User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր պատմվածք(ներ)ն եք հավանում.

Քվեարկողներ
13. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Սրճարանում

    1 7.69%
  • Չծախվող պոեզիա

    8 61.54%
  • Բակտերիաների վնասը

    0 0%
  • Սալոնային

    7 53.85%
  • Պակասող մարդիկ

    1 7.69%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 1 12-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 168 հատից

Թեմա: Տեսնել-վերլուծել-ստեղծագործել. քվեարկություն

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տեսնել-վերլուծել-ստեղծագործել. քվեարկություն

    Ունեինք վեց դիտարկում, ստացել ենք միայն հինգ պատմվածք: Դիտարկումներից մեկի հեղինակը հարկ չի համարել մասնակցելու երկրորդ փուլին:
    Քիչ անց պատմվածքները կտեղադրվեն այս թեմայում, և կբացվի քվեարկությունը:

    Խնդրում եմ ակտիվ մասնակցել թե՛ քվեարկությանը, թե՛ քննարկումներին:
    Լավ կլինի, եթե յուրաքանչյուր քվեարկող մեկնաբանի իր ընտրությունը, ինչպես նաև կարծիք հայտնի մնացած ստեղծագործությունների մասին:

    Քվեարկել կարելի է միայն բոլոր տարբերակները կարդալուց հետո: Կարելի է ձայն տալ մի քանի տարբերակի օգտին:

    Քվեարկությունը կտևի ոչ թե հինգ օր, այլ մեկ շաբաթ, որպեսզի հնարավորինս շատ թվով ընթերցողներ մասնակցեն նախագծին:
    Մասնակիցների անունները հայտնի կդառնան՝ միայն նախագծի ավարտին: Հեղինակներին խնդրում եմ զերծ մնալ ինքնաբացահայտումներից:

    Պասիվության և անտարբերության դեպքում, գրական մրցույթներն այսուհետև կդադարեցվեն:
    Վերջին խմբագրող՝ ivy: 26.04.2015, 14:58:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    enna (26.04.2015)

  3. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սրճարանում
    (ըստ 1-ին դիտարկման)

    Բարձր նստատեղը նայում է դեպի փողոց: Դիմացի մոլն արդեն փակվել է, ու մարդկանց հոսքը միակողմանի է: Մայթին հեծանիվների կայանատեղի է, կողքը՝ ավտոբուսի կանգառ: Կանգառում մարդ չկա, միայն մի սև կոտրված հովանոց է ընկած:

    Երկար սեղանի մյուս ծայրին ակնոցներով, սև երկար մազերով, չթրաշված մի տղամարդ է ուտում: Արագ-արագ սենդվիչ է ուտում ու հյութ խմում: Ծամում է ճպճպացնելով:

    Սուրճս անսպասելիորն համեղ է: Հետաքրքիր թթվայնություն ունի: Բաժակի վրա գրված է՝ coffee collective: Ասում են՝ քաղաքի լավագույնն է:

    Փողոցում մեքենա կանգնեց: Վարորդի դուռը բաց է: Դռան մոտ կանգնած մի կին ու տղամարդ երկար գրկախառնվում են, իրար նայում, նորից գրկախառնվում, նորից իրար նայում: Ի վերջո նստում են մեքենան՝ տղամարդը վարորդի տեղում, կինը, որը տղամարդուց շատ ավելի երիտասարդ է, հետևում: Մեքենայի մեջ նաև երրորդ անձ կա. վարորդի կողքի նստատեղին դեռահաս տղա է: Տղամարդը գրպանից անձեռոցիկ է հանում, աչքերը սրբում: Կապում է ամրագոտին, ու մեքենան շարժվում է:

    Սեղանի ծայրին նստած ակնոցավոր տղամարդը դադարեցնում է ծամելն ու հետևում դրսում կատարվածին: Հետո նայում է ինձ ու փորձում ինչ-որ բան ասել: Փոշմանում է, հայացքը հեռացնում: Նորից է նայում: Աչքերը լցված են:
    -Կինս էր,- ասում է, իրերը հավաքում ու դուրս գալիս:
    Վերջին խմբագրող՝ ivy: 26.04.2015, 14:42:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    enna (26.04.2015)

  5. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չծախվող պոեզիա
    (ըստ 2-րդ դիտարկման)

    1.
    -Կներես, ուշացա,- Կարմենը փորձեց ժպտալ:
    Քիմն ուշադիր նայեց Կարմենին, գնահատեց դեմքի արտահայտությունը ու եզրակացնելով, որ ընկերուհին իր լավագույն հոգեկան վիճակում չէ, ընկերաբար գրկեց նրան:
    -Ոչինչ, ես էլ նոր եմ եկել:
    Կարմենը նկատեց Քիմի ձեռքի տոպրակները, ոչինչ չասաց:
    -Գնանք մի բան ուտելու,- առաջարկեց Քիմը:
    Երկուսով մտան մոլ: Մարդաշատ էր. կիրակի օր, օրվա վերջ: Գնորդներն իրենց կորցրած մի խանութից մյուսն էին վազում: Մեկական սենդվիչ ու ջուր գնեցին Ֆոտեքսից, նստեցին միջանցքում իրարից հավասար հեռավորության վրա դասավորված քառակուսիներից մեկի վրա: Երաժշտությունը շատ բարձր էր, հազիվ էին իրար լսում: Քառակուսուց ոչ հեռու տեղադրված բեմին կանգնած դիջեյը Լեոնարդ Կոհենի “I Am Your Man”-ն էր նվագում:
    Կարմենը կծեց սենդվիչը:
    -Ո՞նց ես,- հարցրեց Քիմը:
    -Լավ,- ասաց ու գրպանից հանեց անձեռոցիկը, որ քիթը մաքրի:
    Կարմենը լուռ ծամում էր սենդվիչն ու նայում անորոշ ուղղությամբ, մինչ Քիմը փորձում էր զրույցի հարմար թեմա գտնել:
    -Իմացա՞ր: Գերմանական ինքնաթիռ է ընկել:
    -Իմացա,- ասաց Կարմենը,- երանի՜ ես էլ մեջը լինեի:
    -Դեղերդ էլի չե՞ս խմել:
    Կարմենը չլսելու տվեց:
    -Ավելին ասեմ՝ օդաչուին ո՜նց եմ հասկանում: Ի՜նչ սիրուն ինքնասպանություն: Ալպերի մեջ կտոր-կտոր: Երազել կարելի է:
    Քիմն ականջներին չհավատաց:
    -Բայց մնացած մարդիկ ի՞նչ մեղք ունեին:
    -Կան կյանքեր, որոնք կարելի է զոհել հանուն քո կյանքը զոհելու:
    Կարմենը մի կտոր էլ կծեց սենդվիչից ու սկսեց շուրջը նայել, ասես Քիմն անտեսանելի լիներ: Քառակուսու վրա ազատ տեղ չկար. մոլի հոգնած հաճախորդները տեղավորվել էին, մի քանիսը նաև ուտում էին: Երաժշտությունը դադարել էր, ու դրա համար պատասխանատու դիջեյը բեմից տեխնիկան էր հավաքում: Կարմենը նկատեց քառակուսու հակառակ կողմին հարմարված ու դեպի իրեն շրջված երիտասարդին:
    -Էն տղան ինձ է նայում,- ասաց:
    -Հաստատ դեղերդ չես խմել:
    Բարձրախոսից հայտարարություն հնչեց, որ մոլը հինգ րոպեից փակվում է:
    -Որևէ բան ունե՞ս առնելու,- հարցրեց Քիմը:
    -Չէ: Ոնց որ դու էլ չունես,- ու Կարմենը նորից նայեց Քիմի տոպրակներին այնպես, որ Քիմն էլ նկատի:
    -Ըըը, դե շուտ էի եկել… գնա՞նք սրճելու,- առաջարկեց Քիմը:
    -Գնում եմ տուն,- Կարմենը վեր կացավ ու առանց Քիմին հրաժեշտ տալու քայլեց դեպի ելքը:

    2.
    Արթնացավ առավոտյան ու առանց տեղից շարժվելու միացրեց համակարգիչը: 272 նոր նամակ սպամերի մեջ և զրո ինբոքսում: Ստուգեց Ֆեյսբուքը: Քենդի քրաշ սագայի 13 հրավեր և ոչ մի ուրիշ բան: Միացրեց Ջոնի Միթչելի “A Case of You”-ն ռիփիթի վրա:
    Կատուն մլավելով սենյակ մտավ:
    -Սովա՞ծ ես,- հարցրեց:
    Խոհանոցում կատվի ափսեի մեջ կեր լցրեց, սարքեց իր առավոտյան սուրճը և գնաց պատշգամբ՝ վերցնելով վերջերս գնած գիրքը: Կում արեց սուրճից, նայեց անցնող մեքենաներին, ասես ինչ-որ մեկին սպասում էր:
    Կարմենը բացեց գիրքը: Ներսից դեռ Ջոնիի ձայնն էր լսվում: Գիտեր, որ առավոտվա համար սխալ երաժշտություն է, բայց ուրիշ բան չէր ուզում:
    Բացեց գիրքը, սկսեց կարդալ: Ջոնի Միթչելը չորրորդ անգամ սկսեց երգը, բայց Կարմենը դեռ առաջին էջից չէր անցել:
    Դուռը ծեծեցին: Վազեց, որ բացի, չնայած ոչ մեկի չէր սպասում:
    -Յենս Յենսենին եմ փնտրում,- ասաց դռան հետևում կանգնած տղամարդը:
    -Եթե ես տղամարդ լինեի, կասեի, որ Յենս Յենսենն եմ,- պատասխանեց Կարմենը,- այստեղ Յենս Յենսեն չկա, բայց կարող ես ներս գալ սուրճ խմելու:
    Միայն այդ ժամանակ Կարմենը նկատեց, որ դեռ գիշերանոցով է: «Թքած»:
    Տղամարդը զարմացավ, տատանվեց, բայց ի վերջո տեղի տվեց ու ներս մտավ:
    Հյուրասենյակում շուրջը նայեց, որ նստելու տեղ գտնի: Կարմենը վազեց պատշգամբ, այնտեղից բերեց աթոռն ու առաջարկեց անծանոթին: Հետո սուրճ պատրաստեց և մատուցեց:
    -Դու չե՞ս խմում,- հարցրեց:
    -Հենց նոր եմ իմը խմել:
    -Չե՞ս նստում:
    -Կանգնած հարմար է:
    -Ինչու՞ ինձ ներս հրավիրեցիր:
    -Ուզում էի խոսել քեզ հետ:
    -Ի՞նձ հետ,- տղամարդը ոտքից գլուխ զննեց Կարմենին՝ փորձելով հասկանալ, թե մտքինն ինչ է: Սև կարճ մազերով միջին տարիքի կին, հագին՝ նախկին սպիտակ գիշերանոց, վրան՝ սուրճի լաքաներ: Աչքերի անկյունները կնճռոտ էին. երևի գիշերը լավ չէր քնել: Հաստատ տեղացի չէր:
    -Ցանկացած մեկի,- պատասխանեց Կարմենը,- ո՞վ է Յենս Յենսենը:
    -Քո տակի հարևանը:
    -Այդ դեպքում ինչու՞ իմ դուռը թակեցիր:
    -Որովհետև նա տանը չէր:
    -Եթե ինքն իր տանը չէր, որքա՞ն է հավանականությունը, որ իմ տանը կլիներ:
    -Հա, ճիշտ ես ասում, մտքովս չէր անցել,- Կարմենի ներկայությունը սկսեց ճնշել տղամարդուն: Պետք էր այնտեղից գնալ:
    Արագ-արագ դատարկեց սուրճի բաժակը և գնաց: Կարմենը վերադարձավ իր պատշգամբը՝ երջանիկ, որ դուռը թակել էին: Սխալվել էին, բայց հետո ի՞նչ: Կարևորը՝ դուռը թակել էին, և դրանից նրա տրամադրությունը բարձրացավ:

    3.
    Հլը դեմս կանգնած գեշ մարդուն նայի: Երևի վրայից զզվելի հոտ է գալիս: Խնձոր էլ երևի չի սիրում, որովհետև զամբյուղի մեջ չկա…
    Թու՜, մոռացա Դանիելին զանգել: Ախր խոստացել էի: Հա բայց արդեն վերջ, չէ՞: Սկի շնորհանդեսիս չէր եկել: Ոնց էլ ռիսկ էր արել: Դե պարզ ա, գիտեր, որ գործերիս կեսն իր մասին են: Ու գիտեր, որ ներկաները նույնպես դա գիտեին: Ի՞նչ ռեակցիա կտար, եթե մեծ ինքնաթիռի մասին տողը լսեր: Իհարկե: Ոչ ոք չէր ջոկի՝ ինչի մասին էր խոսքը: Իհարկե: Բայց ախր էդ տողը շատ լավ է ստացվել: Երևի ամենալավը:
    Էս հերթն ինչու՞ չի շարժվում:
    Տեսնես գիրքս կծախվի՞: Բայց ո՞վ է մեր օրերում պոեզիա առնում: Անցյալ շաբաթ Քրիստիանսեն իբր առա, որ ի՞նչ: Ավելորդ փող ունեի՞: Բայց լուրջ, Կարմեն, հլը լսի, վերջին անգամ ե՞րբ ես պոեզիա առել: Տասնչորս տարեկանու՞մ: Ռեմբո՞: Կյանքում բացե՞լ ես էդ գիրքը: Չէ, մի րոպե, Ռունեի գիրքը դու չէի՞ր պատվիրել անցյալ տարի: Էլ մի ձևեր թափի, անձնական հետաքրքրվածություն չունենայիր, թոբաթե առնեիր: Հիմարություն: Ո՞վ է եղբայրների մասին պոեզիա գրում, որ ինքն էլ գրեր: Քրիստոնյաները: Մենակ սեքսի պարտնյորն իրենց համար եղբայր չի:
    Էս դիմացիս մարդը քրիստոնյա՞ է: Գժվեցի, ինչու՞ է էսքան դանդաղ առաջ գնում: Աչքիս կասսայի աղջիկը նոր է: Աղջիկ ջան, արագացրու, չիշիկ ունեմ:
    Հլը էն տատու զամբյուղի բանանները: Էդ սաղ ուտելու համա՞ր են:
    Ամոթ, Կարմեն, էս ինչ կեղտոտ մտքեր են: Հենց տուն հասնես, երաժշտությունը կմիացնես, կսկսես գրել: Ու էսօր ոչ մի պոեզիա: Ոչ մի պոեզիա: Պիտի կարողանաս ծախել, չէ՞: Բա Դանիե՞լը: Զանգե՞մ, թե՞ չէ:
    Էրեխե՜ն: Թու՜: Ո՜նց էի մոռացել: Ինչու՞ եմ անընդհատ մոռանում: Աչքիս էսօր էլ մնաց մանկապարտեզում: Ուֆ, կյանքս ահավոր բարդացնում է: Ինչու՞ չեմ ուղարկում հոր մոտ, պրծնեմ: Դնեմ ու մոռանամ, որ վախտին երեխա եմ ստեղծել մեկի հետ, ում հոտից սիրտս խառնում էր: Ո՞նց եմ հինգ տարի հետն ապրել:
    Ուֆ: Հինգ հոգի մնաց, ընդամենը հինգ: Դուրս կգամ էս անասուն խանութից, կվազեմ տուն, չիշիկ կանեմ ու կգրեմ, կգրեմ ու կգրեմ: Հա: Կգրեմ:

    4.
    Կարմենը վազեց լողարան, դատարկեց միզապարկը, լվաց ձեռքերն ու մտավ ննջարան: Լույսը չէր աշխատում: Կանգնեց ինչ-որ բանի վրա: Ի՞նչ գործ ուներ այդտեղ: Կռացավ, վերցրեց խաղալիքը: Շպրտեց անկյունում իրար գլխի լցված կեղտոտ շորերի կույտի վրա: Հասավ չհավաքած անկողնուն ու փռվեց վրան: Աչքերը կամաց-կամաց սովորեցին մթությանը, ու արդեն նկատում էր զգեստապահարանի բաց դռան ուրվագծերը:
    Ոտքն օդի մեջ կախ տվեց ու սկսեց աջ ու ձախ օրորել, հետո թուլացած գցեց մահճակալի կողքը՝ ուղիղ գրքերի կույտի վրա, որոնք բոլորը միաժամանակ կարդում էր: Իսկ ավելի ճիշտ, ոչ մեկն էլ չէր կարդում: Մենակ գրքերն էին ավելանում:
    Ավելանում էին նաև մահճակալի մյուս կողքի դատարկ շշերը: «Սենյակը մաքրել է պետք»,- մտածեց Կարմենը: Ու այդպես է մտածում ամեն գիշեր:
    Վաղը նորից շաբաթ է: Նորից Քիմին հանդիպելու օրը:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (26.04.2015), GriFFin (27.04.2015), Sambitbaba (29.04.2015)

  7. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բակտերիաների վնասը
    (ըստ 3-րդ դիտարկման)

    «Յոգան հաստատ կօգնի»,- մտածեց Համլետը՝ կես ժամ ժեշտերի վրա մարմինը մաշելուց հետո: Տրամադրությունը հեչ չէր փոխվում: Դասին դեռ կես ժամ կար: Բայց բարձրացավ վերև՝ մտածելով, որ մարդ չի լինի, արխային կտրտմի ու կթախծի, կմտածի, թե ինչքան դժբախտ է ինքը, որ առավոտյան չի կարողացել խոհանոցի սեղանն էնպես մաքրել, որ ուտելիքի հետքերը վերանան: Հա բա ո՞նց, բա բակտերիանե՞րը: Բա որ գան, հարձակվեն Համլետի վրա, վերջը տան:
    Վերևում մենակ չէր: Մի յանը տարած աղջիկ անկյունում նստած ինչ-որ բան էր խզբզում: Նայում էր Համլետին ու խզբզում: «Պարապ մարդ»,- մտածեց:
    Մոտեցավ պատին, մի երկու հատ դես ձգվեց, դեն ձգվեց, մի հինգ հատ ժիմ արեց: Աղջիկը բացարձակապես ռեակցիա չտվեց: «Հիմիկվա աղջիկներին ուժով չես զարմացնի: Էսօր էլ մենակ քնեցի»,- դարդոտեց ու իջավ առաջին հարկ՝ ջուր գնելու:
    Երբ ջրի շիշը ձեռքին բարձրացավ, միջանցքն արդեն լցվել էր: «Էսքան մարդ որտե՞ղ է տեղ անելու»: Թաքուն խցկվեց դռան մոտ, որ հենց դուռը բացվի, ինքն առաջինը ներս մտնի, դասատուի դիմացի տեղն ապահովի: Հետն էլ աչքի տակով ներկաներին ուսումնասիրեց: «Թու ես էս բլանդինկաների: Խելքները մի եղունգիս չափ: Հլը ոնց են խոսքները մեկ արած նույն շորերից հագել»: Ձեռքը տարավ գլխին, մազերն ուղղեց: Շուրջը նայեց: Ինքը երկու տղաներից մեկն էր: Մյուսները աղջիկներ, բոլորը ծտեր:
    Դուռը բացվեց: Լիքը քրտնած մարմիններ հերթով դուրս եկան: Համլետն առաջինը ներս մտավ, վերցրեց գորգիկն ու տեղավորվեց ուղիղ դասատուի առաջ:
    «Հեսա բակտերիաները ինձ կուտեն»: Համլետը մոռացել էր գորգիկը, ու նստել էր մեկի վրա, որի վրա իրենից առաջ հազարավոր մարդիկ են եղել:
    Դասի վրա չկարողացավ կենտրոնանալ: Անընդհատ իրեն թվում էր, թե բակտերիաները բարձրանում են, վրայով զբոսնում են, մտնում են մարմնի մեջ ու հոշոտում իրեն:
    Էդպես խառնված գնաց տուն: Հիվանդանոցից նամակ էր եկել: Դողդողալով բացեց՝ վախենալով, որ այս կամ այն ինֆեկցիան հայտնաբերած կլինեն: Թեթևացած շունչ քաշեց, երբ կարդաց, որ բոլոր թեստերը բացասական են:
    Դուռը ծեծեցին: Ոստիկանությունից էր: Ձերբակալեցին: Յոգայի դասի ժամանակ բլանդինկաներից մեկին ձեռք էր գցել, նա գնացել, բողոքել էր:

  8. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սալոնային
    (ըստ 4-րդ դիտարկման)

    Վերևում էր, ձախից երկրորդ երկար պատուհանի մեջ։ Հենց աչքերն իր CV-ի վրայից բարձրացնում էր, տեսնում էր՝ Meliq Movsisyan - Messa...x, facebook-ի կապույտ ֆոնի վրա սպիտակ F-ն էլ դիմացը: Արդեն անգիր հիշում էր, բայց չէր կարողանում ոչ ջնջել գրվածը, ոչ նույնիսկ պատուհանը փակել:
    Օրվա առաջին սուրճից մի կում արեց, Previous Job Occupations բաժնում ավելացրեց՝ Head of Marketing Department in Yerevan City chain stores from 2014 March to 2014 June.
    Ու չզգաց ինչպես՝ նորից բացել էր Մելիքի հաղորդագրության էջը:
    ... կներես բայց ես քեզ միշտ ասել եմ որ սենց չի կարա երկար տևի Նոն, սա նորություն չպետք ա լինի քո համար
    դու էն չես ինչ ինձ պետք ա, չես էլ ուզում լինես չնայած շատ լավ գիտես ինչ ա ինձ պետք, հազար անգամ ասել եմ
    դու գիտես ես որտեղից եմ ով եմ ու պետք ա հասկանաս որ ես չեմ կարա քո հետ մնամ
    բայց քեզ կարոտելու եմ Նոն հավատա ...
    Կուրսորը պահեց delete conversation-ի վրա: Երևի քառասուներորդ անգամն էր կարդում, բայց նույն կերպ ցավում էր, միևնույնն է: Արդեն սեղմում էր ջնջելու կոճակը, երբ հիշեց, որ խոստացել էր ինքն իրեն՝ նեղված, վիրավորված ու բարկացած ժամանակ որոշումներ չկայացնել, նամակներ չջնջել, նամակներ չգրել. հետո միշտ փոշմանում էր: Հաղորդագրության պատուհանը փակեց, մոտեցավ հայելուն, ճերմակ, խնամված մատներն անցկացրեց մազերի միջով, անժպիտ նայեց իր արտացոլանքին, վերցրեց հայելու դիմացը դրված բջջայինն ու սեղմեց 2-ի վրա:
    - Լիան, էսօր ազա՞տ ես 4-ի կողմերը, գնանք Ռաֆոյի մոտ: Հեսա կզանգեմ կպայմանավորվեմ:

    Ամեն առավոտվա պես՝ Անուշը զարթնեց բջջայինի զարթուցիչի անդուր պզպզոցից: Քնելու ցանկությունը զսպելով՝ վեր կացավ, տան հագուստը գցեց վրան, հորանջելով գնաց լոգարան: Երբ դուրս էր գալիս, Աշոտի սենյակից լսեց երաժշտության թույլ ձայնը. զարթնել է: Քայլեց դեպի խոհանոց, սառնարանից հանեց երկու ձուն ու նրբերշիկի երկու կտորը: Կիսադատարկ լուցկու տուփից հանեց լուցկին ու վառեց գազի երկու աչքերը: Մեկի վրա դրեց ձվածեղի թավան, մյուսին՝ սրճեփը: Ընթացքում լարված որսում էր դասական երաժշտությանը համընթաց հնչող անռիթմ, խուլ կտկտոցը: Սենյակից դուրս եկավ, (դուռը բաց թողեց, որից երաժշտության ձայնն ուժգնացավ. Բեթհովենի ջութակի կոնցերտն էր, եթե ճիշտ ճանաչեց), մոտեցավ զուգարանի դռանը, բացեց, մտավ ներս: Կըտ-կըտ, կըտ-կըտ՝ սալիկների վրա: Սև սուրճը բարձրանում էր, երբ Աշոտը դուրս եկավ զուգարանից և մտավ լոգարան: Հին, մի օվկիանոս ջուր տեսած խողովակը տնով մեկ աղիողորմ ճռնչաց՝ մի պահ լրիվ ծածկելով երաժշտությունը:
    Նրբերշիկով ձվածեղը սեղանին էր դնում, երբ նա դանդաղ մտավ խոհանոց: Նստեց սեղանի մոտ, հենակները դեմ տվեց խունացած ներկով պատին ու միակ ոտքը զգույշ մտցրեց սեղանի տակ:
    - Բարի լույս, մուկ:
    - Բարի: Չհավաքես սեղանը, կգամ կանեմ: Ես փոխվեմ ու վազեմ:
    - Ծնունդիդ նվիրածս ականջօղերը կկախե՞ս էսօր, հերիք է դարակդ զարդարի:
    - Տոնական են, է, չեն գնում սալոնի շորերիս հետ:
    - Լավ... - Աշոտի ձայնը միկրոսկոպիկ տոնայնությամբ փոխվեց, որը միայն Անուշը կնկատեր, - սուրճդ լրիվ չես խմել:
    - Ոչինչ, գործի տեղը կխմեմ, - հայացքը փախցրեց եղբորից ու արագ քայլեց իր սենյակ։
    Տասնհինգ-քսան րոպեից մուտքի դուռն էր բացում, երբ Աշոտը խոհանոցից ձայն տվեց.
    - Երեկ Սիփանն ասում էր, որ կարող է հաջողացնի, տեքստ հավաքելու գործ գտնի ինձ համար իր հին օֆիսում, - ամանների չխկչխկոցից դատելով՝ սեղանն էր հավաքում:
    - Հա, - կոկորդը սեղմվելուց ձայնը խեղդված դուրս եկավ, - լավ կլիներ, բայց չլինի էլ՝ ոչինչ,- դուռը ծածկեց ու մոտեցավ կեղտոտ դռներով վերելակին:
    Էլի չէր աշխատում:

    Ռաֆայելն արթնացավ հեռախոսի վրա հավաքվող տեքստի միատոն պտպտոցից։
    - Չեմ ասե՞լ, որ կողքս մեսիջ ես գրում, ձայնն անջատի:
    - Կներես, - ասաց աղջիկն առանց հայացքն էկրանից կտրելու:
    - Չես ուշանո՞ւմ գործից:
    - Հեսա կգնամ:
    Ռաֆայելը վեր կացավ տեղից՝ փորձելով կտրուկ շարժում չանել. գլուխը պայթում էր երեկվա խմածից: Հնարավորինս առանց կռանալու ոտքի թաթով որսաց հողաթափերը մահճակալի տակից ու քստքստացնելով հասավ խոհանոց: Սառնարանից հանեց շշով մածնաբրդոշը՝ սառույցի պես սառը, որ իր միակ փրկիչն էր նման առավոտների: Շշից խմելով վերադարձավ ննջասենյակ: Նելլին զգուշորեն ոտքերին էր քաշում սև զուգագուլպաները:
    - Երեկոյան հանդիպո՞ւմ ենք, - հարցրեց՝ առանց նկատելի էնտուզիազմի:
    - Չէ, էսօր չէ, տղերքի հետ գործ կա: Քաղաքից դուրս ենք գնալու:
    - Ի՞նչ գործ:
    - Մարդ պետք է տեսնենք:
    Նելլին փորձեց նայել Ռաֆայելի աչքերին։
    - Նորմա՞լ ա ամեն ինչ, Ռաֆ:
    - Կերևա, - թեման փակող տոնով ասաց:
    - Լավ,- Նելլին ցածրիկ պահարանի վրայից վերցրեց լինզաների տուփն ու քայլեց դեպի լոգարան,- կհասցնե՞նք սուրճ խմել, - ներսից կանչեց։
    - Ժամը տասից երեք հոգի գալու են, տոնական սանրվածք պետք ա անեմ, - Ռաֆայելը հայացքով ընդգրկեց սենյակը, - իրերդ չմոռանաս:
    - Չեմ մոռանա Ռաֆ, մի անհանգստացի, - լոգարանից լսվեց հոսող ջրի ձայնը:
    Ռաֆայելի հեռախոսը զնգաց:
    - Հա Նոնա ջան, բարև...Հա, չորսին նորմալ ա, արի, էսօր երեքից հետո դեռ չունեմ գրած ժամեր:
    Նելլին դուրս եկավ լոգարանից հեռախոսն անջատելու պահին։
    - Ո՞վ էր:
    - Ինչն էր ով։
    - Զանգողը:
    - Չես ճանաչում, հաճախորդ էր: Ու Նե՛լլ:
    - Հա, Ռաֆ:
    - Ավելորդ հարցեր մի տուր: Կլինի՞:
    Նելլին անկախ իրենից նայեց Ռաֆայելի՝ գրասեղանին դրված համակարգչի էկրանին, որ այդ պահին անջատած էր, բայց պարզ, ասես աչքի առաջ տեսավ screen saver-ի նկարը, որ մի օր պատահական հայտնաբերել էր, երբ սեղանի մոտ նստած եղունգների լաքն էր թարմացնում։ Էկրանն այն ժամանակ հինգ րոպեի չափ առանց գործողության մնաց, և երբ saver mode-ը միացավ՝ տեսավ նրան. մուգ կապույտ ջինսով ու մարմինը գրկող սպիտակ վերնաշապիկով, օձիքը սուր ու վերևի երկու-երեք կոճակն արձակած։ Բութ մատները ջինսի գրպաններում էին՝ մյուս մատներն ազդրերի վրա։ Սև, երևի քամուց մի քիչ խառնված մազերն անփութորեն թափված էին ուսերին, շուրթերին ժպիտ էր, որ հաստատ ուղղված էր ոչ թե ապարատի օբյեկտիվին, այլ նկարողին։ Իր համար էլ զարմանալի արագությամբ այս ամենն ուղեղում ֆիքսեց ու անմիջապես դրանից հետո կորցրեց պատկերը, երբ իրար խառնված միամիտ կպավ մկնիկին։ Հետո այլևս հարմար չէր այդ օրը նայել, Ռաֆայելը սենյակում էր միշտ։ Իսկ ավելի ուշ՝ ինքը չէր ուզում։ Միտքը, որ պարզապես ինտերնետից հավանած ու վերցրած նկար է, անհետացավ, երբ հետին կադրով վերհիշելիս հասկացավ, որ աղջիկը՝ մարմինը ճկուն թեքած, հենված էր Ռաֆայելի մեքենային։ Բացի այդ՝ ուրիշ ոչ մի այլ աղջկա ֆոտո չէր տեսել համակարգչում, ինքը՝ Ռաֆայելը նույնպես, լուսանկարվել չէր սիրում ու գրեթե չուներ նկար։
    Մեկ-երկու անգամ փորձեց իրեն հավաքել ու հարցնել աղջկա մասին, բայց համարձակությունը չհերիքեց: Վախենում էր, որ ստիպված կլինի հեռանալ դրանից հետո: Ու պատրաստ չէր պարտվել անմիս ու արյուն թվային պատկերին:
    Ռաֆայելի հետ հանդիպում էին արդեն գրեթե մեկ տարի։ Սկզբում Նելլին հույս ուներ, որ սա կաճի, կդառնա սեր, կամ գոնե կապվածություն, բայց այդպես էլ՝ շաբաթը մեկ-երկու անգամ միասին ուտելուց, հարբելուց ու գիշեր անցկացնելուց առաջ չգնացին։ Միմյանց մենակությունն էին լցնում, բայց միայն տեխնիկապես: Ես ու դու-ն մենք չդարձավ այդպես էլ: Ռաֆայելը չէր թողնում։
    - Կներես, գնացի Ռաֆ, - ինչպես միշտ, ասելիքը ներսում խեղդելով, մահկաճալի մոտ գետնին դրած պայուսակը վերցրեց, գցեց ուսն ու քայլեց դեպի միջանցք:
    - Կզանգեմ, - Ռաֆայելը մածնաբրդոշի դատարկ շիշը ձեռքին գնաց խոհանոց:
    Լսվեց դռան փակվելու ձայնը:

    Կարենը վեր թռավ իր սենյակի դռան թակոցից:
    - Կարե՜ն, ա՛յ Կարեն, - քնած մարդու համար անտանելի առույգությամբ զրնգացրեց մայրը:
    - Ասա մա՜մ, ա՛յ մամ, - հանկարծակի զարթնելուց սիրտը խփելով պատասխանեց Կարենը:
    - Ուշանալու ես, վեր կաց:
    - Տասը րոպե էլի մամ... - վերմակը քաշեց գլխին։
    - Քո սիրած նախաճաշն եմ սարքել, քնի, թող սառչի, չորանա:
    - Վաֆլի՞:
    - Վաֆլի:
    - Դու գիտես՝ ինչ ես անում, մամ, - վերմակը վրայից գցեց, դիմացի պատի առանց թվերի, միայն սլաքներով կլոր ու սև ժամացույցին նայեց ու արագ վեր կացավ։
    Խոհանոցի դռանը դեռ չհասած քթին խփեց նոր պատրաստած սուրճի անուշ բույրն ու վաֆլիի ախորժաբեր, տաք հոտը: Մայրն անորոշ դնդնդալով խոհանոցային կոշտ սրբիչով չորացնում էր նախորդ օրվա ընթրիքի ամանները։
    - Ես մենակ կարամելի սիրոպն եմ հանել սառնարանից, եթե ուզում ես՝ շոկոլադն էլ հանիր:
    - Չէ մամ, հերիք ա սա, - Կարենը նստեց ու սուրճի բաժակը վերցրեց՝ մատները սովորության համաձայն բռնակի տակից անցկացնելով, թեև բաժակը տաք էր:
    - Ես քեզ ասացի՞, որ Նարինեն հետաքրքրվել է վարսավիրական պարագաների համար: Իր հարևանուհու մատակարարին է հարցրել: Նա մանիկյուր-պեդիկյուրի իրեր է բերում, բայց մտածեցինք՝ վարսավիրականից էլ տեղյակ կլինի:
    - Ե՞վ,- մի վաֆլիի կեսն արդեն չկար:
    - Նարինեին ասել էր, որ կճարի լավ որակի հավաքածու, մենակ պարզվում է, որ ֆենը մենք պետք է գտնենք, դա ուրիշ կինոյից է: Մկրատ-մուկրուտի հետ կապ չունի:
    - Ֆենը երևի Զիգզագից վերցնենք, Զառան էնտեղ ա աշխատում: Ահագին տեղյակ ա ապրանքներից։
    - Զառա՞...
    - Դասարանցիս, մամ։
    - Էն որ սիրում-միրում էի՞ր:
    - Չէ, ես Հասոյին էի սիրում-միրում... Զառան էլ ինձ, - չկարողացավ գոհ ժպիտը զսպել։
    - Հա՜... մի ամիս եղավ արդեն, Կար, ստացվո՞ւմ է մի բան սալոնում:
    - Դե վատ չի, Ռաֆոյի կլիենտուրան մեծ ա, տարբեր պահանջներով ու ցանկություններով, ամեն օր մի նոր բան սովորում եմ:
    - Իսկ ինքը նորմա՞լ է ձեզ վերաբերվում... ինչ էր էն մյուս տղայի անունը...Մե՞լս, Լենդրո՞շ...
    - Մի տառապի էլի, գիտես՝ վատ ես անուններից, - Կարենը չարաճճի նայեց, - Վիլեն, մամ, Վիլեն:
    - Էն մի անգամը որ եկել էի՝ մի քիչ քիթը ցից թվաց Ռաֆայելը:
    - Ինձ դա չի հուզում, էսօր էլ ցցի, վաղն էլ: Իրենից գնում ա՝ ինձ մազ կտրել սովորեցնի: Ձրի չի անում:
    - Ով կմտածեր բայց, տղես... դու ախր տնտեսագիտականի համար պետք է...
    - Ուշանում էի ոնց որ մամ, - Կարենը վերջին կտոր վաֆլին թաթախեց ափսեի մեջ լցրած կպչուն կարամելի մեջ և արագ ծամելով վեր կացավ:

    Լիանան նկատելիորեն ցնցված էր նորությունից:
    - Ինչի՞ շուտ չէիր պատմում, Նոն: Ես ախր զգում էի, որ ինչ-որ բան էն չի... էն օրը գույն չկար վրեդ...
    - Դժվար էր պատմելը: Պատմելն ինչ, եղածն ընդունելն էր դժվար: Կար ժամանակ, երբ հեռախոսով աղջիկ թողնելն էր տգեղ համարվում...
    - Ինձ պետք ա պատմեիր, գիտես, որ կօգնեի:
    - Դե կարող ես հիմա սկսել, - Նոնան ցածրիկ սեղանի տակի մասից վերցրեց երկու ամսագիր՝ մեկը տալով Լիաննային:
    Ռաֆայելը քիչ առաջ գունաթափող նյութը տարածել էր Նոնայի մազերին և խնդրել էր, որ երեսուն րոպե սպասի: Ու զգուշացնի, եթե մրմռա:
    Առանց այն էլ կցկտուր խոսակցությունը հաճախ ընդհատվում էր միացող-անջատվող երկու ֆեների ձայնով, որոնց բարձրացրած աղմուկի ժամանակ, որպեսզի չգոռան իրար ականջի, ամեն մեկն իր մտքերի մեջ՝ թերթում էր իր ձեռքի ամսագիրը:
    - Ուրիշ մեկին ունի՞:
    - Չգիտեմ, բայց եթե չունի էլ՝ երկար չի տևի մինչև ունենալը:
    - Նոն... մի նեղվի էլի, կանցնի: Կմոռանաս: Ժամանակ ա քեզ պետք:
    - Հա, գիտեմ: Էս պահին ավելի շատ վիրավորված եմ, քան որևէ այլ բան:
    - Ջնջեցի՞ր էդ մեսիջը:
    - Չէ, չեմ ջնջելու:
    Լիաննան գլուխը բարձրացրեց:
    - Որ թողեցիր՝ հա կարդալու ես...
    - Ոչինչ...փոխարենը հենց դադարեմ կարդալ, կիմանամ, որ էլ պետքս չի:
    - Ո՞նց եմ ինձ պահելու որ տեսնեմ դրան...նենց կթքեի երեսին:
    - Չէ, պետք չի:
    - Ոնց թե պետք չի:
    - Դե տգեղ բան ա թքելը:
    Լիաննան անհաստատ խնդմնդաց:
    Սալոնի դուռը բացվեց: Ներս մտած աղջիկն անծանոթի պես նայեց շուրջը, երևի թե մենեջերին սիրալիր տեղեկացրեց, որ Ռաֆայելի հետ է պայմանավորված 4:30 և նստեց կաշվե բազմոցին՝ երկու աղջիկների կողքը:
    Չգիտեր՝ իր հայտնվելն էր պատճառը, թե զրույցն էր արդեն մոտեցել ավարտին, բայց մի-երկու բառ փոխանակելուց հետո աղջիկները լռեցին՝ ամսագրերի մեջ խորացած:
    Քիչ անց Ռաֆայելը կանչեց նորեկին իր աթոռի մոտ, սկսեց աշխատել և իր կողքը պտտվող Կարենին ու Վիլենին պատմել, թե ինչ է ինքը անում:


    (շարունակելի)
    Վերջին խմբագրող՝ ivy: 26.04.2015, 14:51:

  9. #6
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    (շարունակությունը)

    Անուշը մատնահարդարի սենյակի դռնից ծիկրակեց, տեսավ, որ գործ է բացվել: Շնորհակալություն հայտնեց Մանեին թխվածքի համար, ասաց, որ մաքրել է մանիկյուրի էլեկտրական հարդարիչը, որին տնավարի դզզիկ էին ասում։ Համոզվելու համար, որ ամեն ինչ նորմալ է՝ միացրեց այն, տվեց Մանեի ձեռքը, վերցրեց դռան մոտ դրած ավել-բահիկն ու դուրս եկավ:
    Ռաֆայելն ինչպես միշտ ոչ մի քայլ այսուայնկողմ չարեց իր գործը հեշտացնելու համար: Մի քանի անգամ անփույթ տրորեց գետնին թափված մուգ շագանակագույն մազերը, մինչև ինքը կարողացավ բոլորը հավաքել: Հաճախորդ աղջիկը հոգնած բայց ուշադիր աչքերով հայելու միջից իրեն էր նայում: Տղաները մի կողմ էին քաշվել՝ փորձելով չխանգարել ավլելուն։ Կարենն Անուշի հայացքը որսաց ու աչքով արեց՝ գլխի շարժումով ցույց տալով ականջօղերը:
    - Ինչ լավն են, Ան: Էնքան քիչ ես զարդեր կրում, որ հենց մի բան լինում ա վրադ՝ տղա հալովս նկատում եմ:
    - Եղբորս նվերն ա, - ախր ինչու սկսեց կարմրել..
    - Լավ ճաշակ ունի եղբայրդ:
    - Մերսի...
    - Հաճախորդներին սուրճ առաջարկե՞լ ես, - Ռաֆայելը հայելու միջից նայեց:
    - Չէ... հիմա, - ձեռքը տարավ այրվող այտին:
    - Ինձ էլ կսարքես, տես տղերքն ուզո՞ւմ են:
    - Լավ։
    Վիլենն ուզում էր, Կարենը հրաժարվեց։ Ավել-բահիկը ձեռքին քայլեց աղբամանի մոտ։ Սեղանի մոտով անցնելիս նկատեց՝ մոխրամանի շուրջն էլի մոխիր էր տարածվել։ «Ե՞րբ են սրանք սովորելու նշան բռնելով մոխիր թափ տալ»,- զարմանալիորեն առանց նեղվելու մտածեց ու միակ հնարավոր պատասխանը շատ լավ իմանալով՝ բահիկի պարունակությունը դատարկեց աղբի դույլի մեջ։

    Ռաֆայելը Կարենին ու Նոնային ուղարկեց լվացարանի մոտ:
    - Որ շատ տաք լինի ջուրը՝ ասեք:
    Նոնայի ուսերի պուտիկավոր սրբիչը զգուշորեն ուղղեց, գլուխը փափուկ շարժումով ճիշտ հենեց լվացարանի պռունկին, որ ներկոտ ջուրը չհոսի վզից ներքև, կարգավորեց ջուրն ու սկսեց լվանալ կապտավուն մածուկը:
    - Նորմա՞լ ա տաքությունը:
    - Հա, - անտարբեր, աչքերը փակ ասաց աղջիկը:
    - Լավ չե՞ք զգում, - ջրի խշշոցի տակ հետաքրքրվեց Կարենը։
    - Ինչի՞ց ենթադրեցիք:
    - Դե մազերի ներկման կոնկրետ էս ստադիայում աղջիկները սովորաբար ուրախ, թեթևացած են լինում...իսկ դուք...
    - Տխո՞ւր եմ:
    - Հա, - առանց դեսուդեն ընկնելու պատասխանեց:
    Նոնան աչքերը փակ ժպտաց:
    - Ընկերուհուս դիմեք: Ինքն ասում է, որ կանցնի:
    - Ես ձեր ընկերուհու կողմից եմ:
    Երբ արդեն ուղղվել, մազերն էր չորացնում ուսերի սրբիչով, նայեց իր հերթին ձեռքերը չորացնող երիտասարդին:
    - Շնորհակալ եմ, - ու հանկարծ, իր համար էլ անսպասելի ավելացրեց, - իզուր չեք ասում հավաքարար աղջկան, որ ինքը ձեզ դուր է գալիս... ասեք, իրեն դա պետք է:
    - Նոնա ջան, եկե՛ք,- Ռաֆայելը կանչեց իր աթոռի մոտից. նորեկի մազերը կտրել վերջացրել էր:
    - Լավ ձեռքեր ունեք, փափուկ - Նոնան վեր կացավ աթոռից և քայլեց դեպի Ռաֆայելը՝ չսպասելով Կարենի արձագանքին իր ասածներին:

    ***

    Շնորհակալություն հայտնեց Ռաֆայելին իր ուզած ձևով մազերը կարճացնելու համար՝ հատկապես տակի մասը կլորավուն կտրելու, գումարը վճարեց, ընդհանուր ցտեսություն ասաց բոլորին ու դուրս եկավ սալոնից: Մտքով տանն էր, բայց սալոնն էլ էր դեռ հետը: Չհասկացավ՝ ինչպես քայլելը վազելու վերածվեց: Երբ աստիճաններով բարձրանում էր՝ վազելիս սխալ շնչելու պատճառով կոկորդն ահավոր ծակում էր: Արդեն երկրորդ հարկից սպասում էր, որ լաց է լսելու: Բայց ձայն չկար:
    Դուռը կամաց ծեծեց: Քույրը բացեց, անմիջապես ասաց, որ քնել է քիչ առաջ, հանգիստ լինի: Մտավ տղայի սենյակը. պստիկ դեմքը պատին դարձրած անջատվել էր: Հազիվ զսպեց իրեն, որ չհամբուրի, որի արդյունքում նա իհարկե արթնանալու էր:
    Քույրն ասաց, որ արդեն գնա ինքը, լույսով տեղ հասնի: Խնդրեց, որ մի տասը րոպե ևս սպասի:
    - Բան ունեմ գրի առնելու, - ասաց,- հիմա է պետք, որ չմոռանամ:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Peace (01.05.2015), Sambitbaba (29.04.2015), Tiger29 (26.04.2015), Արէա (27.04.2015)

  11. #7
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պակասող մարդիկ
    (ըստ 6-րդ դիտարկման)

    Եղիշն ու Էրոն տարօրինակ ակտիվություն բերեցին մեր ուսանողական: Նախկին լռությանն ու գիրք կարդալներիս սկսեցինք կարոտել, երբ այս երկու տղաները հայտնվեցին. անընդհատ կատակներ էին անում, բարձր երաժշտություն միացնում, աղջիկներին խոսեցնում, հարցուփորձ անում, վարորդի հետ քաաքականությունից վիճում, չնայած որ դեռ առաջին կուրսեցի էին ամեն ինչին խառնվում էին, աղմկում: Անընդհատ երկուսով էին, առանց իրար պատկերացնելն անհնար էր. առավոտները գնում էին, ցերեկն էլի իրար հետ գալիս, մինչև մի օր նկատեցինք, որ ուսանողականում տարօրինակ լռություն է. երկուսն էլ եկել էին, բայց մեկը վերջում էր նստել, մյուսն՝ առջևում ուիրար հետ չէին խոսում: Էդ օրը բոլորս էինք լուռ, գիրք կարդացողները թաքուն ուրախանում էին, որ էլի խանգարողներ չկան, շատախոս աղջիկները կարող էին հանգիստ շարունակել իրենց զրույցները կոշիկների ու շրթներկի մասին, Եղոն ու Էրոն կռվել էին: Էլի թաթախվեցինք նախկին անտարբերության ու տաղտուկի մեջ, սկսեցինք գլորել մեր օրերն առանց տղաների կատակների ու ժպիտների, մինչև մի օր Եղիշը չորոշեց խախտել լռությունը. Նոր ընկեր էր ճարել, իրար ականջի ինչ-որ բաներ փսփսալուց հետո բարձր ձայնով սկսեց Էրոյի անունը գոռալ, որը նստել էր վերջում ու լուռ էր, ոչ մի արձագանք, հեռախոսի մեջ ինչ-եր բան էր նայում գլուխը կախ: Էդ լռությունից Եղիշն ավելի ոգևորվեց ու շարունակեց.
    -Էրո, այ Էրո, արա էլ հետներս չխոսաս, չբարևես էլ, ո՞նց էլ քեզ էդքան տարի պաչել եմ արա, էդ ու՞մ մասին ես մտածում, էն տղի՞, իրա նկարներն ես նայո՞ւմ, նայի, նայի, բայց իմ հետ էլ չխոսաս:
    Էրոն լուռ էր, բոլորն էլ լուռ էին, մենակ մի երկու աղջիկ դարձան ու արհամարական հայացք նետեցին Էրոյի կողմը, իսկ Եղիշը ցինիկ ժպիտ ուներ, էդ օրվանից ժպիտի փոխվել էր, ինչ-որ կեղտոտ ու վանող երանգ կար էդ ժպիտի մեջ: ՈՒ մենակ ժպիտը չէր, որ փոխվեց էդ օրվանից. պակասեցին ու վերջացան ուրախ զրույցներն ու կատակները, ամեն մեկն անցավ իր գործին, բամբասողներն՝ իրենց բամբասանքին, կարդացողներն՝ իրենց գրքերին, երգ լսողներն՝ իրենց ականջակալին ու վերադարձանք հին վիճակին, որն ունեինք մինչև նրանց հայտնվելը: Այդ օրվանից Էրոն էլ պակասեց, դրանից հետո էլ երբեք չտեսանք իրեն ուսանողականի մեջ, էլ ոչ մի տեղ չտեսանք:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (27.04.2015), Lusina (26.04.2015)

  13. #8
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջ

    Գործերը չեմ համարակալել, որպեսզի ամեն ստեղծագործության մասին խոսելիս վերնագիրը նշվի և ոչ թե համարը:
    Բարի քննարկումներ:

  14. #9
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարդու՞մ եք, թե դեռ մենակ ես եմ կարդացել

  15. #10
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հըլը հանդիպումը չի վերջացել :-)
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  16. #11
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Սրճարանում
    Կենցաղային ու միաժամանակ արտասովոր բան կար գրածի մեջ: Պատկերը ամբողջական էր, իսկական ու զգացնել տվեց: վերջին տողը կարդալիս փշաքաղվեցի: Չգիտեմ՝ե՞ս եմ էս պահին զգայուն, թե՞ իրոք ազդեցիկ բան կար:
    Զգացմունքների նկարագրություն չկար, բայց շարժումները ամեն ինչ փոխանցեցին: Մի խոսքով՝ սա կարա լինի իմ սիրելի պատմվածքներից մեկը: Գրկում եմ գրողին:

  17. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հինգերորդ դիտարկման հեղինակը ծեծ ա ուտելու իսկ ես նենց անհամբեր էի սպասում հենց էդ տարբերակին:

  18. #13
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բա հետո՞

  19. #14
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Enna Adoly-ի խոսքերից Նայել գրառումը
    Կենցաղային ու միաժամանակ արտասովոր բան կար գրածի մեջ: Պատկերը ամբողջական էր, իսկական ու զգացնել տվեց: վերջին տողը կարդալիս փշաքաղվեցի: Չգիտեմ՝ե՞ս եմ էս պահին զգայուն, թե՞ իրոք ազդեցիկ բան կար:
    Զգացմունքների նկարագրություն չկար, բայց շարժումները ամեն ինչ փոխանցեցին: Մի խոսքով՝ սա կարա լինի իմ սիրելի պատմվածքներից մեկը: Գրկում եմ գրողին:
    Էննա ջան, իսկ դու դիտարկումը կարդացե՞լ ես:
    Ինձ օրինակ էս գործի մեջ էն է անհանգստացնում, որ դիտարկումից առանձնապես չի տարբերվում: Միայն վերջին պատկերին է հանգուցալուծում տրված, բայց ինքն իրենով ոնց որ նույն դիտարկումը լինի, համարյա նույն շարադրանքով: Պատմվածքի «վերածումն» էդքան էլ չի երևում:

    Համ էլ մյուս գործերի մասին բան չասեցիր: Գրի, հետաքրքիր է կարծիքդ:

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (27.04.2015), Mephistopheles (27.04.2015), Srtik (27.04.2015), Արէա (27.04.2015)

  21. #15
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարդացի բոլոր տարբերակները, ժամանակին դիտարկումներն էլ էի կրադացել, անձամբ ինձ համար դիտարկումներն ավելի հետաքրքիր էին: Հերթով ասեմ բոլորից.
    Սրճարանում
    Լրիվ նույն դիտարկումն էր, մենակ վերջին նախադասությունն էր փոխված, ոնց որ ոչ մի նոր բան չասեր, բայց դե վերջին հանգուցալուծումը լավն էր ու անսպասելի, միչև դրան հասնելը մտածում էի, թե բա ի՞նչ պիտի արած լինի հեղինակը, որ զարմացնի, փաստորեն մարդը արել ա, ապրի:
    Չծախվող պոեզիա
    էս տարբերակը դիտարկումից դուրս էր մի տեսակ, համարյա կապ չունեցող, բայց բոլոր տարբերակներից սա ամենաշատը հավանեցի, կքվեարկեմ իրա օգտին: Նենց եմ սիրում սենց խորը անձնական բաներ, հավես ա մանրուքների մասին գրելը:
    Բակտերիաների վնասը
    Չջոկեցի, թե էս պատմվածքով հեղինակն ինչ էր ուզել ասել. կամ բան չէր ուզել ասել, գրել էր ուղղակի գրելու համար, կամ էլ էնքան խորը բան էր ուզել ասել, որ ինձ գոնե տեղ չհասավ
    Սալոնային
    Էս ի՜նչ երկար էր, կեսից ձանձրացա ճիշտն ասած.ես սիրում եմ, որ մանրակրկիտ գրում են, տեղը տեղին, բայց մի քիչ ձանձրալի էր գրած, կեսից էլ չկարողացա կարդալ, չնայած, որ էս մեկի դիտարկումը լավն էր ու սպասում էի: Ոնց որ լոճած լինեին միտքը, եսի՞մ: Չեմ քվեարկի:
    Պակասող մարդիկ
    Ես էս թմատիկայի սիրահար եմ, բայց մի քիչ կարճ էր գրված, սա էն դեպքն էր, որ կուզենայի ավելի խորանալ նյութի մեջ, ավելի շատ զգացմունքներ տեսնել:

    Քվեարկում եմ մի տարբերակի օգտին, ամեն դեպքում ապրեն հեղինակներն ու Այվին էսքան աշխատանքի համար: Հա՛, մեկ էլ ինձ չգիտես ինչի թվում ա, որ բոլոր տարբերակները նույն մարդն ա գրել, բացի մեկից
    i wanted to destroy something beautiful

Էջ 1 12-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տեսնել-վերլուծել-ստեղծագործել. 2-րդ փուլ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 26.04.2015, 10:45
  2. Տեսնել-վերլուծել-ստեղծագործել. 1-ին փուլ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 66
    Վերջինը: 16.04.2015, 14:46
  3. Դիտարկում 3. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 25
    Վերջինը: 14.04.2015, 19:48
  4. Դիտարկում 5. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 11.04.2015, 20:17
  5. Դիտարկում 4. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 07.04.2015, 23:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •