Սպասվող ձեռնամարտից առաջ պատկերը «Ոսկե Թզուկում» մոտավորապես այսպիսին էր. Ուլվարը, Գնուպը և Գարդարը թառել էին ծանր սեղանների վրա և, գտնվելով բարձր տրամադրության մեջ, կռահումներ էին անում՝ թե ով կհաղթի: Ռալայֆը և Անդվարը նրանցից քիչ հեռու էին տեղավորվել, ծեր թզուկն արդեն ավարտել էր խրատների դասընթացը: Մարդիկ գործնական խորհուրդներ էին տալիս Սկեգիին, մինչև անգամ Առնլոգն էր ընդհատել գարեջրահանգիստը ու հիմա ջանում էր հասկանալ թե ինչ է տեղի ունենում իր շուրջը: Բարեբախտաբար Բոլլին, նրա հավատարիմ ընկերը, բացատրեց, թե բանն ինչ է:
- Կռի՜վ, կռի՜վ, կռի՜վ,- ճղճղաց թութակը և ուժգին թափահարեց թևերը:
Ալ-Թարսիբը, այդ փռչոտ սակավախոս արարածը, որն այդպես հանդգնորեն միջամտեց օտարների խոսքին և մարդկանցից մեկին մեղադրեց ստախոսության մեջ, վաղուց տեղ էր գտել մրցահրապարակի կենտրոնում և հանգիստ սպասում էր իր մրցակցին: Ալի սառնասրտությունն ակամայից երկյուղածություն էր ներշնչում: Ալ-Թարսիբի աչքերը գրեթե կորցրել էին իրենց արտահայտչականությունը և կարծես հրաբխի կրակներ լինեին, որոնց, ինչ որ անտեսանելի մի ուժ, անդադար բորբոքում և թեժացնում էր: Կանգնել էր անշարժ, մարտահրավեր նետող հայացքով, ոտքերը դրել էր լայն բացված, թվում էր մինչև անգամ ճանկերն էին ինչ որ հրաշքով երկարել ու ավելի սուր դարձել:
- Հե՜յ, ստախոս,- ձայն տվեց Ալ-Թարսիբը ու բոլորը տեսան նրա դաշույնանման սուր, սպիտակափայլ ատամները,- եթե դու մի փոքր էլ դանդաղես՝ կստիպեմ, որ իմ տաքացած գարեջուրը ինքդ խմես:
Նոր ծիծաղ պայթեց «Ոսկե Թզուկում», մինչդեռ ալն այս խոսքերն ասաց միանգամայն լուրջ:
- Ալ-Թարսիբ,- ալի չտեսնված համարձակությունից խանդավառված՝ բացականչեց Գարդարը,- մի տակառ գարեջուր իմ կողմից… Ռալայֆ, ամենալավ տակառը իմ բարեկամ ալի համար:
- Մեկական էլ մեր կողմից,- ձայնեցին Ուլվարը և Գնուպը:
- Եթե միայն կենդանի մնա,- անմարդկային ձայնով բառաչեց վերջնականապես համբերությունը կորցրած Սկեգին և նետվեց ալի վրա: Թզուկներն ու մարդիկ ոգևորվածությամբ շփեցին ձեռքերը, երկար սպասված մենամարտը վերջապես սկսվեց:
- Ախ դու ճանկերդ ես սրում… իսկ ես իմ զենքը նավի մեջ թողեցի…
- Քեզ տղամարդու պես պահիր, Սկեգի,- մռայլադեմ նետեց Տորդը:
Սակայն Սկեգիի վարքը շարունակում էր մնալ ծայրահեղ տարօրինակ. թեպետ ամբողջ եռանդով նետվել էր Ալ-Թարսիբի վրա, որի հետ իսկապես որոշել էր կարճ և դա-ժան հաշվեհարդար տեսնել, այդպես էլ չբախվեց հետը: Շարժվում էր հարբածի պես օրորվելով, կարծես «Ոսկե Թզուկի» թանձր գարեջուրը նոր միայն սկսեց ներգործել, իսկ երբ վերջապես իր մեջ վճռականություն գտավ հարվածել՝ բռունցքը մեկ թզուկա-կան քայլ հեռավորության վրա անցավ ալի գլխից ու ոչ մի վնաս չպատճառեց նրան: Մինչդեռ Ալ-Թարսիբը մինչև հիմա ոչ մի շարժում չէր կատարել, լոկ աչքերն էին ավելի բոցաշունչ, հուրհրատող դարձել, հենց որոնք էլ, թվում է, կաշկանդում էին ստա-խոս նավաստու շարժումները:
- Երեք Ալ-Թարսիբ,- շաղված հայացքով նայելով անորոշ ուղղությամբ հանկարծ գոչեց Սկեգին ու մարդիկ լուրջ մտավախություն ունեցան, որ իրենց ընկերը ցնորվեց: - Երեք Ալ-Թարսիբ, մեկդ մեկից զզվելի, ձեզանից ո՞ր մեկն ինձ ստախոս անվանեց…
Սկեգին մոլեռանդ շարժումով մի աթոռ ճանկեց և ամբողջ ուժով հարվածեց սեղաններից մեկին: Կաղնե ծանր սեղանը խուլ տնքոց արձակեց, կոտրված աթոռի բեկորները ցաք ու ցրիվ եղան պանդոկով մեկ, ՙՈսկե Թզուկի՚ հանդիսատեսը գոհունակ աղմկեց, գրեթե տռճիկ տվեց տեղում: Սակայն Սկեգին ուշք չէր դարձնում թզուկների ու մարդկանց աղմկահույզ գոչերի վրա, և աննկարագրելի ջերմեռանդությամբ հարվածներ էր տեղում սեղանին, որն ի վերջո ըմբշամարտի հնարքով շուռ տվեց ու ինքն էլ նրա հետ գետին թավալվեց:
- Սատկացրի՞ քեզ, փռչոտ սոված կատու, դե ասա ով է մեզանից ստախոս, ա°ռ քեզ, ա°ռ քեզ…
- Դու ստախոս ես, Սկեգի,- սահմռկելի ձայնով պատասխանեց Ալ-Թարսիբը, որի շանթարձակ աչքերը նույն ակնթարթին խունացան և վերստին իրենց բաց դեղնավուն երանգին վերադարձան: Ալի եղունգներն էլ այլևս այքդան սուր ու երկար չէին թվում, ատամներն էլ՝ երբ խոսեց, ոչ մի նմանություն չունեին լավ սրված դաշույնների հետ:
Սկեգին դադարեց հաշվեհարդար տեսնել սեղանի, աթոռի բեկորների ու դատարկ օդի հետ, և, ի սարսափ իրեն, հայտնագործեց, որ Ալ-Թարսիբի ձայնը թիկունքից է լսում: Մարդիկ նույնպես ապշել էին իրենց տեսածից, մինչդեռ թզուկները, գոհ ու երջանիկ հռհռում էին, որ հաջողվել է ավելի հետաքրքիր դարձնել Մուրճ Ամրոցի միօրինակ կյանքը:
- Դու պարտվեցիր, Սկեգի,- գործնական քայլելով դեպի Սկեգին ու շարունակելով հռհռալ՝ ասաց Ռալայֆը,- կարիք չկա կոտրել պանդոկի կահույքն ու ոտքերդ էլ հետը:
Խայտառակված Սկեգին անտանելի ցավ զգաց ոսկորների մեջ ու զարհուրած նայեց իր ձեռքերին ու ոտքերին, որոնք արյունոտվելու աստիճան պլոկվել էին:
- Դրակար նավի քաջ նավաստիներ,- այդպես էլ չկարողանալով ազատվել խեղդող ծիծաղից՝ ավելացրեց Ռալայֆը,- հուսով եմ այս անմեղ կատակը կմնա մեր մեջ: Կարող եմ միայն սփոփել ձեզ՝ ասելով, որ դուք միակ մարդիկը չեք, որոնք այդպես անզոր թրատել են օդը՝ գտնվելով հարգելի Ալ-Թարսիբի հմայքների ներքո…
Մարդիկ ամոթահար էին ու հնդկահավի պես կարմրատակած, մինչդեռ սկզբում իրենք էին մտադիր մի կուշտ ծիծաղել պարզամիտ թզուկների վրա, որոնք այդքա՜ն դյուրավստահորեն հավատում էին հորինած պատմություններին:
- Դրակարի նավաստիների մեջ է՞լ կան այդպիսիք,- հիմարի պես ժպտալով հարցրեց Տորֆինը:
- Այն էլ ինչքա՜ն… Եվ իմ խորին համոզվածությամբ դուք սրբորեն կպահպանեք այդ գաղտնիքը, որպեսզի մյուսներին նույնպես հնարավորություն տաք չափվել Ալ-Թարսիբի հետ ու ձեզ միակ հիմարացվածը չզգաք…
Քառորդ ժամի չափ սրախոսություններ սլացան տարբեր ուղղություններով:
- Մենք ստախոս չենք, պարզապես կատակ էինք անում,- ասաց Տորդը:
- Ալերն էլ պակաս ստախոսներ չեն,- հարկ համարեց միջամտել Գիսլին,- Ալ-Թարսիբը, որևէ այլ ալ, մինչև հիմա բացահայտե՞լ են, թե ինչպես են Ալքից Մուրճ Ամրոց հասնում: Թե՞ անջուր անապատից այն կողմ գտնվող անանցանելի ճահիճն ու թավ անտառն էլ հորինվածք են:
- Իսկ դու թող քո նավն ու արի ինձ հետ,- պատասխանեց Ալ-Թարսիբը: - Ես քեզ իմ եղբայրներից մեկի հետ ճանապարհ կդնեմ Ալք ու դու քո սեփական աչքերով կտեսնես ոչ միայն անապատը, ճահիճը և անտառը, այլ Հրո Երկիրը, որը Սև Հսկան է պահպանում, Ալքը, մեր հարևան Սաբուրը, որտեղ ձեզ պես մարդիկ են բնակվում…
- Մինչ այդ դեռ պետք է Ոսկեջիղի սառույցները հաղթահարել,- ասաց իմաստունի տեսք առած Գնուպը, որն իսկապես մտածում էր, թե շատ խելոք բան է ասել:
- Չէ՜,- փոքր ինչ ուշացումով Ալ-Թարսիբին պատասխանեց Տորֆինը,- ավելի լավ է ինքդ մեզ հետ գաս, ծովային ճանապարհորդությունն էլ պակաս հետաքրքիր չէ:
- Ես իհարկե կգայի,- Ալ-Թարսիբի աչքերը նորից սկսեցին փայլել,- անտարակույս կգայի, եթե քո աչքերի մեջ չկարդայի, որ մտադիր ես անդրծովյան հրաշք գազանի տեղ ինձ վաճառել Արմեի շուկայում…
- Ես գնամ,- Անդվարը հանկարծ վեր կացավ տեղից…
- Այդ ո՞ւր,- հարցրեց Տորֆինը:
- Գնամ նավահանգիստ, ապրանք ունեմ առնելու:
- Միասին կգնանք, եթե դեմ չես…
Քիչ հետո պարզվեց, որ Ալ-Թարսիբը նույնպես մտադիր է այցելել Մուրճ Ամրոցի նավահանգիստը: Տորֆինը առատաձեռնորեն վճարեց, Ռալայֆը արժանապատվորեն հայտարարեց, որ երջանիկ է իր հաստատությունում այդպիսի պատվարժան մարդկանց հյուրընկալել, Բոլլին ճղճղաց, թափահարեց թևերը և արթնացրեց իր տիրոջը, ով բոլորից աննկատ, այդ սաստիկ աղմուկ ժխորի մեջ, վերստին տրվել էր գարեջրահանգստի հերթական մասնաժամին:
Էջանիշներ