User Tag List

Էջ 1 22-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 320 հատից

Թեմա: Պատանեկան գրական նախագիծ

  1. #1
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,740
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատանեկան գրական նախագիծ

    Սկսում ենք նոր գրական նախագիծ՝ պատանի ստեղծագործողների համար:
    Նախագիծն անցկացվելու է մրցույթի տեսքով: Սահմանված են մրցանակներ:
    Մասնակցել կարող են մինչև 22 տարեկան բոլոր երիտասարդ ստեղծագործողները: Ակումբում գրանցված լինելը պարտադիր պայման չէ:

    Մրցույթին անհրաժեշտ է ներկայացնել արձակ ժանրի, հայերեն ստեղծագործություն՝ 700-7000 բառի սահմանում:
    Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել միայն մեկ ստեղծագործություն: Այն պետք է լինի վերնագրված:
    Ստեղծագործությունը չպետք է մինչ այդ որևէ տեղ հրապարակված լինի:
    Այլ սահմանափակումներ չկան:

    Պատրաստի աշխատանքը անհրաժեշտ է ներկայացնել մինչև մայիսի 31-ը, Երևանի ժամանակով 22:00՝ ուղարկելով այն iparika(at)gmail(dot)com էլեկտրոնային հասցեին: Չմոռանաք նշել ձեր անունն ու տարիքը:

    Խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ նախագիծը հենց պատանիների համար է: Ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր մասնակից պիտի ինքնուրույն գրի և խմբագրի իր աշխատանքը:
    Արգելվում է դիմել որևէ մեկի օգնությանը, խորհրդին կամ խմբագրական աջակցությանը:
    Ներկայացվելիք աշխատանքը չի կարելի դնել քննարկման՝ մինչև այն մրցույթին ներկայացնելը:
    Ամեն մասնակից մրցույթին ներկայանալու է՝ նշելով իր իրական անուն-ազգանունը և իրական տարիքը: Անհրաժեշտության դեպքում, ներկայացված տվյալները ստուգվելու են:
    Վերոհիշյալ պայմանները խախտելու դեպքում, ներկայացվելիք աշխատանքն անմիջապես կհեռացվի նախագծից, և կարգելվի տվյալ հեղինակի հետագա մասնակցությունը այսուհետև անցկացվելիք բոլոր գրական նախագծերում:

    Նախագծին ուղարկված բոլոր ստեղծագործությունները հունիսի 1-ին դրվելու են Ակումբի համապատասխան թեմայում, և սկսվելու է քննարկումը: Քննարկմանը կարող են մասնակցել Ակումբում գրանցված բոլոր անդամները՝ արտահայտելով իրենց կարծիքը ներկայացված գործերի վերաբերյալ: Մեզ հետաքրքիր են բոլորի կարծիքները:
    Աշխատանքները գնահատվելու են Ակումբի «ավագ սերնդի» ներկայացուցիչներից կազմված ժյուրիի կողմից:
    Ժյուրիի անդամներն են.

    1. StrangeLittleGirl
    2. Արէա
    3. Lisbeth
    4. ivy
    5. Malxas
    6. Ռուֆուս
    7. Աթեիստ
    8. Tiger29
    9. Գալաթեա
    10. Sambitbaba

    Մրցույթի մասնակիցների անունները մնալու են գաղտնի (նաև ժյուրիի 9 անդամներից)՝ մինչև նախագծի ավարտը:
    Մասնակիցների անունները կհրապարակվեն միայն վերջում, երբ հայտնի դառնան հաղթողները:
    Խնդրում եմ հեղինակներին զերծ մնալ ինքնաբացահայտումներից:

    Հաղթողների համար նախատեսված են հետևյալ խրախուսական պարգևատրությունները.

    1-ին տեղ՝ 20.000 դրամ + գիրք (հեղինակը կարող է ընտրել մեր ներկայացրած ցանկից)
    2-րդ տեղ՝ 15.000 դրամ
    3-րդ տեղ՝ 10.000 դրամ


    Անհամբերությամբ և մեծ հետաքրքրությամբ սպասում ենք ձեր մասնակցությանը:

    Աշխատանքները կարող եք ուղարկել՝ այս պահից սկսած
    Վերջին խմբագրող՝ ivy: 10.05.2015, 23:41:

  2. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (10.05.2015), Enna Adoly (10.05.2015), GriFFin (01.06.2015), LisBeth (13.05.2015), Malxas (10.05.2015), Norton (11.05.2015), Sambitbaba (11.05.2015), Tiger29 (10.05.2015), Աթեիստ (11.05.2015), Արէա (11.05.2015), Գալաթեա (11.05.2015), Ձայնալար (13.05.2015), մարդագայլուկ (14.05.2015), Մուշու (16.06.2015), Նիկեա (14.05.2015), Ռուֆուս (02.06.2015), Վոլտերա (11.05.2015)

  3. #2
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,740
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ստացել ենք 12 ստեղծագործություն՝ չհաշված այն աշխատանքները, որոնք չէին համապատասխանում մրցույթի պայմաններին:
    Քիչ անց դրանք կդրվեն այս թեմայում:
    Ակումբում գրանցված յուրաքանչյուր անդամ կարող է կարծիք հայտնել աշխատանքներից ամեն մեկի մասին:
    Կարծիքներ կհայտնեն նաև ժյուրիի անդամները: Իսկ նրանց գնահատականները կհրապարակվեն հունիսի 15-ի երեկոյան՝ դրանով ամփոփելով մրցույթի արդյունքները:

    Աշխատանքները գնահատվելու են հետևյալ կերպ:
    Ժյուրիի անդամներից յուրաքանչյուրը 1-12 միավորներ է բաժանելու մրցույթին ներկայացված 12 գործերին՝ ամենահաջողված աշխատանքին տալով 12 միավոր, դրան հետևողին՝ 11, ապա՝ 10, և վերջում ամենաթույլին՝ 1 միավոր: Այդպիսով, գնահատվելու են բոլոր աշխատանքները, և նրանցից ամեն մեկն էլ ունենալու է միավորներ: Ժյուրիի անդամները տեղյակ չեն լինելու միմյանց գնահատականների մասին՝ մինչև մրցույթի ավարտը: Իհարկե չի բացառվում, որ քննարկումների ընթացքում ամեն մեկի կարծիքը աշխատանքների մասին այսպես թե այնպես հասկանալի դառնա:
    Այդպիսով, առաջին, երկրորդ և երրորդ մրցանակային տեղերը կգրավեն այն ստեղծագործությունները, որոնք առավելագույն միավորներ կհավաքեն՝ ժյուրիի քվեարկության արդյունքում: Հաղթողների անունները կհրապարակվեն միայն վերջում:

    Մրցանակները կտրվեն հունիսի 29-ին՝ այդ նպատակով կազմակերպած հանդիպման ժամանակ: Հաղթողները նամակագրական կապի միջոցով կտեղեկանան մանրամասներին:

    Հիշեցնեմ, որ մրցույթի գլխավոր պայմանը արձակ ժանրի ստեղծագործությունն էր, ինչը չի նշանակում անպայմանորեն «պատմվածք»: Այնպես որ, այստեղ կարող եք տեսնել նաև այլ տիպի աշխատանքներ, ինչը լիովին համապատասխանում է նախագծի պայմաններին:

    Քննարկումների ժամանակ ակնկալում ենք բոլորի ակտիվ մասնացությունը: Կարծիքներ հայտնելիս խնդրում ենք հիշել, որ մասնակիցները շատ երիտասարդ են, (ամենափոքրը 13 տարեկան է), նրանցից շատերն առաջին քայլերն են անում ստեղծագործական դաշտում: Խնդրում ենք լինել շատ հարգալից և չցուցաբերել վիրավորական վերաբերմունք, եթե անգամ աշխատանքը ձեզ ամենևին դուր չի եկել:

    Մասնակիցներին խորհուրդ ենք տալիս ականջ անել ընթերցողների կարծիքներին ու քննարկումներին՝ օգտագործելով դրանք ստեղծագործական ոլորտում կատարելագործման և աճի համար:

    Դե ինչ, անցնենք ստեղծագործություններին:
    Բոլորին մաղթում եմ հաճելի ընթերցանություն և բարի քննարկումներ:
    Վերջին խմբագրող՝ ivy: 02.06.2015, 00:54:

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enna Adoly (03.06.2015), GriFFin (15.06.2015), Tiger29 (01.06.2015), Աթեիստ (02.06.2015), Արէա (02.06.2015), Լոլիտա (02.06.2015), Մուշու (05.06.2015), Ռուֆուս (02.06.2015), Վոլտերա (01.06.2015)

  5. #3
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,740
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Գինու մեջ թաթախված սիրտը

    -Մահվան ժամը ֆիքսեցի՞ք:
    -Չէ, մոռացա: Մահվան ժամը` 01:10:
    -Մարդ կա՞, որ սոված ա: Գնամ հարազատներին ասեմ, որ մահացել ա, ու գնանք մի կտոր հաց ուտենք: Ո՞վ կպատվիրի: Հե՜յ, ի՞նչ ես շշմել: Արի՜, էլ բան չի լինի անել: Էսկոմ արի՜: Ա՜յ մարդ, թո՜ղ էդ անտերը:
    -Մի՜ հուզվի: Բժիշկները չեն լացում: Ա՜, էլի խալաթիս արյուն թափեց, կնիգս էլի մունաթ ա գալու:
    Ծիծաղելով թփթփացրեցին միմյանց ուսերին ու դուրս եկան սենյակից: Ուռած աչքերով նայում եմ իրենց: Ինչպե՞ս: Ի՞նչ հաց ուտել: Մեկը ուտելիք պատվիրելու գնաց քույրերի սենյակ, մյուսը գնաց լվացվելու: Նայում էր հայելու մեջ ու երևի մտքում մտածում` ոնց սկսի: Երևի կասի, որ ամեն ինչ արեցինք, բայց, ցավոք, անկանխատեսելի բան եղավ, ու հիվանդը մահացավ: Կամ էլ մտածում է` ինչ ուտի: Խորովա՞ծ, քյաբա՞բ, շաուրմա՞. այս է խնդիրը:
    Նայում եմ մահացածի դեմքին ու սպասում, որ հիմա կշնչի: Մի մեծ ներշնչում, ինչպես որ առավոտյան էր անում: Հավաքարարը եկավ ու իր հաստ քամագով հրեց ինձ մի կողմ: Վերադարձրեց ինձ իրականություն ու քշեց սենյակից: Ժամանակ չկա: Չեն կարող սպասել մինչև ես համակերպվեմ, որ մահացել է: Հավաքում էր սենյակը ու բարկանում, թե ինչու էս գիշերվա կեսին մեռավ ու չթողեց, որ քնի:
    Ախր ո՞նց մահացավ: Առավոտյան ինձ ասում էր, որ հիվանդանոցից դուրս գալուն պես ինձ թթի օղի կհյուրասիրի: Նայեց աչքերիս ու հարցրեց. «Հը՞ն, ո՞նց ա: Լա՞վ ա լինելու ամեն ինչ»:
    -Իհա՜րկե: Ամեն ինչ հիմա էլ ա լավ: Արյան անալիզի պատասխանները եկան: Բան չկա:
    -Ապրե՜ս բժիշկ ջան: Երեխիս պես քեզ սիրեցի: Այ սենց միշտ օգնես բոլորին:
    -Դե դուք հիմա հանգստացեք: Վաղը օբխոդին կխոսենք:
    Նայում էի, թե ոնց են տանում դին: Ախր լավ էր: Ստաբիլ էր: Ի՞նչ եղավ: Մտածում էի, որ ես եմ մեղավոր: Մի բան բաց էի թողել: Մի բան սխալ էի արել երևի: Լավ չէի: Սիրտս խառնում էր:
    -Բա՜ն, հե~յ, ըըը~, բան ջա՜ն: Ի՞նչ կուտես:
    -Սոված չեմ, մերսի:
    -Հաստա՞տ:
    -Հա, հաստատ: Մերսի:
    Նայեց մի քանի վարկյան: Հարցրեց` առաջին անգամ եմ մահացած մարդ տեսնում: Ասացի, որ չէ: Էլի էր բան ուզում հարցնել, բայց հեռախոսի մյուս կողմում արդեն պատասխանեցին: Ինքը պատվիրում էր, իսկ ես գնացի, որ կարդամ մի քիչ: Երկու օրից քննության էի: Աշխատեցի էնպես գնալ, որ հարազատների աչքին չերևամ: Ի~նչ վատ էի: Նայում էի գրքիս, բայց բան չէի կարողանում կարդալ: Ինչ-որ երկար անուններ էին ռուս հեղինակների, որոնք սովետի ժամանակ դեմք են եղել, իսկ հիմա ուսանողների նավսն են: Լսում էի մահացածի կնոջ լացելը, տղան էլ սկսեց բղավել. «Բա հիմա ի՞նչ ենք անելու: Բա հիմա ո՞նց ենք ապրելու»: Քույրերը արագ-արագ գնացին, որ հանգստացնեն: Ասացին, որ չի կարելի, որ էլի հիվանդներ կան: Վա~յ, էդ ի~նչ վատ էի:
    Նստած նայում էի առաստաղին, երբ բժիշկները եկան սենյակ: Գերմանիա գնալու մասին էին խոսում: Հետո ամեն մեկը պատմեց իր տեսած առաջին հերձման, դիակի, մահվան մասին: Հետո սկսեցին բացատրել, որ իրենց գործում մահ շատ ա լինում, ամենավերջին օղակն են, ու էս երկրի տված պայմաններում չեն կարողանում օգնել: Ժամանակի ընթացքում սովորում ես:
    Գնացի զուգարան ու սկսեցի լացել: Միակ տեղը, որտեղ ինձ չեն գտնի ու փիլիսոփայական խրատներ չեն տա: Երկար լացեցի:
    Չգիտեմ` ինչու հենց էդ մարդու մահը տենց ազդեց: Չէ, լավ, ստեցի: Գիտեմ, լավ էլ գիտեմ: Հիշեցի, թե ես ինչ էի զգում, երբ իմ կյանքի ամենակարևոր մարդը կորավ: Ես ընկա անդունդի մեջ ու երկար դուրս չէի գալիս: Ես էլ չգիտեի` բա հիմա ինչ ա լինելու, բա հիմա ոնց ենք ապրելու: Ինձ բոլորը գալիս ու սփոփում էին, ամեն մեկն իր կարծիքն էր հայտնում, ինչն ինձ բնավ հետաքրքիր չէր: Ինչքան հնարավոր է փխրուն էի դարձել: Կոտրվել էի, ջախջախվել: Մութ էր, սև էր ամեն ինչ: Ուզում էի անհետանալ, հետո ուզում էի գոռալ: Երբ մոտս բողոքում էին ինչ- որ, ըստ իս, անիմաստ բանից, ուզում էի մի քանի անգամ ապտակել էդ մարդուն: Նայում էի շուրջս գտնվող մարդկանց ու մտածում` ինչու իրենք ապրում են, իսկ էն մարդը, ով արժանի էր ապրելու, մահացավ: Լացում էի ամեն գիշեր, ամեն անգամ, երբ մենակ էի մնում, ամեն անգամ, երբ տուն էի վերադառնում: Ամեն անկյունում զգում էի իր ներկայութունը: Սպասում էի, թե երբ դուռը կբացվի, ու նա ներս կմտնի: Բայց ներս չէր մտնում: Նրա սիրած երգերը չէի կարողանում լսել: Շունչս կտրվում էր:
    Երկար էի մտածում էդ մարդու մասին: Հիմա կարողանում եմ հաց ուտել էն ընթացքում, երբ կողքի սենյակում մի ամբողջ ընտանիք տառապում ա: Մի պահ ուզում եմ գնալ, խոսել իրենց հետ, բայց ի՞նչ ասեմ: Իսկ էդ ժամանակ խոսել անգամ չէի կարողանում:
    Էդ գիշեր արթուն մնացի իմ մտքերի, անցյալի, հոգիների, հիշողությունների հետ: Առավոտյան, ոնց որ մնացածը, սկսեցի հերթով կատարել իմ ռիտուալները. լվացվել, հագնվել, քայլել դեպի կանգառ, նստել երթուղային, դնել ականջակալները, բռնել մեկի պայուսակը, մյուսին տեղ տալ, որ նստի, գնալ դասի ու ոչնչով չտարբերվել մնացածից: Խոսել կուրսեցիների հետ, քննարկել սովորած նյութը, պատմել հերթապահությունից: Լսել. «Երնե~կ քեզ, շերտազատվող անևրիզմա ես տեսել»: Լսել ուրիշների դժբախտ պատմությունը ու քայքայվել ներսից:
    Հասարակ մարդ, ով ունի իր դժբախտ պատմությունը: Մարդ, ով անցել է իր ողբերգության միջով: Մարդ, ով հաճախ մենակ է մնում իր իսկ ստեղծած հրեշների հետ: Մարդ, ով էլ չի լացում: Մարդ, ում սիրտը թաթախված է գինու մեջ:

  6. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (05.06.2015), boooooooom (16.06.2015), impression (11.06.2015), Lusina (02.06.2015), Sambitbaba (02.06.2015), Smokie (12.06.2015), Աթեիստ (02.06.2015), Դատարկություն (20.06.2015), Մուշու (02.06.2015), Նիկեա (02.06.2015), Վոլտերա (02.06.2015)

  7. #4
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,740
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2. Ես գտա իմ հերոսին

    Մենք ապրում ենք այն ժամանակաշրջանում, երբ վիրտուալ կյանքը տեղ-տեղ փոխում է մեր իրականությունը: Օրինակ` մեզնից յուրաքանչյուրը կարող է բացել Ֆեյսբուք սոցիալական ցանցը և, տեսնելով ուրիշի հրապարակումները, նկարները, կազմել այդ մարդու կյանքի մասին բավականին անիրական տպավորություն: Այսպիսով` յուրաքանչյուր ֆեյսբուքյան օգտատեր իր նկարների և այլ հրապարակումների օգնությամբ կարող է փոխանցել իր կյանքի առավել գունեղ հատվածը: Ուրիշները, դիտելով ստեղծված պատկերը, այսինքն, բազմաթիվ մարդկանց կյանքի երևակայական շատ ավելի լավ պատկերը, զգում են իրենց ճնշված և անհաջողակ: Եվ դա առավել քան հասկանալի է: Եթե դու, ռեալ գնահատական տալով քո հնարավորություններին, գիտակցում ես, որ քո հնարավորությունները թույլ չեն տալիս նման կյանքով ապրել, իսկ չնայած դրան ձգտումների ու ցանկության քանակը չի նվազում, լավատես մնալը բարդ է:

    Ինչպես և ցանկացած դեռահաս, ես նույնպես կցանկանայի ունենալ մշտապես թարմացվող տեխնիկա, զգեստապահարան, հաճախ մեկնել ճանապարհորդությունների և այլն: Մինչև վերջին ժամանակաշրջանը իմ ցանկությունները չիրականացնելու պատճառով բոլորի նման ես ինձ զգում էի ոչ լիակատար երջանիկ: Եթե խոսեմ անկեղծ` անգամ որոշ դեպքերում դժբախտ էի ինձ համարում: Հիմա հիշում եմ այդ զգացողությունները, զարմանում մարդկային կարծրատիպային, մասնավորապես իմ, մտածողության վրա:

    Ամեն բան փոխվեց դեկտեմբերի մեկին: Դեկտեմբերի մեկը ՁԻԱՀ (Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ) և ՄԻԱՎ (Մարդու իմունային անբավարարության վիրուս) վարակների դեմ պայքարի միջազգային օրն է: Քույրս որպես լրագրող իր հերթական լրատվական հետազոտությանն էր գնացել հայաստանյան ՁԻԱՀ-ի դեմ պայքարի կենտրոն, որտեղ անց էր կացվում վարակակիրների հետ հանդիպում` ուղղված խնդրի բարձրաձայնմանը և կանխարգելմանը: Նա պետք է ներկայացներ մի շարք հարցազրույցներ այն մարդկանց հետ, ովքեր այս կամ այն կերպ վարակվել են ՁԻԱՀ և ՄԻԱՎ հիվանդություններով: Տեսախցիկը լի էր ցավալի և հուսալքված կյանքերի մասին պատմություններով, բայց ամենից շատ ինձ զարմացրեց մեկը. ՄԻԱՎ վարակակիրը տասներկու տարեկան երեխա էր: Մահացու վիրուսն իրեն փոխանցվել էր արյան փոխներարկման արդյուքում: Այդ ժամանակ նա դեռ երկու տարեկան է եղել: Այդ դժբախտ իրադարձությանը հետևել են մանկապարտեզի դժվար երեք տարիները: Երեխաներն, իմանալով փոքրիկի հիվանդության մասին, խուսափում էին իրենից, առանց գիտակցելու վիրավորում և ցավ պատճառում: Երեխաների ծնողները նույնպես դեմ էին իրենց զավակների շփմանը հիվանդ երեխայի հետ: Բնական է, որ այս ամենը շարունակվեց նաև դպրոցում, ինչի արդյունքում փոքրիկը ստիպված մի քանի դասարան է փոխել: Նայում էի այդ նկարահանումը և զարմանում, քանի որ տղան այնպիսի պայծառ ժպիտով և ոգևորված էր խոսում, որ թվում էր, թե բոլոր առողջ մարդկանցից էլ առողջ է, բոլոր երջանիկներից էլ` երջանիկ: Փոքր էր, սակայն այնքան բան էր հասկանում: Տղան ողջ իրավիճակի գիտակցությամբ ասում էր, թե չի մեղադրում իր ծանոթներին և հասկանում է մյուս երեխաների ծնողներին: Միակ բանը, ինչ անհանգստացնում էր երեխային, մյուս երեխաների առողջությունն էր: Նա պատմում էր, որ վարակակիրների հանդիպումների ժամանակ հավաքվում են շատ երեխաներ, և նա իրենց հետ հասցրել է ընկերանալ: Տղային ցավ էր պատճառում այն հանգամանքը, որ հանդիպումից հանդիպում իր ծանոթ փոքրիկներից մեկն անհետանում է: Ճիշտ է, ըստ բժիշկների, երեխայի ներկա չլինելու պատճառը փոքրիկի առողջանալն էր, սակայն տղան չէր հավատում, քանի որ, ըստ իր խոսքերի, լավ գիտեր, որ այդ երեխաներն այդպես չեն կարող վարվել իրենց ընկերների հետ: Այդքան փոքր և այդքան հասուն տղան այնքան վստահ էր արտահայտվում, որ հասկանում էի` նման երեխաներին ստելն անհնար է: Իր խոսքը նա եզրափակեց ասելով, որ պատրաստվում է բժիշկ դառնալ և բոլոր մահացու հիվանդությունների վերջը տալ: Նա անգամ չէր էլ կասկածում, որ հնարավոր է այդ պահն այդպես էլ չհասունանա: Չէր կասկածում, որովհետև ուներ ապրելու անհագ և անկոտրուն ցանկություն: Տղան խոսում էր և ժպտում հազարավոր արևների ջերմությամբ:

    Այդ տեսագրությունը դիտելուց հետո երկար ժամանակ մտածում էի մեր երջանկության բաղադրիչների մասին, մտածում էի, թե ինչքան քիչ բան է պետք երջանիկ լինելու համար` ոչ թե հագուստ, հեռախոսներ, ճանապարհորդություններ, այլ շատ ավելի պարզ չվաճառվող մի բան: Երջանիկ լինելու համար պետք է սիրել կյանքն այնպիսին, ինչպիսին որ այն մեզ տրվել է, ինչպիսին որ այն սիրում է մահվան շեմին գտնվող փոքրիկը: Եվ զարմանալի է, որ հենց այդ, բոլորին անհայտ, դժբախտ ճակատագրին արժանացած փոքրիկին ես կարող եմ համարել իմ կյանքում տեսած ամենալուրջ հերոսություն ցուցաբերած մարդը: Նա էր միակ մարդը, ով ինձ սովորեցրեց գնահատել ունեցածը, գիտակցել, թե որքան կարևոր է շնորհակալ լինել նրա համար, որ կանք, առողջ ենք և սիրված: Խնդիրներ հանդիպում են բոլորիս կյանքում, սակայն ես գիտեմ տոկուն լինելու բաղադրատոմսը հենց այդ երեխայի շնորհիվ. Հենց զգում ես, որ ուժերը քեզ լքում են, մի բան փոխելու և առաջ շարժվելու ցանկությունն ուզում է հեռանալ, պետք է հիշել, թե ինչի համար էիր դու պայքարում մինչև այդ պահը: Ես վստահ եմ, որ շատերի պատկերացմամբ «հերոսն» այն մարդն է, ով կատարել է գլոբալ փոփոխություն, ունի ճանաչում և հետևորդներ, սակայն իմ պատկերացմամբ հերոսը յուրաքանչյուրիս պես հասարակ մարդ է, ով ի տարբերություն մնացածի, կարողացել է փոխել գոնե մեկ մարդկային կյանք դեպի լավը:

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (17.06.2015), GriFFin (15.06.2015), impression (11.06.2015), Lusina (02.06.2015), Sambitbaba (02.06.2015), Smokie (12.06.2015), Աթեիստ (02.06.2015)

  9. #5
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,740
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3. Ես գժվել եմ հայրենիքիս կարոտից

    Լուռ էի. կանգնած մեր հին տան բակում՝ հիշում էի անցած մանկությունս: Հիշելու շատ բան չկար.ես գրեթե մանկություն չեմ ունեցել:Չեմ հիշում մեր բակի երեխաներին,որովհետև նրանք այդքան էլ շատ չէին, չեմ հիշում ընկերներիս,որովհետև ես ընկերներ չունեի: Մի ուրիշ կարոտով եմ հիմա հիշում հին Էրզրումս, նրա նեղ-նեղ փողոցները, որոնք հաճախ դժվարություն էին պատճառում մարդկանց: Շատ լավ եմ հիշում տատիս պատրաստած կարկանդակները, որոնց համը մինչև հիմա բերանումս է : Հիշում եմ մեր աղմկոտ տունը. մենք միշտ եռուզեռի մեջ էինք: Հիմա կանգնած եմ լուռ. փողոցները լայն են , մեր բակը նույնն է, մեր տունը չկա: Նայում եմ, փորձում եմ հիշել մեր հին հարևաններին։ Ավա՜ղ, չեմ կարողանում: Քայլում եմ: Շուրջս դատարկություն է։ Երևում է՝ շուտով անձրևելու է: Գնում եմ ՝ կամաց-կամաց արագացնելով քայլերս: Մեկ, երկու, երեք չորս, ահա հինգերորդ կաթիլն էլ կթափվի վրաս: Ավելի արագ եմ գնում, ու առջևումս հեքիաթային տեսարան է բացվում . հեռվում երևում էին կարմիր կակաչներ. տեսնես իրո՞ք կակաչներ էին :Ավելի եմ մոտենում. քայլերիս հետ արագանում է նաև անձրևը: Ձմեռ է, եղանակն անձրևը փոխում է ձյան: Միջավայրս ամբողջությամբ սպիտակ է ,բայց հեռվում կարմիր կակաչներ են երևում: Երևում է՝ ձմեռը կարմիր կակաչ է ձյունել Էրզրումում: Արագացնում եմ քայլերս: Մոտենում եմ կակաչներին: Տեսա ու կարկամեցի: Դրանք կակաչներ չէին: Տեսա ու հասկացա՝ էլ կոնֆետների չեն սպասելու երեխաները Էրզրումում, որովհետև էլ երեխա չկա , էլ չի երգվելու «Կռունկը» ՝ ձայն չկա , էլ չեն խաղալու պահմտոցի՝ մարդ չկա, հայ չկա , եկեղեցի չկա, կյանք չկա: Մոռացա նշեմ՝ ես հոգեկան շեղումներ ունեմ: Հիմա կմտածեք՝ ինչպես եմ այս ամենը պատմում, եթե գիժ եմ: Չէ՛, ես հիվանդ չեմ , պարզապես բժիշկներն աչքերիս մեջ գժություն են տեսնում: Հա՛, ճիշտ են ասում՝ ես մի քիչ գիժ եմ, բայց ախր ո՞նց չեն հասկանում, որ գժվել եմ հարենքիս կարոտից, ո՞նց չեն հասկանում, որ ինձ պետք չեն իրենց փաղաքշական խոսքերը, իրենց «բուժիչ» դեղերը: Գիտեմ՝ իրենց էլ պետք չեն իմ «անկապ» զառանցաքները: Տեսնես կգա՞ մի օր,որ նրանք էլ հասկանան ,թե ինչու են աչքերս այդքան տխուր, կամ մի օր ,որ երբ ես կերգեմ «Սարերը հով չեն անում» ,նրանք անմիջապես ներարկիչներով չեն մոտենա ինձ: Չեք հավատա, բայց հենց հիմա էլ ցնցման մեջ եմ : Աչքերիս դիմացը սևանում է. պատերազմ եմ տեսնում, օգնություն կանչող մանուկներ , արյունոտված բարուրներ,սարսափած դեմքեր ու բռնություն: Մորս եմ տեսնում, իմ ընտանիքը, Էրզրումիս նեղ փողոցները, տատիս պատրաստած կարկանդակները: Ինձ եմ տեսնում. ամբողջովին սպիտակ եմ հագած, մազերս արձակված են, ու ինձ է մոտենում նույն իմ հանդերձանքով մի մարդ: Տարօրինակ է : Ես նրան ճանաչում եմ. մեր սարերում եմ տեսել։Մի տեսակ ուրիշ ջերմություն է նրանից գալիս: Երանի՜ տանի ինձ այստեղից:
    -Վարդապե՛տ, վարդապե՛տ:
    Այդ նա էր՝ Կոմիտաս վարդապետը:Շտապում էր, տեսնես ու՞ր: Ինձ էր մոտենում՝ ինչ–որ բան մրմնջալով.
    -Կռու՛նկ , մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս:
    Այս խոսքերը ասելով՝ նա մոտեցավ ինձ: Մրմնջում էր դանդաղ, հանգիստ, այնպես, որ հոգեհմա երաժշտությունը մտավ սիրտս:Ես հանգիստ չեմ: Տագնապ եմ զգում, լույս է գալիս աչքերիս: Էլի մեկին եմ տեսնում. կարծես տխուր է: Հեռվից է մոտենում, աչքերը կախ են: Նա էլ է ինչ-որ բան ուզում հասկացնել.
    -Արիւնոտ, մանրիկ,
    Ոտներըս բոպիկ
    Դիակներու վըրան
    Դողդո՜ջ կ’երերան:
    Վարդե՜րը մեռան,
    Վարդե՜րը մեռան:
    Ռուբեն Սևակն էր ,ով այդպես էլ չտեսավ նոր վարդերի ծնունդը: Քայլում էր շատ դանդաղ:Նա չէր շտապում,հանգիստ էր: Նրա քայլերի ձայնի հետ մեկտեղ ականջիս են հասնում նաև մեր ողբանվագ սազի լացակումած լարի հնչյունները. Դլե յաման է կանչում:Տխուր եմ մի տեսակ ուրիշ տրտմություն ու թախիծ է իջել սրտիս վրա ,երևի Դլե յամանն է փոխում տրամադրությունս: Կամ էլ ես եմ տանջում ինքս ինձ՝ անդադար ընկնելով հիշողությունների գիրկը: Երանի~ մի օր ես էլ կարողանայի միայնակ ավարտին հասցնել իմ Դլե Յամանը: Երանի~ մի օր ես էլ կռունկ դառնայի ու խապրիկ բերեի մեր էրգրից, երանի մի օր ես էլի առաջվա հայը լինեի: Երանի~ ես էլ մեզ բաժին հասած փոքրիկ հողի վրա կանգնեի՝ թեկուզ գիժ (ինձ թվում է՝ գոնե հայ հոգեբույժները չէին տեսնի այդ գժությունը՝ հասկանալով, որ այդ կարոտ է, և ոչ խելագարություն): Կարծես հազար սրով խոցված լինեմ, բայց արնաքամ չեղած, լքված եմ ,բայց ոչ հուսահատված: Ես ես չեմ, կարծես ուրիշ մեկն է կամգնած իմ փոխարեն: Գլխումս խառնաշփոթ էր ստեղծվել, ահասարսուռ տեսարաններ էի տեսնում , բայց այդ պահին ինչ-որ ծակոց զգացի. բժիշկս էր:
    - Նրա հերթական ցնցումներից է՝ երևի հայրենիքն է հիշել,- ասաց բուժքույրը:
    - Մահացավ:
    - Ի՞նչ:
    - Այո՛, սկզբում գժվեց, հետո մեռավ Հայաստանի կարոտից:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (15.06.2015), impression (11.06.2015), Lusina (02.06.2015)

  11. #6
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,740
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4. Հատված իմ կյանքի օրագրից

    10-ը սեպտեմբերի, 2015թ
    ------------------------------------------․
    Կարդացի, վերաջացրի < Աննա Ֆրանկի օրագիր>։ Երկու օր էր, նույնիսկ դասի ժամին այդ գրքի տպավորության տակ էի, վերջը որոշեցի, որ ես էլ պիտի օրագիր պահեմ; Հա, բայց ինչ գրեմ, ինչի մասին գրեմ, որ հետաքրքիր լինի, ամեն ինչ այնքան անհետաքրքիր է, իսկ այն ժամանակ պատերազմ էր, ուրիշ էր, Աննան գրելու շատ բան ուներ; Ամբողջ օրը դպրոց, դպրոցից տուն։ ճիշտ է տղաներով մեկ-մեկ հավաքվում ենք բակում, խոսում դեսից դենից, բայց ոչ մի հետաքրքիր բան չկա; Իհարկե ես նրանց չեմ ասում որ սիրում եմ գրքեր, ոտանավորներ կարդալ։ Կսկսեն ձեռ առնել, ես գիտեմ;
    12-ը սեպտեմբերի, 2015թ․
    ------------------------------------------------------------
    Պատմության ժամին անընդհատ Հասմիկին էի նայում։ Մի տեսակ փոխվել էր, մեծացել, ավելի գեղեցկացել։ Կողքիս նստող Արուսիկը նկատել է, որ Հասմիկին շատ եմ նայում։ Ասում է՝ ուզու՞մ ես Հասմիկի հետ տեղներս փոխենք, ինքը գա նստի քո կողքը, ասացի, չէ, պետք չի; Երևի Հասմիկն էլ մի բան նկատել է, ինքն էլ է հաճախ շուռ գալիս, ինձ նայում։ Այդ պահերին մի տեսակ սիրտս սկսում է արագ արագ բաբախել, գլուխս վառվում է։ Բայց ինչու՞ եմ ամաչում նրա հայացքից։ Հիմա տանն էլ մի տեսակ եմ, ոնց որ ջերմություն ունենամ, թույլ եմ; Կարո՞ղ է հիվանդ եմ։ Չէ, ձայն չեմ հանի, թե չէ մաման կասի, վաղը դպրոց չգնամ, տանի բժշկի; ՈՒ վաղը Հասմիկին չեմ տեսնի։ Էլի բացեցի <Աննա Ֆրանկի օրագիրը>։ խեղճ Աննա։ Բայց գուցե Աննային ֆաշիստները գերի են տարել, հետո նա փրկվել է ու ապրում է մի ինչ-որ տեղ; Երանի այդպես լինի;
    14-ը սեպտեմբերի, 2015թ
    ------------------------------------
    Երեկ դասարանով գնացել էինք գազանանոց։ Ընկ․ Ղազարյանը հիմա լսեր, կասեր՝ տղա ջան, գազանանոց չէ, կենդանաբանական այգի, վերջապես հայերեն խոսել սովորիր; Ինքը լավ դասատու է,շատ գեղեցիկ է կարդում բանաստեղծությունները; Առաջ իր դասերին շատ էի անկապ խոսում, հիմա էլ չէ հիմա սիրով եմ լսում , թե ինչ է պատմում; Հասմիկն էլ է ընկ Ղազարյանին շատ սիրում, ասում է, որ մեծանա ընկ․ Ղազարյանի նման հայոց լեզվի-գրականության ուսուցչուհի է դառնալու, որ աշխակերտներն իրեն շատ սիրեն։ Բա չէ, մեր դասղեկ Համբարձումյանի պես, ամբողջ օրը գոռում է, վիրավորում; Ով նվեր է տալիս ապրիլի յոթին, նրան ջանիկս է ասում;
    Ես չեմ սիրում գազանանոց գնալ, միշտ հոգնել եմ, ձանջրացել, բայց այս տարի ուրիշ էր; Հասմիկը էնքան էր տարվել էդ գազաններով, նրանց հետ խոսում էր, հյուրասիրում, ինձ համար էլ հետաքրքիր դարձավ; Բայց բոլորից հետաքրքիրը Հասմիկի ձայնն ու ծիծաղը լսելն էր; Դրա համար արժեր գազանանոց գալ; Շատ վազվզեցինք, բայց հիմա ոչ էլ հոգնել եմ, քունս էլ չի տանում։ Անընդհատ Հասմիկի ծիծաղն եմ հիշում;
    25-ը սեպտեմբերի, 2015թ․
    -------------------------------------------------
    Երկու օր է, դպրոց չեմ գնացել։ ՈՒ էլ չեմ էլ գնալու, ինձ իրենց դպրոցը պետք չի;Կգնամ Մոսկվա քեռուս մոտ, կաշխատեմ; Մամաս ճիշտ է ասում, ընկերուհին ո՞վ է, որ նրան գաղտնիք վստահեցի։ ՈՒրեմն նամակ էի գրել Հասմիկին, որ դեռ առաջին դասարանից նա ինձ դուր է եկել, իսկ ամռանը դասարանում միայն նրան էի կարոտել, իսկ գազանանոցում ավելի շատ սիրեցի նրան։ Նամակի վերջում էլ ինչ-որ ոտանավորից մի քառատող էի վերցրել գրել; Տվեցի նամակը կողքիս նստող Արուսիկին, որ տա Հասմիկին, Արուսիկն էլ Հասմիկի փոխարեն նամակս տարավ տվեց ընկ, Համբարձումյանին՝ մեր դասղեկին; ՈՒ սկսվեց։ Ընկ․ Համբարձումյանը, սաղ դասարանի առաջ նամակս կարդաց, ասեց, որ մենք դպրոց ենք գալիս էսպիսի բաների համար, Հասմիկին էլ ամոթանք տվեց, որ թույլ է տալիս անդաստիարակ տղաներն իրեն նամակ գրեն; Հասմիկը չդիմացավ, պայուսակը վերցրեց, դասարանից դուրս փախավ, ես էլ նրա հետևից, բայց Համբարձումյանն թևիցս բռնեց, ես բղավեցի նրա վրա ու հրեցի, ինքն ընկավ, ես դուրս փախա; Հասմիկն արդեն չկար, երևի տուն էր գնացել; ՈՒզում էի գնայի իրանց տուն, բայց վախեցա, բա որ հայրն ու մայրը տանը լինեին, ինչ պիտի ասեի; Ես էլ մեր տուն եկա։
    ․․․
    Երեկոյան Համբարձումյանը մեր տուն զանգեց, չգիտեմ, թե ինչեր է ասել, ասել էր, որ ծնողներս ինձ ճիշտ չեն դաստիարակում, հետո զանգել է Հասմիկենց տուն, չգիտեմ , այնտեղ էլ ինչեր է ասել; Մաման երկու օր է համոզում է ինձ, որ դպրոց գնամ ու սրանից հետո իմ գաղտնիքը չվստահեմ ոչ ոքի, բայց հայրս լռում է;

    Մեկ է, դպրոց չեմ գնալու;
    26-ը սեպտեմբերի, 2015
    -------------------------------------------------
    Մայրս հեռախոսով Հասմիկի մամայի հետ էր խոսում; Ինչքան ականջ դրեցի, չլսեցի, թե ինչ էին խոսում։ Հետո Հասմիկի մաման մեր տուն եկավ։ Ես իմ սենյակից դուրս չեկա, ոչ էլ իրենք ինձ կանչեցին; Էլի չիմացա, թե ինչ են խոսում, շատ կամաց էին խոսում, բայց իրար հետ սուրճ խմեցին, ուրեմն Հասմիկի մաման կռիվ չէր եկել; Հետո, երբ մորս հարցրեցի, ասաց․< Իրենք էլ չգիտեն, ինչ անեն։ Հասմիկն էլ հրաժարվում է դպրոց գնալուց>;
    ՈՒ էս բոլորը իմ պատճառով, ես եմ մեղավոր։ Բայց ի՞նչ անեմ; Հասմիկը ինձ երբեք չի ների։ Ո՜նց չեմ ուզում ապրեմ, երանի մի բան լիներ, թեկուզ պատերազմ սկսվեր ու ես կռիվ գնայի; Հա, տանից կփախչեի ու կռիվ կգնայի; Ավելի լավ է թշնամու գնդակից զոհվեի; Որ զոհվեի, տեսնես Հասմիկը լաց կլինե՞ր; Բա ինչ կաներ։ Մեր դասարանցիների հետ․․․
    27-ը սեպտեմբերի, 2015թ․
    ------------------------------------------
    Երեկ օրագրիս վրա քնել էի, գրածս էլ կիսատ էր մնացել; Մաման արթնացրեց, շուտ հիշեցի բաց օրագիրս փակեցի, լավ է, մաման չնկատեց;
    Կեսօրին ծնողներս դպրոց էին գնացել։ Չասացին, թե ում են տեսել, ինչ են խոսել։ Վերադառնալուց հետո Հայրս շատ խիստ ասաց, որ երկուշաբթի պետք է դպրոց գնամ; Շատ խիստ բաներ ասաց։ Բայց ինձ շատ դուր եկավ, երբ ասաց, որ տղամարդը պետք է պայքարի իր սիրո համար;
    Ես շատ երկար մտածեցի, հայրս ճիշտ է ասում, ես էլ պիտի պայքարեմ, բայց ինչպե՞ս, ինչպե՞ս պիտի պայքարեմ; Հա ես սիրում եմ Հասմիկին։ Բայց նրա համար էս ինչ վատ բան արեցի; Չէ, նա ինձ չի ների;
    28-ը սեպտեմբերի, 2015
    -----------------------------------------
    Էլի դպրոց չեմ գնում։ Կեսօրին Արամն ու Սուրոն էին եկել; Պատմեցին, որ Հասմիկն էլ դպրոց չի գալիս։ Հասմիկի մաման դպրոց է գնացել, տնօրենի մոտ բողոքել է Համբարձումյանի վրա, գործերը վերցրել, Հասմիկին տարել է ուրիշ դպրոց։ Մեր մյուս ուսուցիչները բոլորը մեղադրում են Համբարձումյանին, ասում են ՝ կարող է նրան հանեն մեր դասղեկությունից։ Մեր դասարանի Գոհարիկի մայրը դպրոցի գրադարանավարուհին է, պատմել էր, որ տնօրենը ուսուցիչներին ժողով է արել ու խիստ բաներ ասել մեր դասղեկին, նույնիսկ ասել է, որ պիտի ներողություն խնդրի համ դասարանից, համ ինձանից ու Հասմիկից; Դասարանում ոչ մեկը չի խոսում Արուսիկի հետ; Լավ էլ անում են, էդպիսի խաբարբզիկ դասարանցին ու՞մ է պետք։ Սուրոն ասում է, հենց էդ Արուսիկն է ինձ սիրահարված, դրա համար էլ նախանձեց Հասմիկին, նամակս տարավ տվեց ընկ․ Համբարձումյանին; Բայց մեկ է, ես էլ էդ դպրոց չեմ գնալու։
    ․․․
    Նոր պապան հետս էլի երկար խոսեց։ Ասեց, որ ուրախ է, որ ինձ այդ աղջիկը դուր է գալիս, բայց ես պետք է դպրոց գնամ; Չէ, չեմ գնալու; Շատ անեն, տանից կփախչեմ;

    ․․․
    Տեսնես Հասմիկն ինչ է անում։
    1-ը հոկտեմբերի, 2015
    ---------------------------------
    Վաղը դպրոց եմ գնալու։ Առավոտը դպրոցի տնօրեն ընկ․ Խաչատրյանն էր մեր տուն եկել; Կիրակի է, հայրս տանն էր։ Հորս հետ երկար առանձին զրուցեցին, հետո ինձ կանչեցին։ Ոչ մի բան ինձ չհարցրեց, պատմեց, որ իմ տարիքում ինքը տանից փախել էր, երկու օր թաքնվել իրենց գյուղի մոտի անտառում, քանի որ ծնողները չեն ուզել ամուսնացնել իր կողքին նստող աղչկա հետ, ասել են, որ համբերի,մինչև դպրոցն ավարտեն, բայց ինքը չի ուզեցել համբերի; Վերջը դասարանցիները իրեն գտել են անտառում, հետ բերել գյուղ։ Ծնողները իրենց խոսքի տերն են եղել, հենց դպրոցը ավարտել են, իրեն ամուսնացրել են կողքի աղջկա հետ։ Փաստորեն մեր քիմիայի դասատու ընկ․ Կիրակոսյանը եղել է տնօրենի կողքին նստող աղջիկը; Երբ վեր կացավ գնալու, ասաց, որ վաղը դպրոցում կսպասի ինձ; հա, պիտի գնամ;
    2-ը հոկտեմբերի, 2015
    ---------------------------------

    Գնացի դպրոց: Հասմիկը չկար։ Դասարանը դատարկ էր ու մռայլ։
    ․․․
    ՀԱՍՄԻԿ, ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՄ, ԿԳՏՆԵՄ ՔԵԶ․․․

  12. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    delicate (14.06.2015), GriFFin (15.06.2015), impression (11.06.2015), kitty (02.06.2015), Lusina (02.06.2015), Mr. Annoying (03.06.2015), Sambitbaba (05.06.2015), Աթեիստ (02.06.2015), Լոլիտա (02.06.2015), Մուշու (05.06.2015), Նիկեա (02.06.2015), Վոլտերա (02.06.2015)

  13. #7
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,740
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    5. Տարօրինակ կենդանիներ

    - Սեդա՜, Սե- դուլ- յա՜, աղավնյակս, շտապիր, ուշանում ենք:
    - Գալիս եմ, գալիս, երկու վայրկյան սպասիր:
    Սուրենը՝ մոտ հիսունհինգ տարեկան, վաղուց սպիտակած մազերով, տարիքի համեմատ բավականին հաղթ կազմվածքով ծերուկ էր, որ սպասում էր աստիճանների ներքևում, բազմոցին նստած: Մի անգամ էլ նայեց ժամացույցին, տեղից վեր կացավ ու սկսեց սենյակի մի անկյունից մյուսը քայլել ամեն անգամ պատին մոտենալիս կտրուկ արգելակելով ու հակառակ շրջվելով: «Տասներկուսը չկա, մոտ երկու ժամ ժամանակ ունենք, պետք է, որ հասցնենք»:
    - Տիկին, արագացրու դե վա՜յ, ուշացանք:
    - Էկա, էկա, էլ ձայնդ գլուխդ մի գից:
    Աստիճանների վրա հայտնվեց Սեդան՝ Սուրենի կինը, ով չնայած ամուսնուց չորս տարի էր փոքր, բայց աչքերը դեռ պահպանում էին երիտասարդական փայլը, մազերը կոկիկ հարդարված էին, իսկ համեստ շպարը հաճելիորեն ընդգծում էր ծերունական հմայքը:
    - Էս ի՞նչ ես հագել, այ կնիկ: Էդ ի՞նչ կապույտ շրջազգեստ է, դու հո տասնութ տարեկան չե՞ս,- Սուրենի ձայնը բարկությունից դողում էր:
    - Հա, բայց էս շորին ի՞նչ է եղել:
    - Ի՞նչ է եղել… ու դու դեռ հարցնու՞մ ես: Կապույտ է, ճչան կապույտ:
    - Ախր սրա ի՞նչն է ճչան:
    - Ախր-մախր չգիտեմ: Կամ հինգ րոպեից կարգին շոր հագած կանգնած ես լինում էստեղ կամ էլ ոչ մի տեղ չենք գնում:
    - Սուրեն բայց…
    - Կարմիր-կանաչ, զրթի-փրթի գույներ չհագնես: Մարդամեջ ենք դուրս գալիս, դրոշակ չեմ տանում հետս:
    «Թե իմ էշ խելքն ասա, որ քո հետ կյանքս կապեցի: Էդքան ուզող ունեի, մեկը մեկից լավը, մեկը մեկից սիրուն, բայց ես գնացի ու հենց էշի ճակատը պաչեցի: Ինչ էլ լինի տեղն է ինձ»: Շատ լավ իմանալով, որ ամուսնուն ինչ-որ բանում հակառակը համոզելը անհնար է, Սեդան իր սենյակ բարձրացավ, մի անգամ էլ իրեն նայեց հայելու մեջ: «Բայց էս շորին ի՞նչ է եղել»: Պահարանից ընտրեց մեկ ուրիշ՝ սև շրջազգեստ, արագ զգեստափոխվեց ու ներկայացավ ամուսնուն:
    - Վա՜խ, աստված ջան, էս կինը ինձ կաթվածի կհասցնի: Էս ի՞նչ ես հագել… ֆուտբոլի դաշտի չափ վիզը բաց, դոշերը բաց, սաղ բա՜ց… վա՜խ,- Սուրենը բարկացած սենյակի լայնքն ու երկարությունն էր չափում:- Օր ծերության ուզում է գլխիս կոտոշներ տնկի: Չեմ գալիս, ուր ուզում ես, ում հետ ուզում ես գնա… ու թե ուզում ես կարող ես չվերադառնալ… Հլը սրա վիճակը… Գիտի, թե տասնութ տարեկան է: Շարֆը… ու՞ր է շարֆը:
    - Շարֆն ի՞նչ ես անում, դրսում շոգ է,- թվում էր Սեդան ուր որ է լաց կլինի:
    - Կամ շարֆով վիզ-միզդ ծածկում ես, կամ ես ոչ մի տեղ չեմ գալիս:
    « Տեղն է ինձ, հերս մի բան գիտեր չէ որ ասում էր … ցնդած բիձեն ուզում է էս շոգին սվիտր հագնեմ, չեմ հասկանում, ախր, ախր իսկի վիզս չի երևում»: Սեդան շարֆը փաթաթեց վզին: Չի կարելի պնդել, թե նման համադրությունը գեղեցիկ էր, նորաձև, աչքին հաճելի… բայց միայն ամուսնու հետ համաձայնելով հնարավոր կլիներ տնից դուրս գալ: Ի՜նչ ամոթ, եթե զավակներդ ձեր ամուսնության երեսուն ամյակը նշելու համար մեծ հավաքույթ կազմակերպեին, իսկ դուք չկարողանայիք գնալ ինչ է թե դու մոռացել ես տարիքդ պատ- կա- ռե- լի՜ տարիքդ ու հագնում ես էնպիսի՜ շորեր, որ մեր վախտով տասնութ տարկանը կամաչեր հագներ: Ավելի՝ գլուխը կախած, աչքերը փակած ման կգար եթե մեկին էդպես հագնված տեսներ: Ամոթ է, չէ՞, մեզ չի սազում, չէ՞:
    - Դու էլ քիթդ մի կախիր, հասկացիր. եթե էդպես դուրս գանք, չե՞ն ասի՝ բա սա էլ ամուսին է, մա՞րդ է, չե՞ն խոսի մեր հետևից: Կխոսեն, ինչ ասես կասեն: Չեմ ուզում որ իմ տիկինն ու ես ծիծաղի առարկա դառնանք:
    Սուրենը համբուրեց կնոջ ճակատը հետո նրա համար բացեց դուռն ու թևանցւկ դուրս գնացին: Նախանձելի՜ զույգ: Հավանաբար այդ էին կարծում ճանապարհին հանդիպած անցորդները:
    - Տանեմ տիկնոջս գլուխն էլ սարքել տամ:
    - Վարսավիրանո՞ց ենք գնալու:
    - Բնականաբար, որ հարսներդ տեսնեն նախանձեն, որ տղաներդ հորից օրինակ վերցնեն:
    «Օրինա՞կ վերցնեն… աստված չանի»:
    - Չի լինի վաղը գնանք: Ուզում եմ մազերս մի քիչ կարճացնել ու ներկել:
    - Ներ- կե՜լ,- Սուրենը կտրուկ կանգնեց տեղում, կարծես Տորը մուրճով գլխին էր հասցրել:- Սրան տեսեք, ներկե՜լ:
    - Սուրեն մի գոռա, ամոթ է:
    - էդ որ ես գոռում եմ, ես, երեսուն տարվա ամուսինդ, որ քո՝ իմ երեսուն տարվա կնոջ վրա գոռում եմ, դա ամոթ է, իսկ որ դու՝ հիսուն տարեկան պառավդ, ուզում ես մա՜զ ներկես, էդ ամոթ չի՞: Խայտառակ էղանք աշխարհով մեկ: Օր ծերության գլխիս կոտոշներ ես տնկում: Մազ ներկել… գնա, գնա, բան արա… տատու արա, էդպես ավելի լավ կլինի:
    - Սուրեն, խնդրում եմ, մի գոռա…
    - Չգոռա՞մ: Շրջվիր ու տուն անցիր, ես տանը կգոռամ ինչքան ուզեմ:
    Սեդան արցունքները հազիվ էր զսպում: Երբ արդեն շրջվել ու տուն էին վերադառնում, մեկը թիկունքից ձայն տվեց.
    -Սեդա՞, Սեդա, դու՞ ես:
    Նրանց առաջ կանգնած էր մոտ իրենց հասակակից, գուցե մի երկու տարով մեծ մի կին:
    - Այո, ես եմ, դուք ո՞վ եք:
    - Կնոջս որտեղի՞ց եք ճանաչում:
    - Ես եմ, Սեդա, ինձ չե՞ս հիշում:
    - Չէ, կներեք…
    - Ախր մենք շատ մտերիմ էինք, ինչքա՜ն ես մեր տանը մնացել, ինչքա՜ն եմ ես ձեր տանը մնացել… համարյա միշտ միասին էինք:
    - Սոնա՞…
    - Այ, բա ասում էիր չես հիշում: Չնայած դու ջահել ժամանակ էիր ցնդած, էլ ուր մնաց ահել ժամանակ:
    - Սոնա, միթե՞ դու ես:
    Ընկերուհիները գրկեցին իրար: Թվում է թե այդքան տարիների հեռավորությունը պետք է խորթացրած լիներ նրանց, իրականում հենց այդպես էլ կար, բայց այդ գրկախառնությունը անկեղծ էր: Պատկերացրեք, որ մի օր երբ կատեք ներկան, անցյալից, այն անցյալից, որը երբ ներկա էր չգնահատվեց, գալիս է ու ձեզ գրկում: Թվում է, թե նա հենց անցյալն է, որ կա, կորցված ժամանակը, թաց թողնված հնարավորությունները, չասված խոսքերը: Բայց երբ հասկանում ես, որ նա նույնպես հիմա ներկա է, ուղղակի եղել է քո անցյալում, ուզում ես ցույց տալ որ առանց նրա էլ ամեն ինչ հոյակապ է: Հասկանու՞մ ես, հպարտությունը թույլ չի տալիս խստովանել, որ մենք պարտվել ենք շա՜տ վաղուց:
    - Հըմ, ըհմ, ը՜հմ, կներեք, իհարկե, որ խանգարում եմ, բայց զուտ հիշեցման կարգով ասում եմ, որ ես այստեղ եմ:
    - Սա ո՞վ է, Սեդա:
    - Կներեք, չծանոթացրեցի: Սոնա նա իմ ամուսինն է՝ Սուրենը: Սուրեն Սեդան իմ մանկության ընկերուհին է և դասընկերուհին:
    - Ուրախ եմ, շատ ուրախ:- Սուրենը մեկնեց ձեռքը:
    - Նմանապես,- Սոնան կարծես տատանվում էր՝ սեղմել թե՞ չսեղմել ձեռքը, ի վերջո հաղթեց առաջին տարբերակը:
    - Սեդայի ընկերներից քչերին եմ հանդիպել:
    «Որտեղի՞ց հանդիպեիր, երբ ես իմ ընկերներին չեմ տեսել ինչ մատանիով ինձ քեզ եմ կապել: Անիծվեր էդ օրը»:
    - Դե, գիտենք որ բոլոր կանայք ամուսնանալուց հետո մոռանում են և ընկերներին, և ընկերներուհիներին: Չպետք է մոռանալ այդ գործում նրանց պահպանողական ամուսինների հսկայական ավանդը,- Սոնան ժպտում էր ցուցադրելով առողջ ու սեփական ատամները,- բայց իհարկե, դուք այն տղամարդկանցից չեք, որոնք իրենց դատարկ հայացքները կանանց վզին են փաթաթում: Աստված իմ, Սեդա, այդ ի՞նչ ես փաթաթել վզիդ, պարզապես սարսափելի է: Հանիր խնդրում եմ: Ի՞նչ է, մրսու՞մ ես:
    - Կինս դեռ չի ապաքինվել և շարֆը մնալու է այնտեղ որտեղ որ է:
    - Ա՜խ, հա,- Սոնան այնպես նայեց ընկերուհու ամուսնուն, ինչպես նայում է, մեկը ով ամեն ինչ հասկացել է, բայց նախընտրում է ցույց չտալ:
    - Իսկ դու չե՞ս ամուսնացել, Սոնա:
    - Ե՞ս… ջանիկս, ես բավականաչափ խելացի եմ, որպեսզի թույլ տամ գլխիս նստել: Իսկ դա, ինչպես գիտես, Ադամի ցեղին դուր չի գալիս: էլ ամուսնացած չեմ, բաժանվեցի:
    - Ահ, ցավում եմ:
    - Ցավու՞մ ես, ինչի՞ համար… ես ազատ եմ և երջանիկ ու մտադիր եմ վայելել ինձ մնացած տաս-քսան տարիները:
    - Չես փոխվել:
    - Չնայած դու դա ասում ես ինձ վիրավորելու, իմ թեթևսոլիկությունը երեսով տալու համար, ես դա ընդունում եմ որպես հաճոյախոսություն,- Սոնան ծիծաղեց, ծիծաղեց և Սեդան, իսկ Սուրենի դեմքից… հըմ… Սուրենը այնքան էլ գոհ չէր ընկերակցությամբ:
    - Սեդա, քաղցրիկս, մենք ուշանում ենք, երեխաները մեզ են սպասում: Մենք հաճույքով ձեզ կհյուրընկալենք,համեցեք երբ կամենաք: Ուղղակի հասկանու՞մ եք, այսօր մեր ամուսնության երեսուն ամյակն է…
    - Դու արդեն երեսուն տարի ամուսնացա՞ծ ես: Շնորհավորում եմ: Տա աստված մի երեսուն տարի էլ համատեղ ապրեք:
    «Մի անիծիր, խնդրում եմ»:
    - Ես խոստանում եմ անպայման այցելել ձեզ: Կգամ, կխոսենք, երիտասարդութոյւնը կհիշենք… Ի՜նչ օրեր էին: Հիշու՞մ ես, որ Արտակը քեզնից պոկ չէր գալիս:
    Աներևույթ մուրճը մի անգամ էլ Սուրենի գլխին իջավ:
    - Արտակը ո՞վ է:
    - Նա իմ եղբայրն է: ժամանակին խենթի պես սիրում էր Սեդային: Չնայած չեմ կարծում որ նման սիրուն ի զորու է հաղթել ժամանակը… Լավ, ես գնամ, չուշացնեմ ձեզ: Կարգին կուրախանաք:
    Ընկերուհիները այս անգամ էլ գրկախառնվեցին, խոցող հայացքներ փոխանակելով, ամբողջ դեմքը ողողած ժպիտներով հրաժեշտ տվեցին, հուսալով այլևս երբեք, եր-բեք չհանդիպել:

    Լռություն: Երկար ժամանակ ոչ քայլում, ոչ խոսում, Սեդան, որովհետև համարձակությունը չէր հերիքում, Սուրենը, որովհետև սրտի շրջանում ցավեր ուներ: Հետո ամուսինը առաջ շարժվեց, ու համաձայն հայկական ադաթների կինը հետևեց նրան:
    «Ինչու՞ չի խոսում: Սուրենից չի, հիմա սկանդալ սարքած պետք է լիներ: Գժվե՞ց…»
    Մի քանի քայլ էլ առաջ գնալուց հետո Սուրենը նստեց ծառի ստվերում դրված նստարանին, Սեդան հետևեց ամուսնուն: Պայծառ, արևշող օր էր, բայց թռչունների դայլայլը ասես սառել էր օդում լռության մեջ: Սուրենը խորը շնչեց, կարծես ցանկանալով կլանել գարնան ողջ թարմությունը, երիտասարդական այն կայծը, որ մայիսն ունի:
    - Սուրեն…
    էլի լռություն:
    - Սուրե՜ն…
    Ոչ մի պատասխան:
    - Սուրեն, մի բան ասա: Արդեն վախեցնում ես… հասկացիր այն ինչ Սոնան ասաց վաղուցվա, անհիշելի ժամանակների պատմություն է: Ես իսկի չեմ էլ տեսել Արտակին… ես իսկի չգիտեի էլ որ անունը Արտակ է, նոր եմ իմանում: Սուրեն, դե մի բան ասա, բարկացիր, գոռգոռա…
    - Սեդուլ, դու ինձ սիրու՞մ էիր:
    Սեդան հանկարծակիի եկավ անսպասելի հարցից:
    - Սուրեն, դա էլ հա՞րց է, եթե չսիրեի քեզ, կամունանայի՞:
    - Եսիմ, մարդ ես մեկ էլ տեսար:
    Սուրենը փակ աչքերով արևին էր նայում:
    - Իսկ հիմա՞,- Սուրենը անգամ աննշան չշարժվեց,- հիմա սիրու՞մ ես:
    Պատասխան չկար:
    - Ես քեզ ոչ մի անգամ չեմ աել որ սիրում եմ: Սերը դեռ այն ժամանակ էին մատի փաթաթան սարքել: Սիրում էին ֆլավը, պաղպաղակը, ամառը, Սևակին, Էլվիս Փրեսլիին, ֆուտբոլը… մի օր գուցե էլ պաղպաղակ չսիրեին, որովհետև պաղպաղակը իրացնում է, կամ էլ Փրեսլի չէին լսի, որովհետև էլ մոդա չէր լինի, փուտբոլն էլ նույն հաջողությամբ կգնար գրողի ծոցը: Սերը խախուտ էր: Ու ես չէի ուզում էդպես կոչել զգացմունքներս, որոնք բացարձակ էին, անկախ հաշվարկման համակարգից: Այն ինչ զգում էի երեսուն տարի առաջ այս օրը, զգում եմ նաև հիմա: Ու էլի վախենում եմ, էնպես ինչպես կվախենար չափազանց հարուստ մեկը ողջ ունեցվածքը հետը ման տալիս: Ինձ մոտ ոչինչ չի փոխվել…
    Երկինքում սկսել էին ամպեր կուտակվել: Պայծառ առավոտը խոստանում էր վերածվել անձրևոտ ու ցեխախառը կեսօրի:
    - Ես գիտեմ, որ քեզ շատ փակ եմ պահել…
    Լռություն:
    - Ես գիտեմ, որ հաճախ եմ սխալվել:
    - Համենայն դեպս դու միակ սխալվողը չես եղել, ես էլ քեզանից հետ չեմ մնացել:
    - Քչերը կդիմանային իմ նման ամուսնու կողքին:
    - Ես համամիտ եմ:
    Ծիծաղեցին: Ծերունական ծիծաղի մեջ մանկական պարզություն կա:
    - Ճիշտն ասա, Սեդուլ, ամոթին զոհ գնալո՞վ ես իմ կինը մնացել:
    Սեդայի փոխարեն պատասխանես առաջին որոտը ու կայծակի առաջին ճայթյունը:
    - Չէ…
    - Հապա ինչու՞ չբաժանվեցիր:
    - Այ տղա, ուզում ես բաժանվա՞ծ լինեի:
    - Չէ, ուղղակի հետաքրքիր է:
    - Չբաժանվեցի, ուղղակի, հենց էնպես… որովհետև…«Չասե՞մ, որ էս քոփակին շատ եմ սիրում»… որովհետև հետս էլ ոչ ոք չէր ամուսնանա, տանը կմայի,- Սեդան՝ չիմանալով խաբել, թեթևակի շիկնել էր, շարունակելով ժպտալ:
    «Դե ասեիր էլի, քեզանից ի՞նչ էր գնում»:
    - Քեզ էլ իմացա Սեդա ազջիկ:
    - Անձրև է գալու:
    Կարծես անձրևը սպասում էր, թե երբ է Սեդան կախարդական բառերն ասելու ցած թափվելու համար:
    - Եկավ:
    - Երեխաները հիմա մեզ են սպասում:
    - Իսկ մենք չենք գնա: էս անգամ էլ էսպես ենք նշելու… վաղը կգնանք վարսավիրանոց, բայց խնդրում եմ մազերդ կարմիր չներկես, ոչ էլ կանաչ… ու հանիր էդ շարֆը…
    Անձրևը հեղեղի նման թափվում էր, իսկ ծերուկները ոչ մի տեղ չէին շտապում:
    - Բայց, ասում ես էդ Արտակը ինչացու՞ էր…

  14. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    delicate (14.06.2015), GriFFin (15.06.2015), impression (11.06.2015), kitty (02.06.2015), Lusina (02.06.2015), Sambitbaba (07.06.2015), Աթեիստ (02.06.2015), Լոլիտա (02.06.2015), Վոլտերա (02.06.2015)

  15. #8
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,740
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    6. Սատանաբներ

    - Ահարո՞ն, - բղավում է կինը:
    - Ահարո՜ն, Ահարո՜ն, - ծամածռվելով կրկնում է չարքը ...
    Տատս ծեր էր, շա՜տ ծեր. ծաղկավոր տաք խալաթ էր հագնում ու նստում իր տան հին թախտին ՝ արեւոտ պատուհանի մոտ , շյուղերը ձեռքին քթի տակ երգում, ձեռքը դնչի տակ դրած քնում: Իր գյուղի բարբառը տասնյակ տարիներ պահպանում ու հենց այդ բարբառով էլ խոսում էր , երգում էնպե՜ս անուշ ու սրտամոտ , որ տունը միշտ ջերմ էր , արեւոտ՝ չնայած տատի ցավերին:
    Հոգսից կորացած տատս յոթ թոռ ուներ՝ ամեն մեկն աշխարհի մի ծայրին ծվարած, իսկ տատը ՝ իր բնում ՝ կապտաթույր ծեր ծիծեռնակի պես փետրահան էր լինում օր օրի:
    Տատիս սենյակը հնությունների հսկայական դամբարան էր . ուլունքից մինչեւ իր հարսի շորը , որը ինքն էր կարել: Հագնում էի ու հայելու մոտ հիանում, թե ի՜նչ
    մանրակրկիտ է ամեն ուլունք շարել, ամեն մի կար ի՜նչ խնամքով է կարել ու պահե՜լ, պահե՜լ, պահե՜լ:
    Տատը մահ էր կանխազգում ու խնդրում , որ իրեն հայրենի գյուղ տանեն ՝ բոլորից թաքուն...
    Առավոտյան ճամփա ընկանք. ճանապարհը հոգնատանջ էր ու զարհուրելի, բայց տատին հուսադրում էի, որ ուր որ է կհասնենք, քիչ է մնում, չնայած տասնյակ մղոններ դեռ կային:
    Գյուղը ավերակ էր դարձել . տատը արտասվեց ու մի կերպ բացատրեց իր հայրական տան տեղը, որից ժամանակը միայն հիմքն էր թողել, իսկ քոչվոր ցեղերը կահույքն ու իրերը գողացել – տարել էին :
    Նստեցինք մի տափակ քարի ու տատը մի հի՜ն, մոռացված պատմություն սկսեց պատմել, անհավատալի պատմություն, որը եթե հիմա չպատմեմ, անհետ կկորչի երկրի երեսից ու մոռացված պատմությունների սնդուկի մի անկյունում կուչ եկած կգնա պատմության գիրկը ...
    Սրանից գրեթե դար առաջ մեր գյուղերից մեկում հունձ անելիս գյուղի տղամարդկանցից մեկը շուրջպար բռնած «սեւ» մարդկանց է տեսնում. մոտենում է թե չէ, սրանք կորչում են , էլի հետ է գնում ՝ հայտնվում են ու պարում մի տարօրինակ շուրջպար:
    Սրանք պոզեր են ունենում, երկար պոչեր , ու ոչ այն է մարդու , ոչ այն է կենդանու մազածածկ: Ամենասարսափելին սրանց ոտքերն է լինում. թա՛րս. կրունկներն՝ առջեւից, թաթերը՝ հետեւից, ինչը սրանց քայլքը ճոճքի է նմանեցնում:
    Էն տեղը, որտեղ սրանց պարելիս տեսնում են , կոչում են Սատանաբներ. մինչ այսօր էլ գյուղի ժողովուրդը դա գիտի :
    Սատանաների ցեղը գյուղից ոչխար է գողանում, հավ, յուղ, միս, փռած լվացք, ու գյուղը որոշում է սրանց վերջը տալ :
    Գյուղի տարեցը՝ Սողոմոն պապը ամեն գիշեր տղերքից մեկին պահակ է կարգել ու ձեռքը մի զանգ տվել , որ հենց սրանց տեսնի , զանգը զնգացնի , գյուղի տղամարդիկ հավաքվեն , սրանց վերջը տան:
    «Սեւուկները» միայն գիշերներն են երեւացել . լույից վախեցել են ու անտառի խորքերում ողջ ցերեկը քնել :
    Գյուղի տղաներից մեկը մի օր սրանցից մեկին բռնելիս է եղել , բայց հասցրել է միայն պոչի ծայրը թռցնել : «Սեւը» զարհուրելի ճիչ արձակելով փախել է , ու երկար ժամանակ սրանք գյուղում չեն երեւացել:
    Գյուղը մի մարդու պես խաղաղվել է , անցել իր առօրյա հոգսին:
    Պոչը տարել են Տեր Թորոսի մոտ , Թորոսը նայել – նայել է ու զարհուրած գոչել, որ ոչ մարդ է, ոչ կենդանի. ինչ-որ այլ , գերբնական արարած է. թող բռնեն – բերեն, աղոթք կարդա , խաղաղվեն , կորչեն գյուղից:
    Մի գիշեր գյուղի տղաները անտառ փայտի են գնում: Շատ են խորանում անտառում ու բռնում սրանցից փոքրին , պարկն են գցում ու բերում – հասցնում վանք։
    Թորոսը աղոթում է թե չէ , սա կատաղում է , դուրս պրծնում տղաների ձեռքից , արձակվում Թորոսի վրա , քերծում , արնաշաղախ անում խեղճին ու փախչում՝ ձայնը գլուխւ գցած։
    Այս դեպքից հետո սատանաների ցեղը կատաղում է ու հարձակվում գյուղի տների վրա , կենդանիներին մորթում , տների տանիքները դոփում , երեխաներին վախեցնում , ամբարների մթերքը գողանում , բերքը թունավորում։
    Սովի ու տկարության է մատնվում գյուղը , խեղճանում , կուչ գալիս , մի բուռ դառնում։
    Գյուղի իմաստուն այրերից մեկը ասում է , որ եթե սրանց վրա ասեղ խրես ,կխելոքանան, կհնազանդվեն ։
    Հովիվ Ահարոնը մի լուսադեմի սրանցից մեկին տեսնում է հոտի կողքով ծլկելիս, վրա է պրծնում ու ասեղը խրում կողը ։ Չարքը հանգստանում է, խելոք նստում գետնին։
    Ահարոնը սրան իր տուն է տանում, ձրի աշխատացնում, ստրուկի պես հալումաշ անում։
    Մեկ էլ կտեսնես՝ գոռաց.
    - Ա՛յ սատանա, չարք ես, ինչ ես, հապա էն քարերը կրի՛, պատի տակ հո չի՞ մնալու։ Բա չե՞ն ասի, Ահարոնը ծույլ է , տա՛ր , տա՛ր , թեզ արա՛ , որ գոմը
    մաքրես ։
    Էսպես՝ շատ թե քիչ, մի օր սրա ասեղն ընկնում է, թե հանում են, դա ոչ ոք էլ չի իմացել...
    Ահարոնի կինը մառանում գործ անելիս է լինում, Պոչավոր – Պոզավորը գաղտագողի մոտենում է ու կնոջը տիրանում։
    - Ահարո՞ն, - բղավում է կինը։
    - Ահարո՜ն, Ահարո՜ն ,- ծամածռվելով կրկնում է չարքը։
    Էս դեպքից հետո գյուղը խայտառակությանը չի դիմանում. ամեն մեկն առնում է իր ընտանիքն ու փախչում գյուղից։
    Դատարկված գյուղը կուչ է գալիս , խեղճանում ու դառնում ամայի հողածածկ, որի կողքով անցնելիս խաչակնքում են։
    Տատը դողացող մատներով խաչակնքեց ու մրմնջաց.
    - Վե՛ր կաց, իրիկնաժամ է, սատանեքը ուր որ է կգան...

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (15.06.2015), impression (11.06.2015), Lusina (02.06.2015), Sambitbaba (07.06.2015), Աթեիստ (02.06.2015), Լոլիտա (02.06.2015), Վոլտերա (02.06.2015)

  17. #9
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,740
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    7. Helium

    Նախաբանից առաջ: Նախապատրաստում

    Ակումբցիների համար այդ քարանձավը չափազանց ցուրտ էր ու քարքարոտ: Նրանք սովոր էին բազմել այգիների, փաբերի կամ պարզապես ասֆալտի հարթ մակերևույթներին:
    Իրականում նրանք մի հսկայական բազմություն էին կազմում` զինվոր մրջույնների պես, հայտնվել էին քարանձավում շատ պատահական: Չէին տրորում իրար, չնայած որ տարածքը շարժվելու համար նեղ էր, նստելու համար` թաց, միմյանց երեսին նայելու ու ժպտալու համար` մութ, բայց ոչ այնքան մութ, որ երկու ակումբցի կարողանային մյուսներից թաքուն շոյել իրար: Նրանք բոլորը կանգած էին, ձգել էին ոտքերը, իսկ ձեռքերը դրել էին գրպանները ( նույնիսկ նրանք, ովքեր գրպաններ չունեին): Եթե քարանձավի ամենավերևի անկյունից դիտեիք, կտեսնեիք միմյանց միախառնված մազերի տեսականի` կարճ ու կոկիկ, երկար ու ոլորուն, երկար ու արդուկած, խուճուճ ու բրդե: Բոլորի մազերն իրար էին սերտաճել, ու եթե հնարավոր լիներ ճեղքել նրանց արանքն ու բարձրանալ վեր, կարելի էր պառկել, հենվել կամ փռվել մազերի մեջ: Ու նրանք նույնիսկ չէին էլ զգա, որ իրենց գլխավերևում խռմփացնում են ու աջուձախ շարժվում: Այդ օրն ակումբցիների բազմաթիվ գլուխներ միավորվել էին ու վերածվել մի ամբողջական գլխի. դա մի յուրահատուկ ու ծանր համադրություն էր: Մենք այդ արարածի անունը պայմանականորեն Հելիում կդնենք: Ու հետագայում, խոսելով ակումբցիների մասին, կդիմենք Հելիումի օգնությանը` որպես հավաքական մի կերպարի:

    Նախաբանը, որտեղ մանրամասնորեն ներկայացված է գլխավոր հերոսը

    Հելիումը կազմված է մեկ գլխից, որի վրա կան բոլոր ակումբցիների մազերից քաղվածքներ: Չնայած գլխային համեստությանը` Հելիումն ունի բավականին փարթամ մարմին, որն իր հերթին պարունակում է յուրաքանչյուր ակումբցուց մի մասունք: Սա բավականին գռեհիկ ու կոպիտ է հնչում, բայց հավատացած եղեք` Հելիումն ու ակումբային մասունքները կատարյալ են ու չծիծաղեք, նաև գեղեցիկ: Հելիումը երբևէ պատահած ամենահակասական շնչող մարմինն է, քանի որ նա.
    Շարժվում է օրիորդի պես` ոտքերն առաջ է դնում կոկիկ, քայլ առ քայլ, առանց շտապելու:
    Պարտադիր վերջում ձգում է ոտքը, որպեսզի ծալված չմնա:
    Ծխում է յոթանասունն անց կնճռոտ մարմնով պապիկի պես` խորը հոգոցներ հանելով, ծուխը ներս է քաշում ստիպված ու ծխի քուլաներ բաց թողնելուց հետո նայում է վերև (իսկ թե ում, գիտի միայն նա, ում նայում է):
    Ուտում է ուժերի ծաղկման շրջանում գտնվող, մեծ փորով ու ծանր շնչառություն ունեցող տղամարդու պես: Նա բուսակեր է շաբաթվա երկու օրը միայն, իսկ մնացած ժամանակ խժռում է միս: Նա ուտում է լուռ, երբեմն` աչքերը փակ, իսկ ամենավերջում` կերակրային օրգազմ ստանալուց հետո, խորը շունչ է քաշում, դեմքին հայտնվում է հիմար արտահայտություն: Ափսեն իր յուղոտ լեզվով մաքրելուց անմիջապես հետո պառկում է ու վայելում հետօրգազմային հաճելի պահը:
    Հելիումն աթեիստ է, չնայած նրան, որ շաբաթը երկու անգամ ( բուսակերության օրերին) այցելում է եկեղեցի, մոմ վառում, աղոթում նրան, ում նայում է վերև` ծխելուց հետո, դուրս է թափում երկու - երեք կաթիլ արցունք ու վերադառնում: Շաբաթվա մեջ չորս օր նա ագնոստիկ է, երեք ժամ` պանթեիստ, մի քանի րոպեով միայն սատանիստ, ժամանակ առ ժամանակ հարում է բուդայականությանը, երբեմն վայելում Դաո դե Ցզի, ու հազվադեպ էլ կարդում է ղուրանը: Այս ամբողջը եթե տեղավորենք շաբաթվա մեջ, կստացվի, որ աթեիստ նա ամենաքիչն է լինում: Բայց նա իր ողջ էությամբ է աթեիստ ու կարևոր էլ չի, թե ինչքան ժամանակ է հատկացնում դրան:
    Հելիումը հոմոֆոբ է գիշերները, երբ երազում տեսնում է, որ մի խումբ տղաներ իրար հետ տանգո են պարում: Այդ պահերին Հելիումը զգում է, որ ցանկություն ունի միանալու իրենց, ու հենց այդ ժամանակ է, որ անմիջապես դառնում է հոմոֆոբ, որպեսզի ցրի մտքերն ու կարողանա քնել, այն հույսով, որ գոնե մի անգամ կտեսնի աղջիկների տանգո:
    Եթե խոսեմ Հելիումի սեռի մասին, կսպառեմ յոթ հազար բառն ու սա կդառնա հոդված, այլ ոչ թե պատմվածքի նախաբան: Մի խոսքով Հելիումը սեռահասուն տղա է ու սիրահարված աղջիկ միաժամանակ, հղի կին է ու անհաջողակ տղամարդ, գերհոգնած տիկին է ու մաքուր գուլպաներով պրոֆեսոր:
    Ախ այդ Հելիումը. հոգեբույժ ու հոգեբան, ճարտարա և' պետ և' գետ, կենսաբան ( այն էլ` մո-լե-կու-լա-յին~) ու լեզվաբան, կայացած ոսկերիչ ու սկսնակ ֆիզիկոս: Գիտի html կոդերը, css, C ++, java script, քառասունից ավելի լեզու` գումարած նաև մեռած լեզուները, նվագում է հինգ թե վեց գործիքներով, ունի բավականին մեծ ձայնային դիապազոն` բաս, բարիտոն, տենոր, ալտ, սոպրանո, կարող է ինքն իրենով եռաձայն խոռ լինել:Բայց ամենաբազմազանը Հելիումի ալտեր էգոներն են. չէ՞ որ նա մի մեծ տակառ է` ակումբցիներով լի: Նա միաժամանակ հունական դիցաբանությունից հերոս է, միջնադարյան եկեղեցական, մեքսիկական բույս է, իտալական քաղաք, ինչ-որ մեկի տպավորությունն է կամ էլ ասենք երկրաչափական պատկերը, ինչպես նաև սատանա, մարգարե, հայրենասեր, գերմանական խումբ, մարդու ու գայլի համադրություն, պրոլետար, այլմոլորակային և վերջապես ազատ մարդ:
    Դրսինները երբեմն նախանձում են Հելիումին, ինչ անուն ասես, որ չեն կպցնում: Մյուսները ցանկանում են միանալ նրան ու դառնալ մարմիններից մեկը: Դա տեսականորեն այդքան էլ բարդ չէ: Պետք է ընդամենը հետևել Հելիումին, այնուհետև գաղտագողի մոտենալ ու, ինչպես կասեին վանաձորցիները, կպչել նրա մարմնին, իսկ սերտաճումը լինում է ժամանակի ընթացքում: Հելիումը սկզբնական շրջանում զգում է, որ օտարածին մարմին է հայտնվել իր օրգանիզմում, բայց շատ շուտով համակերպվում է դրան: Պարզապես ամեն անգամ նոր մարմին իր մոտ ընդունելուց հետո նա ծանրանում է, ու այդ փաստն իրեն մի թեթև նեղում է: Չէ՞ որ նա օրիորդի պես պետք է շարժվի:

    Պատմվածքի սկիզբ: Այն, որը հաջորդում է նախաբանին:

    Քարանձավի լույսերը վառվեցին: Պարզվեց, որ դա բնական քարանձավ չէ, այլ այսպես կոչված փաբ-քարանձավ: Լույսն ընկավ ուղիղ ակումբցիների աչքերին: Նրանք վեր թռան:
    Նայեցին շուրջբոլորը. մի քանի փոքրիկ բարձ, աթոռ ու դատարկ թղթեր: Առաստաղը տաս փոքրիկ ու կլոր հայելիներով էր զարդարված: Նրանք նայեցին վեր ու մի քանի վայրկյան պահանջվեց հիշելու համար, թե ովքեր են ու ինչի համար է այս հավաքը: Հետո նայեցին իրար, յուրաքանչյուրը բարձրացրեց իր ունքերից մեկը, կողքի թեքեց բերանը ( այդպես անում են չափազանց մտածկոտ մարդիկ) ու գոռաց.
    - գըըըըրողը տանի, մրցու'յթը

    Երկու շաբաթ առաջվա հայտարարություն

    Պատանեկան գրական մրցույթը տեղափոխվում է քարանձավ: Ժյուրիի անդամները այնտեղ երեք օր սոված մնալուց հետո պարտավոր են կարդալ մրցույթին ուղարկված գործերն ու գնահատել դրանք: Գործն ավարտին հասցնելուց հետո միայն նրանք կստանան ուտելիք, ջուր ու այնտեղից դուրս գալու հնարավորություն: Արգելվում է երեք բան` մոտենալ աջում գտնվող դռանը, պատմվածքները կարդալուց հրել միմյանց ու զրուցել սեքսից, քաղաքականությունից ու կրոնից: Ստուգված պատմվածքները հանձնել քարանձավը հսկող անձնակազմին:

    Սիրով` քարանձավը հսկող անձնակազմ

    Վերադարձ քարանձավ

    Ակումբցիները նայեցին աջում գտնվող դռանը: Կապույտ ու փայտե դուռ էր, ոչ կողպեք ուներ, ոչ էլ բանալու անցք: Ինչ-որ տագնապ կար այդ դռան հետևում: Բայց ժամանակ չկար մտածելու այդ մասին: Վաղուց պետք է գործի անցնեին:

    Երկխոսություն, որը պարունակում է մի քանի կոչական ու շփոթմունք


    - Բյուր, Գալ, արագացրեք, կոկորդս չորացել ա արդեն: Բացեք թղթերը
    - չեմ գտնում, պետք ա որ սեղանին լինեին ( հիշեցում, որ տարածքում սեղան չկար)
    - կողքերդ նայեք
    - աթոռի տակ
    - առաստաղի մեջ
    - բարձերի տակ, բարձերի մեջ
    - գուցե բարձերի վրա՞
    - Արէա'
    - Գալ
    - Այվ
    - դուռը
    - խնդրում եմ, միայն ոչ դա
    - Լիզ
    - Արէա~
    - Արէա՞...
    Բոլորը նայեցին ներքև` բարձերին, որոնք կանոնավոր շարժվում էին:
    - շնչող բարձեր՞,- մեջբերեց Գալը
    - հոգոց հանող բարձեր, - պնդեց Աթեիստը
    - հոգեվարքի մեջ գտնվող բարձեր,- հոգոց հանեց Բյուրը
    - Արէային կուլ տված բարձեր,- մռթմռթաց Արէան ու բարձերի միջից դուրս հանեց նախ աջ ոտքը, ապա ծունկը, այնուհետև արմունկը, ուսը, վզի աջ հատվածը, բերանը, քիթը: Բոլորը սպասում էին աչքերի երևալուն: Բայց փոխարենը տեսան դուրս եկած բռունցք, որն իր մեջ պահել էր մի քանի գրոտած թուղթ:

    Գործի սկիզբը, որտեղ Ռուֆուսը....... է:

    Ժյուրին անցավ գործի: Միմյանց հրելով բացեցին թղթերը: Ընդամենը տասը ստեղծագործություն էր: Բոլորը շունչ քաշեցին: Մի քանի րոպե տևեց, մինչև կարողացան իրար մեջ բաժանել թղթերն ու փռվեցին քարանձավի հատակին:
    Յուրաքանչյուրին բաժին ընկավ մի պատմվածք: Քարանձավի լռության մեջ շուտով լսվեցին քթի մեջ սվսվացող ձայներ, որոնք արագ-արագ փորձում էին աչքի անկացնել գրված տողերը: Այդ սվսվոցները, նվնվոցներն ու մռթմռթոցները այսպիսի տեսք ունեին.

    Կառքում ավելուկով սոուսի հոտ էր տարածվել, կարծես թե ներսում խժռում էին ինչ-որ մեկի անմեղ կերակուրը ....դա մի լխպոր կատու էր` ականջները ցից ու ոջլոտ.....ավելուկի հոտը խառնվեց ժանգի ու արյան հոտի հետ` փչացնելով նրա ախորժակը..... դա պետք է որ նրա հայրը լիներ....ես գերեզման չունեմ, ես աղքատ եմ.... նրանցից ամենամեծը տեսավ թռչող ափսեն իրենց խոհանոցի առաստաղին պտույտներ գործելուց....տիկնիկի ուսերը կպել էին վզին` իր տիրոջ պես..... չնայած գլխային համեստությանը, Հելիումն ուներ բավականին փարթամ մարմին... Այս վերջին տողը պարունակող պատմվածքը բաժին էր ընկել Ռուֆուսին: Նա քորեց դունչը, ևս մի անգամ բարձրացրեց ունքերից մեկն ու շարունակեց կարդալը.

    Հելիումը սեռահասուն տղա էր ու սիրահարված աղջիկ միաժամանակ

    Ռուֆուսը հուզվեց: Զգաց, որ քրտնել է: Հանեց վերնաշապիկն ու փորձեց առաջ գնալ.

    Դրսինները երբեմն նախանձում էին Հելիումին, ինչ անուն ասես, որ չէին կպցնում

    Ռուֆուսը նայեց աջ կողմում գտնվող դռանը: Դուռը կարծես թե շարժվում էր: Դա դուռ չէ, անցավ Ռուֆուսի մտքով: Փորձեց չշեղվել ու շարունակեց կարդալը.

    Քարանձավի լույսերը վառվեցին: Պարզվեց, որ դա բնական քարանձավ չէ, այլ այսպես ասած փաբ-քարանձավ


    Ռուֆուսը տագնապեց: Հնարավոր չէ: Ինչ-որ մեկը խաղ է անում իրենց հետ: Թուղթը թերթեց, որ տեսնի` շա՞տ է մնացել այդ անիծյալ պատմվածքին: Զգաց, որ թուղթը կպել է մատներին, իսկ ներքևի տողերը մշուշի մեջ էին: Հասկացավ, որ ստիպված է ոչ մի տող բաց չթողնել, որպեսզի կարողանա ավարտին հասցնել:

    Արգելվում է երեք բան` մոտենալ աջում գտնվող դռանը, պատմվածքները կարդալուց հրել միմյանց ու զրուցել սեքսից, քաղաքականությունից ու կրոնից:

    Ռուֆուսը հենվեց պատին, ձեռքով մաքրեց ճակատի քրտինքը, նորից նայեց դռանը` մի փոքրիկ ճեղք էր առաջացել: Նայեց թղթի վերջին տողին.

    կապույտ ու փայտե դուռ էր, ոչ կողպեք ուներ, ոչ էլ բանալու անցք: Ինչ-որ տագնապ կար այդ դռան հետևում:

    Ռուֆուսը վերջին անգամ նայեց դռանը: Ճեղքից հնարավոր չէր ինչ-որ բան տեսնել, սակայն ճեղքը մի գլուխ լայնանում էր: Հանկարծ նկատեց, որ մի կլոր, մարմնի գույն ու երկու անցք ունեցող քիթ է երևում, որը կամաց-կամաց մեծանում է, առաջ գալիս ու վերածվում դեմքի:
    Ռուֆուսի աչքերն արդեն փակվում էին, նա չէր կարողանում շնչել: Վերջին անգամ նայելով ճեղքին` նկատեց մի շատ ծանոթ դեմք` կլորավուն, ակնոցներով ու բարի հայացքով:
    Ռուֆուսը ցանկացավ ժպտալ ու բարևել իր հին ծանոթին, սակայն զգաց, որ վերջինիս բարի ժպիտը փոխարինվեց հեգնանքով ու մի չար արտահայտություն ստացավ: Ակնոցավորը ցուցամատը մոտեցրեց շրթունքներին, ճեղքի միջից նայեց իրեն կորցրած Ռուֆուսին ու կարողացավ արտաբերել.
    -սսսսսս
    Ռուֆուսը վերջնականապես ընկավ գետնին ու.... անհետացավ: Ակումբցիները զբաղված էին գնահատելով ու չնկատեցին Հայկի անհետացումը ( երբ ակումբցին ընկնում է հատակին ու անհետանում, անմիջապես կորցնում է իր ակումբային անունն ու վերածվում մահկանացուի): Այժմ կարող եք մի փոքր վերև գնալ և այն բազմակետերի փոխարեն ինքներդ լրացնել.

    Գործի սկիզբը, որտեղ Ռուֆուսը անհետանում է:

    (շարունակելի)
    Վերջին խմբագրող՝ ivy: 04.06.2015, 10:53:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (15.06.2015), Lusina (02.06.2015), Sambitbaba (09.06.2015), Մուշու (05.06.2015)

  19. #10
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,740
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    (շարունակությունը)

    Պատմվածքի այն հատվածը, երբ ժյուրին նկատում է իրենցից մեկի բացակայությունը

    Այդ ժամանակ Թայգերը մատիտն էր կրծում, Այվին ինքն իրեն հով էր անում թղթերով, Բյուրը բարկացած այսուայնկողմ էր շարժվում, Արէան ինչպես միշտ փռված էր բարձերի վրա, իսկ մյուսները շարքային գործերով էին զբաղված: Նրանք վերջացրել էին պատմվածքների ընթերցումը, երբ նկատեցին գետնին ընկած տարօրինակ թուղթը: Քարանձավի արհեստական լույսն ընկել էր թղթի կենտրոնական մասում մեծ-մեծ տառերով գրված Հելիումի վրա: Լույսը թարթում էր, Հելիումն էլ հետը:
    - սա՞ ինչ է,- թուղթը բարձրացրեց Աթեիստն ու գուշակեցիք արդեն, բարձրացրեց նաև ունքերից մեկը:
    Ժյուրին հերթով աչքի անցկացրեց կասկածելի քիմիական անունով պատմվածքը, սակայն բացի Հելիում բառից, ուրիշ ոչինչ պարզ չէր երևում: Հետո մի պահ բոլորը քարացան, նայեցին թղթից այն կողմ ընկած շորերի ու կոշիկների կույտին: Ու բոլորի կոկորդից դուրս եկավ նույն արտահայտությունը, կարծես թե նախապես պլանավորել էին միասին արտասանելու.
    - Ռռռռռուֆուսը
    Բյուրը նայեց դռանը: Առաջվա պես փակ էր` առանց կողպեքի կամ բանալու անցքի: Առաջին անգամ նա վախ զգաց ու մեծ ցանկություն ունեցավ դուրս պրծնելու այդտեղից:

    Ո՞ւր անհետացավ Ռուֆուսը: Իսկ ավելի ճիշտ որտե՞ղ հայտնվեց և ու՞մ տեսավ

    Թրթռալով երկու աչքեր բացվեցին: Ձախն` ավելի շուտ: Տեղանքում կիսամութ էր: Հայկը սառնություն զգաց ու արյան հոտ: Ձեռքը տարավ դեմքին ու հասկացավ, որ արյունն իր սեփական քթից է: Ջրի չլմփոց լսեց: Մի քանի րոպեից տարածքը լուսավորվեց` այս անգամ բնական լույսով: Սարսափած նայեց շուրջը. քարանձավում էր, իսկական քարանձավում:
    Դա մի կրաքարային դատարկ խոռոչ էր` սուր ելուստներով: Հայկը ծանրություն զգաց, կարծես թե ինքն էր իր մեջքին պահում քարանձավը, այլ ոչ թե հակառակը: Զգաց, որ մենակ չէ: Ինչ- որ մեկը հետևում էր իրեն:
    - հելիում՞,- ծիծաղեց Հայկը: Դա ավելի շատ անհուսության ծիծաղ էր: Նորից կրկնեց այդ անունը: Նորից ու նորից կրկնեց տարբեր հնչողությամբ, տարբեր լեզուներով, անգամ քիմիական նշանով դիմեց: Մեջքի վրա պառկեց, ձեռքերը դրեց աչքերին, ոտքերով սկսեց քարանձավի հետ հեծանիվ խաղալ ու այլ տարբեր դիրքեր ընդունեց, որոնց ժամանակ չէր դադարում կրկնել.
    - հելիում, հե~լիում
    - զզվեցրիր արդեն
    Հայկը վեր թռավ: Մի՞թե այո: Դա իր ձայնը չէր: Վերջին բառերն ասողը նա չէր: Բայց դրանք իրեն շատ ծանոթ թվացին, այնքան հարազատ էին, որ կասկածեց` գուցե իրոք իր ձայնն է: Ինչ-որ մեկը կամացուկ, ոտնաթաթերի վրա մոտեցավ Հայկին, երկու մատները մոտեցրեց աչքերին, տրորեց դրանք ու կանգնեց ուղիղ դիմացը: Հայկը նայեց եկվորին, հիշեց դռան ճեղքում երևացող դեմքը, ակնոցները, հեգնանքի արտահայտությունն ու վերջին պահին արտաբերած սսսսսս-ն:
    Չուկն էր: Հելիումի նախագծողն ու տերը:

    Մի փոքրիկ խոստովանություն

    - Հայկ, վերցրու սա: Հագնվիր, կմրսես: Լսիր, կներես, որ քեզ վախեցրի այն դռան ճեղքից: Ես հատուկ այնպես արեցի, որ դու վախենաս ու հայնտվես այստեղ: Դռան ճեղքից միայն իմ գլուխը երևաց, բայց ես այնտեղ մենակ չէի: Ինձ հետ էր Հելիումը: Ու դա բնավ էլ դուռ չէր, այլ փոքրիկ վահանակ դեպի վիրտուալ ակումբ: Ձեզ այս երեք օրվա մեջ հետևում էին բոլոր ակումբցիները: Ինչպե՞ս չկարողացաք նկատել դա, ինչ է չէ՞իք լսում մեր ձայները:
    Քարանձավը հսկող անձնակազմը մենք էինք: Երկու օրը դուք անցկացրիք քնելով, փռվելով գետնին, զրուցելով ու ողջ գործը վերջին օրվան թողնելով: Վերջին օրը զարթնեցիք շատ ուշ, անգամ չէիք հիշում, թե որտեղ են դրված թղթերը: Ձեզ մի կերպ համոզեցիք ու անցաք գործի: Հայկ, մի դողա, լսիր ուշադիր: Չէ որ նախապես տասդ էլ ստորագրել էիք ու համաձայնվել այդ պայմանին: Դուք բոլորով ասացիք` ի՞նչ է որ, երեք օր է, աչքերս կթարթենք, կանցնի:
    Չուկը լռեց: Խորը շունչ քաշեց ու շարունակեց.
    - Ես Հելիումին պատահաբար չեմ ստեղծել: Դա մտածված քայլ էր` միավորելու իրար բազմաթիվ մարմիններ ու մեկ ամբողջական բազմակողմանի զարգացած մարմին ստանալ: Դա մեզ բոլորիս էլ պետք էր: Հիշու՞մ ես նախաբանից առաջ նկարագրված քարանձավը, որտեղ ակումբցիները զինվոր մրջյունների պես շատ էին ու իրար գլխի հավաքված: Այդ ժամանակ դեռ Հելիումը չէր ստեղծվել: Այդ ժամանակ նրանք առանձին էին ու պատրաստվում էին միավորվելու: Հետո եկավ Հելիումին նկարագրելու պահը: Երկու ժամ միայն ծիծաղում էի, երբ կարդացի այդ հատվածը:
    Չուկը ժպտաց:
    - Զարմացած ինձ ես նայում, Հայկ: Հիմա այն ինը փաբ-քարանձավում մեռնում են սովից ու սպասում, թե երբ են ազատելու իրենց: Երևի մի տաս անգամ կարդացել են պատմվածքները` ձանձրույթը ցրելու համար: Հիշիր` կրոնից, սեքսից ու քաղաքականությունից խոսելն արգելվում է: Պարզ է, չէ՞, որ ձանձրալի կլինի: Ու հավանաբար մի քանի անգամ արդեն գնահատել են պատմվածքներն ու սպասում են: Ոչ մեկի մտքով չի անցնում կոտրել փայտյա դուռը: Կամ դուրս գալ ուրիշ ճանապարհով, ասենք կոտրել առաստաղը, հատակը: Նրանք ոչ մի քայլ չեն անում այդտեղից դուրս պրծնելու: Այլ սպասում են բարի դեմքով մարդուկին, որ գա ու հանի իրենց:
    - Չուկ, դադարեցրու: Այնպես արա, որ նրանք էլ այստեղ հայտնվեն: Հետո բոլորով տուն գնանք: Հոգնեցնող է այս ամենը
    - Սպասիր մի քանի րոպե: Քանի՞ պատմվածք է եկել
    - Տասը
    - Քանի՞սն եք հավանել
    - Չգիտեմ, ես հասցրի միայն մեկը կարդալ: Ու նույնիսկ չհասցրի գնահատել
    - գիտե՞ս ինչ, Հայկ:
    Չուկը վարանեց խոսել
    - Հմմմ
    Չուկը շարունակեց վարանելը
    - Դուք իրականում խախտել եք պայմաններից մեկը` չէր կարելի հրել միմյանց
    - Չէր կարելի հրել միմյանց պատմվածքները կարդալիս,- մեղմ խոսեց Հայկը
    - Ոչ, դու հորինեցիր դա: Չէր կարելի հրել միմյանց ու վերջ: Ինչպե՞ս կարող ես հակառակն ապացուցել
    - Բայց դա գրված էր: Հայտարարության մեջ
    - Հայտարարությա՞ն: Այն մեկը, որը պատմվածքի մե՞ջ էր: Ինչպես կարող ես ինձ ցույց տալ այդ հայտարարությունը, եթե դա գրված էր միայն այն վերջին պատմվածքի մեջ, որը Հելիումի մասին էր պատմում: Իսկ այդ պատմվածքը քեզ մոտ չէ, թողել ես այն մյուս քարանձավում: Մոռացա՞ր, ինչ է
    - Սրիկա ես
    - Ներիր, բայց ստիպված եմ այդպես վարվել: Հելիումը ծանրացել էր վերջին շրջանում, այլևս չէր կարողանում շարժվել, մոտը ստամոքսային խնդիրներ էին առաջացել, մազերը սպիտակել էին, շնչառությունը` վատացել: Բժիշկն ասաց, որ հերիք է ընդամենը տասը մարմին պոկել վրայից ու ամեն ինչ առաջվանը կլինի: Ես չէի ուզում, որ այդպես լիներ:
    - Հենց մե՞զ պետք է ընտրեիր, հա՞:
    - Երբ Այվին հայտարարեց մրցույթն ու դուք անմիջապես համաձայնվեցիք ժյուրի լինել, ես հասկացա, որ դա հիանալի առիթ է: Դուք եք Հելիումի ամենածանր մարմինները: Ձեզնից ազատվելով` ես կլուծեմ բազմաթիվ խնդիրներ, Հելիումն առաջվա պես կկարողանա օրիորդի պես շարժվել, հանգիստ շնչել, ժամերով սոված մնալ ու ստամոքսում չունենալ ոչ մի ցավ:
    - հիմա ի՞նչ է պատահելու
    - Ոչինչ, Հայկ: Դեպի ակումբ մուտքը փակվում է ձեզ համար ընդմիշտ: Կգնամ այնտեղ, կվերցնեմ դռան տեսք ունեցող վահանակն ու Հելիումի հետ միասին կվերադառնամ:
    - Իսկ մենք՞
    - Այն ինը կմնան քարանձավում, աստված իրենց հետ: Թող տեսնեն իրենց գլխի ճարը: Դու կմնաս այստեղ` իսկական քարանձավում: Կարող ես դուրս գալ, անհնար չէ դա: Մի քանի օր շարունակ առաջ քայլիր, հետո թեքվիր աջ ու կտեսնես ելքը:
    - Սպասիր Չուկ
    - Ի՞նչ է
    - Սրիկայություն է արածդ: Ես Հելիումին վարի կտամ: Կտեսնես: Մենք, տասով: Հո ընդմիշտ փակված չենք մնալու
    Չուկը ակնոցի տակից տրորեց աչքերը, վերջին անգամ ժպտաց, մի թեթև հազաց ու վերջնականապես անհետացավ:

    Պատմվածքի վերջը. Օրեր անց

    Թեմա. Պատանեկան գրական մրցույթ
    Ակումբցի- Ժող՞, էս մրցույթն ինչ եղավ: Այվ՞ :/
    Թեմա. Կորած ակումբցիներ
    Ակումբցի- Ռուֆուսը չկա էս քանի օրը: Խաբար ե՞ք ինչ ա եղել: Մանու, դու էլ տեղյակ չե՞ս
    Ակումբցի 2- Հա, Բյուրն էլ չկա: Ի՞նչ ա կատարվում
    Ակումբցի 3- Ժող, բա Չուկը: Չու՞կն ուր ա ...
    ...
    Հելիումի վիճակը գնալով ծանրանում է: Վաղուց արդեն ստամոքսի խոց ունի, ցածր ճնշում, գունատ է ու դողում է: Կործանման եզրին է:
    ...

    ***
    Վերջաբան

    Կներեք, որ այդքան էլ պատմվածքի տեսք չունի: Վաղուց ցանկություն ունեի այսպիսի բան գրելու: Հուսով եմ իրականում Չուկը Հելիումից երբեք չի փորձի միանգամից մի քանի մարմին պոկել: Եվ իհարկե կներեք ավելորդ ծաղրի համար:

    Ու չհարցնեք՝ ինչո՞ւ հենց Հելիում:
    Վերջին խմբագրող՝ ivy: 04.06.2015, 11:06:

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (15.06.2015), impression (11.06.2015), Lusina (02.06.2015), Sambitbaba (09.06.2015), Աթեիստ (02.06.2015), Մուշու (07.06.2015)

  21. #11
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,740
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    8. Ճանապարհի սերը

    Սարսափելի է, երբ առավոտյան արթնանում եմ,աչքերս չեմ ուզում բացել, վեր կենալ, մանավանդ ոչ մի հետաքրքիր բան չեմ սպասում այդ օրվանից,իսկ առօրյա պարտականություններս գորշ պատի նման կանգնում են առջևս: Կամ ինչ-որ հաճելի զգացում՝ երեկվանից մնացած, ձգում է ինձ, և ես վախենում եմ այն կորցնել ու կրկին փակում եմ աչքերս: Այնուամենայնիվ արթնացա:
    -Բարի լույս, ինչպե՞ս ես…
    Կանգնեցի հյուրասենյակի պատուհանի առաջ:Պատուհանը բացել էր աշխարհի կողերը, իսկ ես հայացքով գրկում էի այդ աշխարհն ու խտուտ տալիս:
    Փողոցի ասֆալտը սևացավ:Սև փայլուն ասֆալտին ոչ մի հետք:Դուռ-լուսամուտ փակ:Ահա՛ թե որն է սարսափելին:Ահա՛ թե ինչ է աշունը:Նոյեմբերի վերջին օրերն էին:Ես զանգ չեմ տա քեզ:Չնայած ուժեղ աշուն է:
    Զանգ:
    Նետվեցի դեպի հեռախոսը,սայթաքեցի և խոսափողը ձեռքս՝ նստեցի հատակին:Վահանն էր:Ասում էր՝ երեկոյան իրենց տանն էին հավաքվելու:Ներկա կլինի մի նոր աղջիկ,որ <<կախարդական աչքեր ունի>>:Վահանը,չգիտես ինչու, համոզված է, որ կսիրահարվի վերջապես:
    -Իսկ Ս-ն:
    -Ի՞նչ Ս:
    -Քո:
    -Ինչու՞ իմ:
    -Իսկ ու՞մ:
    -Համենայն դեպս ոչ իմ:Չուշանաս:
    Դասերից հետո հաճելի է լողանալ,հարդարվել,զգեստավորվել տոնականորեն:Մանավանդ ինձ խտուտ էին տալիս նոր,անակնկալ հանդիպումներ:
    Հեռախոս:
    Այլևս անտարբեր եմ:Չեմ սպասում:Ոչինչ չի մնացել:Բայց սիրտս ինչու՞ է զգացնել տալիս իրեն:Մի՞թե այդքան տևական է պայմանական ռեֆլեքսը:
    Հաջորդին անպայման կզանգի Արիսը:Ես այլևս չդիմացա.իմ պարզ դեմքին ճպճպում էին արցունք երկնած աչքերս:
    7:50(երեկո)
    -Մերի՛:
    Ձեռքս պարզեցի և ուղիղ աչքերիս մեջ նայեց շագանակագույն մեծ աչքերով,մոխրագույն գեղեցիկ զգեստով բարալիկ մի աղջիկ:
    Վահանը շահեց:Աչքերն ուժեղ էին,անունը՝ հետաքրքիր:
    Տեղավորվեցի բազմոցին,Մերին նստեց իմ դիմաց՝ Վահանի մոտ:Գինու բաժակի հետ խաղալով՝ Վահանը Մերիին պատմում էր մեծ գրողների մասին:Նայեց ժամացույցին,ասաց,որ հենց հիմա ռադիոյով Բեթհովենի համերգը պիտի լինի:
    Թեթև երաժշտության համերգը ոչ մի կերպ չէր վերջանում:Վահանը ծեփվել էր ռադիոյին:Րոպեներ անց նա հուզված մոտեցավ սեղանին.
    -Իսկականից մեծ մարդ է այդ մարդը:Չգիտեմ՝ ով ինչպես կընկալի,այսինքն՝ ինչպես ուզում է,թող ընկալի,ես սրտանց սիրում եմ նրան:
    Պարում էին:Ինձ թվում է՝ Վահանի բնավորության մեջ կա մի առավելություն՝ հետ չմնալ ոչնչից:Ոտքից գլուխ ինքնավստահություն դարձած՝ Վահանը ենթարկեց Մերիին:Պարում էին գեղեցիկ:
    Անբացատրելի ցանկություն առաջացավ մեկ-մեկ փորձել սենյակի բոլոր լույսերը՝ պատի ջահակալները:Միանում էին անմիջապես,առանց մերժելու:Մի լամպը պայծառ էր լուսավորում,մյուսն՝ ավելի համեստ:Նստեցի ռադիոընդունիչների առաջ,որ բաց չթողնեմ ոչ մի աղմուկ:Դա աշխարհն էր ապրող:Ես մենակ չէի:Ես ամենուրեք էի,ես գրկում էի ամբողջ աշխարհը:Մոնտե Կառլոյից երգում էր Շառլ Ազնավուրը:Մոտեցավ Վահանը:
    -Ուրեմն այստե՞ղ ես:Դողում ես:
    -Հա,իսկ դու ի՞նչ էիր կարծում:
    -Հմմ…ոչինչ:
    -Գիտե՞ս՝ վաղաժամ կենսափորձս ինձ արդեն ձանձրացրել է,ուզում եմ մի կյանք,որտեղ ժամերը հոսեին շարունակական սրտազեղումների մեջ:
    -Դե վերջ տուր:Գնանք:
    Ես հրաժեշտ տվեցի ու հեռացա:Նեղվեցի ինձ վրա գամված հայացքներից:
    …Փողոցի ժամացույցը ևս երկու րոպե ցատկեց առաջ:Ցուրտ էր:Ձմեռը մոտ էր:Շները հորանջում էին ցրտից ու անքնությունից:Քաղաքը շարական էր կեսգիշերվա շուրթին:
    Այնքան էի ուզում տեսնել Արիսին:Կարոտել էի վիրավորված ինքնասիրությամբ թերթի չորրորդ էջը սերտողին:Կարոտեցի,թեև գիտեմ,որ Եվրոպան և աշխարհի մնացած մասերը զառիթափ են ապրում ինչ-որ կարևոր մի կետում,որից այն կողմ դատարկություն է:Մայթերը գլորվեցին ոտքերիս տակ և վախով մեխվեցին հանկարծ քո առաջ:
    -Հանդիպումներ կան,ու կան շփոթված հայացքներ:
    Դու կարմրած աչքերով նայեցիր ու ասացիր.
    -Ես աղմուկ լսեցի,ես կարծեցի՝ բան է պատահել:
    Մեկիս չոր մատներում սպասման կրակը հանգել էր,մյուսիս երակներում վազում էր:
    -Գիտե՞ս՝ ես մտածում էի,որ քո կանգառը դեռ չեմ հասել,բայց հասնելուց հետո չգիտեի,թե ինչ կանեմ:Գուցե ինձ այլևս չգրավեին կողքի սրճարանի նորաձևությունն ու փափուկ նստարանները,նոր եփած սուրճը…Մենք երբեք դա չենք զգում,երբ առողջ ենք:
    Մարդ երբեմն իրեն-իրեն զարմանալի հետևությունների կարիք է ունենում:Դա կարծես թե լուսավորում և հեշտացնում է կյանքը:Դա շատ բան զգալու և միայն քչի տեր լինելու հակասությունից է:Եվ նրանից,որ ուղեղը,մարդու ուղեղը մշտապես տենդում է:
    Մենք հենվել էինք իրար,որ մինչև ինչ-որ որոշակի պահ զգանք միմյանց մարմնի կենդանի ջերմությունը:Ես ատում էի զգացմունքներս,որոնք կաղ էին,անխելք,անթռիչք ու բթացած:Անմարմին,դողացող,արյունոտ զգացմունքներս:
    Փողոցով անցող բեռնատարի չխկոցը լռեց:Արթնացան քո բթացած լսողությունը,տեսողությունն ու միտքը:Ես որսացի արթնացած հայացքդ դեպի ինձ:
    Կյանքի բեռնատարը շրջվեց,խլացավ:
    ___________

    Առավոտյան կանուխ արթնացա:Կանգնեցի տաք ցնցուղի տակ,նախաճաշեցի,տնից դուրս եկա:Տրանսպորտը սովորականի պես լիքն էր,որոշեցի ոտքով իջնել:Վահանին պետք է հանդիպեի:Ժամանակ դեռ կար,որոշեցի գրադարան գնալ:
    Նայեցի հատակից առաստաղ ձգվող գրքերով լի պահարանին:Գրքերից մի քանիսը ճանաչեցի գույնից ու չափսերից:Եվ ես,իհարկե,ուրախացա՝ ոչ մի կերպ չնկատելով Լոնդոնի՝ աչքիս այնքա՜ն ծանոթ հատորյակը:Համենայն դեպս,եթե այս գրքերի տասներորդ մասն էլ կարդացած լինի Մերին,ուրեմն Վահանը շահեց:
    Տան լուսամուտի գոգին հենվել էր Մերին,և լսվում էր Գրիգի <<Լուսաբացը>>:Երևաց Վահանը:Ժպտացին:
    …Երեքն անց էր:Տուն պետք է գնայի:Երկուսն էլ վեր կացան իմ պատճառով:Չնայած զգուշացրի,որ տուն պիտի գնամ և չեմ շրջելու իրենց հետ այսօր:
    Ավտոբուսում ուղևորները շատ չէին:Գլուխս հանեցի պատուհանից:Քամին զարկում էր երեսիս:
    Տուն հասա:Ուտելու ախորժակ չկար:Թե՞ տրամադրություն:Սառնարանից հանեցի շաքարավազով ելակ,կաթ լցրեցի վրան ու սկսեցի խմել:
    Խմեցի:
    Հետո՞:
    Աշխարհը եկել,նստել էր տան մեջ և նեղացել էր այնքան,որ մի անզգույշ բառից կարող էր ճաքել:
    Գրքերի պահարանում ձայնապնակները կանգնած էին նիհար-նիհար,մոտ-մոտ,մոռացված:
    Մենդելսոն.կոնցերտ ջութակի համար նվագախմբի հետ:
    Հեռախոս:
    Արիսն էր.
    -Ի՞նչ ես անում:
    -Ոչինչ:
    -Դուրս կգա՞ս:
    -Մինչև 5-ը:
    -Դե շուտ արա:
    Իջնում էինք Տերյանով:Անշարժ ծառեր:Լռություն:
    Զարմանալի ճիշտ բնութագիր:Նայեցի.աչքերը կիսախուփ էին:Մոռացա ամեն ինչ:Անհնար է մի ամբողջ օր չսիրել:Լավատեսությամբ լցվեցի:Այլ կերպ լինել չէր կարող:Գոյություն ունի հավասարակշռության օրենք:Ուժեղ ցանկություն առաջացավ ասել.<<Ես քեզ սիրում եմ>>:Եվ ինչու՞ չասել:Ինչու՞ զսպել:Ինչու՞ բռնանալ,երբ դա հաճելի է և՛ քեզ,և՛ նրան:
    -Ես քեզ սիրում եմ:
    Ձյուն էր գալիս:Շոշափում էի սպիտակ փաթիլները:Ոչ ոք չկար փողոցում:Ոչ ոք չկար աշխարհում:Երկուսով էինք:Մրսում էի,տաքացնում էր:
    Մի՞թե կտրվելու է ձյունը:
    Մեղմացավ:
    Զգացի,որ մեկը համբուրեց իմ մթնած աչքերը:Հետո հիշեցի հեռավոր մի պատմություն,որ չգիտեր Արիսը,սապատավոր ու անսապատ մեջքերի պատմությունը,որոնց նայել եմ ամեն օր,երբ քայլել եմ փողոցով:Մեջքեր,որոնց վրա կարդացել եմ շատ մտքեր:
    Արիսը հակել է հայացքը:
    Մեջքը…
    Տարիներ առաջ մեր հարևանը մեջքը դարձրեց մորս և գնաց,որին հաջորդեց ամայությունը:
    -Մայրիկ,ինչու՞ մեջքը դարձրեց:
    -Գնալիս մարդու մեջքն է երևում,աղջիկս,-հոգոցով ասաց մայրիկը:
    Եվ ես օրենք դարձրի կարդալ բոլոր մեջքերի պատմությունը:
    ...Երբ տեսնում էի մեջքեր,մոտենում էի՝ պատրաստ ասելու ամենամտերմիկ բաները:Հասնում ու լռում էի,բառերս կորչում էին,որ հետո հեքիաթ դառնան:
    -Գնանք,-ասաց Արիսը:
    Ստիպված էի ենթարկվել:
    -Դու միշտ երազում էիր քայլել ձյան տակ:
    -Երազում էի:
    -Չեմ հասկանում:
    -Ես մրսում եմ,ի՞նչ չհասկանալու բան կա:
    -Մրսիր:Ոչինչ չի լինի:
    -Ես գրեթե համոզված էի,որ այդպես կասես:
    -Ավելի լավ ուրեմն:
    Խառնվեցին զգացմունքները:Լռել:Ամենափրկիչը:
    Մեր սերը կարկատած շորատակից փպրտում էր՝ ինչպես մոխրի տակ քնած անթեղ:
    Անցնում են զույգեր ձյան միջով:Ձյունը ղլթղլթում է նրանց ոտքերի տակ:
    Երկու տարբեր մարդիկ են քայլում:Երկու մենակություն:
    Ուշ է:
    Ու նորից ականջներիս էր հասնում Մենդելսոնի ջութակի կոնցերտը:
    -Վազել եմ ուզում Արի՛ս:
    -Ես էլ:
    -Ինքս էլ չիմացա՝ ինչու՞ համաձայնվեցի հանդիպել քեզ հետ:Գուցե այն պատճառով,որ այսքան ժամանակ միայն երազել կարող էի քո մասին:
    <<Ոչ,ոչ,սիրելի՛ս,այնքան հին են մեր զրույցները:Ասա,որ հարկավոր է արվեստը թափ տալ,որ ուզում ես ինչ-որ բան շուռ տալ>>:
    Այդ պահին դու սեր ծախող ու սեր վատնող չէիր:
    Դու հիմա մեծ ես ինձնից,բոլոր պայմանականություններից ու նորմաներից:
    Աշխարհը կամ գլուխս պտտվում է:Ես անհատ եմ,իսկ աշխարհը հազարավորներից է բաղկացած,և ինչ որ ինձնից է կախված բոլորի բախտը: Ես այնքան էլ շատ բաներ չեմ փոխել իմ կյանքում, բայց հիմա կքայլեմ փողոցի մեջտեղով,որովհետև մեր փողոցներով մեքենաներ չեն անցնում: Կնայեմ շուրջս,և մարդիկ կփոխվեն իմ աչքին: Առավոտյան մեկը,որ մտածում է իմ մասին, կասի.
    -Բարի լույս, Մեգի..
    Ես,որ մտածում եմ մեկի մասին,կասեմ.
    -Բարև՛, Անծանոթ…

  22. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (15.06.2015), impression (11.06.2015), Lusina (02.06.2015), Sambitbaba (13.06.2015), Նիկեա (02.06.2015), Վոլտերա (02.06.2015)

  23. #12
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,740
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    9. Լյուսին երկնքում՝ ադամանդների մեջ

    Փոշոտ փողոց, երկար մարդիկ, հարազատ անցում: Լյուսին մեկ անգամ ևս կտրեց իր ամենօրյա ճանապարհը ուտելիք գտնելու հույսով: Ամենասիրելի տեղը նրա համար մետրոյի անցումն էր, որտեղ բարի մարդիկ կան՝ գրքավաճառներ, մուրացիկներ, վաճառականներ: Լյուսիի մասին ամենաշատը թխվածքաբլիթների կրպակի վաճառողուհի Աննան էր մտածում, որը խանութի տիրոջից թաքուն երբեմն կարկանդակի, չեբուրեկիի, պոնչիկի մնացորդներ էր գցում նրան: Աննան հարթ սպիտակ մաշկ, կարճ սև մազեր և մեծ դուրս պրծած աչքեր ուներ: Մոռացա նշել բազմագույն թելերով գործած հիփփիական պոչիկի մասին, որն ազատության հմայք էր տալիս նրա մազերին:

    Լյուսիի անունն Աննան էր դրել, երբ գտել էր շեկ ու փոքր շանը կապույտ ստվարաթղթե արկղում՝ սպիտակ պենոպլաստե փաթիլների մեջ: Այդ օրվանից ամեն անգամ անտուն շանը տեսնելիս Աննան ուրախ երգում էր Բիթլզ խմբի հայտնի երգի բառերը:

    Այդ օրը ոչ աշխատանքային էր, և մարդիկ մեղվի նման վազում էին մեղրի ետևից՝ անցումի խանութներով: Մետրոն կիրակի օրերը գերծանրաբեռնված է լինում: Լյուսին սիրում է կիրակիները:

    Լյուսին մարդկանց ճանաչում էր ոտքերով. միջինից բարձր տարիքի տնային տնտեսուհու կարճ ու հաստ ոտքեր, երթուղայինի վարորդի մազոտ ու քրտնած ոտքեր, բալետի պարուհու բարակ և ուղիղ ոտքեր:

    Շատերին նա ամեն օր էր տեսնում ու հիշում, թե ինչ հաճախականությամբ են նրանք փոխում իրենց կոշիկները: Այսօր մսավաճառ Գարիկը իր փամփլիկ ոտքերին նոր, կապույտ զամշե կտորից կոշիկներ էր հագել: Լյուսին ուրախ պոչը խաղացրեց ու թեթև կծելով շնորհավորեց նոր կոշիկները: Մսավաճառը զայրացավ ու ցավոտ խփեց Լյուսիի ձախից երևի ոտքին: Նա կարճ կլանչեց ու կաղալով գնաց Աննայի մոտ:

    Քամին բարակ դանակի նման մտնում է մորթու, կաշվի մեջ մինչև ոսկորները: Լյուսին սարսռալով մոտեցավ կրպակին.
    - Թույլ տուր գրկել քեզ ու թռչել քո աստղերով, Լյուսի, երազներս կհավաքեմ բռիս մեջ ու կկապեմ վիրավոր ոտքիդ, - Աննան սկսեց երգելով վիրակապ պատրաստել Լյուսիի համար:
    - Սիրունս, դու իմ հոգին ես, երբ քեզ վիրավոր եմ տեսնում մեջս ինչ-որ բան շատ ուժեղ ցավում է, - շշնջում էր Աննան Լյուսիի երկար շեկ ականջներում ու միաժամանակ կապում նրա ոտքը:
    - Աշխատիր ավելի զգույշ լինել Լյուսի, հիշիր որ դու չար հսկաների աշխարհում ես:

    Լյուսին երեք անգամ շնորհակալական հաչեց ու կաղալով վազեց նոր արկածների ետևից:
    Արևը գլորվելով հեռացավ անցումի աստիճաններից: Խանութները հերթով փակվեցին, վերջինը հեռացավ Աննան՝ չմոռանալով գնալուց առաջ շոյել ու կերակրել Լյուսիին: Պահակ Վիգենը միացրեց անցումի լույսերը, վերցրեց իր հաստ մաշված գիրքը և նստեց իր նստարանին: Լյուսին մոտեցավ նրան և ցրտից կծկված՝ տեղավորվեց աթոռի մոտ:

    Պահակը, տեսնելով նրան, զայրացավ ու ոտքով խփեց նրա կողին: Լյուսին կլանչեց ու դժգոհ դեմքով հեռացավ՝ փնտրելու ուրիշ տաք անկյուն՝ քնելու համար:
    Լուսաբացն անցումում տարբերվում է սովորական լուսաբացերից՝ լույսը դանդաղ հոսում է աստիճաններով, հերթով բացվում են անցումի պատերի պատկերները: Չե Գևարայի դեմքը, մի քիչ գրաֆիտի, ազգայնական կոչերով պաստառներ, վիրավորական արտահայտություններ կառավարության հասցեին, որոնք արվել էին գիշերը և ջնջվելու էին առավոտվա ընթացքում: Լույսն ընկավ նաև անկյունում կուչ եկած Լյուսիի վրա: Նրա նիհար, շեկ մարմինը կծկված էր ու չէր շարժվում:

    Վաճառասեղաններն ու կրպակները հերթով բացվում էին: Աննան՝ լայն ժպիտը դեմքին, արագ իջավ աստիճաններով՝ անհամբեր հայացքով փնտրելով Լյուսիին գտավ: Բիթլզի երգը երգելով՝ մոտեցավ նրան.
    - Լյուսի, Լյուսի, Լյուսի, այսօրվանից հրաժեշտ կտաս այս մոխրագույն պատերին, իմ տուն ենք գնում, միասին կապրենք՝ ես, դու, ամուսինս: Նրան արդեն համոզել եմ, ուղղակի պետք է նրան չխանգարես, նա քեզ կսիրի:

    Աննան մոտեցրեց ձեռքը որպեսզի շոյի Լյուսիին ու հանկարծ կանգնեց: Նրա մեծ աչքերի բիբերը ավելի լայնացան, բերանը մի փոքր բացվեց: Նա ահաբեկված շարժեց Լյուսիին, բայց նա չէր շնչում:

    -Զարթնիր Լյուս, այսօր միասին ենք տուն գնալու,- դողացող ձայնով շշնջաց Աննան:
    Մի քանի վայրկյան էր պետք, որպեսզի Աննան ընկալեր կատարվածը: Նա շանթահարվածի պես մի քանի րոպե կանգնեց տեղում, հետո պինդ գրկեց ընկերոջ անշնչացած մարմինն ու սկսեց լացակումած երգել. «Լյուսին երկնքում ադամանդների մեջ»:
    Վերջին խմբագրող՝ ivy: 03.06.2015, 14:56:

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (15.06.2015), impression (11.06.2015), Lusina (02.06.2015), Նիկեա (02.06.2015)

  25. #13
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,740
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    10. Իմ կերտած Երևանը

    Իմ Երևա´ն, հիշու՞մ ես ինձ, ես քո սրտում ապրող փոքրիկ բնակիչն եմ: Եթե կարողացար հիշել ինձ, ապա կհիշես իմ խոստման մասին: Ես խոստացել էի քանդակել քեզ, իմ վաղնջակա´ն ընկեր: Բայց, քանի որ ես ցանկանում եմ, որպեսզի ամբողջ հանրությունը տեսնի քո մեծ սրտի փոքրիկ բնակչի հրաշքը, ես որոշեցի քեզ քանդակել վարդագույն տուֆերի քարավան հիշեցնող մի քաղաքի որմերից մեկի վրա: Ո՛չ, ես Թամանյանը չեմ, ես ի՛մ քաղաքի քանդակն եմ կերտում, քո քաղաքի կրկնօրինակը, պարզապես իմ քաղաքը շնչում է, նա ապրում է, նա իմ կողքին է:
    Լավ սկսենք: Երևի ամենակարևորը և առաջնայինը ձևավորենք սիրտդ, քանի դեռ այն բաբախում է, զգում է և հիշում, որում պարուրված է քո էությունը, քո հոգին: Որը քո ապրումների և ցավ տեսածի հանգրվանն է:
    Հայ ազգը իր հնամենի պատմության մեջ ունի մի ողբալի էջ, որի մասին ամեն հայ խոսում է ցավագին թախիծով:
    Դժոխային ոճիրը որին ճարակ եղավ հայը 20-րդ դարասկզբին, մարդկությունը չի ընկալում և ի զորու չէ ընկալելու, որովհետև այն հասու է միայն գազանին, դահիճին, այն կործանեց մի ողջ ժողովուրդ, բայց չջնջեց մի պատմություն, որը կերտվեց անցյալի սև էջերում, որպեսզի այսօր՝ 100 տարի անց իր բողոքի ցասումը հասու դարձներ համայն աշխարհին:
    Միլիոն ու կես հայ չբազմապատկվեց, և որքա˜ն մայրեր խելագար դարձած, ծեծված ու խեղված ձագուկին գրկած մահ էին աղերսում թուրք բարբարոսի ճիրանը չընկնելու համար, կամ նետվում ձորը, գետը ահարկու, միայն թե թուրքի զոհը չդառնային: Որքա˜ն մանուկներ որբացան ու թուրքացան, խոցվեցին ու մորթվեցին, հայ տղամարդիկ առնական ու հպարտ անշնչացած մարմիններ դարձան և անթաղ գերեզմանոցում վայրի գազանների ու գիշատիչների զոհը դարձան: Բայց ինչպես կասեր Նժդեհը՝ «Ես ճանաչում եմ քեզ. …, երկաթե ժողովուրդ, որին աստվածային տեսչությամբ – վկա քո պատմությունը – տրված է առասպելական փյունիկի` իր աճյունից վերածնվելու կարողությունը …»:
    Եվ որպես փյունիկ վեր հառնեցի´ր մոխիրներից և կերտեցի´ր այն ուղին, որը պայքարով լեցուն է լինելու, անկոտրուն կամքդ հատուցում է պահանջելու, պահանջելու է պահանջատեր լինել իրավունքներիդ, նյութական, հոգևոր, բարոյական կորուստներիդ, և «ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԱՇԽԱՐՀԻՆ» հիշեցնելու, որ այնժամ երբ թմրած էր խիղճդ կամ մեռած, վայրի գազանն իր ոճիրն էր իրագործում՝ առանց հաշվի նստելու: Իսկ ներկայի և ապագայի հանգրվանդ արդարությունը պիտի է լինի, պատմական ա´յն արդարությունը, որը վերականգնելու է անցյալիդ երազանքը՝ մեր հողը, մեր տունը մերն է լինելու, մեր Արարատը մերն է լինելու: Կորստի ցավն առ այսօր չի մեղմացել: Մշտապես հիշելով և հիշեցնելով դու պիտի պահանջես, դու պիտի համալրես քո մարմինը, ամբողջական դարձնելով, քանզի տկար է մարմինը, երբ անդամահատված է այն: Իմ հայ ժողովուրդ դու պիտի հասնես պատմական արդարության հաղթանակին, Արևմտյան և Արևելյան Հայաստանի վերամիավորմանը, Անմոռուկ դարձաց, չծնված միլիոնավոր փոքրիկների դեռ չապրած կյանքի համար պատժվելու է դահիճը, հատուցվելու է նյութապես, պահանջելու ես քո սեփականությունը, քո զավակները քո ապահով գրկում պիտի մեծանան ու հզորանան:
    Դո՜ւ, անմահ ժողովուրդ, դու կաս ու կմնաս, դո՜ւ, քրտինքի հերոս ժողովուրդ, դու պիտի վերաշինես ու շենացնես քո երկիրը, դու ապրում ես հիշելով, ու պահանջելու ես պայքարելով:
    Ցավն ինձ շեղեց բուն թեմայից, բայց ոչինչ ես էլ այն մասն եմ այն սրտի, որի բաբախը զգում եմ և ամեն վարկյան հիշեցնում է, որ այն շարունակելու է բաբախել, ու շարունակելու է պայքարել մինչ ազատություն: Իսկ ազատությունը իմ գլխում է ծագել, ուրեմն գլուխը կլինի մեր Ազատության հրապարակը, այն հրապարակը որը միավորում է, և համայն աշխարհին ի տես ազատատենչ մեր ոգին մեզ հետ լինելով և դեռ հրապարակում շատանալով մի բռունցք պետք է լինենք, և Տիգրան մեծի հետնորդներ լինելով ետ պետք է բերենք այն, ինչ մերն է:
    Աչքերի փոխարեն կքանդակեմ այն թանգարանները, որոնք բաց երկնքի տակ մեր ողջ պատմության վկան են եղել և հիմա էլ ապրեցնում էս քո ցավով: Բայց ինչո՞ւ եմ միայն ցավից խոսում, չէ՞ որ դու բացի ցավից ունեցել ես հպարտության, ուրախության և հաղթանակների պահեր, անբացատրելի ապրումներ, որոնք կհամալրեն մեր վիթխարի պատմության գրքի ամենավեհ էջերից մի քանիսը: Հայ ժողովուրդը հաճախ է ճաշակել հաղթանակի բերկրանքը, իր արյան ու քրտինքի գնով պայքարել է հայրենիքի ամեն մի թիզ հողի համար, որի հիմքում միշտ հայոց բանակն է եղել մեր հայկասիրտ մարտիկները: Մի զորեղ բռունցք, որի յուրաքանչյուր մկան իր հերթին մի ողջ ազգի խաղաղության երաշխավորն է: Բանակը մեր ժողովրդի մեծագույն նվաճումն է: Եվ ահա ես չեմ կարող իմ քանդակում փոքրիկ տեղ չհատկացնել հայ ժողովրդի մեծագույն նվաճմանը: Իմ քանդակում Երևանի ձեռքերը կմարմնավորեն մեր վեհապանծ ռազմիկները: Գիտեմ, որ թշնամուն ընդառաջ մենք քիչ ենք, բայց անկոտրուն է մեր կամքը, հպարտ է մեր զինվորը և ուժեղ, ես հանգիստ եմ, որովհետև գիտեմ, որ նա արթուն է, նա մեր պահապանն է:
    Եվ ահա մեր բնօրրանի պատմության էջերը թերթելով և միառժամանակ քանդակելով իմ քաղաքամայրը մենք հասանք վերջակետին` ոտքերին: Իմ հարազատ ոստան, ես որոշեցի քո ոտքերի փոխարեն քանդակել մեր այն բոլոր հանճարներին, հայ ողջամիտներին, մայրենի լեզվի բանվորներին, ի վերջո իմ հայ ժողովրդին, որոնք իրենց վրա կրում են ամբողջ ցավն ու հոգսը, հաղթանակն ու պարտությունը, որոնք իրենց աշխատանքով մեզ միշտ առաջ են մղում և նրանց շնորհիվ Հայաստանը քայլում է մաքառումներով և տառապանքներով լի այս կյանքի ճանապարհով` հաղթահարելով ամեն դժվարություն: Իմ Երևա´ն հայ ժողովուրդը ժամանակի ընթացքում հնացած պատմության էջերի պատառներից, կստանա նոր պայծառ և լուսավոր մի էջ և դա կդառնա քո ապագան, ի´մ ապագան: Ես դեռ որքա~ն երազանքներ ունեմ, որին պետք է միասին հասնենք:
    --Ես իմ կյանքում չեմ տեսել ոչ մի այնպիսի քաղաք, որը նման լիներ Երևանին, ուր բնակչությունը պատմական այդքան կարճ ժամանակահատվածում այդքան արագ աճեր: -- Ժան Պոլ: Եվ դեռ շատ ենք աճելու: Երևա´ն, բա´ց արա գիրկդ, դեռ քո գիրկն են գալու շատ պանդուխտ հայեր, պիտի միասնական լինենք և օգնենք կառուցել քո պատմության լուսավոր էջերից մեկը, քո վաղվա օրը: Մենք շարունակելու ենք քայլել և առաջ ընթանալ, քանզի ես վստահ եմ, որ Հայաստանը մի օր կհասնի իր հնամյա պատմության գագաթնակետին: Իմ երազանքների Երևանը միասնական ու համառ է լինելու, միշտ արթուն և համախմբող: Ես ավարտեցի իմ քանդակը, այն քանդակը, որտեղ զետեղված է իմ ոստանի ծնունդը, անցած ճանապարհը և հավետ ապրող ու միասնական իմ հա´յ ժողովուրդը:

  26. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (15.06.2015), impression (11.06.2015), Lusina (03.06.2015), Sambitbaba (13.06.2015), Լոլիտա (02.06.2015)

  27. #14
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,740
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    11. Կյանքի առեղծվածը

    Կյանքը պայքար է: Եթե կա երազանք` վազի'ր դեպի այն, չի՞ ստացվում` քայլի'ր դեպի այն, չի՞ ստացվում` սողա' դեպի այն,իսկ եթե նորից չի ստացվում` պարկի'ր երազանքիդ ուղղությամբ:

    Կան պահեր, երբ կյանքը նմանվում է լաբիրինթոսի,և այնտեղից ելք գտնելը դժվար է թվում: Յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում կյանքի իր ուղին: Այն կարող է լինել նեղ կամ լայն, կեղտոտ կամ մաքուր,հեշտ կամ դժվարանցանելի: Սակայն կարևոր է դիմակայելով կյանքի փորձություններին, մինչև վերջ մարդ մնալ:Մարդիկ անցնում են կյանքի այս դաժան ուղին` սպանելով ընկերներին, հոշոտելով հարազատներին և խմելով բարեկամների արյունը:Իրենց հետ տանելով գոռ բախտի պարսաքարերը`մարդիկ սառնասիրտ են դառնում:

    Մարդկային կյաքնը հետաքրքիր և կարճ է,ինչպես ամառը հյուսիսում: Քանզի կյանքը կարճ է, պետք է ամեն մի վայրկյան իզուր չօգտագործել,որովհետև գալու է աոյն հավերժական գիշերը,որ բոլորիս է սպասվում:

    Շատ կարևոր է կառավարել մեր յուրաքանչյուր քայլը, քանզի եթե մահից հետո մարդու մասին բարին են պատմում՝նշանակում է կյանքը նրան իզուր չէր տրված:

    Կյանքը նման է անծայր օվկիանոսի,իսկ մարդիկ՝օվկիանոսում լողացող փոքրիկ նավակների, որոնց հեշտությամբ կարող է իր գիրկն առնել օվկիանոսի ահեղ ու փոթորկուն ալիքը:

    Թող կյանքի մեծ օվկիանոսում մեզնից յուրաքանչյուրի փոքրիկ նավակը լողա այնպես քաջ, այնքան խելացի ու հպարտ, որ օվկիանոսի փոթորկուն ալիքներից երբեք չերերա, երբեք չտատանվի, իսկ եթե հանկարծ երերա, այն այնքան ամուր լինի, մենք այնքան խելացի լինենք, որ չվարանենք,որ չվախենանք, որ կարողանանք մեր նավակի ղեկը ամուր պահել, լինել ուշիմ նավավաար և հաղթահարել օվկիանոսի փոթորկուն ալիքների անսպասելի մեծ ու փոքր հարվածները: Եվ չպետք է փորձենք մեկ էլ անխոհեմորեն խորունկ օվկիանոսում նավ ելնել և հանձնել ուրիշ նավաստու միջոցով ստուգելու մեր նավի հաստատությունը,որ բաշխել է մեզ երկինքը այս աշխարհի ծովն անցնելու համար:

    Հարկվոր է ճիշտ ապրել, քանզի ապրում են այնպես, ինչպես կարողանում են, ոչնչի համար չեն ափսոսում, գտնում են, կորցնում և նորից սկսում զրոյից: Այս կյանքում մարդիկ սգում են, երբ կորցնում են հարստությունը և լինում անտարբեր, երբ անվերադարձ անցնում են կյանքի օրերը:

    Կյանքն իր օրենքներն ունի, և յուրաքանչյուր օրենք խախտելու համար մի պատիժ է սահմանված:Դժբախտությունը պաշարում է բերդը,որ երեկոյան դեմ հարկադրված է լինում անձնատուր լինելու, որովհետև չկա այն ուժը, որ կարողանա դիմադրել նրան: Իհարկե՛, մենք չենք կարող դիամադրել նրան, բայց հաղթահարել պարտավոր ենք:

    Կյանքը լի է տհաճություններով: Այն անարդար է: Մեկը թղթախաղում մի ամբողջ կարողություն է տանուլ տալիս,իսկ մյուսը մի կտոր հացի համար գիշերուզօր աշխատում է:Մեկը խնդրում է, որ իր ծնողն իր կողքին մնա,իսկ մյուսն իր ծնողին մոռանւմ է և ուրանում տարիների սերն ու քնքշանքը: Մեկը զոհվում է կրոնի համր,իսկ մյուսն առանց մտածելու ուրանում է իր հավատը: Մեկը մանկատան պատուհանից իր մորն է փնտրում,իսկ մյուսն իր մորն անգամ չի զանգահարում: Մեկը չի զգում երեխայի քնքշությունը, իսկ մյուսն իր նորածին մանկանը փողոց է նետում: Մեկը հարուստ է, իսկ մյուսն աղքատ:Սակայն Աստված բոլորիս համար ել նույն ավարտն է նախատեսել:

    Կյանքը մեզ փորձությունների է ենթարկում: Մարդիկ անվերջ սողալով առաջ են գնում, ինչ գնով էլ լինի անցնում են ոլոր-մոլոր ճանապարհը՝ փնտրելով հույսով անմար փորձանքի մեջ բախտ, փոթորկի մեջ՝ խաղաղություն,ժանտախտի մեջ` խաղաղություն,ժանտախտի մեջ՝ առողջություն, ազատություն՝ անել բանտում, փրկության ելք՝ մութ փակուղում: Այս ճանապարհին կյանքն արդեն խմբավորում է մարկանց՝ մարդիկ և մարդիկ: Այն խումբը,որն իր երջանկությունը կառուցել է ուրիշի դժբախտության վրա, վաղ թե ուշ կորցնում է իր թվացյալ երջանկությունը: Նրանց այդ թվացյալ ընկերությունն էլ, որ նման էր գայլերի ընկերությանը՝ բոլորին կապում էր մեկ ընդհանուր որսը, նունպես փլուզվում է:

    Ոմանք շարունակում են ապրել էլ ավելի նմանվելով անզգա կացինների,սակայն ոմանց էլ կյանքը թվում է իրական հրաշքների աշխարհ,և եթե նրանց ոչ ոք չկանգնեցներ ասելով՝<< սա ի՛մն >>, կյանքը նրանց կթվար դրախտից ոչ վատը: Նման մարդիկ հազվագյուտ են, արդարություն երգելով նրանք շրջում են աշխարհով, և հուսով եմ, որ այդ երգը մի օր մաբողջ աշխարհն է լսելու:

    Կյանքում փորձությունները շատ են: Սակայն, երբ մի դուռը փակվում է, բացվում է մյուսը, բայց մենք երբեմն այնքան երկար և այնքան ցավով ենք նայում փակվող դռան ետևից, որ չենք տեսնում այն մեկը, որ բացվել է մեզ համար:Անկախ նրանից, թե քանի դուռ կփակվի քո առաջ, հիշի՛ր, որ կա մեկը, որը նախատեսված է քեզ համար: Պետք է պայքարել և սպասել,մինչև որ մի լուսավոր դուռ կբացվի, իսկ արդյունքին հասնելու համր պետք է սովորել քարերից լռություն և հողից՝ համբերություն: Անցնելով այս երկար ճանապարհով մենք պետք է բախենք ամեն մի դուռ և երյանկություն հայցելով: Երջանկություն պետք է փնտրենք,այո՛, սկայն պետք է հիշենք, որ ով երջանկություն է փնտրում սանձարձակ կյանքի մեջն ման է նրան, ով մոմի առկայծումը գերադասում է արեգակի փայլից:

    Կյանքը հետաքրքիր բեմ է: Բոլորն ունեն իրենց դերերը, բոլորը խաղում են: Կյնաքը ստիպում է խաղալ այնպես, որ արցունքից անմիջապես հետո մեր դեմքին ժպիտ հայտնվի: Եև այսպես իրար հաջորդում են արցունքն ու ժպիտը, ուրախությունն ու տխրությունը, լացն ու խիխաղը, հաղթանակն ու պարտությունը:

    Սակայն հասարակ մահկանացուն,ով որևէ հարցում հաղթող է դուրս եկել, իրավունք չունի քայլել իր նմանի վրայով և իշխել նրան:

    Սակայն պետք չէ կյանքի մեջ միայն վատը փնտրել: Գեղեցիկ է կյանքը, կյանքի մեջ՝ մարդը, մարդու մեջ՝ հոգին, հոգու մեջ՝ սերը: սերը երջանկացնում է մարդուն, և հենց սերն է աշխարհին խաղաղություն բերում: Նույնիսկ ամենաչար մարդու հոգում բարության ու քնքշության ծիլեր են ծլում, երբ սիրված է և ինքն է սիրում: Պետք է սիրել, որպեսզի ունակ լինես ներելու:

    Սերն ըստ ավանդության երբեմն թռչում է, երբեմն՝ ոտքով գնում, ոմանց հետ քայլում է, ոմանց՝ հետ վազում: Ոմնաց սառեցնում է, ոմանց՝ այրում, ոմանց վերք է հասցնում, ոմանց՝ սպանում: Սերն է ամուր ընտանիքի և եկրի հիմքը:

    Սրանք ուղղակի խոսքեր չեն, որոնք ես թղթին եմ հանձնել: Թեև դեռևս ես կայացած ու հասուն չեմ, սկայն իմ պատկերացումներն ունեմ կյանքի մասին: Կյանքւմ պետք է այնպես ապրել, որպեսզի հետագայում մեր սերունդները չամաչեն մեր կատարած անմիտ ու անզգույշ քայլերից: Պետք է հնարավորինս ճիշտ ապրել: Այսպես է ասում մեծն Պարույր Սևակը`<< Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
    Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը:
    Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
    Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը>>:

  28. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (15.06.2015), impression (11.06.2015), Lusina (03.06.2015), Sambitbaba (13.06.2015)

  29. #15
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,740
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    12. Գործ N 114

    Կարծես ոչինչ էլ չէր եղել: Ձգանը քաշելուց հետո Աննան իրեն ճիշտ նույն կերպ էր զգում, ինչպես այդ գործողությունից առաջ՝ մի քիչ տխուր, անձրևային եղանակին համապատասխան տրամադրություն, ձախ ոտքը թեթևակի թմրած, բերանում նոր ճաշակած պիցցայի համը, սաստիկ ծարավ ու քնքշանքի կարոտ: Նրա դիմաց մի քիչ արհեստական հոլիվուդյան տեսարան էր բացվել. մոտ 25 տարեկան, միջահասակ, թուխ մաշկով, ընդգծված հայկական դիմագծերով, սևահեր տղամարդ՝ արյան լճի մեջ ոտքերը չռած-պառկած:
    Հանկարծ ամեն ինչ սկսեց պտտվել՝ սուպերմարկետը, մեքենաները, կիսակառույց շենքը, հաշմանդամ անցորդը: Աննան փսխեց կարմիր լճի կողքին և, կորցնելով գիտակցությունը, փռվեց իր զոհի հարևանությամբ:
    -…Մա՞մ, ախ աչքերս, ով ա՞, որտե՞ղ եմ:
    -Մաման չի, աղջի՛կ ջան, հիվանդանոցում ես, ես էլ տարիքս առած քննիչ եմ: Պապա դառնալու հույս էլ չունեմ, ուր մնաց՝ մամա:
    -Գլուխս ցավում ա ահավոր:
    -Աննա Արայիկի Միքայելյան՝ ծնված 1989 թվականի սեպտեմբերի 21-ին, ք. Աբովյանում, ամուսնացած է, ունի 1 տղա, արդեն՝ այրի: Բժիշկն ասաց՝ գիտակցության գալուց հետո որոշ ժամանակ սրտխառնոց և գլխացավ կլինի, նորմալ է: Դու ինձ ասա ավելի լավ է, թե՝ ինչո՞ւ:
    -Ի՞նչը ինչու:
    -Ինչի՞ համար ես սպանել Արմեն Միքայելյանին՝ ամուսնուդ:
    -Հա՜… Անտարբերության:
    -Առաջին անգամ եմ լսում սպանության այդպիսի մոտիվ:
    -Առաջին անգամ եք ազնիվ կին տեսնում:
    -Ամեն մեկն իր պատճառն ունի:
    -Կնոջն ուշադրություն է պետք:
    -Երևի…
    -Լավ, Աննա՛, գործը բավականին պարզ է: Ավանդական պարտադրված հայկական ամուսնություն, ծույլ ու խմող ամուսին, չհարմարվող ու համարձակ կին: Ինձ ուղղակի ուրիշ բան է հետաքրքրում. որպես մարդ՝ չէ՞ր կարելի արդյոք ուրիշ կերպ խնդրին լուծում տալ: Վերջիվերջո, մեջտեղը տղա երեխա կա՝ 2 տարեկան: Չգիտեմ, հազար հատ հեռուստաշոու, հոգեբան, հարևան կա, ում կարող էիր դարդդ պատմել, ու գործը չհասներ սպանության:
    -Ոչ մի բան չի օգնում, դոկ, հավատա:
    - Քննիչ:
    -Ա, կներեք, իսկ ձեր անո՞ւնը:
    -Անունս Հայրապետ է, բայց բոլորը ինձ Ֆեդյա են ասում մանկուց:
    -Ձեզ սազում է Ֆեդյա անունը:
    -Շնորհակալ եմ, բայց ես անունս այդքան էլ չեմ սիրում: Ընդհանրապես, ռուսական ոչ մի բան չեմ սիրում: Դրա մեջ մտնում է նաև ատրճանակը, որով կրակել եք:
    -Անկեղծ ասած, ատրճանակի մեծ տեսականի չկար: Եթե հնարավոր լիներ, սիրուն, հին ռեվոլվեր կվերցնեի:
    -Լավ է, որ այս դժվար պահին հումորդ տեղն է: Աննա՛, իսկ փոքրիկիդ մասին ի՞նչ ես մտածում:
    - Նրա մասին չեմ էլ մտածել այդ պահին: Մամաս կպահի, երևի:
    -Հետո էլ ասում են՝ մայրական բնազդից ուժեղ բան չկա, սուտ գիտնականներ…
    -Կա՝ ինքնապահպանման բնազդը: Ես լրիվ կվերջանայի, եթե նա ողջ մնար…
    Ամառվա ամենաթեժ շրջանն էր: Երեկոյան սառը քամին մտնում էր աչքերի, ականջների մեջ, հասնում մինչև ոսկորները: Ֆեդյան չէր սիրում քաղաքային տրանսպորտից օգտվել, բայց ուրիշ ճար չուներ: Տաքսին շատ թանկ էր, իսկ սեփական մեքենայի մասին մտածել անգամ չէր կարող՝ քննիչի համեստ աշխատավարձով: Դավթաշեն թաղամասի «City»-ի կանգառում իջնելով՝ նա դանդաղ քայլեց դեպի իր մեկսենյականոց բնակարանը: Վերևից անշտապ իջնող նիհար, կարճ մազերով երիտասարդ աղջկա սիլուետ էր երևում: Մի քանի վայրկյանից տեսիլքը կորավ՝ իր հետ տանելով Աննայի տխուր ժպիտը երևանյան դատարկ մայթից: Առաջին անգամը չէր, որ Ֆեդյան հրապուրվում էր իր քննությունների հերոսուհիներով, բայց Աննան յուրահատուկ կերպար էր ու նման չէր հներից ոչ մեկին:
    Էլի նույն դուռը, սովետական ռեմոնտ, բաց կապույտ պատեր, թափթփված խոհանոց ու ոչ պակաս թափթփված հյուրասենյակ: «Էս տանը կնոջ շունչ է պետք: Մուտքից մինչև պատշգամբ դրա մասին է գոռում բնակարանը»,- hնչում էին Ֆեդյայի գլխում հանգուցյալ մոր խոսքերը: Նա գնաց ամուսնու ետևից՝ այդպես էլ չտեսնելով միակ որդու ամուսնությունը: Ֆեդյան սիրում էր իր միայնակ կյանքը, ազատությունը ու ոչ մեկի հոգսը չտանելու թեթևությունը: Բայց երբեմն, երբ մի քիչ ալկոհոլ էր օգտագործում, ներսում ինչ-որ բան ուժեղ սեղմում էր ու անցնում նրա սրտից մինչև ոտքերի ծայրը` բիզոնների հոտի նման տակնուվրա անելով ամեն ինչ: Բնությունն իրենն էր ասում՝ մարդը սոցիալական կենդանի է, կողակից է պետք:
    Աննային հիվանդանոցից տեղափոխեցին կալանավայր: Գործի նախաքննության ընթացքում քննիչը չէր շտապում հարցաքննություններն արագ ավարտել: Նա չէր նկատում ժամանակը, երբ Աննայի հետ էր: Շուտով իրեն բռնացրեց այն մտքի վրա, որ հոգու խորքում հակված է Աննային արդարացնելուն: Մի կողմից մասնագիտական էթիկան ստիպում էր խլացնել զգացմունքները, մյուս կողմից՝ տղամարդն ամեն հանդիպումից հետո ավելի շատ էր մտածում հաջորդ հանդիպման մասին, տեսակցության պատրվակներ էր փնտրում:
    -Աննա՛, վաղը քո դատն է: Գործի քննությունն ավարտել ենք: Գործը պարզ է: Մի քանի ձևականություններ են մնում: Թուղթ եմ հետս բերել՝ A4, ինքնախոստովանության համար: Գրի՛ր, որ պատիժը մի քիչ մեղմ լինի:
    -Կգրեմ, իսկ ինչքա՞ն կտան, քննիչ:
    - 7-ից 9 տարի: Մեղմացուցիչ հանգամանքներ չկան գրեթե: Մենակ երեխան է, նա չլիներ, ավելի շատ կտային: Բռնության հետքեր չկան քո մոտ, այսինքն, ինքնապաշտպանության վարկածն էլ չի աշխատի:
    -Լա՛վ: Շնորհակալ եմ, Ֆեդյա՛, Դուք շատ հոգատար քննիչ եք:
    -Կարիքը չկա: Ես իմ գործն եմ անում:
    -Կա: Միայն Դուք եք ինձ լավ վերաբերվում: Ծնողներս, ընկերներս, գործընկերներս, հարևաններս, բոլորն իրենց մտքում կամ բարձրաձայն հանդիմանում են ինձ չմտածված արարքի համար: Ոմանք էլ ուղղակի խղճում են, ուրիշ ոչինչ:
    -Երեխային տեսե՞լ ես այս ընթացքում:
    -Հա, շատ հուզվեցի: Միայն նա ստիպեց մի պահ փոշմանել արարքիս համար: Հետո էլի սառը մտածեցի ու որոշեցի ուժեղ լինել, չկոտրվել, որ պատիժս կրելուց հետո կարողանամ պահել-մեծացնել նրան: Նա իմ միակ հարազատն է:
    -Իսկ ծնողնե՞րդ, քո՞ւյրդ, որ Ռուսաստանում է:
    -Նրանք ինձ չեն հասկանում ու երբեք էլ չեն հասկացել:
    Ֆեդյայի բնակարանը լցված էր Աննայի ձայնով, բոլոր դարակներում, սեղանների տակ, գորգի ետևում նրա ներկայությունն էր: Դատավարության նախօրեին Աննան զանգեց քննիչին: Հեռախոսը կալանավայրի աշխատողներից էր խնդրել: Ասաց, որ շատ շնորհակալ է նրանից, որ իրեն հոգեհարազատ մարդ է համարում ընդամենը մի քանի օրվա ծանոթությունից հետո: Դա Ֆեդյայի համար ավելի քան բավարար էր: Տարիքն առած քննիչը թևեր էր առել ու չղջիկի նման կուրացած թռչում էր ամբողջ տնով՝ իրեն խփելով պատերին: Ֆեդյան աշխատեց ամբողջ գիշեր, որպեսզի Աննայի գործի թղթերն իդեալական վիճակում լինեն, որպեսզի պատժի չափը հնարավորինս թեթևանա:
    «Ես կպահեմ փոքրիկին, մինչև նա գա: Նրա համար կապահովեմ ամենալավ պայմանները կանանց գաղութում: Նա ուժեղ է. ես դա զգացի, երբ վերջին հարցաքննության ժամանակ ձեռքս բռնեց»,- գրեց Ֆեդյան իր մոտ գործընկերոջը ֆեյսբուքի չաթով, անջատեց համակարգիչն ու դուրս վազեց:
    Ծնողներ, ընկերներ, ամուսնու հարազատություն. դատարանում ճիշտ նույն մարդիկ էին, ովքեր եկել էին նրանց հարսանիքին երեք տարի առաջ: Այս անգամ նրանք չէին ժպտում, ու լրիվ ուրիշ հայացքներ էին ուղղված Աննայի կողմը:
    Պետության կողմից նշանակված փաստաբանը և ամուսնու ծնողների կողմից վարձված իրավաբանը միասին ժամանեցին դատարան: Դա շատ կասկածելի թվաց Ֆեդյային: Սև կոստյում հագած երիտասարդ իրավաբանը միանգամից խոսք խնդրեց:
    -Հարգելի՛ դատարան, մեղադրող կողմը նոր փաստեր ունի, որոնք քննվել են առանձին կազմված հատուկ հանձնաժողովի կողմից: Եթե թույլ տաք, մենք կներկայացնենք դրանք հենց այս լսման շրջանակներում՝ առանց հետաձգելու դատը:
    -Պաշտպանող կո՛ղմ, հարգելի՛ ատենակալներ, եթե ոչ ոք դեմ չէ, խնդրեմ,- լսվեց ծեր ակնոցավոր դատավորի չարագուշակ ձայնը:
    -Շնորհակալ եմ: Հարգելի՛ դատարան, ատենակալնե՛ր, լսման հարգարժան մասնակիցնե՛ր: Ըստ մեղադրող կողմի, դեպքը լրիվ այլ կերպ է տեղի ունեցել, և նախաքննության արդյունքները ճիշտ չեն: Աննա Միքայելյանը սույն թվականի հուլիսի 10-ին՝ գիշերը երկուսն անց կես, ժամանել է Նոր Նորքի առաջին զանգված՝ Կիրակոս Գանձակեցու փողոց, բնակարան 15, որտեղ ամուսնու՝ Արմեն Ազատյանի և երկու տարեկան որդու հետ ապրում էին համատեղ: Նա եղել է ալկոհոլի ազդեցության տակ և հայ կնոջ համար ոչ պատշաճ հագնված: Աննան հայհոյել է ամուսնուն՝ ասելով, որ նա իրեն չի բավարարում, և որ նա չէր ուզում ընդհանրապես ընտանիք կազմել ու երեխա ունենալ: Հետո ամուսինը հանգստացրել է նրան և պառկեցրել քնելու: Առավոտյան արթնանալով՝ Աննայի մոտ կրկին սկսվել է հիստերիան, ինչի արդյունքում նա հարվածել և գետնին է գցել երեխային: Դրանից հետո Արմենը ձայնը բարձրացրել է, բայց չի հարվածել: Աննայի վրա չկան բռնության հետքեր: Հայհոյելով ամուսնուն, նրա ծնողներին՝ Աննան սույն թվականի հուլիսի 11-ի առավոտյան դուրս է եկել տնից ու գնացել անհայտ ուղղությամբ: Այս ամենը հաստատող գրավոր վկայություններ կան: Գործի լսման ընթացքում կհնչեն նաև շենքի բնակիչներից մի քանիսի բանավոր վկայությունները: 11:30-ին Արմենն Աննայից զանգ է ստացել: Խոսակցության ընթացքում Աննան տարօրինակ, հիվանդոտ ձայնով Արմենին խնդրել է հանդիպել ՍԱՍ սուպերմարկետի մոտ, վերջում ասելով՝ կներես, ցած դրել հեռախոսը: 12:05 րոպե Արմենը եղել է նշված վայրում, հինգ րոպեից ժամանել է Աննան: Մեղադրյալը, մոտենալով ամուսնուն, երեք մետր հեռավորությունից` առանց նախաբանի կամ բացատրության, գործարանային կոդը ջնջված «Մակարով» մակնիշի ատրճանակից չորս անգամ կրակել է Արմենի կրծքավանդակին: Մեղադրյալը եղել է թմրանյութերի ազդեցության տակ: Դրա մասին են վկայում նոր բժշկական փորձաքննության արդյունքները: Հիմնվելով վերը նշված փաստերի վրա՝ դատարանից պահանջում եմ մեղադրել Աննա Միքայելյանին անչափահասի նկատմամբ բռնություն կիրառելու, չթույլատրված դեղամիջոցներ և չհաշվառված զենք օգտագործելու, հատուկ դաժանությամբ սպանություն իրագործելու մեջ: Չկիրառել ոչ մի մեղմացուցիչ հանգամանք և սահմանել նրան պատիժ՝ ցմահ ազատազրկում հատուկ խստության հաստատությունում:
    Հետո ամեն ինչ մշուշի մեջ էր: Գոլորշուց ձևավորվում էին ինչ-որ մարդիկ դատարանի ամբիոնում: Ֆեդյայի դիմաց ամեն ինչ ալիքաձև լող էր տալիս: Աննայի բիբերը լայնացած էին, դեմքը՝ սպիտակ, ոչ մի մկան չէր շարժվում: Նա կանգնեց, ինչ-որ բան ասաց ու կրկին նստեց: Ֆեդյան ոչինչ չէր լսում, միայն վերջում դատարանի վճիռն ու մուրճի հարվածներն ինքնաթիռի հզորությամբ պատռեցին նրա ականջների թմբկաթաղանթները:
    Սառը քամի, անհյուրընկալ վերև ձգվող փողոց: Դուռը նույնն էր, նույն սովետական ռեմոնտն ու թափթփված անկողինը: Ֆեդյանը բացեց առաջին հանդիպած դարակը, որտեղ գտավ դատարկություն ու մի տուփ կապույտ Գառնի: Առանց մտածելու վառելով գլանակը՝ փորձեց հավասար օղակներ բաց թողնել դեպի վերև: Ձեռքը տարավ գրպանը, հանեց դրամապանակը, միջից հանեց երկու հինգհազարանոցներ և կոպեկներ, մյուս գրպանից հանեց դարն ապրած Նոկիա հեռախոսը, այդ ամենը խնամքով շարեց սեղանի վրա ու փռվեց թախտին: Պատի վրայի սև բիծն իր տեղում էր, պատուհանն էլի բաց էր մնացել: Ամեն ինչ նույնն էր, կարծես ոչինչ էլ չէր եղել…

  30. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (15.06.2015), impression (11.06.2015), Lusina (03.06.2015), Sambitbaba (14.06.2015), Լոլիտա (02.06.2015), Մուշու (15.06.2015), Նիկեա (02.06.2015), Վոլտերա (02.06.2015)

Էջ 1 22-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 115
    Վերջինը: 22.12.2018, 23:51
  2. Պատանեկան գրական նախագիծ 3
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 201
    Վերջինը: 26.06.2018, 01:01
  3. Պատանեկան գրական նախագիծ 2
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 346
    Վերջինը: 06.11.2015, 19:28
  4. «Հայ ասպետ» պատանեկան ինտելեկտուալ հեռուստաշոու
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 39
    Վերջինը: 09.08.2012, 21:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •