Դժվարանում եմ կոնկրետ մի դեպք կամ տարիք/ժամանակաշրջան առանձնացնել, քանի որ չափահաս՝ մեծ լինելու զգացողություն ունեցել եմ տարբեր տարիքներում, տարբեր առիթներով։ Տպավորված առաջին անգամը կարծես եղել է տասնհինգ տարեկանում, երբ վաստակեցի առաջին գումարս՝ ինչ–որ մեկի հետ անգլերեն պարապելու համար։ Ինձ ահագին մեծ էի զգում էդ ժամանակ։ Հետո՝ երբ ուսանող դարձա, երբ ամուսնացա, երբ առաջին անգամ հղիացա, երբ երեխա ունեցա։ Հա, մեկ էլ ինձ մեծ եմ զգացել երեսուն տարեկանի շեմը հատելիս, որովհետև երեսուն տարեկանը միշտ ընկալել եմ որպես արդեն մեծի տարիք։ Երևի մեկ էլ քառասունում նման զգացողություն կունենամ։
Բայց ավելի գլոբալ որ նայում եմ, ինձ թվում է՝ ես դեռ կարգին չեմ մեծացել՝ թե՛ դրական, թե՛ բացասական առումներով, այսինքն՝ ինչ–որ շատ լուրջ բան չեմ արել դեռ կյանքումս, որ դրանով կարողանամ ինձ իսկապես չափահաս զգալ, ոչ էլ ընդհանուր առմամբ եմ ինձ լիարժեք չափահաս զգում։ Չգիտեմ՝ ինչ պիտի անեմ կամ ինչպիսին պիտի լինեմ, որ իմ պատկերացրած լիարժեք չափահասը զգամ, բայց ենթադրում եմ, որ կիմանամ, երբ լինեմ։
Էջանիշներ