Գուցե մի քիչ տարօրինակ թվա, որ աղջիկը նման թեմա է բացում։ Բայց դե որ տղաները չեն բացում, ի՞նչ արած ։ Ինձ, օրինակ, որպես կնոջ, դուր է գալիս, երբ տղամարդը մորուքով է։ Երևի մանկուց մեջս ձևավորված պատկերացում է. հորս միշտ մորուքով եմ տեսել, ու դեռ մանկուց մի տեսակ դրական նախատրամադրվածություն եմ ունեցել մորուքով տղամարդկանց նկատմամբ։
Երբ ես երեխա էի, մորուք պահելն ընդհանրապես ընդունված չէր։ Եթե տղամարդը մորուք էր պահում, հատկապես եթե երիտասարդ էր, ապա ենթադրվում էր, որ կամ սգի մեջ է, կամ քահանա է, կամ ֆիդայի, կամ էլ արվեստագետ։ Իսկ եթե դրանցից ոչ մեկը չէր, ապա լուրջ տարակուսանք էր առաջանում. ինչու՞։ Մարդկանց ճնշող մեծամասնությունը դրան նայում էր որպես խիստ տարօրինակ ու անհասկանալի երևույթի։ Հիշում եմ՝ պապայիս տեսնելուց հետո շատերը զարմացած ինձ հարցնում էին, թե ինչու է պապաս մորուք պահում, կամ, որ ավելի անկապ էր հնչում՝ ինչու չի թրաշվում։ Ու հաճախ հարցնում էին՝ պապադ արվեստագե՞տ ա, կամ՝ ֆիդայի՞ ա, և այլն։ Ու լսելով, որ ոչ մեկն էլ չի, շատ տարօրինակ դեմքի արտահայտություն էին ստանում։
Ինչևէ, ժամանակները փոխվել են, սկսել են կոտրվել նաև մորուք պահելու վերաբերյալ եղած կարծրատիպերը։
Այսօր մորուք պահում են ավելի շատ ջահելները։ Ու դա հիմնականում այլևս չի առաջացնում նախկին տարակուսանքը։ Պահում են, որովհետև սիրում են, որովհետև նորաձև է, ավելացնում է առնականությունը, իհարկե, շատ դեպքերում ազատում է նաև սափրվելու ծանր պարտականությունից։ Հաճախ մորուքը զգալիորեն փոխում է մարդու ընդհանուր տեսքը, իմիջը։
Օրինակ, դեռևս 6–7 տարի առաջ Ակումբում գրեթե չկային մորուքավորներ, իսկ հիմա՝ ինչքան ուզես։ Երբեմն նույնիսկ տպավորություն է, որ մորուք պահելը վարակիչ է։ Ի դեպ, ինձ հարազատ բոլոր տղամարդիկ ներկայումս մորուքավոր են։
Մորուք պահելն, իհարկե, ունի թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր։ Իմ համեստ կարծիքով, առաջիններն ավելի շատ են, բայց, ինչ խոսք, ինչպես ցանկացած հարցում, էս հարցում էլ կարծիքները խիստ տարբեր են։
Թեման նախատեսված է ինչպես մորուքավորների ու մորուքասերների, էնպես էլ մորուքատյացների համար։ Էստեղ կարող եք գրել մորուք պահելու ձեր փորձի, դրդապատճառների, դրա վերաբերյալ ուրիշների կարծիքների ու տպավորությունների, ինչպես նաև ձեր նկատած դրական ու բացասական կողմերի մասին։
Խրախուսվում է մորուքների դիտարկումն ու գնահատումը թե՛ գործնական, թե՛ գեղագիտական տեսանկյունից։ Եթե այլ տեսանկյուններ էլ գիտեք, անպայման ներկայացրեք։ Մորուքների վերաբերյալ հումորներն ու զվարճալի և/կամ հետաքրքիր պատմությունները նույնպես ողջունվում են ։
Էջանիշներ