Ես պարտավորություն ասելով մի քիչ ուրիշ բան եմ հասկանում: Իմ կարծիքով, առանց պարտավորությունների ցանկացած հարաբերություն մեռած ա: Ու խոսքը բնավ նյութական ինչ-որ բաների մասին չի, այլ եթե դու կոնկրետ մեկի հետ կոնկրետ հարաբերություն ունես, ուրեմն պարտավորություն ունես էդ հարաբերությունը պահելու համար: Եթե չես կատարում, հարաբերությունը մեռնում ա: Էդ տենց ա, ուզես, թե չուզես:
Օրինակ, ընկերությունը պահպանելու պարտավորություններից մեկը հենց ժամանակ առ ժամանակ ուղղակի կապի մեջ լինելն ու իրարից տեղեկանալն ա: Ամեն տեսակի ընկերություն իր ժամկետներն ունի: Բայց ասենք երբ մեկի հետ մի հինգ տարի չես շփվել, հաստատ մեռնում ա ընկերությունը: Կարաք հանդիպեք, էլի իրար հետ լավ լինեք, ասեք-խոսեք, բայց մեկ ա, էն ընկերությունը չկա: Դրա համար էն հարաբերությունները, որոնք թանկ են ինձ համար, ես պարբերաբար «թարմացնում» եմ, այսինքն՝ ինձ պարտավորված եմ համարում ժամանակ առ ժամանակ տեղեկանալ էդ մարդը ո՞նց ա (նենց չի, որ իսկապես չի հետաքրքրում, հետաքրքրում ա):
Կամ կարամ օրինակ բերեմ իմ ու մամայիս հարաբերությունները: Ինքը մինչև չի իմանում ես իմ տանիքի տակ եմ, գիշերը չի քնում: Դրա համար պարտավորված եմ զգում տուն/հյուրանոց/ուրիշի տուն մտնելուն պես իրան սմս գրել: Ինձ համար տհաճ ա, բայց դա չանելն ազդում ա մեր մայր-դուստր հարաբերությունների վրա, դրա համար անում եմ:
Մի ուրիշ պարտավորություն ունեմ տատիկիս նկատմամբ: Ինքը ժամանակակից տեխնոլոգիաներից հեռու ա, զանգելն էլ հարմար չի: Դրա համար որոշել եմ մեր հարաբերությունները պահելու համար ժամանակ առ ժամանակ բացիկ ուղարկել իրան:
Կարճ. ցանկացած հարաբերություն պահելու համար պետք են պարտավորություններ: Հարցն ուրիշներից ակնկալիքներ ունենալը չի, այլ իմանալը, թե ուրիշներն ինչ ակնկալիքներ ունեն քեզնից, ու եթե քեզ համար թանկ են էդ հարաբերությունները, էդ ակնկալիքները պետք ա բավարարել:
Էջանիշներ