3.Նավահանգիստը
Նավահանգիստն իրենից մի ոչ մեծ եռանկյունաձև ելուստ էր ներկայացնում, որը բուն թերակղզուց առանձնացված էր չորս աշտարակ ունեցող հզոր ատամնավոր պարիսպով: Թերակղզու տեղանքը, որի վրա գտնվում էր Մուրճ Ամրոցը, անհարթ էր, ծածկված բազմաթիվ կորամեջք բլուրներով, անանցանելի մացառախիտ անտառներով, ափամերձ տարածքներումª մամռակալած լպրծուն ժայռերով, որոնք ասես Ոսկեջիղ հսկայի թույլ արտահայտված շարունակությունը լինեին: Ձկնորսական փոքրիկ նավակներն, ասենք, բոլոր կողմերից էլ կարելի էր ջուրն իջեցնել, բայց ինչ վերաբերվում էր մեծ նավերին, ապա այստեղ որոշակի հարմարություններ էին անհրաժեշտ:
Թերակղզու ելուստը, որի մասին քիչ առաջ խոսվեց, առաջներում մի անբովանդակ ամայի տարածք էր եղել, ողջ մակերեսը ցցված ժայռաբեկորներով պատված, որոնց զառիվեր լանջերին անգամ ամենաճարպիկ ու խիզախ թզուկները սիրտ չէին անի բարձրանալ: Նավահանգստի հետ այն նույքան ընդհանրություններ ուներ, որքան քարայծը կետաձկան, բայց ի¯նչ կարող է դիմանալ թզուկի մուրճին ու քլունգին: Թեկուզ և դրա համար գերթզուկային ջանքեր պահանջվեցին, բայց նրանք հենց սկզբից պատկերացնում էին, թե ինչ գործ են ձեռնարկել, ու շատ լավ գիտեին, թե վերջում ինչ դուրս կգա: Մորեխի հսկա երամի պես խոյանալով լերկ ժայռերի վրա, նրանք իրենց ծանր մուրճերով գանակոծեցին քարե տարերքի անխորտակելի թվացող մարմինը, ճեղքերի մեջ ամուր սեպեր մեխեցին և հիմնավորապես սասանեցին հիմքերը: Այնուհետև գործի դրվեցին քլունգները, որոնց ավերիչ հարվածները քանդուքարափ արեցին ամեն ամեն ինչ: Երբ աշխատանքին մեծ թվով թզուկներ էին մասնակցում, թվում էր դա ոչ թե շինհրապարակ է, այլ ճակատամարտի վայր, որտեղ իրար միանգամայն արժանի երկու քաջարի բանակներ են բախվել:
Դա ոչ թե սոսկ աշխատանք էր, ոչ թե մինչև անգամ ճակատամարտ, այլ հազարամյակների մարտահրավերը, որի հակառակ նժարին թզուկները դրել էին իրենց ողջ հնամյա քաղաքակրթությունը: Աշխատում էին լուռ ու մունչ, առավոտից մինչև իրիկուն ու թեև նավահանգիստ կառուցելու մտահաղացումը համեմատաբար վերջերս էր սկսվել քննարկվել, կարծես դարերից եկող մի սուրբ գաղափար էր, որի կենաց անհրաժեշտության խորհուրդը թզուկների բոլոր սերունդներում հորից որդուն էր փոխանցվել: Ահա և թզուկները գործի դրեցին բեռնասայլակները և ժիր մրջյունների պես տեղանքը սրբեցին մաքրեցին քար ու ավազից: Ասենք հեռու չէին կրում տանում: Անբողջն օգտագործվեց որպես շինանյութ և հաշված ամիսների ընթացքում չորս վեհապանծ աշտարակներ հասակ առան դեպի երկինք, որոնք միացված էին իրար հիսուն ոտնաչափ բարձրություն և տասը ոտնաչափ լայնություն ունեցող անսասան պարիսպով: Հենց այստեղից էլ թզուկներն իրենց լուրթ հսկողության տակ առան ծովի ջրերն ու նրանց վրայով նավարկող հազվադեպ նավերը: Իրենք մեծ նավագնացներ չէին ու միակ արդյունքը, որը կարողացան գրանցել նավահանգիստը կառուցելուց հետո, դեպի մոտակա կղզին նավարկելն էր, որտեղ առավել հետաքրքրասեր թզուկները սկսեցին երկրաբանական լուրջ պեղումներ իրականացնել, իսկ ծերուկ Ռեյեդեկը մինչև անգամ մշտական բնակության տեղափոխվեց այնտեղª պատճառաբանելով, որ մուրճերի զարկերից ու քաղաքային ժխորից հեռու, ծովի մեղմ ծփանքի ներքո, ցանկանում է իր խոհերին տրվել:
Մարդկանց նավը, որը խարիսխ էր գցել Արևելյան Նավահանգստում, կարծես մի հեքիաթային աշխարհից էր հայտնվել այստեղ: Դա մի եռակայմ մեծ առագաստանավ էր, որի կողքին թզուկների ձկնորսական նավակները փոքրիկ լվացքի տաշտերի էին նմանվում: Նավաստիներից շատերը դուրս էին եկել քաղաք զբոսնելու, ծովային երկար ճանապարհորդությունից հոգնածª մի փոքր կոկորդները թրջելու Մուրճ Ամրոցի պանդոկներում: Մինչև պարսպից այն կողմ անցնելը պարտավոր էին վճարել սահմանված հարկը, ինչպես նաև պահակակետում թողնել իրենց բոլոր զենքերը: Քանի որ պահակություն իրականացնող թզուկները հաշվառում չէին կատարում, թե որ զենքն ումն է, ու երբեմն խառնաշփոթ էր ստեղծվումª շփոթմունքի ու հարևանի լավ զենքը իրենով անելու խորամանկ նկատառումների պատճառով, մարդկանց մեծ մասը նավի մեջ էր թողնում զենքը:
Առանց զենք Մուրճ Ամրոցում ման գալը վտանգավոր չէր, թզուկները ոչ ոքի չէին վնասի: Հյուրեր այստեղ հազվադեպ էին գալիս, նրանց գալուստը նշանավոր իրադարձություն էր համարվում: Դե իսկ եթե այնուհանդերձ կռվի անհրաժեշտություն առաջանար, մարդկանց զենքերն այստեղ էական դեր չէին կարող խաղալ: Որքան էլ որ թզուկները որակյալ զենքերով էին մատակարարում մարդկանցը, լավագույնն իրենց էին պահում ու դեռ միջին մարդուց էլ շատ ավելի ուժեղ էին: Այդ պատճառով մարդիկ գերադասում էին զենքով ծանրաբեռնվելու փոխարեն գրպաններն ու ուսապարկերը մանր զարդեղենով ու կենցաղային առարկաներով լցնել, որը կարելի էր անարգել անցկացնել պարսպից այն կողմ և փոխանակում կատարել բուն քաղաքում: Մուրճ Ամրոցը ազատ թզուկների քաղաք էր ու ամեն ինչ արված էր, որպեսզի թզուկը կողմնակի բաների վրա զուր տեղը ժամանակ չվատնի ու առաջին անհրաժեշտության ոչ մեծ առարկաները ձեռք բերի հենց իր տան առաջ: Դե իսկ մեծածախ գնումների համար պետք էր գնալ նավահանգիստ, որտեղ փոքրիկ, բայց հարմարավետ կրպակներ կային կառուցված առևտրականների համար:
Էջանիշներ