Հայաստանի կառավարությունը հերթական խայտառակ գործարքն է իրականացրել: Ավելի վաղ ԲԱՄՕ ընկերությունից խլված Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը 30 միլիոն դոլարով վաճառվել է մի ընկերության, որը գրանցվել է մոտ 20 օր առաջ: Գնորդը՝ «ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ» ՍՊԸ-ն պարտավորվել է Ծիծեռնակաբերդի այգում հյուրանոցներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն կառուցել, այսպիսով` ամբողջովին ավիրել Երևանում մնացած թերևս միակ այգին` հատելով հարյուրավոր ծառեր:
Կառավարության որոշման մեջ նշվում է, որ «ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ» ՍՊ ընկերությունը նպատակ ունի Կ. Դեմիրճյանի անվան մարզա-համերգային համալիրի ձեռք բերման և հարակից տարածքի կառուցապատման միջոցով իրականացնել խոշոր ներդրումային ծրագիր, որի ընդհանուր նկարագիրը հետևյալն է.
1. վերանորոգել Կ. Դեմիրճյանի անվան մարզա-համերգային համալիրի շենքը:
2. նախատեսվում է նաև իրականացնել կառուցապատում և ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որը առաջինն է ոչ միայն Հայաստանում, այլև` տարածաշրջանում, որը ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն:
Հյուրանոցներն ունենալու են 350-ից ավելի ընտանեկան ոճի սենյակներ: Փակ ջրային ատտրակցիոնը ունենալու է ավելի քան 18.000 քմ մակերես, աշխատելու է 12 ամիս:
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել առավելագույնը 4 տարվա ընթացքում:
Ծրագրի ընդհանուր ծախսերը` ներդրումների չափը, գերազանցում է 100.000.000 ԱՄՆ դոլարը, որը կճշգրտվի համապատասխան նախագծերը հաստատվելուց հետո, սակայն հաստատապես չի նվազի նշված չափից: Համապատասխան դրամական միջոցները ներգրավվելու են օտարերկրյա պետություններից»:
Նշվում է նաև, որ ընկերությունը պարտավորվում է պահպանել համալիրի անվանումը, օգտագործման նշանակությունը:
Ինչպես մեզ հաջողվեց պարզել «ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ» ՍՊ ընկերությունը պատկանում է ոմն Արմեն Զավենի Գեվորգյանին: Իսկ ովքեր են իսկական գնորդները կփորձենք պարզել հետագայում:
- See more at:
http://www.ilur.am/news/view/48045.h....WeUp2x7Q.dpuf
Էջանիշներ