց օգնությամբ փորձելու էր կաշկանդել մրցակիցների գործունեությունը: Ամեն ինչ գնում էր ըստ ծրագրվածի, նավերի ճակատագիրը գլխիվայր շրջող ձեռնարկի իրագործումն էլ արդեն սարերի ետևում չէր, բայց տեղի ունեցավ անսպասելին:

    Դիմետորը, ծովահեն նավապետի գլխավոր թեկնածուն, միակ մարդը, ով շփում էր ունեցել Ավտոմեդոնտի դրածո մարդու հետ, մի անգամ փողոցով անցնելիս հարուցեց պահնորդի կասկածը և ձերբակալեց: Թե ինչու էր այդ տխմարը զենքը վրան փողոց դուրս եկել` այլ հարց էր, սակայն ըստ սիրիական օրենքների ստրուկին արգելված էր զենք կրել, իսկ այդ զանցանքը պատժվում էր մահապատժով:

    - Ե՞րբ է նախատեսված մահապատիժը,- հարցրեց Ավտոմեդոնտը:

    - Ուղիղ տաս օր հետո նա կառափնարան կբարձրանա:

    Ավտոմեդոնտը բարձերի տակից մի ծանր քսակ դուրս բերեց:

    - Այստեղ երկու տաղանդ ոսկի կա: Դու հենց այսօր կուղևորվես Լաոդիկեա ու կհայտնաբերես այն մարդկանց, որոնք ծայրաստիճան վրդովված են Դիմետորի պես ազնիվ մարդու ձերբակալությամբ: Նրանք ամենուր կգովաբանեն Դիմետորին ու մեկ առ մեկ կնշեն նրա նշանակալի արարքները, որոնց շնորհիվ նա ազնիվ մարդու համբավ է ձեռք բերել: Լաոդիկեա քաղաքի բնակիչները սրտացավ մարդիկ են, նրանք անմիջապես կարձագանքեն, ու մինչ մի մասը կզբաղվի դրամահավաքով` մյուսները ստորագրություններ կկորզեն համաքաղաքացիներից, որոնց օգնությամբ նրանք հույս կունենան ինչ որ կերպ ազդել սիրիական անողոք արդարադատության վրա:

    Լաոդիկեացիների ազնիվ մղումներին կարող է խանգարել Դիմետորի տերը. նա իհարկե դեմ չի լինի ետ վերադարձնել իր ստրուկին, որն ի վերջո փող արժե, բայց պետք է հաշվի առնել, որ շնորհիվ Տիգրան թագավորի արդարամիտ կառավարման, ազատ կարծիքը հազվադեպ երևույթ չէ Սիրիայում, մասնավորապես` Լաոդիկեա քաղաքում, այնպես որ այդ մարդը Դիմետորի հետ իր տանը ամեն օր շփվելու պատճառով, կարող է մի փոքր այլ կարծիք ունենալ նրա մասին: Բայց ես լսել եմ, որ նա ծեր մարդ է ու ամեն վայրկյան կարող է Հադեսի թագավորություն ուղևորվել: Եթե կարծում ես, որ երկու տաղանդը քիչ է` որպես ճանապարհածախս, ինձ այդ մասին ասա հենց հիմա: Ենթադրում եմ, որ գումարի ուղիղ կեսն անհրաժեշտ է պղնձե խալկերի վերածել: Նույնիսկ ավելորդ է ասել, որ այդ գործառույթը դու պետք է իրականացնես միմիայն մեզ պատկանող հաստատություններում:

    Լիկոնը Ավտոմեդոնտին լսում էր համակ ուշադրություն դարձած ու թեև վերջինս չէր ջանում բարձր խոսել կամ ինչ որ ձևով ընդգծել իր խոսքի նշանակությունը, ոչ մի կասկած չկար, որ ծառան բերանացի կարող է կրկնել լսածը:

    - Տեր իմ,- սրտառուչ ձայնով, որը գուցե մի փոքր չափազանցված էր, ասաց Լիկոնը,- քո կամքն ի կատար կածվի, սակայն տարիների փորձառությունն ինձ հուշում է, որ մեր ջանքերը Տիգրան թագավորի արդարադատության վրա նույնքան ազդեցություն կունենան, որքան ալիքների մեջ նետած քարը` ծովի:

    Ավտոմեդոնտը ներողամտորեն ժպտաց, բայց չավելացրեց, որ դա ծառայի գործը չէ, և որ նա լավ կանի, եթե իր գործով զբաղվի:

    - Մի քանի շաբաթ առաջ քո խոսքերը զուտ ճշմարտություն կլինեին: Բագարատ Բագրատունու դեպքում կարելի էր և ավելի թունդ արտահայտություն մեջբերել: Սակայն կամոք անմահ աստվածների, մենք նոր փոխարքա ունենք, որը զտարյուն արքայազն է` թագաժառանգ ու ես հույս ունեմ, գրեթե համոզված եմ, որ նա բարձր մարդասիրական արժանիքներ ունի:

    Ավտոմեդոնտը խոսում էր անտարբեր, ոչ մի մի խոսքի վրա չփոփոխելով իր ձայնային ելևեջները: Սակայն նրա խոսքերի իմաստը կարելի էր տեսնել Լիկոնի աչքերում, որոնց մեջ չար կայծ, ուրախություն և խանդավառանք կար:

    - Աստվածները թող երկար տարիների կյանք պարգևեն Տիգրան թագավորին ու նրա ժառանգներին,- հազիվ նշմարվող ժպիտը դեմքին ասաց Լիկոնը, խորը գլուխ տվեց ու գնաց
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արմեն Մալխասյան «Լամասարի գեղեցկուհին»
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 10.02.2014, 15:20
  2. Արձակ. Արմեն Մալխասյան «Ճակատագրական սիգարետը» դետեկտիվ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 75
    Վերջինը: 30.11.2012, 19:29
  3. Արձակ. Արմեն Մալխասյան - հատված պատմավեպից
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 14.04.2011, 11:06
  4. Արձակ. Արմեն Մալխասյան 20.000 Տաղանդ Ծոփքի համար
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 35
    Վերջինը: 25.03.2011, 10:35
  5. Արձակ. Արմեն Մալխասյան - պատմվածք ոչ վաղեմի ժամանակներից
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 52
    Վերջինը: 07.11.2010, 09:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •