User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 38 հատից

Թեմա: Թզուկների Քաղաքը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Թզուկների Քաղաքը

    Թզուկների քաղաքը


    Անդվար թզուկը մյուս թզուկներից ոչնչով չէր տարբերվում: Ծերունական կնճռոտ դեմք, անճոռնիորեն ցցված կարմիր քիթ, մեկ զույգ մազմզոտ լոշտակ ականջներ և ջինջ կապույտ խորիմաստ աչքեր, որոնք, պետք է նկատել, նույնիսկ հիմարավուն թզուկների մոտ էլ նույնպիսի արտահայտություն ունեին: Սակայն ոմն Ռեյեդեկ, որն ըստ զանազան պնդումների երկու հարյուր ութսուն տարեկան էր և բնավ հիմար թզուկների թվին չէր պատկանում, մի առիթով ասել էր Անդվարին, որ նա հինավուրց առասպելական անուն է կրում, որի տերը անհամար հարստությունների տեր էր եղել և, կորցնելով իր գանձերը, անիծել էր դրանց հնարավոր տերերին: Թե որտեղից գիտեր Ռեյեդեկն այդ մասին` Անդվարն առայժմ չէր հարցրել: Մուրճ Ամրոց քաղաքում, որտեղ նրանք բնակվում էին, ոչ ոք այդպիսի բաներով չէր հետաքրքրվում: Թզուկներն այստեղ շատ գործնական էին, և լույսը բացվելուն պես քլունգն ու մուրճն ուսերին գնում էին դեպի Ոսկեջիղ լեռը, որտեղից ոսկի, արծաթ, պղինձ, այլ մետաղներ ու ծծումբ էին արդյունահանում:

    Մուրճ Ամրոց քաղաքը սփռված էր մի բարեբեր և անհարթ թերակղզու ողջ երկայնքով և իր դիրքով իսկապես նման էր և՛ ամրոցի, և՛ թե մուրճի: Անծայրածիր ծովը երեք կողմից ողողում էր քաղաքի ափերը, հարավում արևի շողերի տակ պեծին էր տալիս վեհասքանչ Ոսկեջիղը: Հենց լեռներն ու ծովն էլ ամրոցի էին վերածել քաղաքը, իսկ ինչ վերաբերվում է մուրճի հետ նրա նմանությանը, ապա հյուսիսից հարավ ձգվող մասը՝ թերակղզին, մուրճի կոթն էր, իսկ լեռան ստորոտին բաժին ընկած հսկա թաղամասը, որտեղ ամենահարուստ թզուկներն էին բնակվում, իսկապես շատ նման էր երկսայր մուրճի, մի կողմը սրածայր՝ ժայռերը ճեղքելու, մյուսը՝ տափակ, հանքաքարերը մանրացնելու համար: Թզուկներն այդ մասին գիտեին անհիշելի ժամանակներից, այնպես որ վաղուց դադարել էին դրա վրա ուշադրություն դարձնել: Բացի այդ, թզուկն այն բանի համար չէ, որ Ոսկեջիղի լանջին կանգնած հիանա ծովի սքանչելի պատկերով ու խորհրդածի, թե իր հայրենի քաղաքը մուրճի է նման, թե քլունգի: Հանքահորերը կանչում էին նրանց դեպի իրենց խորհրդավոր ընդերքը գանձեր որոնելու, իսկ դա մի տենչանք էր, անզուսպ ցանկություն, որի կարոտից ամեն թզուկ կարող էր տոչորվել, հալումաշ լինել, նախանձի որդ ձեռք բերել. կարծում եք հե՞շտ է լեռնալանջին կանգնած անտարբեր հետևել, թե ինչպես է հարևան թզուկը հաճույքով պտտեցնում մուրճն ու քլունգը, և գուցե արդեն իրենով է արել Ոսկեջիղի անհամար գանձերը, ողջ վառվռուն նռնաքարը, նախշավոր մալախիտը, կանաչափայլ զմրուխտն ու արևաշող ադամանդը, որոնց մասին խոսվում էր հին զրույցներում: Անդվարը, մեր պատմության գլխավոր հերոսը, մի փոքր բացառություն էր կազմում իր եղբայրակիցների մեջ և հաճախ, շունչ առնելու պատրվակով, մինչև անգամ հատուկ դուրս էր գալիս իրեն պատկանող հանքից: Բայց թզուկին չես խաբի, թզուկը լուրջ, իրատես արարած է, որին խորթ, համենայն դեպս անհասկանալի են, և՛ հուսավառության անուրջներով մի փոքր տարվելու դրսևորումները, և՛ հիացական նվիրվածության բոլոր անիմաստ զեղումները: Ասենք ոչ մեկի գործը չէ, թե ով ինչով է զբաղվում, ու եթե ինչ որ մեկի խելքին փչել է աշխատելու փոխարեն հայացքը հառել դեպի անորոշ հեռուն, ու այդպիսի դիրքում մնալ ժամեր շարունակ… Ինչ արած, ուրեմն Մուրճ Ամրոցն էլ զերծ չէ երազող հիմար թզոկներից: Սակայն մի ոմն Լունդրե, որն Անդվարի հոր մահվանից հետո հանձն էր առել նրա խնամակալությունը, լուրթ հսկում էր, որպեսզի իր հանգուցյալ ընկերոջ միակ որդին, անբանության մեջ չկործանի իր կյանքը, որը գուցե մեծամեծ գործերի է նախասահմանված. գուցե հենց նա՞ է Ոսկեջիղի ընդերքում առաջինը փորել-հանելու առասպելական գանձը: Այդ պատճառով Լունդրեն, երբ վաղուց Անդվարի մուրճի ձայնը չէր առնում, իր որդիներից Նորդրիին կամ Վինին, իսկ երբեմն էլ դստերը, Նոլային, ամենախիստ հրահանգներով ուղարկում էր Ոսկեջիղի լանջին թիկն տված Անդվարի ետևից:

    Թզուկները մարդահամար անցկացնելու սովորություն չունեին, բայց Մուրճ Ամրոցում, ըստ որոշ պնդումների՝ ամենաքիչը ութ հազար ժրաջան թզուկներ ու բարետես թզուկուհիներ էին ապրում: Ասենք, վերջին ժամանակներս նրանց թիվը կարծես զգալիորեն աճել էր. այդ էին վկայում Մուրճ Ամրոցի ոչ այնքան ընդարձակ հողերում ու Ոսկեջիղի ստորգետնյա խավար հանքերում տեղի ունեցող ոչ սակավ վեճ-վիճաբանությունները, որոնց թիվը օրըստօրե աճում էր: Այնպես որ, ավելի իրատես թզուկները գերադասում էին խորհրդածել տասը հազար թվի շուրջը, դե իսկ ամենահոռետեսները պարզապես համոզված էին, տասներկու հազար, ոչ մի թզուկ կամ թզկուհի պակաս, ու որ շուտով ոչ բոլորը տեղ կունենան արևի տակ: Սակայն թզուկների մեծ մասը օրն անցկացնում էր Ոսկեջիղ լեռան հանքերում և բոլորովին ժամանակ չուներ նման խորհրդածություններով տարվելու: Ապագան նրանց համար տվյալ օրն էր, առավոտվա ծեգից մինչև արեգակի մայր մտնելը, օրվա խորհուրդը՝ արդյունահանված ոսկին ու երկաթը: Իսկ որ Անծայրածիր ծովը՝ արևելքից, հյուսիսից և արևմուտքից էր խոչընդհոտում քաղաքին ծավալվել, իսկ Ոսկեջիղը մի հսկա պատնեշ էր հանդիսանում հարավում, նրանց բնավ չէր անհանգստացնում: Թզուկներն այստեղ ապրում էին անհիշելի ժամանակներից և սլանում էին դեպի անկռահելի ապագա, որը նրանց աչքերին հաճախ հառնում էր որպես մի գանձաշող պատրանք:

    Այսպիսով՝ թզուկների քաղաքը աշխարհագրորեն կտրված էր այլ երկրամասերից ու նրանք ամիսներով մարդու երես չէին տեսնում, բայց դա քիչ շփման միակ պատճառը չէր: Մարդիկ խուսափում էին նրանցից, որովհետև թզուկների մասին զանազան անհավանական բաներ էին պատմում և գերբնական հատկություններ վերագրում: Միջին թզուկը կես մարդաբոյ հասակ ուներ, բայց երկու անգամ ծանր էր մարդուց և երեք անգամ ավելի ուժեղ: Նրանց մասին ասում էին նաև, որ ամեն թզուկ չարամիտ է, ագահ, նենգ, խորամանկ, կախարդությունների միջոցով կարող է մարդուն մուկ դարձնել և տիրապետում է անտեսանելի լինելու արվեստին: Դե իհարկե չարամիտ թզուկներ էլ կային, ագահ էլ, նենգ էլ, խորամանկ էլ, բայց բոլորը միասին վերցրած՝ շատ հազվադեպ: Ասենք, երբ խոսքը ոսկու կամ մեկ այլ գանձի էր վերաբերվում, բոլոր թզուկներն էլ միանման ագահ էին: Ինչ վերաբերվում է կախարդություններին և անտեսանելի դառնալուն, ապա այդպիսի բաները նույնքան անծանոթ էին նրանց, որքան՝ մարդկանց: Մարդիկ Մուրճ Ամրոց էին գալիս իրենց առագաստափայլ նավերով՝ հյուսիսից, արևելքից և արևմուտքից: Թե որքան ճանապարհ էին նրանք կտրում, որպեսզի այստեղ հասնեն՝ ոչ ոք լրջորեն չէր հետաքրքրվել: Դե իսկ Մուրճ Ամրոց հասած մարդիկ էլ խուսափողական ու կցկտուր պատասխաններ էին տալիս, որովհետև նրանք առաջինից մինչև վերջին մարդը վաճառականներ էին, իրենց արարմունքներում առաջնորդվում էին բացարձակապես հաշվարկով, իսկ գաղտնիքի բացահայտմանը կհետևեր առևտրի մենաշնորհի կորուստը, վերջինիս՝ նյութական ծանր վնասներ: Ավելի շատ տեղեկություններ կային հարավում բնակվող մարդկանց մասին, որոնց թզուկների հետ բաժանում էր մի անջուր անապատ, մի անանցանելի ճահիճ և մի թավ անտառ՝ բոլորն էլ չար ոգիներով ու դաժանամիտ արարածներով բնակեցված:

    Դե իսկ անջուր անապատ հասնելու, անանցանելի ճահճուտի մասին մտածելու և թավ անտառի մասին երազելու համար նախ անհրաժեշտ էր հաղթահարել Ոսկեջիղի զառիթափ լանջերը և հավերժական ձյունով ծածկված բարձրաբերձ գագաթները, որը բոլորովին էլ հեշտ գործերից չէր: Թզուկներից ոմանք կատակով ասում էին, որ ավելի հեշտ է միջնաթափանց շաղափել Ոսկեջիղը և մյուս կողմից դուրս գալ լեռան հարավային լանջ, քան զառիվայր արահետներով թափանցել ձյունամրրիկների մեջ ու սառած թզուկե արձան կանգնեցնել այնտեղ: Չնայած անանցանելի տարածքներին, թզուկները շահավետ առևտուր էին անում նաև հարավի հետ: Կային արարածներ, որոնք կարողանում էին բարեհաջող հաղթահարել այդ մահաշունչ ուղին, որն անցնելու մասին թզուկները չէին ցանկանում անգամ մտածել: Դրանք ալերն էին, կես մարդկային, կես կենդանական կերպարանքով չար փռչոտ էակներ, որոնք իրենց չափսերով է՛լ ավելի փոքր էին, քան թզուկները, մի կարգին քաշ էլ չունեին, բայց այնուամենայնիվ Մուրճ Ամրոցի ողջամիտ թզուկները շատ ավելի զգուշություն էին ցուցաբերում նրանց, քան մարդկանց հետ իրենց հարաբերություններում: Անդվար թզուկը լսել էր նույն՝ երկուհարյուր ութսուն տարեկան Ռեյեդեկից, որը Մուրճ Ամրոցից դեպի հյուսիս և հարավ, արևելք և արևմուտք, աշխարհը բնակեցված է զանազան այլ արարածներով, ու որ Անծայրածիր ծովն իրականում բոլորովին էլ անծայրածիր չէ, բայց այնքան էլ չէր հավատում նրան: Ռեյեդեկի պատմածները չափազանցված, գունազարդված, ճշմարտությունից մի լայնարձակ տարածություն հեռացած էին լինում, այնպես որ գաղտնապահ մարդկանցից ու ստախոս ալերից հաճախ ավելի շատ բան կարելի էր իմանալ:

    Պատմվում էր ինչ որ աճուճ-պաճուճների մասին, որոնք թզուկների պես կարճ էին, բայց ոչ նրանց պես թանձրամարմին և ուժեղ, ու երկաթ կռելուց էլ ոչ մի գաղափար չունեին: Փոխարենը նրանք տիրապետում էին գուշակության, հմայության և կախարդության արվեստին և հավասարը չունեին այդ ասպարեզում: Կային նաև զանազան վիշապներ ու գերբնական թռչյուններ, որոնց յոթ սարից այն կողմ կարելի էր հանդիպել, հսկաներ, անտառային, ճահճային և լեռնային ոգիներ, բոլորն էլ միայն իրենց բնորոշ հատկություններով, որպես կանոն՝ թզուկների նկատմամբ չարակամորեն տրամադրված: Իսկ թե ինչու նրանք չէին սիրում թզուկներին, քանզի ոչ թզուկներն էին նրանց տեսել, ոչ էլ՝ նրանք թզուկներին, ալերն ու մարդիկ նեղություն չէին կրում բացատրել, իսկ թզուկներն էլ առանձնապես հարցախեղդ չէին անում նրանց: Մուրճ Ամրոցում պարապ մարդ չկար այդպիսի անիրական բաներով զբաղվելու, ամեն ոք այստեղ իր գործով էր զբաղված, անչափ անհանգստացած էր, որ կողքի թզուկը հանկարծ առաջ չանցնի իրենից, այդ պատճառով գլուխ չէր կոտրում այդ ոչ հրատապ խնդիրը լուծելու վրա:

    Պետք է նկատել, որ լեռան հյուսիսային լանջին մի ժամանակ խիտ անտառ էր եղել: Թզուկները համարյա կտրել էին ամբողջը ու քրքրելու աստիճան անցքեր բաց արել վրան: Լեռը հարուստ էր զանազան հանածոներով, ժամանակ առ ժամանակ թզուկներն անծանոթ մետաղներ էին հայտնաբերում, որոնց զարմանահրաշ հատկությունների հետ մեծ հետաքրքրասիրությամբ ծանոթանում էին իրենց սքանչելի դարբնոցներում: Կային լավ վառվող թերթաքարերի մի քանի տեսակներ և ածուխ, որոնք նույնպես շատ անհրաժեշտ հանածոներ էին թզուկի համար: Առանց վառելիքի վառարանը չի շիկանա, իսկ վառարանը դարբնոցի համար նույնն է, ինչ կենդանի արարածի համար սիրտը:

    Ոսկեջիղի հանքահոր անցքերը, որոնց կարելի էր համարձակորեն քարանձավ-լաբիրինթոս անվանել, բավականաչափ խորն էին մխրճված լեռան մեջ և ամեն վայրկյան ենթարկված էին փուլ գալու վտանգին՝ այստեղ նույնիսկ թզուկների թանձր մարմինը չէր դիմանա ապառաժ քարերի, բազալտի ու գրանիտի կործանարար ուժին: Սակայն թզուկները քաջ էին, աշխատասեր և ագահ, այդ պատճառով նրանց մուրճերն ու քլունգները զրնգում էին Ոսկեջիղի ընդերքում առավոտից իրիկուն, ոսկի, արծաթ, պղինձ ու երկաթ հանում այնտեղից: Հին զրույցներում ասվում էր, որ ոսկու առավել հարուստ շերտերը ու նաև այնպիսի մետաղներ ու թանկագին քարեր, որոնք ուզածդ թզուկի միանգամից մեծահարուստ թզուկի կվերածեին, գտնվում էին լեռան հենց սրտում, իսկ քանի որ հարստանալու տենչով համակված էին Մուրճ Ամրոցի բոլոր տասը թե տասներկու հազար թզուկները, նրանց եռանդը օր օրի ավելանում էր, և գանձ գտնելու գողտրիկ երազանքը վաղուց աղետաբեր մոլուցքի էր վերածվել: Ճիշտ է, ոսկու հարուստ պաշարներ ու թանկագին քարեր դեռ ոչ մի թզուկի չէր հաջողվել հայտնաբերել, բայց աշխատանքն իզուր չէր անցնում, արդյունահանված ոչ սակավ մետաղները տեղափոխվում էր Մուրճ Ամրոցի ձուլարաններ, որտեղ թզուկ դարբինները նրանցից բազմաթիվ զարմանահրաշ առարկաներ էին կռում: Այս վերջին արհեստում նրանք մեծ բարձրունքների էին հասել, թզուկ դարբինների հռչակը թնդում էր աշխարհով մեկ: Ստանալով համաձուլվածքներ, որոնց մեջ գերակշռում էր այս կամ այն մետաղը, նրանք իրենց կռած մուրճերին ու քլունգներին, զենքերին ու կենցաղային զանազան իրերին զարմանալի դիմացկունություն էին հաղորդում: Թզուկի կռած մուրճի և քլունգի հարվածին չէր դիմանում նույնիսկ ապառաժ քարը, սրին՝ զրահ կամ վահան, դե իսկ ձիերի պայտերի մասին ընդունված էր ասել, որ հավերժ են, որովհետև դրանք ընդհանրապես չէին մաշվում:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (04.05.2015), Sambitbaba (04.05.2015), Այբ (04.05.2015), Արէա (26.05.2015), Թամարա (06.05.2015)

  3. #2
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անդվարը քսանութ տարեկան էր ու դեռևս ամուսնացած չէր: Ասենք այդպիսի երիտասարդ տարիքում թզուկներից քչերն էին նման լուրջ քայլի դիմում: Միջին թզուկն ապրում էր երեք հարյուր տարի, իսկ ընտանիք կազմելու համար ամենահարմար տարիքը համարվում էր երեսունհինգը: Անդվարը հորից մի փոքրիկ հողակտոր էր ժառանգել, մի ոչ մեծ տուն, որն իր մեջ ներառում էր նաև դարբնոցը, ինչպես նաև արծաթով հարուստ մի տեղամաս Ոսկեջիղի լանջին: Որպես կանոն՝ գարնանից մինչև աշուն աշխատում էր հանքավայրում, արծաթով հարուստ հանքաքարեր ամբարում, իսկ ձմռանը հանքափորից վերածվում էր դարբնի և օրեր շարունակ կանգնում վառարանի առաջ: Երբ բավականաչափ արծաթ էր հավաքում՝ դրա որոշակի մասը փոխանակում էր ոսկու, երկաթի ու պղնձի հետ, ինչպես նաև շահավետ առևտուր անում մարդկանց հետ: Մյուս մետաղները դրանք պարզապես ունենալու համար չէր ձեռք բերում: Ինչպես և բոլոր թզուկները՝ նա ևս աշխատում էր համաձուլվածքներ ստանալու վրա և, պետք է ասել, ՙԱնդվար՚ կոչվող համաձուլվածքը բոլորովին էլ անորակներից չէր:

    Այդ օրը, աշնանային մի պարզ առավոտ, Անդվարը որոշեց աշխատանքի գնալուց առաջ ծովափ հանդիպել: Ասում էին՝ Արևելյան Նավահանգստում մի նավ էր խարիսխ գցել ու հիմա այնտեղ աշխույժ առևտուր էր տեղի ունենում: Բավականաչափ արժեքավոր առարկաներ ուներ փոխանակության համար. ոսկե և արծաթե զարդեր, սրեր ու դաշույններ, օղազրահ, զանազան պայտեր, մուրճեր և կացիններ: Նորություններ էլ կիմանար մարդկանցից, կարելի էր նաև ձկնորսներից ձուկ գնել:

    Ինչպես միշտ՝ Մուրճ Ամրոցի փողոցները սակավամարդ էին: Բայց այս անգամ թզուկների մեծ մասը ոչ թե Ոսկեջիղի ընդերքում էր, այլ՝ նավահանգստում, որտեղ առևտուրը պարզապես եռում էր:

    Անդվարի տրամադրությունը բարձր էր: Քայլում էր քաղաքի փողոցներով, բարևում ծանոթ թզուկներին, աչք ածում ջահել թզուկուհիներին, ակնարկներ փոխանակում: Հանկարծ տեսավ Լունդրեին ու ձայն տվեց նրան: Լունդրեն, նրա հանգուցյալ հոր հավատարիմ ընկերը, հարյուրքսանչորս տարեկան էր, մեծ ընտանիք ուներ, որին այնքան էլ հեշտ չէր կերակրում: Չէ թե սովից մեռնում էին, բայց հոգսերը շատ էին ու օրըստօրե ավելանում էին:

    - Դու այսօր տոնավաճառ չե՞ս գա,- ուրախ հարցրեց Անդվարը:

    Լունդրեն կանգ առավ, մի կողմ դրեց աշխատանքային գործիքներով ու այլ առարկաներով լեցուն ծանր ուսապարկը, հոգոց հանեց, ապա գրպանից հանեց թաշկինակը ու խնամքով սրբեց ճակատի քրտինքը: Դա մի գեր թզուկ էր, գրեթե նույնքան ձևավորված լայնակի, որքան և՝ երկակի: Մռայլ հայացք ուներ, աչքերը պսպղում էին ոսկենման փայլով, սև-սպիտակին տվող մորուքը իջնում էր մինչև գոտկատեղ: Կճատ քիթ ուներ, որը զգալի տեղ էր զբաղեցնում դեմքին, հոնքերն ասես մացառներ լինեին, որոնց մեջ ուղածի չափ ցատկոտել էին մի քանի չարաճճի այծեր: Զորեղ կազմվածք ուներ. դա անկասկած մի ուժեղ ու եռանդուն թզուկ էր, որին ընտանեկան հոգսերը մի փոքր ընկճել էին ու վհատեցրել: Սակայն գանձ գտնելու երանելի հավատը, որն ամեն թզուկ ստանում է մայրական կաթի հետ, դեռ կարդացվում էր նրա պսպղուն աչքերի մեջ, իսկ դա միակ հատկությունն է, առանց որի ամեն թզուկ անկասկած կդադարի շրջապատին պատկառանք ներշնչել:

    - Այնտեղից եմ գալիս, պարզապես գնացել էի նայելու:

    Անդվար թզուկը նկատեց, որ Լունդրեի ծանր ուսապարկը միայն աշխատանքային գործիքներով չի լցված, բայց չառարկեց:

    - Իսկ դուք,- գրգռված ձայնով շարունակեց Լունդրեն,- հենց մի առագաստ եք տեսնում հեռվում՝ իսկույն վազ եք տալիս նավահանգիստ ապրանք փոխանակելու: Դե էլ ինչու եք զարմանում, որ մարդիկ հանդուգն ու անկուշտ են դարձել:

    Անդվարը ոչ մի բանի վրա էլ զարմացած չէր, բայց չառարկեց:

    - Ոսկի ու արծաթ ենք տալիս, որոնց համար ամիսներով տքնել ենք Ոսկեջիղի ընդերքում,- շարունակեց Լունդրեն,- սրեր ու դաշույններ դնում կշեռքի մի նժարին, որոնց ամեն մեկի կռման համար մեկ տարուց ավելի հոգի ենք ներդրել: Իսկ ի՞նչ ենք ստանում փոխարենը: Շորեր, որոնք չեն տաքացնում, հազար ու մի անպետք առարկաներ, որոնք միայն մեր կանանց աչքին են հաճելի՝ առաջին երեք օրվա ընթացքում: Փտած գարի, հոտած մրգեր, ու քանի գնում՝ այնքան թանկ…

    - Իսկ ես պետք է ձմեռվա պաշար տեսնեմ: Ինքդ ես ինձ սովորեցրել, որ ամեն թզուկ պետք է շրջահայաց լինի, մեկ էլ տեսար՝ ձմեռը երկարեց:

    Լունդրեն ասես չէր լսում նրան:

    - Փոթորիկը տարավ քո հորը՝ Մեծ Անդվարին, խաղաղություն նրա ոսկորներին: Խիզախ թզուկ էր, անվեհեր, ոչ մի բանից ահ չուներ: Բազալտն ու գրանիտը փոշի էին դառնում նրա մուրճի հարվածների տակ: Թե քլունգով զարկեր՝ երեք թզուկ չէին կարողանա հանել այն հանքաքարի միջից: Բախտն էլ երբեք չէր նեղացնում նրան: Նրա արծաթի հանքը բարակներից չէր, բայց իր եռանդի շնորհիվ հարուստ ջիղի հանդիպեց: Բայց արի ու տես, որ մարդկանց աչք տվեց ու սկսեց երազել նավարկության մասին: Չէր վախենում ծովից իր եղբայրների պես… Ախր թզուկը մարդ չի, որ լողալով մնա ծովի մակերեսին, հենց ջուրն ընկավ՝ քարի պես հատակը կգնա:

    - Լունդրե, իսկ քեզ հետաքրքիր չի՞, թե Անծայրածիր ծովի այն կողմում ինչ երկրներ կան: Մարդիկ ասում են, որ այն բոլորովին էլ անծայրածիր չէ: Ասենք ինչպես կարող էր վերջ չունենալ, իրենք հո մի տեղից եկե՞լ են:

    Լունդրեն օրօրեց գլուխը

    - Իմ ինչի՞ն են պետք ծովն ու անդրծովային երկրները: Ծովը, Անդվար, թզուկի համար չի, թեև ճակատագրի քմահաճույքով հենց ծովի ափին ենք բնակվում: Ցավոք հայրդ այդպես չէր մտածում, ահա և գտավ իր գերեզմանը ծովի հատակին: Ախր ինչո՞ւ, հենց միայն նա, իմ ընկերը պետք է այդպիսի տարօրինակ ցանկություններով համակվեր ու կործաներ իր կյանքը:

    - Միայն նա՞: Լունդրե, Մուրճ Ամրոցում ամեն թզուկ էլ գիտե, որ նա քաջ թզուկների մի մեծ ջոկատով էր մեկնել նավագնացության, խաղաղություն նրանց ոսկորներին…
    Լունդրեն դադար տվեց ու նորից օրօրեց գլուխը:

    - Ճիշտ բան չի մեռած մարդկանց մասին վատը ասել, բոլորս էլ մի օր մահվան բաժին ենք դառնալու, բայց քո ասած ՙքաջ թզուկների մեծ ջոկատը՚ իրականում հազիվ թե քսան թվից այն կողմ անցներ, ու բոլորն էլ այնպիսի թզուկներ էին, որոնց համար մուրճը ձեռքը վերցնելն ու Ոսկեջիղի հանքերը մտնելը հենց մեռնել էր որ կար…

    - Ինչո՞ւ ես այսօր այդքան մռայլ, Լունդրե,- ծիծաղելով ասաց Անդվարը, որն, ինչպես արդեն ասացինք, ուրախ տրամադրության մեջ էր: Տե՛ս, թե ինչ լավ օր է այսօր, Արևելյան Նավահանգստում նավ է խարիսխ գցել, որը հավանաբար բազմաթիվ զարմանահրաշ առարկաներ է բերել: Մեզ պետք է ապրելու մասին մտածել, որ թե մեռնելու:
    Լունդրեին այնքան էլ դուր չեկավ, որ կարծես խոսքի թե տակ մնաց: Այդ գեր թզուկը, Մեծ Անդվարի մի ժամանակվա ընկերը, գրպանից ևս մեկ անգամ հանեց թաշկինակը ու անհամբեր շարժումով տարավ ճակատի վրայով:

    - Հենց քո ապրելու մասին եմ մտածում, որ այսպիսի խրատներ եմ տալիս,- գրեթե զայրագին ասաց նա: - Հայրդ, Մեծ Անդվարը, որին իր զարմանալի ուժի պատճառով նաև Հսկա Թզուկ էին անվանում, նավը ջուրն իջեցնելուց առաջ մոտս եկավ հրաժեշտ տալու: Խոսք առավ ինձանից, որ քո մասին հոգ կտանեմ ինչպես հարազատ որդիներիս ու դու հազիվ թե առիթ ունենաս բողոքելու, որ տարբերություն եմ դրել քո, Նորդրիի կամ Վինի միջև: Իսկ ինչպե՞ս ես դու վերադարձնում որդիական պարտքը: Օր չի անցնում՝ տոնավաճառ, հաջորդ օրը՝ գետում ձուկ բռնելու, մյուս օրն առավոտվանից՝ մարդկանց հետ դատարկաբանելու ու նրանցից փուչ պատմություններ լսելու: Քո հանքը լավագույներից է Ոսկեջիղի լանջին, հանքաքարն այնքան հարուստ է, որ իսկի հարկ էլ չկա վառարանում այն զտել, իսկ դու եղածը վատնում ես՝ իբր թե ձմռան պաշար հավաքելու: Խելքդ գլուխդ հավաքիր Անդվար, որդի Մեծ Անդվարի, Հսկա Թզուկի: Գուցե հեռու չէ այն օրը, երբ քո մուրճի հարվածից հանքաքարը կպսպղա սուտակի կարմիր փայլով, գուցե հենց վաղը քո քլունգը դեմ առնի մի հսկա ադամանդի, որն ավելին կարժենա, քան Մուրճ Ամրոցում գտնվող ողջ ոսկին ու արծաթը…

    - Լավ, լավ, Լունդրե, ես կանեմ այնպես ինչպես դու ես կամենում: Նայեմ ու ետ գամ, տեսնեմ միայն, թե որքան է թանկացել անդրծովյան ապրանքը: Չէ՞ որ ինքդ էլ էիր գնացել մի փոքր այնտեղ զբոսնելու:
    Այս փաստարկին Լունդրեն ոչինչ չգտավ առարկելու:

    - Գնա նավահանգիստ պտտվելու,- հաշտվողաբար ասաց նա,- բայց լավ իմացիր, եթե երկու ժամից մուրճը ձեռքիդ Ոսկեջիղի լանջին չլինես, ստիպված կլինեմ Նոլային ուղարկել քո ետևից:

    Անդվարը ուրախ հրաժեշտ տվեց Լունդրեին և կրկնապատկված բարձր տրամադրությամբ վազ տվեց դեպի Արևելյան Նավահանգստի կողմը: Լունդրեն չնկատեց այն գոհունակ փայլը, որը պսպղաց Անդվարի աչքերում վերջին սպառալիքը լսելուց հետո, իսկ Անդվարը հաստատ համոզվեց այն բանում, որ երկու ժամից Ոսկեջիղի լանջին, և այն էլ մուրճը ձեռքին, ինքը հաստատ չի լինի:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (03.05.2015), Lion (04.05.2015), Sambitbaba (04.05.2015), Tiger29 (02.05.2015), Այբ (04.05.2015), Արէա (26.05.2015), Թամարա (06.05.2015), Նիկեա (02.05.2015)

  5. #3
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անչափ հավանեցի: Սկզբում, որ վերնագիրը տեսա ու սկսեցի կարդալ ինձ թվաց Տոլկինի գրքերից ոգեշնչված ստեղծագործություն ա: Բայց, երբ մինչև վերջ կարդացի զգացի, որ պարզապես նույն ոճն է՝ ֆենթազի: Ինձ այն էս պահի դրությամբ ավելի հեքիաթ ա հիշացնում: Հեքիաթ, որը ուզում ես կարդաս երեխայի համար ու ուզում ես, որ ինքը կարդա: Իմ համար հայերենը ու ֆենթազին միշտ անհամատեղելի են եղել ( մի տեղ Troll-ը Թռոլլ թարգմանությամբ էի հանդիպել, անհաջող էր շատ ), բայց գնալով համոզվում եմ, որ լավ էլ ստացվում է: Ինձ մի քանի բան էլ ա հետաքրքիր: Վայրերի ու հերոսների անունների հետ կապված բացատրություններ լինելու՞ են: Այսինքն իրանց ծագման, հորինված լեզու ու էդպիսի բաներ: Մեկ էլ, եթե հնարավոր ա էլֆերին չմոռանաք ^^ Ապրեք, շատ լավն ա:
    Vitam regit fortuna, non sapientia.

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (03.05.2015), Արէա (27.05.2015)

  7. #4
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անչափ երջանիկ եմ, որ քեզ դուր է եկել: Վայրերի ու հերոսների վերաբերյալ անշուշտ բացատրություններ կլինեն: Մտահաղացման իմաստը հետևյալն է, ստեղծել դիցապատում հեքիաթ օգտագործելով հայկական դիցաբանությունը: Բայց ցավոք մեր դիցաբանությունը կցկտուր է, ու այդքան էլ հեշտ բան չէ միայն հայկական հավատալիքներում եղած հերոսներով կատարել առաջադրանքը: Գերբնական էակները միայն ընդհանուր անուն ունեն. ասեք ալեր, աճուճ-պաճուճներ, վիշապներ, բայց չկա մի ալ, վիշապ կամ աճուճ պաճուճ, որը կոնկրետ ինչ որ պատմության մեջ աչքի ընկած լինի կամ գոնե անձնական անուն ունենա: Հետևաբար կօգտագործվեն նաև այլ ազգերի դիցաբանական էակներ: Էլֆերի պահով... Մի փոքր դժվար է էլֆեր օգտագործել, որովհետև մտավախություն կա պարզապես Թոլքիենից թխած լինելու տպավորություն ստեղծել: Չգիտեմ, պետք է մտածել այդ մասին: Տեսնենք նաև թե ինչ կարծիք ունեն այդ մասին նաև մյուսները: Եվս մեկ անգամ շնորհակալություն անդրադարձի համար:



    Մեջբերում GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    Անչափ հավանեցի: Սկզբում, որ վերնագիրը տեսա ու սկսեցի կարդալ ինձ թվաց Տոլկինի գրքերից ոգեշնչված ստեղծագործություն ա: Բայց, երբ մինչև վերջ կարդացի զգացի, որ պարզապես նույն ոճն է՝ ֆենթազի: Ինձ այն էս պահի դրությամբ ավելի հեքիաթ ա հիշացնում: Հեքիաթ, որը ուզում ես կարդաս երեխայի համար ու ուզում ես, որ ինքը կարդա: Իմ համար հայերենը ու ֆենթազին միշտ անհամատեղելի են եղել ( մի տեղ Troll-ը Թռոլլ թարգմանությամբ էի հանդիպել, անհաջող էր շատ ), բայց գնալով համոզվում եմ, որ լավ էլ ստացվում է: Ինձ մի քանի բան էլ ա հետաքրքիր: Վայրերի ու հերոսների անունների հետ կապված բացատրություններ լինելու՞ են: Այսինքն իրանց ծագման, հորինված լեզու ու էդպիսի բաներ: Մեկ էլ, եթե հնարավոր ա էլֆերին չմոռանաք ^^ Ապրեք, շատ լավն ա:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    GriFFin (03.05.2015)

  9. #5
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն էր Իհարկե, դեռ երկար ճանապարհ կա անցնելու, բայց ով գիտի, գուցե մի նոր ժանրի սկիզբ դնես, հայակկան ֆենթեզի??!!
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (04.05.2015), Sambitbaba (04.05.2015), Tiger29 (04.05.2015)

  11. #6
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դասակարգումների մեջ էդքան լավ չեմ: Հիմա որ ասեմ ֆենթեզի եմ գրել, հնարավորը մարդիկ կարողանան ապացուցել, որ դա իսկի էլ ֆենթեզի չէ: Գրեմ ավարտեմ, տեսնենք ինչ կստացվի

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավն էր Իհարկե, դեռ երկար ճանապարհ կա անցնելու, բայց ով գիտի, գուցե մի նոր ժանրի սկիզբ դնես, հայակկան ֆենթեզի??!!
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (07.05.2015), Sambitbaba (04.05.2015)

  13. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բա մուրճը ո՞ւր ա )

  14. #8
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա մուրճը ո՞ւր ա )
    Արէա ջան, մուրճը էն կապույտ զանգվածի մեջ մխրճվածն է: Համաձայն եմ, որ այնքան էլ նման չի:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  15. #9
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սա էլ իմ պատկերացրած նավահանգիստը

    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (26.05.2015), Tiger29 (26.05.2015)

  17. #10
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սա էլ՝ սովորական գանձ փնտրող թզուկ

    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  18. #11
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վեպ-հեքիաթի էջերում մենք անտարակույս կայցելենք նաև այս դարբնոցը

    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  19. #12
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամրոցը լավնա, երկրորդ թզուկը` չէ, երրորդը` հիանալի:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  20. #13
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հաշվի առնենք, որ Մուրճ Ամրոցը փոքր քաղաք չէ, թզուկներն այնտեղ ամեն տեսակի էլ կան, իսկ այս մեկը չափից ավելի է ժամանակ է վատնել գանձ որոնելու վրա

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամրոցը լավնա, երկրորդ թզուկը` չէ, երրորդը` հիանալի:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տխուր քաղաքը…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 15.09.2012, 00:30
  2. Մութ քաղաքը / Dark City
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 18
    Վերջինը: 25.12.2010, 17:21
  3. Ստեղծագործական մրցույթ. «Իմ քաղաքը»
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 109
    Վերջինը: 26.10.2010, 02:38
  4. Շների քաղաքը / Dogville
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Կինո
    Գրառումներ: 13
    Վերջինը: 07.10.2009, 03:34
  5. Քաղաքը՞,թե՞ գյուղը...և ինչու՞
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 31
    Վերջինը: 22.04.2009, 19:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •