Բակտերիաների վնասը
(ըստ 3-րդ դիտարկման)
«Յոգան հաստատ կօգնի»,- մտածեց Համլետը՝ կես ժամ ժեշտերի վրա մարմինը մաշելուց հետո: Տրամադրությունը հեչ չէր փոխվում: Դասին դեռ կես ժամ կար: Բայց բարձրացավ վերև՝ մտածելով, որ մարդ չի լինի, արխային կտրտմի ու կթախծի, կմտածի, թե ինչքան դժբախտ է ինքը, որ առավոտյան չի կարողացել խոհանոցի սեղանն էնպես մաքրել, որ ուտելիքի հետքերը վերանան: Հա բա ո՞նց, բա բակտերիանե՞րը: Բա որ գան, հարձակվեն Համլետի վրա, վերջը տան:
Վերևում մենակ չէր: Մի յանը տարած աղջիկ անկյունում նստած ինչ-որ բան էր խզբզում: Նայում էր Համլետին ու խզբզում: «Պարապ մարդ»,- մտածեց:
Մոտեցավ պատին, մի երկու հատ դես ձգվեց, դեն ձգվեց, մի հինգ հատ ժիմ արեց: Աղջիկը բացարձակապես ռեակցիա չտվեց: «Հիմիկվա աղջիկներին ուժով չես զարմացնի: Էսօր էլ մենակ քնեցի»,- դարդոտեց ու իջավ առաջին հարկ՝ ջուր գնելու:
Երբ ջրի շիշը ձեռքին բարձրացավ, միջանցքն արդեն լցվել էր: «Էսքան մարդ որտե՞ղ է տեղ անելու»: Թաքուն խցկվեց դռան մոտ, որ հենց դուռը բացվի, ինքն առաջինը ներս մտնի, դասատուի դիմացի տեղն ապահովի: Հետն էլ աչքի տակով ներկաներին ուսումնասիրեց: «Թու ես էս բլանդինկաների: Խելքները մի եղունգիս չափ: Հլը ոնց են խոսքները մեկ արած նույն շորերից հագել»: Ձեռքը տարավ գլխին, մազերն ուղղեց: Շուրջը նայեց: Ինքը երկու տղաներից մեկն էր: Մյուսները աղջիկներ, բոլորը ծտեր:
Դուռը բացվեց: Լիքը քրտնած մարմիններ հերթով դուրս եկան: Համլետն առաջինը ներս մտավ, վերցրեց գորգիկն ու տեղավորվեց ուղիղ դասատուի առաջ:
«Հեսա բակտերիաները ինձ կուտեն»: Համլետը մոռացել էր գորգիկը, ու նստել էր մեկի վրա, որի վրա իրենից առաջ հազարավոր մարդիկ են եղել:
Դասի վրա չկարողացավ կենտրոնանալ: Անընդհատ իրեն թվում էր, թե բակտերիաները բարձրանում են, վրայով զբոսնում են, մտնում են մարմնի մեջ ու հոշոտում իրեն:
Էդպես խառնված գնաց տուն: Հիվանդանոցից նամակ էր եկել: Դողդողալով բացեց՝ վախենալով, որ այս կամ այն ինֆեկցիան հայտնաբերած կլինեն: Թեթևացած շունչ քաշեց, երբ կարդաց, որ բոլոր թեստերը բացասական են:
Դուռը ծեծեցին: Ոստիկանությունից էր: Ձերբակալեցին: Յոգայի դասի ժամանակ բլանդինկաներից մեկին ձեռք էր գցել, նա գնացել, բողոքել էր:
Էջանիշներ