8. Ճանապարհի սերը
Սարսափելի է, երբ առավոտյան արթնանում եմ,աչքերս չեմ ուզում բացել, վեր կենալ, մանավանդ ոչ մի հետաքրքիր բան չեմ սպասում այդ օրվանից,իսկ առօրյա պարտականություններս գորշ պատի նման կանգնում են առջևս: Կամ ինչ-որ հաճելի զգացում՝ երեկվանից մնացած, ձգում է ինձ, և ես վախենում եմ այն կորցնել ու կրկին փակում եմ աչքերս: Այնուամենայնիվ արթնացա:
-Բարի լույս, ինչպե՞ս ես…
Կանգնեցի հյուրասենյակի պատուհանի առաջ:Պատուհանը բացել էր աշխարհի կողերը, իսկ ես հայացքով գրկում էի այդ աշխարհն ու խտուտ տալիս:
Փողոցի ասֆալտը սևացավ:Սև փայլուն ասֆալտին ոչ մի հետք:Դուռ-լուսամուտ փակ:Ահա՛ թե որն է սարսափելին:Ահա՛ թե ինչ է աշունը:Նոյեմբերի վերջին օրերն էին:Ես զանգ չեմ տա քեզ:Չնայած ուժեղ աշուն է:
Զանգ:
Նետվեցի դեպի հեռախոսը,սայթաքեցի և խոսափողը ձեռքս՝ նստեցի հատակին:Վահանն էր:Ասում էր՝ երեկոյան իրենց տանն էին հավաքվելու:Ներկա կլինի մի նոր աղջիկ,որ <<կախարդական աչքեր ունի>>:Վահանը,չգիտես ինչու, համոզված է, որ կսիրահարվի վերջապես:
-Իսկ Ս-ն:
-Ի՞նչ Ս:
-Քո:
-Ինչու՞ իմ:
-Իսկ ու՞մ:
-Համենայն դեպս ոչ իմ:Չուշանաս:
Դասերից հետո հաճելի է լողանալ,հարդարվել,զգեստավորվել տոնականորեն:Մանավանդ ինձ խտուտ էին տալիս նոր,անակնկալ հանդիպումներ:
Հեռախոս:
Այլևս անտարբեր եմ:Չեմ սպասում:Ոչինչ չի մնացել:Բայց սիրտս ինչու՞ է զգացնել տալիս իրեն:Մի՞թե այդքան տևական է պայմանական ռեֆլեքսը:
Հաջորդին անպայման կզանգի Արիսը:Ես այլևս չդիմացա.իմ պարզ դեմքին ճպճպում էին արցունք երկնած աչքերս:
7:50(երեկո)
-Մերի՛:
Ձեռքս պարզեցի և ուղիղ աչքերիս մեջ նայեց շագանակագույն մեծ աչքերով,մոխրագույն գեղեցիկ զգեստով բարալիկ մի աղջիկ:
Վահանը շահեց:Աչքերն ուժեղ էին,անունը՝ հետաքրքիր:
Տեղավորվեցի բազմոցին,Մերին նստեց իմ դիմաց՝ Վահանի մոտ:Գինու բաժակի հետ խաղալով՝ Վահանը Մերիին պատմում էր մեծ գրողների մասին:Նայեց ժամացույցին,ասաց,որ հենց հիմա ռադիոյով Բեթհովենի համերգը պիտի լինի:
Թեթև երաժշտության համերգը ոչ մի կերպ չէր վերջանում:Վահանը ծեփվել էր ռադիոյին:Րոպեներ անց նա հուզված մոտեցավ սեղանին.
-Իսկականից մեծ մարդ է այդ մարդը:Չգիտեմ՝ ով ինչպես կընկալի,այսինքն՝ ինչպես ուզում է,թող ընկալի,ես սրտանց սիրում եմ նրան:
Պարում էին:Ինձ թվում է՝ Վահանի բնավորության մեջ կա մի առավելություն՝ հետ չմնալ ոչնչից:Ոտքից գլուխ ինքնավստահություն դարձած՝ Վահանը ենթարկեց Մերիին:Պարում էին գեղեցիկ:
Անբացատրելի ցանկություն առաջացավ մեկ-մեկ փորձել սենյակի բոլոր լույսերը՝ պատի ջահակալները:Միանում էին անմիջապես,առանց մերժելու:Մի լամպը պայծառ էր լուսավորում,մյուսն՝ ավելի համեստ:Նստեցի ռադիոընդունիչների առաջ,որ բաց չթողնեմ ոչ մի աղմուկ:Դա աշխարհն էր ապրող:Ես մենակ չէի:Ես ամենուրեք էի,ես գրկում էի ամբողջ աշխարհը:Մոնտե Կառլոյից երգում էր Շառլ Ազնավուրը:Մոտեցավ Վահանը:
-Ուրեմն այստե՞ղ ես:Դողում ես:
-Հա,իսկ դու ի՞նչ էիր կարծում:
-Հմմ…ոչինչ:
-Գիտե՞ս՝ վաղաժամ կենսափորձս ինձ արդեն ձանձրացրել է,ուզում եմ մի կյանք,որտեղ ժամերը հոսեին շարունակական սրտազեղումների մեջ:
-Դե վերջ տուր:Գնանք:
Ես հրաժեշտ տվեցի ու հեռացա:Նեղվեցի ինձ վրա գամված հայացքներից:
…Փողոցի ժամացույցը ևս երկու րոպե ցատկեց առաջ:Ցուրտ էր:Ձմեռը մոտ էր:Շները հորանջում էին ցրտից ու անքնությունից:Քաղաքը շարական էր կեսգիշերվա շուրթին:
Այնքան էի ուզում տեսնել Արիսին:Կարոտել էի վիրավորված ինքնասիրությամբ թերթի չորրորդ էջը սերտողին:Կարոտեցի,թեև գիտեմ,որ Եվրոպան և աշխարհի մնացած մասերը զառիթափ են ապրում ինչ-որ կարևոր մի կետում,որից այն կողմ դատարկություն է:Մայթերը գլորվեցին ոտքերիս տակ և վախով մեխվեցին հանկարծ քո առաջ:
-Հանդիպումներ կան,ու կան շփոթված հայացքներ:
Դու կարմրած աչքերով նայեցիր ու ասացիր.
-Ես աղմուկ լսեցի,ես կարծեցի՝ բան է պատահել:
Մեկիս չոր մատներում սպասման կրակը հանգել էր,մյուսիս երակներում վազում էր:
-Գիտե՞ս՝ ես մտածում էի,որ քո կանգառը դեռ չեմ հասել,բայց հասնելուց հետո չգիտեի,թե ինչ կանեմ:Գուցե ինձ այլևս չգրավեին կողքի սրճարանի նորաձևությունն ու փափուկ նստարանները,նոր եփած սուրճը…Մենք երբեք դա չենք զգում,երբ առողջ ենք:
Մարդ երբեմն իրեն-իրեն զարմանալի հետևությունների կարիք է ունենում:Դա կարծես թե լուսավորում և հեշտացնում է կյանքը:Դա շատ բան զգալու և միայն քչի տեր լինելու հակասությունից է:Եվ նրանից,որ ուղեղը,մարդու ուղեղը մշտապես տենդում է:
Մենք հենվել էինք իրար,որ մինչև ինչ-որ որոշակի պահ զգանք միմյանց մարմնի կենդանի ջերմությունը:Ես ատում էի զգացմունքներս,որոնք կաղ էին,անխելք,անթռիչք ու բթացած:Անմարմին,դողացող,արյունոտ զգացմունքներս:
Փողոցով անցող բեռնատարի չխկոցը լռեց:Արթնացան քո բթացած լսողությունը,տեսողությունն ու միտքը:Ես որսացի արթնացած հայացքդ դեպի ինձ:
Կյանքի բեռնատարը շրջվեց,խլացավ:
___________
Առավոտյան կանուխ արթնացա:Կանգնեցի տաք ցնցուղի տակ,նախաճաշեցի,տնից դուրս եկա:Տրանսպորտը սովորականի պես լիքն էր,որոշեցի ոտքով իջնել:Վահանին պետք է հանդիպեի:Ժամանակ դեռ կար,որոշեցի գրադարան գնալ:
Նայեցի հատակից առաստաղ ձգվող գրքերով լի պահարանին:Գրքերից մի քանիսը ճանաչեցի գույնից ու չափսերից:Եվ ես,իհարկե,ուրախացա՝ ոչ մի կերպ չնկատելով Լոնդոնի՝ աչքիս այնքա՜ն ծանոթ հատորյակը:Համենայն դեպս,եթե այս գրքերի տասներորդ մասն էլ կարդացած լինի Մերին,ուրեմն Վահանը շահեց:
Տան լուսամուտի գոգին հենվել էր Մերին,և լսվում էր Գրիգի <<Լուսաբացը>>:Երևաց Վահանը:Ժպտացին:
…Երեքն անց էր:Տուն պետք է գնայի:Երկուսն էլ վեր կացան իմ պատճառով:Չնայած զգուշացրի,որ տուն պիտի գնամ և չեմ շրջելու իրենց հետ այսօր:
Ավտոբուսում ուղևորները շատ չէին:Գլուխս հանեցի պատուհանից:Քամին զարկում էր երեսիս:
Տուն հասա:Ուտելու ախորժակ չկար:Թե՞ տրամադրություն:Սառնարանից հանեցի շաքարավազով ելակ,կաթ լցրեցի վրան ու սկսեցի խմել:
Խմեցի:
Հետո՞:
Աշխարհը եկել,նստել էր տան մեջ և նեղացել էր այնքան,որ մի անզգույշ բառից կարող էր ճաքել:
Գրքերի պահարանում ձայնապնակները կանգնած էին նիհար-նիհար,մոտ-մոտ,մոռացված:
Մենդելսոն.կոնցերտ ջութակի համար նվագախմբի հետ:
Հեռախոս:
Արիսն էր.
-Ի՞նչ ես անում:
-Ոչինչ:
-Դուրս կգա՞ս:
-Մինչև 5-ը:
-Դե շուտ արա:
Իջնում էինք Տերյանով:Անշարժ ծառեր:Լռություն:
Զարմանալի ճիշտ բնութագիր:Նայեցի.աչքերը կիսախուփ էին:Մոռացա ամեն ինչ:Անհնար է մի ամբողջ օր չսիրել:Լավատեսությամբ լցվեցի:Այլ կերպ լինել չէր կարող:Գոյություն ունի հավասարակշռության օրենք:Ուժեղ ցանկություն առաջացավ ասել.<<Ես քեզ սիրում եմ>>:Եվ ինչու՞ չասել:Ինչու՞ զսպել:Ինչու՞ բռնանալ,երբ դա հաճելի է և՛ քեզ,և՛ նրան:
-Ես քեզ սիրում եմ:
Ձյուն էր գալիս:Շոշափում էի սպիտակ փաթիլները:Ոչ ոք չկար փողոցում:Ոչ ոք չկար աշխարհում:Երկուսով էինք:Մրսում էի,տաքացնում էր:
Մի՞թե կտրվելու է ձյունը:
Մեղմացավ:
Զգացի,որ մեկը համբուրեց իմ մթնած աչքերը:Հետո հիշեցի հեռավոր մի պատմություն,որ չգիտեր Արիսը,սապատավոր ու անսապատ մեջքերի պատմությունը,որոնց նայել եմ ամեն օր,երբ քայլել եմ փողոցով:Մեջքեր,որոնց վրա կարդացել եմ շատ մտքեր:
Արիսը հակել է հայացքը:
Մեջքը…
Տարիներ առաջ մեր հարևանը մեջքը դարձրեց մորս և գնաց,որին հաջորդեց ամայությունը:
-Մայրիկ,ինչու՞ մեջքը դարձրեց:
-Գնալիս մարդու մեջքն է երևում,աղջիկս,-հոգոցով ասաց մայրիկը:
Եվ ես օրենք դարձրի կարդալ բոլոր մեջքերի պատմությունը:
...Երբ տեսնում էի մեջքեր,մոտենում էի՝ պատրաստ ասելու ամենամտերմիկ բաները:Հասնում ու լռում էի,բառերս կորչում էին,որ հետո հեքիաթ դառնան:
-Գնանք,-ասաց Արիսը:
Ստիպված էի ենթարկվել:
-Դու միշտ երազում էիր քայլել ձյան տակ:
-Երազում էի:
-Չեմ հասկանում:
-Ես մրսում եմ,ի՞նչ չհասկանալու բան կա:
-Մրսիր:Ոչինչ չի լինի:
-Ես գրեթե համոզված էի,որ այդպես կասես:
-Ավելի լավ ուրեմն:
Խառնվեցին զգացմունքները:Լռել:Ամենափրկիչը:
Մեր սերը կարկատած շորատակից փպրտում էր՝ ինչպես մոխրի տակ քնած անթեղ:
Անցնում են զույգեր ձյան միջով:Ձյունը ղլթղլթում է նրանց ոտքերի տակ:
Երկու տարբեր մարդիկ են քայլում:Երկու մենակություն:
Ուշ է:
Ու նորից ականջներիս էր հասնում Մենդելսոնի ջութակի կոնցերտը:
-Վազել եմ ուզում Արի՛ս:
-Ես էլ:
-Ինքս էլ չիմացա՝ ինչու՞ համաձայնվեցի հանդիպել քեզ հետ:Գուցե այն պատճառով,որ այսքան ժամանակ միայն երազել կարող էի քո մասին:
<<Ոչ,ոչ,սիրելի՛ս,այնքան հին են մեր զրույցները:Ասա,որ հարկավոր է արվեստը թափ տալ,որ ուզում ես ինչ-որ բան շուռ տալ>>:
Այդ պահին դու սեր ծախող ու սեր վատնող չէիր:
Դու հիմա մեծ ես ինձնից,բոլոր պայմանականություններից ու նորմաներից:
Աշխարհը կամ գլուխս պտտվում է:Ես անհատ եմ,իսկ աշխարհը հազարավորներից է բաղկացած,և ինչ որ ինձնից է կախված բոլորի բախտը: Ես այնքան էլ շատ բաներ չեմ փոխել իմ կյանքում, բայց հիմա կքայլեմ փողոցի մեջտեղով,որովհետև մեր փողոցներով մեքենաներ չեն անցնում: Կնայեմ շուրջս,և մարդիկ կփոխվեն իմ աչքին: Առավոտյան մեկը,որ մտածում է իմ մասին, կասի.
-Բարի լույս, Մեգի..
Ես,որ մտածում եմ մեկի մասին,կասեմ.
-Բարև՛, Անծանոթ…
Էջանիշներ