User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակ(ներ)ն եք հավանում.

Քվեարկողներ
20. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1–ին տարբերակ. «Դբա լավը»

    16 80.00%
  • 2–րդ տարբերակ. Անվերնագիր

    0 0%
  • 3–րդ տարբերակ. Անվերնագիր

    0 0%
  • 4–րդ տարբերակ. «Սթափարան համար 6»

    6 30.00%
  • 5–րդ տարբերակ. «Ոստիկանապետի մայրը»

    2 10.00%
  • 6–րդ տարբերակ. «ԳՈՀԱՑՆԵԼՈՎ ՕՐԱԳՐԻՆ»

    0 0%
  • 7–րդ տարբերակ. «Հիվանդը»

    4 20.00%
  • 8–րդ տարբերակ. «Անհումոր մարդը»

    2 10.00%
  • 9–րդ տարբերակ. «Լուսնի Ծեսը»

    0 0%
  • 10–ր տարբերակ. «Վերջին հայը »

    2 10.00%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 135 հատից

Թեմա: Հավաքածու մրցույթ – 7. «Վովա Գասպարյան» (քվեարկություն և քննարկում)

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հավաքածու մրցույթ – 7. «Վովա Գասպարյան» (քվեարկություն և քննարկում)

    Քվեարկության պայմանները

    Ստեղծագործությունները տեղադրվում են առանց հեղինակների նշման, «N–րդ տարբերակ. Ստեղծագործության վերնագիր» վերնագրով, որոնք էլ լինելու են քվեարկության ընտրության կետերը,
    Քվեարկությունը տևելու է 7 օր,
    Ստեղծագործությունների հեղինակները կարող են քվեարկել նաև սեփական տարբերակի օգտին՝ գուշակության փուլում իրենց վրայից կասկածը հանելու տակտիկական նկատառումով, սակայն արդյունքների վերջնական ամփոփման ժամանակ այդ ձայները չեն հաշվվելու,
    Քվեարկության 7 օրերի ընթացքում կարելի է թե՛ քննարկել ստեղծագործությունները, թե՛ փորձել գուշակել հեղինակներին,
    Ստեղծագործության հեղինակներն ինքնաբացահայտվելու իրավունք չունեն: Ինքնաբացահայտվող հեղինակի ստեղծագործությունը չի հեռացվի մրցույթից, սակայն այդ ստեղծագործության օգտին տրված ձայների 50 տոկոսը կհամարվի չեղյալ:
    Քվեարկությունը բազմակի է. յուրաքանչյուրը կարող է ընտրել մեկից ավել տարբերակներ,
    Քվեարկությունը բաց է, բոլորը տեսնելու են, թե ով որ տարբերակի օգտին է քվեարկել,
    7 օր անց, քվեարկության ավարտից հետո կհայատարարվեն հեղինակները:


    Ուշադրություն

    Այսուհետև ակումբում քվեարկել կարող են միայն այն մարդիկ, ովքեր
    ա) գրանցվել են քվեարկությունից առնվազն 10 օր առաջ
    բ) կատարել են 15–ից ոչ պակաս գրառում
    գ) ունեն 15–ից ոչ պակաս վարկանիշ։
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (28.07.2015), GriFFin (28.07.2015), ivy (29.07.2015), Հայկօ (28.07.2015), մարդագայլուկ (29.07.2015)

  3. #2
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1-ին տարբերակ


    Դբա լավը


    Կանցնեն շատ տարիներ, և հրեշտակապետ Վովա Գասպարյանը, գնդակահարության պատի տակ կանգնած, կմտաբերի ամառային այն երեկոն, երբ նրա մտքով անցավ Աստվածաշունչ նվիրել հայ ժողովրդին:
    Հրաշալի եղանակ էր, երբ փառահեղ ոստիկանապետ Վովան, ավարտելով հետճաշյա աղոթքը, մատը սահեցրեց հեռախոսի վրայով և տեսավ, որ ունի մեկ հաղորդագրություն: Այն հետևյալն էր. «սեղմելով 1 դուք կհաստատեք, որ մասնակցում եք այսօրվա գաղտնի նիստին, որի բովանդակությանը կտեղեկանաք տեղում»:
    Մանկուց շատ հետաքրքրասեր լինելով՝ Վովան առանց երկմտելու սեղմեց 5: Պատասխանը չուշացավ․ «ձեր մասնակցությունը հաստատված է, երեք րոպեից կուղարկենք հասցեն»:
    ***
    Վովան ներս մտավ ու հայտնվեց մի մեծ, լուսավոր սենյակում, որը զուրկ էր որևէ կահավորանքից, չհաշված շրջանաձև դրված աթոռները և մեկ լայն ու հարմար բազմոցը: Աթոռներին նստած էին տարբեր տղամարդիկ, ինչպես նաև մի կին: Լավ իմանալով հարմարավետ կյանքի գինը՝ Վովան գնաց ուղիղ դեպի բազմոցը, բայց չէր հասցրել նստել, երբ ներկաներից մեկը՝ հաստ հոնքերով մի տղամարդ, մրթմրթաց.
    -Պարոն ոստիկանապետ, էդ բազմոցը ձեզ համար չի: Գնացեք ու նստեք աթոռին:
    Վովան հառաչեց և համակերպված տեղավորվելով անհարմար աթոռին՝ անցավ շուրջը զննելուն։ Հենց իր կողքին նստած կինը շատ ծանոթ էր թվում, բայց ոստիկանապետը չէր կարողանում հիշել, թե որտեղ է նրան տեսել: Կնոջ հագին գրեթե ոչինչ չկար: Մյուս կողքին նստած էր մեկ այլ տարիքով տղամարդ, ով ձեռքին ծխամորճ ուներ, իսկ ձախ աչքին՝ խնդիր: Նա բավականին անտարբեր էր թվում: Վովան հոգնեց մարդկանց ուսումնասիրել, քանի որ միշտ ավելի մեծ ուշադրություն էր դարձրել աստվածային գործերին, քան մարդկային, և պարզապես սկսեց սպասել, թե ինչ տեղի կունենա՝ հուսալով, որ ինչ էլ լինի՝ երկար չի տևի:
    Հանկարծ դուռը բացվեց, և մեծ դժվարությամբ ներս խցկվեց երեք գլխանի մի դև, ով իր հաստ տոտիկներով հատակը դղրդացնելով՝ եկավ ու առանց հարցնելու փռվեց բազմոցին: Վովան արդեն քիչ էր մնացել ընդվզեր՝ ասելով, թե՝ ես ինչ պակաս դև էի, որ չթողեցիք նստեմ, բայց չհասցրեց, քանի որ հաստ հոնքերով տղամարդը սկսեց խոսել:
    -Հարգելիներ, մենք այսօր հավաքվել ենք այստեղ, քանի որ, ինչպես բոլորդ գիտեք, Բաղրամյանը արդեն մի քանի օր է՝ փակ է: Ժողովուրդը հրաժարվում է գնալ տուն՝ կաթվածահար անելով քաղաքի երթևեկությունը: Մենք հավաքվել ենք, որ մարդկանց որևէ կերպ գոհացնելու մի հնար գտնենք և պողոտան վերջապես բացենք: Հիմա ես բոլորիդ կտրամադրեմ ժամանակ, որպեսզի ներկայանաք և սկսենք օրակարգը: Այժմ կխոսի ինձանից աջ գտնվող անձնավորությունը:
    Մեծարգո պարոն, իսկ դուք ինքներդ ներկայանալ չե՞ք ցանկանում,-ծուխը դուրս փչելով և կկոցելով աչքը՝ դիտողություն արեց ծխամորճով տղամարդը:
    -Հա, իսկապես, մոռացա: Ես Գալուստն եմ, այսօրվա մեր հանդիպման վարողը: Իսկ հիմա սկսենք:
    Նրանից աջ գտնվող տղամարդը նայեց այս ու այն կողմ, նայեց ներքև, ապա վերև, ապա անորոշ ապագային, և վերջապես ասաց.
    -Բարև ձեզ, ես Սերժն եմ, հուսով եմ, որ.... ըըըը.... կկարողանանք մի լավ բան անել ժողովրդի համար:
    -Իյա, իրո՞ք,-միաձայն ասացին բոլորն ու ծափահարեցին:
    Սերժի կողքին նստած էր մի գեր տղամարդ՝ կիսափակ աչքերով: Թվում էր, թե նա ննջում է: Հետո պարզվեց, որ չի թվում: Արթնանալով ծափերից, նա ասաց.
    -Բա ձե ե Սաշ ե:
    -Հետաքրքիր բարբառ է,- նկատեց ծխամորճով տղամարդը,- կարծում եմ, որ նա ուզում էր ասել, որ ինքը Սաշիկն է և որ բարևում է մեզ:
    -Բարև, Սաշիկ,-միաձայն ասացին բոլորն ու ծափահարեցին:
    -Ես Կիկոսն եմ, ես ժողովրդի ներկայացուցիչն եմ,-ասաց Կիկոսը, ով մի խեղճուկրակ, անհասկանալի տարիքի ուրվականանման կերպար էր:
    -Բարև, Կիկոս,-լացեցին բոլորն ու չծափահարեցին:
    -Ես Արմենն եմ,-ասաց մի ճաղատ երիտասարդ,- ես...
    -Աշոտյան, սիկ-տիր,- միաձայն վանկարկեցին բոլորը:
    -Ես Նուռն եմ, ես քանդակագործ եմ,-ասաց նրա կողքի բարետես տղամարդը:
    -Բարև, Նուռ,- միաձայն ասացին բոլորն ու ծափահարեցին:
    -Այմ Քիմ, այմ աքթրիս, թերասան մըն եմ,-ասաց կիսամերկ կինն ու հենց այդ պահին Վովան հիշեց, թե որտեղ էր նրան տեսել:
    -Հելո, Քիմ,- միաձայն ասացին բոլորն ու ծափահարեցին:
    -Ես Գասպարյան Վովան եմ,-խրոխտ ասաց Վովան։
    -Բարև, Վովա,- միաձայն ասացին բոլորն ու ծափահարեցին:
    -Ես Լևոնն եմ, մեմուարներ եմ գրում,-ասաց ծխամորճով տղամարդը:
    -Բարև, Լևոն,- միաձայն ասացին բոլորն ու ծափահարեցին:
    -Մենք Մկնդոլֆն ենք,-ասացին դևի երեք գլուխները,-առանձին մենք կոչվում ենք Մուկ, Դոդ և Լֆիկ:
    -Բարև, Մկնդոլֆ,- միաձայն ասացին բոլորն ու ծափահարեցին:
    -Հիմա, քանի որ բոլորս ներկայացանք, ամեն մեկիս կտրվի հնարավորություն՝ առաջարկներ անելու, ըստ որոնց Հայաստանի վիճակը կբարելավվի, և ժողովուրդը կազատի Բաղրամյան պողոտան:
    Բոլորն անհանգիստ շարժվեցին ու նայեցին իրար: Անդրդվելի էր միայն Կիկոսը, ում կյանքում միևնույն է, ոչինչ չէր փոխվելու: Հետո Սաշիկը որոշեց խախտել լռությունը:
    -Ե կար, ո ին է առաջ, կե իմ ա:
    -Ուզում էր ասել,-թարգմանեց Լևոնը,-ես կարծում եմ, որ ինչ էլ առաջարկեք, կեսն իմն ա:
    -Թե բա բարև ձեզ,-հռհռացին դևի երեք գլուխները:- Կեսը որ քոնն ա, էն կեսն էլ, պարզ ա՝ մերն ա, բա էլ ի՞նչ փոփոխություն: Մենք առաջարկում ենք, որ Սաշիկը իր կեսից հրաժարվի՝ հանուն ժողովրդի:
    -Գան, բեր փա,-հուզվեց Սաշիկը:
    -Ասում ա՝ Գանգեսը բերենք Փարպեցի,- խորամանկ ժպիտով թարգմանեց Լևոնը:
    -Ես կարծում եմ, որ առաջին հերթին պետք է մտածենք նոր աշխատատեղեր ստեղծելու և գնաճը ոչ միայն կանխելու, այլև այն իջեցնելու մասին: Ամեն բան անենք, որ արտագաղթի թիվը նվազի, որ մարդիկ չուզենան լքել իրենց հայրենիքը և չդառնան պանդուխտ: Ինչպես նաև...,-չէր հասցրել միտքն ավարտել Սերժը, երբ Վովան չդիմացավ:
    -Բայց նախևառաջ, էկեք չմոռանանք, որ սա փոքր երկիր ա, որ մենք հիմա առաջնային խնդիր ունենք՝ մարդկանց տուն ուղարկելու, փողոցը բացելու, երթևեկությունը վերականգնելու, աղբը հավաքելու և այլնի, ու միայն այդ ամենից հետո, Աստծո կամոք, հնարավոր կդառնա սկսել մտածել նոր աշխատատեղերի և մնացած բաների մասին, հարգելիս: Դուք հիմա նստած սիրուն հեքիաթ եք պատմում, բայց մի հատ սթափվե՛ք, մեր էդ եղբայրներին ու քույրերին պետք ա շուտ ցրել Բաղրամյանից: Դրա համար առաջարկում եմ կիրառել ջրցան մեքենաները, որ թանկ ու կրակ բերել ենք տվել, ափսոս չի՞ ժանգոտում ա, գոնե առիթ ա, էկեք համ էլ ստուգենք՝ կարող ա չի աշխատում անտերը:
    -Համաձայն եմ, քանի որ շոգ ա, կակռազ կջրենք, թող հովանան, Վարդավառն էլ մի քանի օր շուտ թող լինի,-ասաց Գալուստը:
    -My ջրցան is much bigger than yours!,-չդիմացավ Սերժն ու սկսեց նյարդային խաղալ փոքրիկ մորուքի հետ:
    Քիմը նախ ծիծաղից թուլացավ, ապա կասկածամտորեն նայեց Սերժին: Հետո նա անգլերեն ասաց ինչ-որ բան, որը Լևոնը սիրով թարգմանեց մյուսների համար:
    -Կարծում եմ, որ մեծ ուշադրություն պետք է դարձնել նաև երկրի մշակութային կյանքին, դրա համար ես կարող եմ համոզել ամուսնուս դառնալ մեր հայրենիքի մշակույթի նախարար և մի քանի ամիսը մեկ անվճար համերգներ կազմակերպել ինչպես Կարապի, այնպես էլ մյուս բոլոր լճերում և ջրամբարներում:
    -Իսկ, ներողություն,-միջամտեց Նուռը՝ նայելով Քիմին:- Դուք չե՞ք կարծում, որ կարիք կա բարեփոխելու և թարմացնելու նաև մեր մշակութային արժեքները, օրինակ՝ արձանները: Անձամբ ինձ վրա, որպես արվեստագետի և տղամարդու, վատ է անդրադառնում Մայր Հայաստանի արձանը: Դուք կարող եք հրաշալի նախատիպ հանդիսանալ նոր քանդակի համար, որն արդեն իսկ սկսել եմ շինել մտքումս, եթե համաձայնեք որպես բնորդուհի մի քանի ամիս տրամադրվել...ըըը... տրվել ինձ:
    Քիմն ուշադիր լսեց առաջարկն, ու ինչպես վայել է օջախի հարսին, զանգեց տուն՝ սկեսուրից թույլտվություն վերցնելու համար:
    -Իսկ իմ կարծիքով,-սկսեց Արմենը:
    -Աշոտյան, սիկ-տիր,-նորից միահամուռ ասացին բոլորը:
    Արմենը լռեց ու լայն չռված աչքերով նայեց այս ու այն կողմ՝ ասես չհավատալով, որ իրեն են դիմում, կամ գուցե չհասկանալով, թե ինչ են ասում:
    Վովան սկսեց անհանգստանալ․ մոտենում էր երեկոյան աղոթքի ժամը, իսկ այս մարդիկ ասես միտք էլ չունեին հանդիպումն ավարտելու: Պետք էր շտապ ինչ-որ բան նախաձեռնել․ պետք է այնպիսի մի բան մտածել, որ բոլորը գոհ մնան, ոչ ոք չտուժի, բացի, օրինակ, Կիկոսից, և դա անել էնպես, որ Կիկոսն էլ շատ գլխի չընկնի: Ոստիկանապետը չէր կարող պարծենալ փայլուն խելքով, բայց մանիպուլյացիաներն իր մոտ, ինչ խոսք, շատ լավ էին ստացվում: Ու նա երբեք չէր մոռանում մի պարզ ճշմարտություն, որն իմացել էր հարազատ հորից, երբ դեռ հինգ տարեկան էր: Հայրը նրան մի շատ մեծ ու սիրուն կոնֆետ էր նվիրել։ Այն փաթաթված էր գույնզգույն թղթի մեջ, փայլում ու շողշողում էր: Փոքրիկ Վովըչկան հիացմունքից թռչկոտում էր ու հրճվում, անգամ երկար ժամանակ չէր համարձակվում բացել այն, քանի որ դա իր տեսած ամենասիրուն կոնֆետն էր: Բայց երբ ի վերջո բացեց, տեսավ, որ այդ սիրուն թղթի տակ մի ուրիշ թուղթ էլ կա՝ ավելի քիչ գույներով: Դա էլ բացեց: Տակը մեկ այլ թուղթ էր՝ ճմռթված ու հին: Դա էլ բաց արեց: Դրա տակ սովետական օրաթերթի ինչ-որ դեղնած ու խունացած թղթի գունդ էր: Վովան մտածեց, որ կոնֆետը հաստատ դրա մեջ կլինի ու դա էլ բաց արեց: Բայց ավաղ, ներսում ոչինչ չկար: Ու այդտեղ փոքրիկը, փոխանակ լաց լինելու, հասկացավ, որ ամենակարևոր բանն աշխարհում քո ուզածը ճիշտ մատուցելն է:
    Քանի դեռ նա մտմտում էր, թե ինչ մի հանճարեղ պլացեբո կարելի է առաջարկել, Գալուստը դիմեց Լևոնին:
    -Պարոն Լևոն, դուք ոչինչ չունե՞ք առաջարկելու: Ոնց որ եկած լինեք ծխելու ու մեզ թունավորելու համար:
    -Դե ինչ ասեմ,-ծանր հոգոց ու ծխի քուլա հանեց Լևոնը:- Եթե ազգովի խնդրեն, հնարավոր է, որ վերադառնամ: Դա իմ լավագույն ու թերևս միակ առաջարկն է:
    -Իսկ միգուցե դիմենք Կիկոսի՞ն,-առաջարկեց Սերժը: - Կիկոս, դու ի՞նչ կուզեիր:
    -Ե՞ս,-զարմացավ Կիկոսն այնպես, ինչպես չէր զարմացել ծնված օրվանից, այսինքն՝ երբեք: - Ես իմ ապրելու իրավունքն եմ ուզում: Ծնվել եմ ուզում վերջապես, էս հիմար վիճակից դուրս գալ եմ ուզում, ուզում եմ մեծանալ, զարգանալ, Նիցշե կարդալ, Փինք Ֆլոյդ լսել, Թումանյանի «Անուշը» անգիր անել, բարձրանալ Նորավանքի աստիճաններով, ուզում եմ նորմալ հարաբերություններ ունենալ՝ թե միջանձնային, թե միջպետական, ուզում եմ ժամանցս հետաքրքիր անց կացնել, ուզում եմ ամբողջ աշխատածս գումարը վարկեր ու կոմունալներ մուծելով չվատնել, ուզում եմ...
    -Այ տղա, մի հատ սթա՛փվի, էս ինչքան ես խոսում, մարսողությունս կխանգարվի հիմա,-զայրացավ Վովան:- Սա փոքր երկիր ա, հասկանու՞մ ես, ցանկություններդ երկրիդ չափերին համապատասխանեցրու: Ես էլ եմ շատ բան ուզում, բայց հո տենց չի՞:
    Մենք էլ ենք շատ բան ուզում,-ձայնեցին Մկնդոլֆի երեք գլուխները:-Բայց մենք էստեղ երեքով խորհրդակցեցինք ու ուզում ենք մեր սրտի խոսքն ուղղել ձեզ՝ մենք ուրախ ենք, որ այսօր այստեղ ենք՝ ձեզ հետ, և մենք ուրախ ենք, որ ձեզ հետ այստեղ ենք այսօր:
    -Մի հատ հավիկ չլինե՞ր գզեինք,-երազկոտ ծոր տվեց Մկնդոլֆի երրորդ գլուխը, բայց առաջինը դրանից նեղվեց ու իրենց ընդհանուր պոչով բամփեց երրորդի գլխին:
    -Ես մի բան եմ առաջարկում,-կռիվն ընդհատեց խաղաղապետ Վովան:- Մենք ունենք այս հարցը լուծելու միայն մի օպտիմալ միջոց: Այ տեսեք, Կիկոսին խոսքի իրավունք տվեցինք, կրակն ընկանք, մի ժամ խոսեց: Ու նա դեռ ընդամենը մեկն է ժողովրդից: Իսկ պատկերացրեք ինչ կլինի, եթե նրանք բոլորով որոշեն խոսել ու պահանջել: Մենք դեպրեսիայից կմեռնենք, Մկնդոլֆենք էլ կսատկեն սովից: Հիմա մենք ոչ թե պետք է մտածենք միայն նրանց բարօրության մասին, այլև մեր բոլորի ապահովության: Ու ես առաջարկում եմ. նախ ժողովրդից հավաքել Չարենցի բոլոր գրքերը, որ բոլորը իսպառ մոռանան այնտեղ գրված անհեթեթության մասին, թե՝ ով հայ ժողովուրդ, քո ուժը քո միասնության մեջ է, և դրանից հետո անցնենք օպերացիայի երկրորդ, առավել կարևոր հատվածին՝ նրանց բաժանենք աստվածաշունչ՝ «Մեկ հայ, մեկ Աստվածաշունչ» ծրագրի շրջանակներում, ու որ չհրաժարվեն, կարող ենք գրքերն արծաթապատել: Իսկ ամենակարևորը՝ գրքում մեծ տողերով պետք է գրված լինի աստծո խոսքը, որ՝ եթե մի այտիդ խփում են, մյուս այտդ դեմ տուր:
    Առաջարկն ընդունվեց միաձայն, իսկ թե ոնց են միաձայն ընդունվում առաջարկները, բոլորս էլ գիտենք: Էստեղ ավարտվեց պատմվածքի համար նախատեսված լիմիտը, ուստի մենք՝ հեղինակներս, մեզ պահում ենք Արշակ Սադոյանի նման չտեսավարի ու ևս մի քանի տող ենք խլում ձեր թանկարժեք ժամանակից:
    Երկնքից ընկնում է երեք խնձոր, բոլոր երեքն էլ Կիկոսին, ով թեև երեսուներկու զինված ապստամբություն բարձրացրեց և երեսուներկուսն էլ տանուլ տվեց, բայց քսաներեք ջրցան մեքենաներից, տասնչորս մահափորձից և սահմանադրության մեկ բարեփոխումից հետո ի վերջո սթափվեց ու բոլորին ուղարկելով գրողի ծոցը, իսկ Գասպարյան Վովային՝ գնդակահարության(թե ինչի համար, երևի թե ինքներդ հասկացաք)՝ դարձավ իր կյանքի տերը:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  4. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (01.08.2015), Ariadna (06.08.2015), Chuk (03.08.2015), delicate (29.07.2015), GriFFin (29.07.2015), ivy (29.07.2015), Jarre (28.07.2015), Mr. Annoying (29.07.2015), Sambitbaba (30.07.2015), Smokie (28.07.2015), Աթեիստ (28.07.2015), մարդագայլուկ (29.07.2015), Նիկեա (28.07.2015), Շինարար (28.07.2015), Տրիբուն (29.07.2015)

  5. #3
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2-րդ տարբերակ

    Անվերնագիր


    «Ուշադրությո՛ւն, խոսում է ոստիկանությունը. հարգելի ցուցարարներ, ձեր հավաքն ապօրինի է, և մինչև 23:00-ն փողոցը չազատելու դեպքում ոստիկանությունը կձեռնարկի անհրաժեշտ միջոցառումներ հասարակական կարգը վերականգնելու համար»...
    Գևորգը ոչ մի կերպ չէր կարողանում գլխից հանել այս նախադասությունը, որը խռպոտ բասով ավելի քան տասն անգամ հնչել էր փողոցում: Փորձում էր ինչ-որ մեղեդի հիշել, դրանով փոխարինել տհաճ հայտարարությունը, բայց չէր ստացվում: Վերջապես, հրաժարվեց այդ մտադրությունից, ծխախոտատուփից գլանակ հանեց, վառեց և սկսեց քայլել ներքև: Լապտերների մեծ մասը չէր աշխատում, բայց զվարճանքի հաստատությունների և տարատեսակ խանութների նեոնային պաստառներն ու ցուցափեղկերը հերիք էին փողոցի լուսավորությունն ապահովելու համար: Ասֆալտը բաց էր թողնում ցերեկվա ընթացքում կուտակած տաքությունը, ու թեթև քամի էր խաղում՝ հատուկենտ ծառերի տերևների խշշոցը միախառնելով հեռվից լսվող աղմուկի արձագանքներին:
    Այդ նույն ժամանակ շտաբում գեներալ-գնդապետ Քալաշյանը մի ձեռքով բռնել էր խոսափողը, իսկ մյուսով գրպաններում ապարդյուն ման էր գալիս մեքենայում մոռացած թաշկինակը:
    - Լսո՛ւմ եմ, ընկեր հրամանատար: Ճիշտ այդպես: Ճիշտ այդպես, օպերացիայի անցկացման համար ամեն ինչ պատրաստ է. Ժ-1:30-ից ուժերի տեղաշարժն արդեն կատարվում է, -0:20 մոբիլիզացումը կավարտվի, 0:00 կսկսվի օպերացիան: Նախատեսում ենք ավարտել +0:45: Ոչ մի կերպ: Լսո՛ւմ եմ:
    Մի պահ նայեց մոնիտորին՝ խոսափողը պահելով օդում, ապա այն տեղը դրեց և դիմեց ներկաներին.
    - Ընկերնե՛ր, ինչպես երևի հասկացաք, օպերացիան անցկացվելու է առանց շեղումների: Շուտով կստանանք հրամանի փաստա...
    Դուռը թակեցին, մտնելու թույլտվություն հարցրեցին, և ծովացուլի արտաքինով մի գնդապետ փակ ծրարը հանձնեց գեներալին, քաշվեց հետ և ուղղեց փառահեղ բեղերը: Հրամանը հետևյալն էր.

    Հայաստանի Ազգային Հանրապետության
    Ներքին զորքերի Գլխավոր շտաբի պետ
    գեներալ-գնդապետ Բ. Քալաշյանին

    ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

    «Մայրամուտ արևելքում» օպերացիան կատարել №11 առ 14.07.2031 պլանի համաձայն:

    ՀԱՀ նախագահ Խ. Ասրյան
    * * *
    Գևորգն ուսումնասիրում էր նախկին համալսարանային շենքը, որը ներկայումս Հանրագումարների պալատն էր, ու հիշում, թե ինչպես էր զորացրվելուց հետո երազում այդտեղ ընդունվելու մասին, սակայն ընտանիքի կարիքները հոգալու համար ստիպված էր կրկին ծառայության անցնել ատելի համակարգում, քանի որ միայն այդտեղ էր հնարավոր առանց ծանոթ-բարեկամի տեղավորվել աշխատանքի: Հետո ընտանիքը դադարեց գոյություն ունենալ: Պետք էր ցրել այդ հիշողությունները, բայց ինչպե՞ս: «Ուշադրությո՛ւն, խոսում է ոստիկանությունը. հարգելի ցուցարարներ»...
    Մոտ քառասուն րոպե առաջ քվադրոկոպտերում նա ևս երկու հոգու հետ նստած լսում էր գեներալ-մայոր Մկրտչյանին.
    - Ձեզ մեծ պատիվ է վիճակվել,- բղավում էր նա, չնայած խցիկում գրեթե աղմուկ չկար,- ապահովել օպերացիայի առաջին փուլի անխափան իրականացումը: Պրոտոտիպ 3.1-ի ստեղծումը հնարավոր դարձավ միայն մեր եվրասիական գիտնականների հանճարեղ մտքի և աշխատասիրության շնորհիվ...
    «Արևմտյան դաշնությունից գողացած հերթական տեխնոլոգիան է»,- մտածեց Գևորգը և թեթև քմծիծաղեց, ինչն աննկատ մնաց:
    -... ի փառս հայրենիքի և Կառավարիչ Վլադիմիրի: «Վոգաս» կոդային անվանումով պրոտոտիպը նախկինում մեզ նման մարդ էր՝ թույլ ու խոցելի, բայց ստորագրելով գաղտնի գիտափորձին մասնակցելու համաձայնությունը՝ գենոթերապիայի և էկզոկմախքի շնորհիվ նա փաստացի դարձավ անմահ...
    «Հիշողության կորստի գնով: Ինչո՞ւ չես ասում, որ քո «փաստացի անմահը» նաև «փաստացի ռոբոտ» է, հիմա՛ր կենդանի»:
    -... եթե հաշվի չառնենք ձեզ տրված մեկական կարմիր փամփուշտները: Դրանք, ինչպես հրանգավորվել եք, պետք է կիրառել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, վերադասի հրամանից հետո, եթե պրոտոտիպը դուրս գա հրամանատարության վերահսկողությունից և դառնա անկառավարելի...
    Այդտեղ նա ընդհատեց խոսքը՝ զարմանքով նկատելով, որ Գևորգը հանել է հակագազը և պատրաստվում է հագնել: Բայց մինչ գեներալը և մյուս երկուսը կհասցնեին գլխի ընկնել, որ ինչ-որ բան այն չէ, քնաբեր գազով մետաղյա տարան արդեն բացված էր:
    - Վերջդ եկավ,- գռմռաց գեներալը և հսկա հասակով մեկ փռվեց գետնին:
    Գևորգը վերցրեց նրանց զենքերի պահունակները, կարմիր փամփուշտները, դուռը փակեց իր հետևից, հակագազը հանեց ու մոտեցավ օդաչուի խցիկին: Վերջինս կոճակը սեղմելով բացեց դուռը և նկատեց իրեն ուղղված ատրճանակը:
    - Դեպի Վոգասի տեղակայման բազա, ու առանց հարցերի:
    Արթուրը թեթևացած շունչ քաշեց, երբ տեսավ, որ սպառնացողը Գևորգն էր, ու ասաց.
    - Ատրճանակդ կարող ես իջեցնել ու նստել կողքս. ես քեզ թշնամի չեմ:- Գևորգը վարանում էր,- վաղուց էի կասկածում մեր չքնաղ ռեժիմին քո նվիրվածության վրա, և կռահում էի, որ վաղ թե ուշ որևէ բան կձեռնարկես: Ես ինքս էլ դեմ չէի լինի, եթե համարձակություն ունենայի և ընտանիք չունենայի:
    Գևորգն ապշահար նայում էր նրան:
    - Բազայի մասին կարող ես մոռանալ,- շարունակեց Արթուրը,- ինքդ էլ լավ գիտես, որ այդտեղի պաշտպանությունը նույնիսկ մի ամբողջ վաշտը չի կարող ճեղքել, ուր մնաց մեկ հոգին, ինչքան էլ լավ զինված լինի: Բացի այդ, մենք համարյա հասնում ենք ցույցի վայր, այնտեղ նրան սպանելու շանսերդ անհամեմատ մեծ են:
    Գևորգը ցանկացավ պատասխանել, որ պրոտոտիպին վերացնելուց առաջ փորձելու է նրան կանգնեցնել, բայց հանկարծ քվադրոկոպտերի ներքևի ձախ հատվածում ինչ-որ բան պայթեց, այն թափով հրվեց վեր և սկսեց դանդաղ ընկնել: Հրթիռի հարվածի ալիքից օդաչուի խցիկի ապակիները փշրվել էին, օդային հոսանքները ներս էին թափանցում, իսկ բորտային համակարգիչն ասես փրկության էր կանչում՝ հուսահատ թարթելով ցուցիչների լույսերն ու ձայնային ազդանշաններ արձակելով: Արթուրը ձեռքը մեկնեց և գլխավերևում գտնվող փոքր պահարանից պայուսակի նման առարկա հանեց:
    - Վերցրու,- ասաց նա օտարոտի ձայնով,- հաստափորները կարծում են, որ քվադրոկոպտերի անձնակազմից միայն օդաչուն է, որ արժանի չէ ծախսվող նյութ դառնալուն, բայց ինչպես տեսնում ես, նրանք սխալվում են:
    Գևորգն ուզում էր առարկել, բայց առաջ թեքվելով նկատեց Արթուրի որովայնի մեջ խրված բեկորը: Իսկ Արթուրը նկատեց նրա մեդալիոնը՝ վեց ճառագայթանի սպիտակ աստղ կլոր սև ֆոնի վրա:
    - Շան ծնունդները բնակելի թաղամասում կռիվ-կռիվ են խաղում: Դե, մի հապաղիր, Գևորգ, տարածությունը փոքրանում է, շուտով ցատկելն անիմաստ կդառնա,- հազիվ լսելի ձայնով շշնջաց ու, ջանալով ժպտալ, ավելացրեց,- թող Ուժը քեզ հետ լինի:
    Կես ժամ անց Գևորգը քայլում էր դեպի ցույցի անցկացման վայրը: Պարաշյուտով վայրէջք կատարելուց հետո մահաբեր գնդակին էր սպասում, բայց կարծես մոռացել էին նրան: Փողոցում անցուդարձ անող ոստիկաններն ու զինվորականները ոչ մի ուշադրություն չէին դարձնում նրա վրա: Չնկատեց, թե ինչպես անցավ Կիսելյովի այգին ու Գերագույն խորհրդի շենքը՝ մոտենալով իր դպրոցին: Պատուհանների տակ անփույթ արված գրաֆիտին ավելի անփույթ ձևով ջնջված էր, սակայն առաջին ու վերջին տառերը կարելի էր կարդալ՝ Х###О: Հենց այդ պատուհաններից մեկով էր, որ դասընկերոջ հետ երբեմն դասից փախնում էին, մտնում վերջինիս տուն ու, վերցնելով հին էլեկտրակիթառը, գնում լքված հիդրոէլեկտրակայան, խարխուլ պահակատան վարդակից կիթառը միացնում էին ու հերթով նվագում դեռևս չարգելված մեղեդիներ: Գևորգը սիրում էր թե ՀԷԿ-ի մռայլ սյուներն ու պատերը, թե այնտեղ տանող թունելը, որի կիսախավարում քայլելիս հաճախ էր մտածում իր ապագայի մասին:
    «Ես ինքս էլ դեմ չէի լինի, եթե համարձակություն ունենայի և ընտանիք չունենայի»,- մտաբերեց Արթուրի խոսքերը: «Չէ, եղբայր»,- մտածեց,-«համարձակը նա է, ով կյանքին վտանգ սպառնացող արարք կատարելու ժամանակ գոնե կորցնելու ինչ-որ բան ունի»:
    Դպրոցից ներքև բարիկադներն էին, որի մի կողմում ցուցարարներից առավել ակտիվները բարձրաձայն լոզունգներ էին վանկարկում, ինչին հետևում էր բազմաթիվ ժողովրդի արձագանքը, իսկ մյուս կողմում ոստիկաների և հատուկ ուժերի շարքերն էին, որոնք, ի զարմանս ցուցարարների, նոսրանում էին: Վերջնաժամկետն անցել էր, և տեսարանը վերջիններիս համար տարօրինակ էր: Նրանք նկատեցին դեպի բարիկադները սլացող զրահապատ մեքենան, որն առաջին գծին հասնելու ընթացքում դանդաղեցրեց արագությունը, կտրուկ արգելակեց՝ կողք թեքվելով, և դրա դուռը սկսեց բացվել: Դրա հետևում գտնվողը չսպասեց էլեկտրական մեխանիզմի դանդաղ աշխատանքի ավարտին, բռունցքի մի հարվածով կոտրեց դուռն ու ցատկեց ներքև: Ոստիկաններն ու զինվորականները հետ քաշվեցին: Ցուցարարների առաջին շարքերում քար լռություն տիրեց: Պրոտոտիպը, ասֆալտի վրա ոտնահետքեր դրոշմելով, քայլեց դեպի բարիկադներ, սկսեց դրանք քանդել, ասես լեգոյի խաղալիքներ լինեին, և նետել այսուայնկողմ: Հաշված վայկյաններ էին մնում դրանք ամբողջությամբ ճեղքելու համար:
    - Վո՛վա,- ինչ-որ մեկը գոռաց հետևում:
    Պրոտոտիպը կանգ առավ, գլուխը մի փոքր թեքեց, սակայն նորից անցավ գործի:
    - Գասպարյա՛ն Վովա,- ավելի բարձր գոռաց:
    Պրոտոտիպը շրջվեց դեպի գոռացողը: Գևորգը դանդաղ, բայց հաստատուն քայլերով մոտենում էր նրան: Պրոտոտիպի ձախ էկզոձեռքին հարմարեցված կլոր էլեկտրասղոցը սկսեց պտտվել՝ արտացոլելով լուսարձակների արծաթագույն լույսը: Գևորգն առաջ պարզեց ձեռքերի ափերն ու ասաց.
    - Ես գիտեմ, որ դու չես մոռացել, թե ինչ կատարվեց տասնվեց տարի առաջ հենց այս նույն տեղում: Նայիր ձեռքերիս: Դրանք առաջվա պես փամփլիկ չեն, սակայն սպիերը տեղում են: Նայիր ու հիշիր, թե ինչ էիր զգում այն ժամանակ: Զգա հիմա:
    Պրոտոտիպը սղոցը բարձրացրեց վերև, և թվում էր՝ Գևորգն ուր որ է նրա առաջին զոհը կդառնա, բայց նա էկզոձեռքը տարավ իր գլխի հետևը ու շարքից հանեց այդտեղ ամրացված միկրոսխեման: Հայացքում մինչ այդ արտացոլված սառն անտարբերությունը փոխակերպվեց ցասման, ու մարտական ճիչ արձակելով՝ նետվեց հակառակ ուղղությամբ: Գևորգը կարմիր փամփուշտները գցեց մոտակա անձրևատար ճաղավանդակից ներքև: Ժողովուրդը ցնծում էր:
    - Քառասուն տարվա ընթացքում արածս միակ արժանավոր արարքը,- մտածեց Գևորգը, ապա ատրճանակի փողն ուղղեց կզակին ու ձգանը քաշեց:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (03.08.2015), GriFFin (29.07.2015), Mr. Annoying (29.07.2015), Աթեիստ (28.07.2015), Նիկեա (29.07.2015), Շինարար (29.07.2015)

  7. #4
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3-րդ տարբերակ


    Անվերնագիր


    Ջրի ուժգին շթից ետ շպրտվելով կարկատած ասվալթին՝ մի ակնթարթ կորցրեց ինքնատիրապետումը, բայց կարողացավ սթափվել և կառավարել սեփական օրգանիզմը. միջնամատի հայտնի ժեստը պարզած պոռթկաց առաջ…
    -Սթափվիր գժուկ:
    -Հենց նոր սթափվեցի, վրա տա՞նք, թե՞ փախնենք:
    -Սթափվիր ասում եմ, սա մեր ու ձեր քաղաքն ա, էս քաղաքի մի ծերից մյուսը 12 կիլոմետր ա:
    -Օսիպյան, քեզ խառնեցի մերոնց հետ:
    -հը՞…լսի դու…
    -Կներես, նկատի ունեի՝ ըստ սցենարի մերոնց…
    -Լսի գժուկ…
    -Ինչ ասի՞ր, զանգում եմ ոստիկանություն, ինձ ասիր գժո՞ւկ, քեզ գործից հանել եմ տալու:
    -Լրիվ դու ոնց որ խառնում ես սաղ:
    -Ես Դանիելը չեմ, Վաղարշակն եմ:
    -Աշոտյան էղեք Օպերա, Վաղո, ստեղ մնացողները կմաքրվեն ստեղից:
    -Ես Ձեզ հետ միշտ համագործակցել եմ ու կհամագործակցեմ, բայց յոթ դրամս մինչև չտաք, ստեղից գնացողը չեմ, պարոն Օսիպյան:
    -Լսի, ես Գասպարյան Վովան եմ, ես Վովան եմ…
    -Զորավար ջան, կներես, ես կարծեցի…
    -Ասեցիր զորավա՞ր… լսի, կարողա՞ մի հատ աղոթենք նոր գնաք Օպերա:
    -Եթե իմ ու քո շեֆը ասի իհարկե կաղոթենք, բայց աղոթելու գծով ստեղ ներկայացուցիչը Դավոն ա, ուղղակի դեռ չի հասցրել մի քանի օր սոված մնա, աշխարհի վրա չարանա:
    -Ի՞նչ սոված, ի՞նչ ես խոսում Շուշո, ինչպես շեֆի տատն էր ասում, բայց դուք սովածի հարցով ե՞ք հավաքվել:
    -Չէ ավելորդ կալորիաներ առանձնապես չունենք, բայց դե պաս չենք պահել էս տարի, կարանք տեղը հանենք, ասում են՝ չուտելն էլ ա կայֆ:
    -Բայց սոված մնալը պաս չի, որդյակս, դա ինչ-ինչ գաղափարի համար ա արվում:
    -Զորավար, խնդրում եմ գաղափար բառը մի օգտագործի, քաղաքական ենթատեքստ եմ տեսնում մեջը:
    -Ես Գասպարյան Վովան եմ, ես Վովան եմ…
    -Հա հանգստացի, էդ մասը արդեն նկարել ենք, ի՞նչ ես վրա տալիս:
    -Դե զորավար մի ասա, ոնց որ Մայդանի հետ խոսաս:
    -Մայդան չի, Բաղրամյան ա:
    -Հա էլի, ես ուկրաինական կրթություն ունեմ ուղղակի…

    -----------------------

    -Դուբլ 45213546-12 պատրաստ ա: Բոլորդ ազատ եք: Մոնտաժնիկներ ու կիվիրյաններ, ձեր հերթն ա, պատրաստվեն հայրիկյանները:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (03.08.2015), GriFFin (29.07.2015), Mr. Annoying (29.07.2015), Smokie (28.07.2015), Նիկեա (28.07.2015), Շինարար (29.07.2015)

  9. #5
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4-րդ տարբերակ


    Սթափարան համար 6



    - Խաչը՝ տաս, - քարտերին արագ հայացք գցելով՝ ձայնեց Ճուտոն:
    - Դու էլ միշտ խաչ ես խոսում, - նեղսրտեց Գամփռը՝ հայացք գցելով իր քարտերին:
    - Քյափը...
    Գեղամը չհասցրեց թիվ խոսել, նրա ձայնն ընդհատվեց ամբողջ սրահով տարածված ճիչից.
    - Ես սթափվել եմ, լսու՛մ եք, սթափվել եմ, սը՛-թա՛փ-վե՛լ:
    Խաղացողները նայեցին իրար: Առաջինը Գամփռը խոսեց.
    - Էլի Մարտիրոսյանն է:
    - Գուցե բա՞ց թողնենք, - հարցրեց նորեկը՝ Արամը:
    - Առանց Որոշիչի որոշման իրավունք չունենք, իսկ Որոշիչը չի հավատում Մարտիրոսյանին: Ասում է, որ հենց դուրս գա, նորից նույն երգն է երգելու: Դեռ պետք է սպասել:
    - Բայց դե գոնե ուտելու բան տայինք:
    - Ոչ մի դեպքում: Սրան սթափեցնելու տարբերակը հենց հացից զրկելն է: Երբ երեք-չորս օրով հացադուլի էր նստում, դրանով ցույց էր տալիս, թե ինչից է իրականում վախենում ու ինչով իրեն կարելի է խեղճացնել...
    - Դե, շարունակեցինք, - ընդհատեց Գեղամը: - Քյափը՝ տասնմեկ:
    Սթափիչներն արագորեն նորից ընկղմվեցին խաղի մեջ: Ճիշտ է, Մարտիրոսյանը ժամանակ առ ժամանակ նորից ընդհատում էր նրանց խաղը՝ բռունցքներով հարվածելով սթափասենյակի դռանն ու գոռալով «Ես սթափվել եմ, սը՛-թա՛փ-վե՛լ»:

    * * *
    Սահմանադրության հանրաքվեի արդյունքները հրապարակելու օրվանից սկսվեցին զանգվածային բողոքի ակցիաները: Պատմության մեջ, թերևս, այսքան մարդ փողոց դուրս չէր եկել: Այս անգամ կասկած չկար, որ գործ ունեն կեղծված հանրաքվեի հետ. չէ՞ որ բոլորը դեմ էին քվեարկել:
    Առաջին սթափարանը կառուցվեց դրանից մեկ շաբաթ անց: Իրականում ոչ թե կառուցվեց, այլ քրեակատարողական հիմնարկներից մեկն անմիջապես ձևափոխեցին սթափարանի: Նախքան ձևափոխելը որոշիչների հանձնաժողովը առանձնազրույց ունեցավ բոլոր կալանավորների հետ, ու որոշեց, թե ում հետ ինչպես է պետք վարվել: Կալանավորների մի մասը տեղափոխվեց այլ կալանավայրեր, մյուս մասը հատուկ որոշմամբ ազատ արձակվեց ու անմիջապես աշխատանքի անցավ սթափարանում՝ որպես սթափիչներ: Սթափարանի սթափասենյակներն արագորեն լցվեցին անսթափներով, մանավանդ քաղաքականացված անսթափներով:
    Այնուհետև իրար հետևից սկսեցին սարքվել մյուս սթափարանները: Ամենամեծ սթափարանը վեցերորդն էր, ուր բերում էին կա՛մ ամենաաչքի ընկած անսթափներին, կա՛մ մյուս սթափարաններում չսթափված անսթափներին:
    Սա նաև միակ սթափարանն էր, որին կից կախարան էր կառուցվել հատուկ նրանց համար, ովքեր տևական ժամանակ չէին սթափվում:
    Մի նոր, աննախադեպ բողոքի ալիք բարձրացավ կախարանի դեմ: Հազարավոր քաղաքացիներ դուրս եկան փողոց:
    - Նույնիսկ նոր սահմանադրությունն է երաշխավորում մարդու կյանքի իրավունքը, - պնդում էին բողոքավորները:
    Իշխանությունը սկզբում փորձեց երկխոսության միջոցով բացատրել, որ ըստ սահմանադրության անհրաժեշտությամբ կիրառված ուժի արդյունքում մարդուն կարելի է զրկել կյանքից, սակայն, համոզվելով, որ բողոքավորները չեն դադարում բողոքը՝ սկսեցին բռնել նրանց ու տեղափոխել սթափարաններ: Բողոքի ալիքը մարեց: Իսկ կախարանում Կախիչը հասցրեց մի քանի տասնյակ չսթափվողների զրկել կյանքից՝ բացարձակապես անհրաժեշտ ուժ գործադրելով:

    * * *
    - Ոտքի՜, - գոռաց Գամփռն ու արագ ոտքի կանգնեց:
    Ոտքի կանգնեցին նաև մյուս սթափիչները, ովքեր մի վայրկյան առաջ խորազուսված էին թղթախաղում: Ընդունարան մտավ Որոշիչը, հետևից մի քանի բռնիչ, որոնք շղթայակապ քարշ էին տալիս գլխին սև գլխանոց անցկացրած տղամարդուն:
    - Գեղամ, շուտ, ազատեք 48-րդ սթափասենյակը, ուզում եմ իմ աշխատասենյակին մոտ լինի, սրանով անձամբ ես եմ զբաղվելու, - հրամայեց Որոշիչը՝ հայացքը գցելով սեղանին թափված քարտերին: - Ո՞վ է հաղթում:
    - Մենք, - ժպտաց Գեղամն ու վազեց հրամանը կատարելու:
    Մինչ սթափասենյակը կազատվեր, բռնիչները տղամարդուն կապեցին սենյակի մեջտեղի ձողից: Սա սթափիչների ամենասիրած զբաղմունքն էր. շղթայով կապում էին ձողին, պարտադրում պարել ու զվարճացնել: Բայց այս անգամ պարելու հրաման չտվեցին:
    - Շեֆ, էս ո՞վ ա, ու ինչի՞ եք գիշերով բերել, - չդիմացավ Գամփռը, - վերջին հրամանով բոլորի՞ն չէր, որ անհրաժեշտ էր լույսով ստեղ բերել:
    - Սա հատուկ պտուղ ա, - գոհունակ ժպտաց Որոշիչը: - Դեռ շատ աղմուկ չենք ուզում հանել:
    - Բայց ո՞վ ա:
    - Խորհրդարանի ընտրիչներից ա՝ Բարխուդարյանը:
    - Ընտրիչների՞ց, - զարմացավ Արամը: - Բայց իրանք անձեռնմխելի չե՞ն:
    - Անձեռնմխելի են, բա ինչ գրող ու ցավ են, բայց ընտրիչների դատին հանձնեցի ու բոլորով ծախեցին իրանց գործընկերոջը: Փակ էր քվեարկությունը: Գիշերով բերեցինք, որ շատ աղմուկ չլինի, սրան պետք է արագ սթափեցնենք ու նորից հետ ուղարկենք:
    - Ի՞նչ ա արել:
    - Ասում էր, որ սահմանադրությունը հակաժողովրդական ա:
    - Հակաժողովրդակա՞ն, - ծիծաղեց Ճուտոն, - էդ ինքը չէ՞ր, որ իրա ընկերներին չէր պաշտպանում, ասում էր, թե կեղծ օրակարգ ա էդ սահմանադրությունը:
    - Ինքն էր, - ժպտաց Որոշիչը:

    * * *
    Հանրաքվեից մի քանի օր էր անցել, իսկ իրավիճակը շարունակում էր լարված մնալ: Ղեկավարը շտապ խորհրդակցություն էր հրավիրել. Այստեղ էին ուժային կառույցների ղեկավարները, դատախազության ներկայացուցիչները, ուրիշներ: Բողոքի ալիքը ուժով ցրել մի անգամ փորձել էին, մի քանի ժամ անց ավելի շատ մարդ էր հավաքվել: Ձերբակալությունների չէին ուզում գնալ. Միջազգային կառույցներից խիստ զգուշացում էին ստացել, որ չեն ների քաղբանտարկյալների գոյությունը: Լուծում կարծես թե չկար:
    - Թող Աստված մեր արդարությամբ մեզ դատի, իսկ իրենց արդարությամբ թող գթա ու ների, քանզի մոլորյալ են ու չգիտեն, թե ինչ են անում, - ժպիտը դեմքին՝ Ղեկավարին դիմեց ոստիկանապետը, - բայց մինչ այդ մենք կդատենք նրանց: Ես լավ միտք ունեմ:
    - Ի՞նչ միտք, Վովա: Էլի՞ աղոթելու ես տանելու:
    - Չէ՜է: Այս անգամ սթափվելու:
    - Յա՞, իրո՞ք: Էդ ո՞նց:
    - Մի հատ օրենք ենք ընդունում, որ ովքեր սթափվելու կարիք ունեն, տանում նստացնում ենք սթափեցնելու, ու վերջ: Ամեն մեկին յուրահատուկ մոտեցում կցուցաբերենք:
    - Էլի քո ախմախ մտքերով ես: Ինչպես տատս էր ասում, բա մենք դրա՞ համար ենք հավաքվել, որ դա՞ լսենք: Չե՞ս հասկանում, որ աշխարհն էլի կսկսի նեղել մեզ, թե բա քաղբանտարկյալ ունեք, ֆլան, ֆստան...
    - Չէ, Շեֆ, իրանք բանտարկյալ չեն լինի: Մեր արածը նորամուծություն կլինի: Ոչ թե մարդկանց բանտերում կզրկենք ազատությունից, այլ կկառուցենք սթափարաններ, ուր մարդկանց կբերենք սթափվելու:
    - Լսի, բայց լավ բան ես ասում, վաղվանից սկսի, տեսնենք ինչ ենք անում:
    - Աչքիս վրա, Շեֆ:

    * * *
    Հատուկ որոշմամբ անսթափներին սթափարան բերում էին ցերեկով: Նախօրոք լրատվամիջոցներով հայտարարվում էր ժամը: Սթափարան տանող փողոցի երթևեկությունն այդ ժամին ընդհատվում էր: Քաղաքացիները շարվում էին մայթերին՝ նայելու, թե հերթական անսթափին ինչպես են ծաղրի ենթարկելով փողոցի մեջտեղով բերում սթափարան: Այս հոգեբանական զենքը ևս ոստիկանապետն էր մշակել, որպեսզի մյուսները հանկարծ ու չկորցնեն իրենց սթափությունը՝ վախենալով այդ իրավիճակում հայտնվելուց:
    Այդ օրը մայթերը խիստ մարդաշատ էին: Բոլորն եկել էին իրենց աչքով տեսնելու և համոզվելու, որ լրատվությունը ճիշտ է, որ սթափարան են տանում ոչ ավել, ոչ պակաս՝ հենց Նրան:
    Բռնիչների ուղեկցությամբ փողոցի ծայրում հայտնվեց կանացի խալաթ հագած տղամարդը: Նրա տեսքն ընկճված էր ու հոգնած, հալից ընկած: Ժողովրդի մեջ թաքնված սադրիչները պարբերաբար լոլիկ ու ձու էին շպրտում Տղամարդու վրա: Վերջինս սայթաքում էր, ընկնում: Բռնիչները ոտքի էին կանգնեցնում ու հրամայում շարունակել ճանապարհը: Տղամարդն աղերսող հայացք էր գցում մայթերին կանգնածներին, բայց տեսնում էր միայն անտարբեր կամ ոգևորված, այլ ոչ երբեք կարեկցող հայացքներ:
    Հանկարծ նրա աչքը ընկավ մի Երիտասարդի, ով շեշտակի տարբերվում էր մյուսներից: Տղամարդու աչքերում հույս կայծկլտաց: Լարելով վերջին ուժերը՝ ոտքի կանգնեց ու բռնիչներից պոկվելով՝ արագ վազեց Երիտասարդի կողմը, բռնեց նրա օձիքից.
    - Օգնի՛ր ինձ:
    - Օգնե՞մ: Ինչու՞:
    - Դու հիշու՞մ ես ինձ, հոգի՛ս, - աղերսեց Տղամարդը:
    Բռնիչները հասան Տղամարդուն ու ուզում էին պոկել Երիտասարդից, բայց նրանց հրամանատարը թույլ չտվեց.
    - Թող խոսի:
    Երիտասարդը, որ ինքն էլ էր փորձում պոկվել Տղամարդուց, հասկացավ, որ դա անհնար է:
    - Հիշում եմ, - Տղամարդուն դիմեց նա: - Իհարկե հիշում եմ: Հիշում եմ մահակների հարվածները, ջրի ուժեղ շիթերը, փամփուշտները: Ամեն ինչ էլ հիշում եմ:
    - Լսիր, ես սխալվել էի, օգնեք ինձ, մենք միասին կհաղթենք:
    - Օգնե՞նք, - ծիծաղեց Երիտասարդը, - այդ ովքերո՞վ:
    - Այսքան մարդ կա, նայիր չորս կողմդ, հավաքիր նրանց, առաջնորդիր: Եթե միասին լինեք, ձեզ ոչ ոք չի կարողանա հաղթել:
    - Այս մարդիկ նրանք են, ում դուք դարձրիք 5000 դրամ վերցնողներ, նրանք են, ում դարձրիք մատաղ փախցնողներ, նրանք են, ովքեր հենց փորձեցին ընդվզել, տարաք ու սթափեցրիք: Ես ինքս սթափվել եմ: Հիմա քո հերթն է: Գնա ու սթափվիր:
    Տղամարդու ձեռքերը թուլացան, ծնկների վրա ընկավ գետնին: Բռնիչները թևերից բռնելով, բարձրացրին ու շարունակեցին ճանապարհը:

    * * *
    Սթափարանում Տղամարդուն էին սպասում բոլոր սթափիչները, հարյուր հոգուց ավելի: Սրանց մի մասը նախկին ոստիկաններ էին, ովքեր աչքի էին ընկել ցուցարարների նկատմամբ բռնի գործողություններով, մի մասը՝ հանցավոր աշխարհի ներկայացուցիչներ ու նախկին կալանավորներ:
    Տղամարդը սենյակ մտնելուն պես փոխեց իր ոճը. սա իր վերջին հույսն էր:
    - Լսե՛ք, սթափվե՛ք, - բղավեց նա: - Ես Վովա Գասպարյանն եմ: ՎՈ՛-ՎԱ՛Ն եմ ես: Ես եմ ձեզ ստեղծել, ՍԸ՛-ԹԱ՛Փ-ՎԵ՛Ք: Ի՞նչ եք անում:
    Որոշիչը, ժպիտը դեմքին, մոտեցավ նրան.
    - Ճի՞շտ է, որ ընկերների շրջապատում ասել ես, որ ինքդ էլ կարող ես ղեկավարել երկիրը, որ կարելի է փոխել մեր Ղեկավարին:
    - Սթափվի՛ր հիմար, մեկը դու էիր այդ ընկերներից, ի՞նչ է, կատակս չե՞ս հասկացել, սրիկա՛ մատնիչ: ՍԹԱՓՎԻ՛Ր: Սա մեր երկիրն է: Սա փոքր երկիր է: Բոլորս գիտենք, թե ով է Ղեկավարը ու Միակը: Սթափվե՛ք, ես եմ ստեղծել սա:
    Որոշիչը շուռ եկավ ու կարգադրեց.
    - Արագ պատրաստեք կախարանը: Նա սթափվող չէ:
    Սթափիչներից մի քանիսը վազեցին հրամանը կատարելու:

    * * *
    Կախարանում արարողակարգը նույնն էր, ինչ մշակվել էր դեռ շատ վաղուց: Տղամարդու վզին գցեցին պարանը ու կանգնեցրին աթոռին: Մոտեցավ Աղոթիչն ու կարդաց կարճ աղոթքը.
    - Թող Աստված մեր արդարությամբ մեզ դատի, իսկ քո արդարությամբ թող գթա ու ների, քանզի մոլորյալ ես ու չգիտես, թե ինչ ես անում: Ամե՛ն:
    Աղոթքից հետո Կախիչը Տղամարդու ոտքերի տակից քաշեց աթոռը ու պարանը սեղմեց նրա պարանոցը: Աչքերը կարմրեցին ու դուրս եկան բներից, տղամարդը սկսեց խռխռացնել: Երբ տղամարդն իր վերջին շունչը փչեց, աչքերը սառեցին ու դարձան անկենդան, դահիճը նայեց նրան, ու արարողակարգի համաձայն հարցրեց.
    - Դը-զե՞ց:
    Պատասխան չհետևեց:
    ...
    Նույն ժամանակ Երիտասարդը բացեց ընդհատակյա շտաբի թաքնված դուռն ու երեք հոգու ուղեկցությամբ մտավ ներս: Նրան ընդառաջ եկավ ընկերներից մեկը.
    - Ի՞նչ նորություն:
    - Կախեցին, - պատասխանեց: - Իսկ ես կարողացա ևս երեք հոգու գտնել, որ անտարբեր չեն, նրանք տարբերվում էին մայթերին կանգնած մյուսներից: Ծանոթացիր ու ծանոթացրու մեր ծրագրերին:
    Ընկերը ոտքից գլուխ նայեց մյուսներին ու գոհունակ ժպտաց.
    - Եկեք, տղերք, պայքարը շարունակվում է:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (03.08.2015), GriFFin (29.07.2015), Mr. Annoying (29.07.2015), Smokie (29.07.2015), Աթեիստ (28.07.2015), Նիկեա (29.07.2015), Շինարար (30.07.2015)

  11. #6
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    5-րդ տարբերակ


    Ոստիկանապետի մայրը


    -Տեսնո՞ւմ ես, շեֆ, աղջիկների երամակը տղաների հետևից լցվում է պողոտա:

    -Հնարավոր չէ, -գոռաց ոստիկանապետը,-մայրերը պետք է տանը մնան, մայրերը պետք է տանը մնան:

    Վախը վաղորդյան ցողի պես պատեց ոստիկանապետի` կոշտ վրձնով գծած դիմագծերը: Քթի տակ մրմնջում է` հնարավոր չէ, իմ մա՞յրը, չի կարող պատահել: Հետո ձեռքը կտրուկ` ափն ի վար հետ գցեց, ասես օդը հետ էր մղում, ասես նավի թիակ էր, որ ջրի հոսանքը ճնշում էր, որպեսզի առաջ շարժվեր: Ձեռքով դաղելով օդը` փորձում էր կտրուկ դադարեցնել ոտքերի անսպասելի` բթամատերից բարձրացող դողը: Մարդիկ`առողջ երակ ազատության, անցնում էին նրա կողքով, սլանում միջով. ամեն ինչ վայրկյանում մեռավ: Միտքը, որ մայրը կարող է այդտեղ լինել` իր դեմ ու իրենից հեռու, թմրեցրեց ոտքերը, աչքերի առջև պտտվեցին մարդիկ` էլկետրասյուներ, երկինքը փուլ եկավ գլխին, աղաղակող պաստառները միայն մոր անունն էին տալիս. «ո՛չ թալանին, ո՛չ քեզ, որդի՛, որ էլ իմը չես», կարծես գոռում էր մայրը: Նրան թվում էր, որ նա է հենց թալանը, որ ինքն իրեն խլեց իր մորից: Մատը մոտեցրեց բերանին` կարծես կերած ծիծը ջնջվեց շուրթերից: «Միայն ոչ մայրս»,-մտածեց նա:

    -Չքվե՛ք աչքիցս,-մռնչաց ոստիկանապետը:

    Քրտինքը մեծ կաթիլներով անձրևեց դեմքը։

    -Բա՞ն ա եղել, շեֆ:

    -Ռա՛դ եղի,- որոտաց ոստիկանապետը:

    Քաղաքում լուր էր տարածվել, որ ոստիկանությունը անհանդուրժող է, անկիրթ, չգիտի` ինչպես խոսել քաղաքացու հետ, էլ ոնց պետք է պաշտպանի նրան: Դրա համար էլ օրեր շարունակ ոստիկանապետը սովորում էր մարդու հետ շփվելու արվեստը, այնքան, մինչ զգաց` ներսում չխաղացված դերեր կան, մանկության թատրոնը` մինուճար դպրոցական ներկայացումը կա: «Ինչ վարպետորեն էր խորամանկ հայվանն ասում` էս սարը իմն է, էս ծառը իմն է, ծառում փչակ կա, փչակում` մի բուն, էս ո՞վ է եկել տիրացել թաքուն, հա, հա, ո՞վ է եկել տիրացել թաքուն, կասեմ ցրվեք, գժուկներ, թե չէ ջրցանս հրեն գնամ -բերեմ, ձեր քոքը կտրեմ…հա,հա,տենց էլ կասեմ»:

    -Իսկ պատմության վերջը կասե՞ս,-լուսնյակ գիշերվա պես պարզ նորից հայտնվեց մայրը, ու բառերը` հատ-հատ ասեղներ, տնկեց,- կասե՞ս, որդիս, միակս, որ չարի համար, թե վաղ, թե ուշ, էդ է պահված աղվես աղա, ղա՜, ղա՜, ղա՜, ղա՜…

    Ոստիկանապետը հորիզոնի վրա տեսավ մորը` ագռավ: Օդում կանգնել էր մոր կռինչը` ղա՜, ղա՜, ղա՜, ղա՜…….Ոստիկանապետը կողպեց աչքերը, որպեսզի երկինքը `անվերջ ագռավ, չթափանցի ներս, լղոզվի ձայների մեջ ու վերանա, բայց չէ, մոր կռինչը եկեղեցու զանգ էր… ղա՜, ղա՜, ղա՜, ղա՜…… մոր կռինչը պարիսպ էր` բարձր ու չընկրկող:

    -Սթափվիիիիիիիիր,-գոռաց Ոստիկանապետը: Սեփական մարմնի պարտությունը ջուր-ջուր կաթում էր քունքերից, լցվում վզատակը:

    - Քո հետ չեմ, շան տղա,-ասեց ու մտածեց, որ լավ է գոնե էս աշխատակիցները կան.պետք չէ հետները դրամա խաղալ, սեթևեթել. դա իր արյունն է:

    -Վերջացրո՛ւ, հոգիս,- մի օր նետեց կնոջը, որը գտել էր նրան սպառված և ուզում էր, որ նա մռնչար, թամբեր իրեն, գլխապտույտի հասցներ, լիներ կոշտ և անկիրթ, իսկ ոստիկանապետի գլուխը քաոս էր, արարքների և մտքի բացահայտ խզումը ծանր կապար էր, որ վայրէջք էր կատարել ակնախոռոչներում, ու սիրտ դարձած տրոփում էր. ներսը քարով էր լցված: Կինը զարմացավ. Ոստիկանապետը ականի պես չպայթեց նրա մեջ, նրա հետ, նրանով: Թեպետ բոլորին թվում էր` կյանքում ոչ դաշտային ծաղկից է հոտ քաշել, ոչ երեխայի գլուխ շոյել, ոչ կնոջ փաղաքշել, բայց նրա սերը ուրիշ էր: Նա պայթում էր, կարկուտի պես թափվում անկողնուն փռված մարմնին, երևի հուսահատությունից, որ օր օրի սիրտը կարծրանում է, և մոլուցքն այդ չընդհատվող ընթացքի անզոր է կանգնեցնել, անզոր է և չի ուզում, ով գիտի, երևի հուսահատությունից:

    «Ի վերջո ի՞նչ է եղել. Կանայք` դեռ չի նշանակում մայրս, ինչո՞ւ եմ թողնում, որ սիրտս կակղի: Դու Ոստիկանապետ ես, գրողը քեզ տանի: Ապա կրկնիր անուն ազգանունդ, չե՞ս զգում ինչ ուժ է մեջդ լցվում, նրանք մարդիկ են, իսկ դու…ասում եմ քեզ, կրկնիր` ես Պ. Պ.-ս, Ոստիկանապետս, Հզորս: Ես Պ. Պ-ն եմ, ավելի բարձր, ավելի ամուր, մռնչա, արծիվ, գոռա, անիծված»:

    Արցունքի մի կաթիլ կանգնել էր այտոսկրին և չէր իջնում ներքև:

    -Ասում եմ քեզ`ես Պ.Պ-ն եմ:

    -Շեֆ, տղամարդկանց կանայք ու երեխաներն են միանում:

    - Ի սեր Աստծո, լռիր,- հառաչեց ոստիկանապետը:

    Հանկարծ իրականության պես խոսուն դիմացը նորից կանգնեց մայրը.

    - Պտղաջրերս քիչ լինեին, որ ձեռքդ չորանար, անաստված, տունդ լույսերի հրավառություն է, կինդ` ամանորի եղևնի, քեզ քիչ եմ սիրել, հա՞: Պտղաջրերս շատ լինեին, որ խեղդվեիր ու չծնվեիր,անսիրտ: Ո՛չ քեզ, անպիտա՛ն,- նետեց մայրը, ու ձեռքը` վրձնի կտրուկ հարված, արագ ու հուսահատ իջավ փորին: Ասես հենց այդ վայրկյանին վիժեց ոստիկանապետին:

    Ոստիկանապետը օրորվեց: «Ես ապառաժ չեմ»,-մտածեց նա, մինչ գետինը երերաց ոտքերի տակ: Ցած կփլվեր ,եթե չլիներ թիկնապահների պատը:

    -Թողե՛ք ինձ-մրմնջաց նա:

    «Գլուխդ կորցնում ես, իշու ձագ, ինչո՞ւ մայրդ պետք է էստեղ լինի` էս անորոշության , էս ցավի մեջ: Մենք պաշտպանված ենք մեր տներում, մենք հեռու ենք էս փողոցից, էս քաոսից դուրս մեր տներում մեր վառարանները տաքացնում են մեզ, մեր կաթսաներում բլթբլթացողը դատարկ ջուրը չէ : Ուրեմն էլ ի՞նչ է անում էստեղ, անիծվածը: Ա՜խ, մայրս: Մեր կանայք քաքի պես կակուղ են, ի սեր Աստծո, ի՞նչ գործ ունի նա էստեղ : Սթափվիր, Պ., տուզիկ շան պես էս

    խոսում, միտքդ ցեխ ա, շլոփա, կերածդ լափ ա, անարժան», -նորից միտքը սղոցեց մայրը: Ոստիկանապետը` մանուկ Պ.-ն, ամուր փակեց աչքերը` մտովի հազար կողպեք վրան քաշեց, ու մատները կծկելով ափի մեջ` գոռաց.

    - Սթափվե՛ք , սա փոքր երկիր է, ասում եմ ձեզ,սթափվե՛ք: Ձեր արդարությամբ թող Աստված ձեզ գթա ու ների, քանզի մոլորյալ եք ու չգիտեք` ինչ եք անում:

    Փողոցը ծով չդարձավ, և նա` կարծեցյալ մարգարե, չքայլեց ջրերի վրայով: Հանկարծ ականջի մեջ բառերը`տաք պղպջակներ, բլբլթթացին, թմբկաթաղանթը պայթեց.

    -Շեֆ, շարքերում ձեր մայրն է կանգնած:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (03.08.2015), GriFFin (29.07.2015), Smokie (28.07.2015), Ափրիկյան (18.10.2015)

  13. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    4-րդ տարբերակ. Սթափարան համար 6

    Դրականը. սրա համար էլ քաղաքականացված լինելը դրական (էս մրցույթում իմ համար ամենակարևոր չափանիշներից): Նաև լավ շարադրված ա, ահագին հետաքրքիր տերմիններ են հնարվել, բառախաղեր արվել: Պատմվածք ա սյուժետային հստակ գծով: Սթափարանների միտքը լավն էր:

    Բացասականը. ջանջալացրած ա, կարելի էր ավելի կարճ գրել, ահագին ավելորդ բաներ կան: Սկզբում կերպարներ են ներմուծվել, որոնք էդպես էլ գործող անձինք չեն դարձել, օրինակ դրանք ավելորդ էին: Հետ ու առաջն էլ ա մի քիչ շատ, ու ոնց որ թե ընթացքում նույնիսկ ինչ-որ մի բան խառնվում ա: Եթե սթափարանի միտքը լավն էր, կախարանինը մի տեսակ արհեստական էր, բայց կուտվի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #8
    Խաչակուռ
    Գրանցման ամսաթիվ
    20.07.2015
    Հասցե
    los
    Գրառումներ
    18
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դարձավ իր կյանքի տերը եվ տիրոջ իրավունքով երկիրը հանձնեց գրանտ բաժանող արեվմտյան աղանդավորական պարագլուխներին , իր տղաներին ամուսնացրեց եվրոպացի տղաների հետ ընդունեց իսլամը հետեվելով եվրոպացիներին եվ ուրախ ու երջանիկ ապրեց ինքը աղա իսկ իր հետույքը քարվան սառայ :

  15. #9
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջինի ու յոթերորդի հեղինակներին գիտեմ, ոնց որ թե։
    Կարծում եմ, սխալ չեմ գուշակում։

  16. #10
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ հասկանում, էդ ինչ ակնկալիքներ ունեիք, որ չեն արդարացվել։ Էս թեմայով էդ ինչ ուրիշ բաներ պիտի գրվեին։ Կամ ինչ կլիշեներ. պարզ է, որ էս թեմայում էդ արտահայտությունները պիտի պտտվեին.
    Աշոտյան սիկտիր
    սթափվեք
    գժուկներ
    սա փոքր երկիր ա
    ես Գասպարյան Վովան եմ

    Ոնց պիտի դա շրջանցվեր։ Թեման շատ նեղ ու սպեցիֆիկ էր։ Ավել ինչ էիք սպասում։
    Ես որ շատ գոհ եմ արդյունքներից։ Էս նախագծում սրանից ավել բան դժվար թե հնարավոր լիներ անել։

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (31.07.2015), Smokie (30.07.2015), Շինարար (30.07.2015)

  18. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Xachakur-ի խոսքերից Նայել գրառումը
    Դարձավ իր կյանքի տերը եվ տիրոջ իրավունքով երկիրը հանձնեց գրանտ բաժանող արեվմտյան աղանդավորական պարագլուխներին , իր տղաներին ամուսնացրեց եվրոպացի տղաների հետ ընդունեց իսլամը հետեվելով եվրոպացիներին եվ ուրախ ու երջանիկ ապրեց ինքը աղա իսկ իր հետույքը քարվան սառայ :
    հը՞

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (30.07.2015), Աթեիստ (30.07.2015)

  20. #12
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ հասկանում, էդ ինչ ակնկալիքներ ունեիք, որ չեն արդարացվել։ Էս թեմայով էդ ինչ ուրիշ բաներ պիտի գրվեին։ Կամ ինչ կլիշեներ. պարզ է, որ էս թեմայում էդ արտահայտությունները պիտի պտտվեին.
    Աշոտյան սիկտիր
    սթափվեք
    գժուկներ
    սա փոքր երկիր ա
    ես Գասպարյան Վովան եմ

    Ոնց պիտի դա շրջանցվեր։ Թեման շատ նեղ ու սպեցիֆիկ էր։ Ավել ինչ էիք սպասում։
    Ես որ շատ գոհ եմ արդյունքներից։ Էս նախագծում սրանից ավել բան դժվար թե հնարավոր լիներ անել։
    Կարար շատ լավ բան(եր) գրվեր...

    ... բայց էս անգամ ես ավանդույթը խախտելու եմ ու քվեարկեմ..... առանց քննարկեկու....

  21. #13
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկրորդը նորից կարդացի... տարօրինակ գործ ա։
    Հեսա կգրեմ իրա մասին։

  22. #14
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ կարծում որ առաջինը Իմպն ա...
    Ինքն ավելի լավ կգրեր։
    Հումորն իհարկե լավն ս, բայց իմպական լավը չի։

  23. #15
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այվ մինչև հիմա էդ ուժեղ ու թույլ պատմվածք որակավորումը հա էլ հնչել ա քննարկելուց։ Ինչի հանկարծ հենց հիմա սկսեցիր չսիրել էդ խոսքը
    Որ ժամանակս ներեր նստեի փորեի, հենց քո վերլուծածների մեջ էդ երկու բառը կգտեի հաստատ։

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հավաքածու մրցույթ-7. «Վովա Գասպարյան»
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 50
    Վերջինը: 28.07.2015, 20:58
  2. Արձակ. Հավաքածու մրցույթ – 6. քվեարկություն և քննարկում:
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 887
    Վերջինը: 19.04.2014, 12:33
  3. Գրառումներ: 471
    Վերջինը: 12.06.2013, 12:45
  4. Գրառումներ: 880
    Վերջինը: 04.03.2013, 12:48

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •