- Սա Գիսլին է, սա՝ Սկեգին, իսկ սա՝ Տորդը,- ներկայացրեց Տորֆինը:
Գիսլին բարձրահասակ էր և գեր, Սկեգգին՝ ցածրահասակ և նիհար, իսկ Տորդը պարզապես հաղթանդամ էր:
- Իսկ ես Առնլոգն եմ,- ասաց մեզ ծանոթ նավաստին ու մի աթոռ քաշեց տակը:
- Հիմար, հիմար, հիմար…,- արձագանքեց Բոլլին ու որպես իր խոսքերի ապացույց՝ մեկ անգամ ևս տպավորիչ կերպով թափահարեց թևերը:
- Քո թութակն, ինչ է, միայն հայհոյո՞ւմ է,- հետաքրքրվեց Անդվարը:
- Միայն ինձ,- անկեղծորեն խոստովանեց Առնլոգը,- ուրիշների հետ ավելի քաղաքավարի է:
ՙՈսկե Թզուկը՚ պայթեց բարձր ծիծաղից, միայն Ալ-Թարսիբը անվրդով մնաց:
Վերջապես Ենիսուլը հինգ գավաթ թարմ գարեջուր բերեց, մարդիկ և Անդվարը բարձրացրին գավաթներն ու ոգևորված բարբարոսների պես իրար զարկեցին գավաթները, փրփուրը թափելով թե; իրենց և թե՛ սեղանի վրա:
- Երկար կյանք,- բացականչեց Անդվարը:
- Երկար կյանք,- արձագանքեցին մարդիկ:
- Միացեք մեզ, բարի՛ թզուկներ,- որքան հնարավոր է սիրալիրություն հաղորդելով ձայնին, ասաց Տորֆինը՝ դիմելով Ուլվարին, Գարդարին և Գնուպին, ապա դարձավ պանդոկատիրոջ կողմը: - Երեք գավաթ գարեջուր իմ բարեկամ թզուկներին:
- Մենք ինքներս ենք ձեզ հյուրասիրում,- ավելի պակաս խանդավառանքով ու երեքի փոխարեն, պատասխանեց Ուլվարը ու նշան արեց Ռալայֆին, որ գարեջուր լցնի բոլորի համար, ներառյալ Ալ-Թարսիբի:
- Այդ դեպքում մեզանից նվեր ընդունեք այս ասեղնագործված թաշկինակները, որոնք երջանկություն կբերեն իրենց տերերին:
Թզուկները հարկ չհամարեցին պարզաբանել, թե ինչու Տորֆինը թաշկինեկներն իր մոտ չի պահում, որպեսզի ինքը երջանիկ լինի և արժանապատվորեն ընդունեցին նվերները: Նրանցից յուրաքանչյուրն այդ պահին մտածեց, որ ասեղնագործված թաշկինակը գուցե հաջողություն բերի ու օգնի գտնել առասպելական գանձը:
Խոսեցին դեսից դենից, մարդիկ հետաքրքրվեցին, թե ինչ նորություն կա Մուրճ Ամրոցում ու քանի որ այստեղ ամեն ինչ առաջվա պես էր, զրույցն ավելի շատ ծավալվեց մարդկանց նավարկության շուրջը: Ծովային ճանապարհորդությունն այնպիսի բան է, որն ամեն անգամ տարբեր պատմություններ և նոր արկածների է ծնում, թեկուզև նրանք նույն հերթականությամբ նույն նավահանգիստներն էին այցելում Մուրճ Ամրոց հասնելու ճանապարհին: Անդվարը, ինչ էլ որ իրեն պատմեին, լսում էր հափշտակված, հարցեր էր տալիս, նշումներ կատարում մատյանում, որն արդեն գրիչի ու թանաքամանի հետ սեղանին էր դրել: Եթե մարդիկ կարդային նրա գրառումները, ծայրաստիճան կզարմանային այն պատմությունների վրա, որոնց մասին իրենք էլ էին արդեն մոռացել: Բանն այն է, որ նրանք այնքան էլ լավ հիշողություն չունեին ու նույն դեպքը մեկ այսպես, մեկ՝ այնպես էին պատմում: Ինչևէ, Անդվարը չէր նեղանում, պատրաստակամորեն հիշեցնում էր, որ այս աշխարհի տեղն իրականում այստեղ է, ճշգրտումներ կատարում, նոր հարցեր տալիս ու նոր ճշգրտումներ կատարում: Շնորհիվ այդ հարցադրումների նա ջանադրաբար կազմել էր մի քարտեզ, որն ընդգրկում էր Մուրճ Ամրոցից հյուսիս և հարավ, արևելք և արևմուտք ընկած աշխարհները: Ի տարբերություն Անդվարի՝ մյուս թզուկները որևէ հետաքրքրություն չցուցաբերեցին մարդկանց պատմությունների հանդեպ: Ամենաշատը, ինչ նրանց հետաքրքրում էր, մարդկանց բերած ապրանքներն էին, որոնց կարիքը նրանք որոշակի չափով ունեին, ուստի և տարերայնորեն առանձնացան նավարկության սիրահարների խմբից ու սկսեցին քննարկել իրենց հանքերին վերաբերվող մասնագիտական հարցեր:
- Դո՛ւ պատմիր, Գիսլի,- ասաց Տորֆինը:- Երեք ամիս տենդի մեջ վառվում էի: Իսկ երբ լավացա՝ խելքս տեղը չէր, ոչ մի բան չեմ հիշում:
- Դա իսկական կախարդություն էր,- ասաց Գիսլին, կախարդություն բառը լսելուն պես Անդվարի աչքերը հետաքրքրասիրաբար վառվեցին: - Ինքս էլ մի լավ վիճակում չէի, թեև ոտքի վրա էի: Նավարկության հենց առաջին օրը, երբ տեսողությունից անգամ չէր անհետացել մեր հայրենի Արմե նավահանգստի սքանչելի համայնապատկերը, ծովային չար ուժերը իրենց ողջ ուժերով հարձակվեցին մեզ վրա, որպեսզի հատակն իջեցնեն Դրակարը…
- Ինչո՞ւ,- զարմացավ Անդվարը:
- Որովհետև նրանք մարդկանց հոգիներով են սնվում,- բացատրեց Նորդը, Գիլսին շարունակեց պատմությունը:
- Սև ամպերը ծածկել էին երկինքը, առավոտից իրիկուն, գիշերվանից մինչև առավոտ՝ հորդառատ անձրև էր տեղում, ասես դույլերով երկնքից ջուր լցնեին: Փոթորիկը փոթորկի ետևից, անձրև ու կարկուտ, հեղեղ, ինչ ասես չթափվեց գլխներիս: Երեք ամիս շարունակ ոչ մի անգամ առիթ չունեցանք պարզել առագաստները, որովհետև անդադար ոռնացող քամին այնքան ուժգին էր փչում, որ անկասկած ծվեն ծվեն կաներ այն: Վաղ գարնանը դուրս եկանք Արմեից ու երբ փոթորիկը ամառվա սկզբներին անակնկալ դադարեց, գաղափար անգամ չունեինք, թե որտեղ ենք գտնվում… Ճիշտ չե՞մ ասում, Տորդ:
- Հենց այդպես,- պատասխանեց Տորդը:
- Ինչ որ չեմ հիշում այդ փոթորիկը,- հանկարծ ասաց Առնլոգը, ով գլուխը սեղանին դրած՝ լիովին ենթարկված էր գարեջրից անջատված գոլորշիների ազդեցությանը:
- Հիմա՛ր, հիմա՛ր, հիմա՛ր,- ճղճղաց Բոլլին, բոլորը ևս մեկ անգամ ծիծաղեցին, Առնլոգը թափ տվեց ձեռքը և վերադարձավ նախկին դիրքին:
- Այս անասունը ամբողջ ճանապարհին նույն վիճակում էր,- ասաց Սկեգին: - Շարունակիր Գիսլի, մեր բարեկամ Անդվարը ուշադրությամբ լսում է քեզ:
- Փոթորիկը խաղաղվեց նույնքան անակնկալ,- շարունակեց Գիսլին,- որքան սկսվել էր, բայց էստեղ են ասել. մրից դուրս եկանք՝ մրջուրն ընկանք:
- Եթե միայն կարողանայիր քարտեզի վրա ցույց տալ, թե որտեղ էր գտնվում Դրակարը փոթորիկն ավարտվելու պահին,- ասաց Անդվարը:
- Ահա այստեղ,- առանց մտածելու պատասխանեց Գիսլին, Անդվարն ընկղմվեց ինչ որ հաշվումների մեջ ու նույնիսկ չմտածեց, որ նույն Գիսլին քիչ առաջ պնդում էր, որ փոթորիկն ավարտվելուց հետո գաղափար անգամ չունեին, թե որտեղ են գտնվում:
- Իսկ ի՞նչ եղավ հետո,- ավարտելով նշումները՝ հարցրեց Անդվարը:
- Երեք ամսվա անձրևից հետո դեռ չէինք հասցրել չորանալ արևի տակ, որը հիմա էլ այնպես էր այրում, կարծես Դրակար նավը նրան կանխամտածված վատություն էր արել, այդ պատճառով նա ցանկանում էր վրեժ լուծել, երբ հորիզոնում մի հսկա ծովահրեշ երևաց: Գլուխը երեք Դրակարի չափ, մարմինը՝ հինգ անգամ Դրակարից երկար: Երեք օր հետապնդեց մեզ, որ նավը կուլ տա նավաստիների հետ միասին: Երեք օր ու գիշեր ոչ մեկը աչք չպցրեց, ոչ էլ բերանը փշուր դրեց: Ձեռքներս պլոկեցինք անվերջ թիավարելուց, թիերի կեսը ջարդվեցին ու տաշեղի վերածվեցին, մյուս կեսը դեռ ինչ որ հրաշքով շարունակում էր ծառայել: Բարեբախտաբար երրորդ օրը համընթաց քամի ճանկեցինք ու պոկվեցինք ծովահրեշից, որը միօրինակ հետապնդումից հավանաբար ձանձրացել էր, կամ էլ ավելի հետաքրքիր որս էր հայտնաբերել մոտակայքում:
- Իսկ ինչու եք այդպիսի ջրերով նավարկում,- զարմացած հարցրեց Անդվարը, որը բավական տպավորվել էր այդ պատմությամբ,- մի օր այդ հրեշն ախր կուտի ձեզ:
- Նավարկության ճանապարհն էդքան վտանգավոր չի, թեև անվտանգ էլ չի, բայց փոթորիկը կամ դիպվածը ամեն անգամ մի արկած բերում է գլխներիս:
- Պարզ է…- մտազբաղ արձագանքեց Անդվարը և սկսեց նոր գրառումներ կատարել մատյանում:
- Այդ հրեշն ինչ էր որ,- մեծագործ տեսքով ուռացնելով թշերն ասաց փոքրամարմին Սկեգին: - Բա որ Սև հսկային տեսնես, որը պահպանում է Հրո Երկրի դարպասները: Թե հետը լեզու չգտար՝ բաց կանի դռները ու էնտեղից հազարավոր հրեշներ բաց կթողնի, որոնք բոլորն էլ իր պես հսկաներ են, բայց կրակից սարքած…
Այդ պահին խոսակցությանը ներքաշվեց մեկ այլ անձ, որը մինչ այդ անկյունում լուռ նստած փոքր կումերով գարեջուր էր ներս քաշում ու իր ողջ տեսքով ցույց էր տալիս, որ մտադիր չէ որևէ կերպ միջամտել: Ալ-Թարսիբն էր, Մուրճ Ամրոցում ապրող միակ ալը, որն իր կազմվածքով թզուկից ավելի ցածրահասակ էր, մարդուց՝ ավելի նիհար, և գամփռի պես բրդոտ: Ալ-Թարսիբի աչքերը կրակի գույն ունեին և ըստ նրա հոգևիճակի՝ փոխում էին իրենց երանգները: Ճակատը նեղ էր, քիթ ոչ շատ մեծ ու սուր, բերանը մի բարակ գիծ էր այն տեղում, որտեղ մարդկանց կամ թզուկների մոտ գտնվում էր բերանը: Այն սակավ անգամները, երբ նա խոսում էր, երևում էին նրա սուր ատամները, որոնք գիշատիչ գազանի տպավորություն էին թողնում, բայց ոչ մեկը դեռ տեսած չկար, որ որևէ ալ ատամները գործածի որպես զենք: Սակայն ամենաուշագրավը ալի եղունգներն էին, որոնք արծվի մագիլների պես երկար էին և այնքան կարծր, որ քարի վրա կարող էին ուզածդ նկարը խզբզել:
- Ստախոսի մեկն ես, Սկեգի,- ասաց Ալ-Թարսիբը, որը համեստ բայց ինքնավստահ տեսքով թիկն էր տվել իր աթոռին:
Սկեգին անակնկալի եկավ և ոչնչացնող հայացք գցեց մի արարածի վրա, որն իր չափսերով երկուս և կես անգամ փոքր էր մարդուց:
- Ինչպես ես համարձակվում ստախոս անվանել ինձ, թրջված կատու:
- Հենց համարձակվում եմ,- պատասխանեց Ալ Թարսիբը: - Համարձակվում եմ, որովհետև Հրո Երկիրը ոչ թե հյուսիսում է գտնվում, որտեղ իբր դու այն այցելել ես քո միօրինակ նավարկությունների ընթացքում, Դրակարի ոջլոտ նավաստի, այլ հարավում, իմ հայրենի Ալքի հարևանությամբ: Համարձակվում եմ, որովհետև դուք, մարդիկդ անխտիր ստախոսներ եք անվանում ալերին, իսկ հիմա ինքներդ եք այնպիսի ստեր փչում, որը նողկալի է անգամ լսել:
Մարդիկ տարբեր կերպ արձագանքեցին Ալ-Թարսիբի ելույթին. Գիսլին ծիծաղից թուլացավ, մատը պարզեց Սկեգիի ուղղությամբ ու քիչ մնաց ընկնի աթոռից, Տորդը բավարարվեց ալի վրա մի ատելի հայացք գցելով, որը ոչ մի լավ բան չէր կարող խոստանալ, իսկ Տորֆինը գլուխը կախելով քողարկեց իր ժպիտը, կարծես ոչ ցանկանալով ալի կողմը բռնել, ոչ էլ ընկերոջը սևացնել: Ինչ վերաբերվում է թզուկներին, ապա նրանք բավական աշխուժությամբ վերաբերվեցին անսպասելի ծագած վեճին և մինչև անգամ դադարեցին խոսել երկաթի ձուլման հույժ մասնագիտական հարցերի մասին: Իսկ մինչ մարդիկ և թզուկները կողմնորոշվում էին, թե ինչ դիրք պետք է բռնեն փոքրիկ հրեշի արտասանած հանդուգն խոսքերի նրբերանգին, Ալ-Թարսիբ անվրդով վեր կացավ տեղից, Անդվարի առաջից վերցրեց նրա քարտեզը և դանդաղ ու հանդիսավոր պատռեց:
- Սա մի հոտած կաղամբ էլ չարժե,-եզրափակեց Ալ-Թարսիբը:
Սկեգին, որը ծաղրալից հայացքների ներքո աշխատում էր ուշքի գալ, սպառնագին սեղմեց բռունցքները:
- Եթե պատկառանքն ինձ չխանգարեր,- ասաց նա,- պատկառանք, որը ես տածում եմ այս հարգարժան հաստատության պատվարժան տիրոջ նկատմամբ, այնպես կհասցնեի վզակոթիդ, որ տեղում շունչդ կփչեր, սատկած կատվի մեկը…
Նույն պահին միջամտեց պանդոկապանն ինքը:
- Իսկ դու փորձիր,- բարեհոգի տեսքով ասաց ծերուկ թզուկը: - Իմ պատիվն էստեղ չի տուժի: Պանդոկն էլ հենց այն բանի համար է, որ գոնե մեկ մեկ տուրուդմբոց լինի, թե չէ ձանձրույթից կմեռնես, ժամանակը իսկի չի անցնում… Ենիսուլ, գնա տուն հանգստացիր, այսօր շատ չարչարվեցիր, իմ սիրելի կին: Իսկ գուցե հա՞նք գնաս: Գուցե որդիներիցդ մեկը գտել է առասպելական գանձը, չե՞ս ուզում տեսնել:
Ենիսուլը դժգոհ փնթփնթաց, կոպտորեն իրար վրա լցրեց կեղտոտ ամանները, որոնք ցանկանում էր լվանալ ու սրբիչով չորացրեց ձեռքերը:
- Ծեր ավանակ, սեփական պանդոկումդ ես կռիվ հրահրում: Էլ ոտքս չես տեսնի էստեղ, ամաններն էլ ինքդ կլվանաս, գարեջուրն էլ՝ կմատուցես… Թե ինչու ջահել կյանքս կապեցի քեզ հետ, էդքան ուզողներ ունեի…
- Դե երևի սիրում էիր Ռալայֆին,- ծիծաղելով ասաց Գնուպ թզուկը, մինչդեռ Ուլվարն ու Գարդարը աշխույժով սեղաններից տեղ էին ազատում մոտակա մրցամարտի համար: Սկեգիի և Ալ-Թարսիբի մոտակա առճակատումը իսկական իրադարձություն էր, ամեն օր չէ, որ կարելի էր տեսնել, թե ինչպես են մարդը և ալը ուժով չափվում:
- Ախր սրա հետ ի՞նչ կռվեմ,- ծղրտում էր Սկեգին: - Ուրիշ բան, գցենք վանդակը տանենք Արմե, կարգին կուրախանան երեխեքը…
- Իսկ դու կնկա նման մի նվնվա,- ասաց Նորդը, Գիսլին գլխով հաստատեց նրա ասածը,- մի անգամ հասցրու վզակոթին, ինչպես խոսք էիր տվել, ու պրծավ գնաց…
- Առանց մտածելու լեզվիդ էիր տալիս,- ավելացրեց Տորֆինը,- Դե հիմա աստվածներին փառք տուր, որ քեզ ստի մեջ մեղադրողը մի ճստիկ ալ է, այլ ոչ թե թզուկ, որն ինքը կարող էր ինչպես հարկն է հասցնել վզակոթիդ…
- Հա՜, սուտն ինձանից է դուրս եկել, Գիսլին երեք օր հրեշից էր փախչում, իսկ դու երեք ամիս նավախցիկում հիվանդ պառկած էիր…
Մինչ թզուկները մրցաբեմ էին նախապատրաստում, իսկ մարդիկ մանր հարցեր պարզաբանում իրար մեջ, Ռալայֆը մոտեցել էր Անդվարին և հայրաբար խրատներ էր տալիս նրան:
- Անդվար, որդի Մեծ Անդվարի, որին թզուկները առասպելական ուժի պատճառով Հսկա Թզուկ էին անվանում: Քո ինչի՞ն են պետք սրանց փուչ զրույցները, որոնք ուղիղ համեմատական են իրենց լակած գարեջրի հետ: Քո ինչի՞ն են պետք անդրծովյան երկրները, որ դեռ ջանում ես պարզել, թե որը որտեղ է գտնվում: Աշխարհի կենտրոնը Մուրճ Ամրոցն է, ու քանի դեռ գոյություն ունի Ոսկեջիղ լեռը, ոչ մի պատճառ չկա, որ թզուկը մտածի ուրիշ տեղ գնալու մասին… Ա՜խ, թե կարենայի նախկինի պես փորփրել իմ հանքը: Ողջ կյանքս կտայի, միայն թե մեկ օրով մուրճ առնեի ձեռքս…
Էջանիշներ