User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: Էբերսբերգի կույսը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Էբերսբերգի կույսը

    Էսպիսի մի պատմվածք:

    Էբերսբերգի կույսը

    Էբերսբերգ: Հենց քթիս տակ է, բայց երբևէ չեմ եղել: Ինչ պիտի լինի էդ կողմերում: Երևի բավարական թունդ ակցենտ: Գարեջրային տոներ: Ցից բեղերով, կայռատ բիձեք: Էլ ինչ: Դե եսիմ: Փոքր համայնք է՝ հաստատ ոչնչով աչքի չընկնող:
    Յուրգենին չհաշված:
    -Շարժվում ես դանդալոշի նման: Հեչ կանացի չի քայլվածքդ:
    -Գլուխս մի տար:
    -Բայց սիրուն ես: Ու քաղցր:
    -Հա բա ինչ, մի հուրի-փերի:
    -Հը՞ն, բան չհասկացա, գերմաներենդ ահավոր է:
    -Դա հայերեն էր:
    -Իսկ էն լուրջ ասեցի՞ր: Դե եղբոր վերաբերյալ:
    Նայում եմ վրան: Տեսքից՝ մութ կասկածներ չառաջացնող, կարգին տղամարդ: Մի քիչ էլ որ պրիչիսոնն ու մեյքափը տեղը գցես, բակենբարդն էլ թեթևացնես, կարելի է նույնիսկ օծանելիքի գովազդի համար առաջադրել: Պատկերացնում եմ, ինչ հետաքրքիր է նայվում լսարանում, ու ոնց են ջահել ուսանողուհիները կուլ գնում գունավոր ֆանտազիաներին: Դասավանդածն էլ՝ հոգեբանություն. կատարյալ էրոտիկա կիսադատարկ գլուխների համար: Ու թե ինչու մենք էս տեսքի դասախոսներ չունեինք ԵՊՀ-ի հոգեբանության ֆակուլտետում. արդար չի էս աշխարհը:
    Բայց ես հո գիտեմ, կարգին տեսքի հետևում կատարյալ խփնվածի մեկն է: Կատարյալ ինտելեկտուալ ու կատարյալ խփնված: Ոնց որ մերոնք կասեին՝ շատ սովորելեն գոգրեն խարաբ է էղել:
    Ու ինչքան ափսոս է, որ մանկությունս զուրկ է եղել էս կարգի դեմքից: Իհարկե կուզեի էսպիսի եղբայր: Ընդհանրապես, վատ չէր լինի մի երկու տարով մեծ եղբայր ունենալ: Հենց Յուրգենի նման:
    Հոնքերը կիտում է:
    -Եղբա՜յր: Ախր դա լրիվ հակասեքսուալ է:
    Ակունք իմաստության:
    Ու դեռ շարունակում է.
    -Ես քեզ ֆիզիկապես դուր չե՞մ գալիս:
    Ինչքան լեգիտիմ կհնչեր էդ հարցը, եթե չիմանայի նրա գլխում ապրող բլոճների մասին:

    Ցույց է տալիս իր հին նկարները: Երևում է, որ շատ ավելի ամրակազմ է եղել:
    -Մկաններս կորցնում եմ. երևի հորմոնալ է:
    Հա, հեշտ չի, երբ ինքդ քեզ համար տաբուներ ես հնարում, անունը դնում «բարձրագույն բարոյականություն» ու դեռ աստծուն էլ խառնում էդ գործին:
    Իտալացիները հո ճիշտ են ասում. «Նա, ով կույս է, մինչ ամուսնության առաջին գիշերը, կույս կմնա իր ողջ կյանքում»: Եվ դա միայն տղամարդկանց է վերաբերվում:
    Թեև շատ հուզիչ է, որ տղամարդիկ էլ կարող են մինչև քսանքանի տարեկանը «էն միակին» սպասել: Ու տասնըքանի տարի մենակ նրա հետ լինել՝ ֆիզիկական բացարձակ հավատարմության մեջ:
    Բայց դե հիմա էդ կապն ավարտվել է: Էն էլ չորս տարի առաջ: Բա հետո՞:
    Հետո՝ նորից կույս: Որովհետև այլընտրանքը անբարոյական է: Մինչև հոգիները չհասնեն գերագույն վերերկրային մերձեցման:
    Հա, լավ, էդ էլ վատ չի ու անգամ նույնչափ հուզիչ է: Բայց հարցն էն է, որ ոչ մի կին չի կարողանում Յուրգենի հոգու հետ մերձենալ, որովհետև նրա հորմոնալ դիսբալանսը հասել է արդեն բոլոր չակրաներին: Ու հետը մի քիչ երկար շփվելուց հետո լավագույնը, ինչ կարող ես անել, օձիքդ կծելն է, որ էդ չոռը հանկարծ քեզ էլ չկպչի:
    -Իմ զուգընկերը պիտի աբսոլուտ լինի,-ասում է:
    Ես կարծում էի, դա միայն օղին է լինում:
    Ասում է ու հերթով բռնաբարում իրեն հանդիպող կանանց: Հոգեպես, բնականաբար: Եվ միայն աստծո օրհնանքով, ով ի դեպ իր լյարդում է ապրում: Չգիտեմ՝ ինչի հենց էնտեղ: Երևի ալկահոլիկ է անաստվածը, էհ, աստվածը:
    Բռնաբարելուց էլ էն կարգի է բռնաբարում, որ էդ խեղճ կանայք փախչում են՝ առանց հետ նայելու: Տուն-տեղ ծախելով, անձնագիր-ազգանուն փոխելով: Որ Յուրգենն իրենց տեղը, անգամ աստծո օգնությամբ, չգտնի:
    -Եթե դու միայն լսեիր իմ ներքին եռխոսությունը:
    -Երկխոսությո՞ւնը:
    -Չէ, եռխոսությունը: Մենք երեքով ենք:
    Ահ, լյարդի բնակչին էի մոռացել:

    Դուռը բացում եմ:
    -Դու հիմա տուն ես բերում համարյա անծանոթ տղամարդու: Էն էլ՝ կեսգիշերին:
    -Դու անվնաս ես:
    -Ի՞նչ գիտես,- ձայնին էլ մի էնպիսի խորհրդավոր երանգ է տալիս,- ես կարող եմ պատմել, ինչ խելքիս փչի:
    -Վստահում եմ քեզ:
    -Ինչպես եղբո՞րը:
    Գլխով եմ անում, ու ներս ենք մտնում:
    -Ես մի հատ նայեմ ամեն ինչ, լա՞վ:
    Սկսում է շրջել սենյակներով:
    -Ոչ մի դեկորացիա: Տարօրինակ է: Հեչ հատուկ չի կնոջը:
    -Հասկացանք արդեն, քայվածքս, տունս. կնոջ նման չեմ:
    -Բայց...
    -Քաղցր եմ, էդ էլ ես ասել: Ի դեպ, քաղցր սիրո՞ւմ ես, սպասիր, բերեմ:
    Սկսում է կուլ տալ „enerBIO“ բլիթները:
    -Զգացվում է, որ բիո է: Բայց շատ կերա, հիմա փորս էլի կմեծանա:
    Ինչ փոր: Մի քիչ էլ, ու ոսկորները շապիկը կծակեն, դուրս կգան:
    -Տար, չաղանում եմ:
    -Թե ուզում ես, կեր, ինչի տանեմ:
    -Ես շատ բան եմ ուզում, որ չեմ անում:
    Ու նայում է վրաս ամորձատված կատվի նման:
    Հետո անցնում ենք տիեզերական զրույցների: Չմոռանալով բոլոր կարկառուն փիլիսոփաներին ու հոգեբաններին:
    -Այնպես չէ՞, կոլեգա:
    -Իհարկե, կոլեգա:
    Քիչ-քիչ սիրտս կասկած է ընկնում: Իսկ գուցե ես մենա՞կ եմ նստած բազմոցին ու խոսում եմ ինքս ինձ հետ՝ իմ սիրած հոգեբան պապիկներին մեջբերելով: Տարբերակ է:
    Փնտրում եմ տարբերակը հաստատող նշաններ: Քաղցրավենիքի հանդեպ վախը: Բարոյական մարազմատիկ տաբուներ:
    Էս հո ես եմ: Ինքս ինձ հետ:

    Արժի դիմացի շենքում ապրող թուրք հարևանուհուս զանգել, ով սիրում է, հեռադիտակն առած, հետևել անվարագույր պատուհաններիս հետևող ընթացող կյանքին:
    -Նազա՞ն, բարև աչոն, բինոկլը ձեռքիդ տա՞կ է:
    -Դեեե...
    -Ինչ կլինի, մի հատ նայիր, հյուրասենյակում մենա՞կ եմ նստած, թե մի կյաժ տղամարդ կա կողքիս:
    -Ո՞նց թե տղամարդ:
    -Հեչ, եղբայրս է, ըմմ... կամ կոլեգաս: Յունգից ենք խոսում: Կամ էլ ինքս ինձ հետ եմ խոսում:
    -Խմա՞ծ ես:
    Էհ, նրանից էսօր բան չես իմանա:
    Իսկ գոյություն չունեցողը շարունակում է խոսել: Էնքան, որ արդեն գլուխս գնում է:
    Մեկ էլ՝ լռություն: Երևի նկատում է, որ աչքերս փակվում են:
    -Հիմա ի՞նչ ենք անում,-հարցնում է լրջությամբ՝ ուսերին հասնող մազերը դնելով ականջի հետևում:
    -Դու՝ տուն, ես՝ քնելու:
    -Կհանդիպե՞նք էլի:
    -Բաճկոնդ չմոռանաս:
    Ճանապարհում եմ մինչև մուտքի դուռը:
    -Մեքենայիդ տեղը կգտնե՞ս:
    -Հա, -ասում է,- բայց դու էլ պիտի հետս գաս. նվերդ դեռ մեքենայիս մեջ է:
    Ու սկսում է քայլել լրիվ ուրիշ ուղղությամբ:
    -Բա ասում էիր՝ կգտնես,-ծիծաղում եմ:
    Տանում եմ մեքենայի մոտ: Հանում է կապույտ թղթով փաթաթած նվերը ու մեկնում ինձ:
    -Կարո՞ղ եմ քեզ գրկել,- հարցնում է:
    -Ըհը, նույնիսկ կարող ես թուշիկս պաչիկ անել. ծնունդս էր ի վերջո:
    Վրաս է նայում սառած հայացքով:
    -Ես շուրթերով ոչ մի կնոջ չեմ կպչում:
    Քիչ էր մնում մոռացած լինեի գլխում ապրող բլոճների մասին:
    -Ես ընդամենը թուշս նկատի ունեի:
    -Չեմ կարող:
    Ու շարունակում է.
    -Բայց թույլ կտա՞ս դեմքով հպվել վզիդ:
    Էս մեկը երևի լսողական հալյուցինացիա էր:
    Քնել է պետք: Վաղը լույսը կբացվի, բոլոր ցնորքները կվերանան: Յուրգենն էլ հետը:
    Առավոտվա հինգ անց տասնվեց՝ հաղորդագրություն. «Բարև քույրիկ, ինցեստային երազներ եմ տեսել, վերլուծե՞նք»:
    «Գլուխս մի տար»:

    Աշխատանքի ճանապարհին անցնում եմ Zöttl-ի մոտով: Երկու օր առաջ Արփիին էի մետրոյում տեսել, քննության էր գնում: Տեսնես՝ ոնց հանձնեց:
    Մտնում եմ Zöttl: Թարմ բուլկիների հոտից կամաց գլխապտույտ է առաջանում: Ի՞նչ բուլկի առավոտ շուտ: Ձեռք եմ տալիս փորիս: Ո՛չ մի դեպքում:
    Թիթիզիկը տեղում է:
    -Քննությունդ ի՞նչ եղավ:
    Հոնքերի կեսը չկա. որպես պատիժ ինքն իրեն բմբլահա՞ն է արել:
    -Դեռ չգիտեմ, լսի: Ուֆ, տականքներ, շուտ ասեիք, իմանայինք, յա: Աղջի ջան, հոնքերիս համա՞ր ես տենց նայում:
    -Հա, երևի թե:
    -Լսի, երկու շաբաթից Հայաստան եմ գնում, ուզում եմ տեղը տատու անեմ: Բայց էն զըռռ սև տատուներից չէ, է: Էն լավերից, բնական:
    Գլխով եմ անում, իբր թե շատ եմ հասկանում էդ զիզի բաներից: Ջահելիկը շարունակում է.
    -Հետ գամ, էլ ստեղ չեմ աշխատելու: Հաբե քայնեն բոկ մեը:
    -Հետս ինչի՞ ես գերմաներեն խոսում:
    -Քայնե ահնունգ:
    Ծիծաղում է:
    -Լսի, լավ հիշեցի, քեզ բան պիտի հարցնեմ: Դու էդ գործերի մեջ ես, կիմանաս: Ուրեմն մորքուրիս հաշվով եմ ասում: Ինքը հոգեբույժից թուղթ ունի, ներվային վիճակների պահով, էլի: Յանիմ քաղաքական հետապնդումներ, բաներ կան, դրա պատճառով իրա հոգեկան վիճակը լավ չի: Դե մի խոսքով, դու արդեն հասկացար: Հիմա էդ թղթով որ գա ստեղ, ազյուլ կտա՞ն, թե հետ կուղարկեն:
    -Կեղծ թղթերով գալն էդքան էլ լավ միտք չի:
    -Հա , բայց էլ ի՞նչ ձև կա: Օրինակ դու ո՞նց ես մնացել: Հիմա ի՞նչ վիզայով ես:
    -Քաղաքացիություն ունեմ:
    -Լոոոոո՞ւրջ: Էդ ո՞նց:
    -Ուշացա գործից, իրիկունը կխոսենք...
    -Դե թռի, լավ, կերևաս:
    Արդեն դուրս եմ գալիս, մեկ էլ հետևիցս լսում եմ.
    -Ա՜, չէ, իրիկունը ստեղ չեմ: Էսօր շուտ եմ դուրս գալու, Էբերսբերգ եմ գնում:
    Շրջվում եմ:
    -Ի՞նչ գործ ունես Էբերսբերգում:
    -Ընկերուհուս մոտ փարթիի եմ հրավիրված: Լսի, հոնքերս շատ անկապո՞տ են:
    -Չէ, անկապոտ չեն, քաչալոտ են: Բայց ոչինչ, տեղը սրտիկներ նկարի, կսազի փարթիին:
    (շարունակելի)

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (07.07.2015), enna (12.07.2015), Lusina (07.07.2015), Tiger29 (07.07.2015), V!k (16.07.2015), Գալաթեա (08.07.2015), Դավիթ (07.07.2015), Նիկեա (07.07.2015), Շինարար (07.07.2015), Ուլուանա (07.07.2015), Ռուֆուս (07.07.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •