Ես որ փոքր էի, գուլպաներս էնքան էի ձգում, մինչև հասնում էին ծնկներիս: Բոլոր գուլպաներս պետք ա ծնկից վերև լինեին կամ գոնե ծնկիցս: Էսօր երազիս իմ հին սենյակում` մահճակալիս վրա նստած էի ու գուլպաներս էի հագնում, ձգում էի որ հասնեն ծնկներիս բայց չէին հասնում, որովհետև ես մեծացել էի մի քիչ: Մեծացել էի էնքան, որ գուլպաները ծնկներիս չէին հասնում, բայց դեռ փոքր էի էնքան, որ ոտքերս էլ գետնին չէին հասնում ու մահճակալից կախված էին: Դեռ փոքր էի, որովհետև ոտքերս գետնին չէին կպնում, բայց համ էլ մեծ էի էնքան, որ չէի վախենում թե մահճակալի տակ թաքնված ինչ որ մեկը կբռնի ոտքս: Ու հա, ես հիմա մի քիչ ավելի մեծ եմ, բայց դեռ փոքր եմ, բայց մի օր իմ ոտքերը կհասնեն գետնին, գուլպաներս կլինեն ծնկից ներքև սովորական գուլպաներ, մահճակալի տակի հրեշն էլ վաղուց մենակությունից մեռած կլինի ու ինձ հետաքրքրում ա, թե էդ ժամանակ ինչը կլինի էն մյուս կշռաքարին, որը կհավասարակշռի մեծանալս, որ չնայած էդքան մեծ լինելուն, մի էդքան էլ փոքր լինեմ:
Էջանիշներ