…
Ես ուզում էի ընդհանուր պատկերը տալ, հետո պատմվածքի մեջ արդեն գրել գլխավորների մասին, բայց ասեմ. մորթին հանել օգնող աղջկա ու բարձր խոսող տղայի մասին մի երկու բառ գրել էի, բայց հիմա Գալաթեայի առաջադրանքը:
Աղջիկը դռան մոտ է կանգնած, կարճահասակ է ու համարյա իր նստած ընկերուհիների հետ նույն մակարդակի վրա է, միջին երկարության սև վերարկու է հագել, առանց այն էլ շատ նիհար է, գոտին այնքան ամուր է կապել, որ տպավորություն է, թե խեղդվելու է: Համարյա շպարված չէ, մենակ մի թեթև մաշկագույն շրթներկ: Մազերը բարձր պոչիկ է կապել, ընկերուհիները հարցնում են, թե ինչի շատ չի կապում մազերն էսպես, պատասխանում է,-«չի թողնում, էսօր իրան չէի տեսնելու դրա համար եմ կապել, թե չէ չէի կապի, ըհը, զանգեց անունը տվեցինք, հա կյանք, նստել եմ, աղջկերքի հետ եմ, կանգնած եմ, չէ, ստեղ հարմար ա, հեչ, Լիանի ու Էլենի հետ եմ, ես քեզ կզանգեմ հա՞ կյանք»: Ասում է ու անջատում, հինգ տարեկանի նման սկսում է թռվռալ ու պատմել, որ գիշերը չի քնել, ասում է,-«ամբողջ գիշեր ես իրան էի ասում քնի, ինքը՝ ինձ, տենց էլ չքնեցինք, առավոտ հինգին եմ քնել, դե յոթին էլ հելա, հա, լավ տենց մի նայեք, դուք էլ ընկեր կունենաք, կիմանաք, հասնենք տուն քնեմ, երեկ նենց համով պաղպաղակ ենք կերել, բայց կոկորդս ցավում ա, չնայած ջհանդամ»,- գլուխը դնում է ընկերուհու ուսին, երջանիկ հոգոցներ հանում, հետո շարունակում շարժվել, կողքինի մազերից քաշել, թևին խփել, բայց տեսնում է, որ ընկերուհիներին դուր չի գալիս իր էդ ոգևորությունը, հագնում է ականջակալն ու զանգում,-«հա, չէ, չեմ հասել դեռ, լսի կյանք, վաղը ուզում եմ գնամ մամային նվեր առնելու, իրանց հարսանիքի քսանամյակն ա, կթողնե՞ս չէ, քեզ հարմար չի՞, չի լինի՞ մենակ գնամ, կամ Լիանի հետ, լավ, դե որ ասում ես»,-զգացվում է տրամադրության անկումը, բայց շարունակում է խոսել, հետո անջատում է, երգ միացնում, հենվում ավտոբուսի ձողերից մեկին մինչև տեղ հասնելը:
Հիմա տղան. Անունը՝ Եղիշ, բոլորի համար՝ Եղո: Միշտ ուշանում է, բայց դե ուսանողականի վարորդն ու ժողովուրդն ամեն օր պարտաճանաչ կերպով սպասում են մոտ 5 րոպե: Կապույտ կարճ բաճկոնով է, սև բոթասներ, ջինս, տեսքից միջին վիճակագրական հայ տղա է: Բայց մենակ տեսքից, որովհետև մինչ էն մյուս միջին վիճակագրականները հետևում լցված սերիալներից ու ֆուտբոլից են խոսում, Եղոն իր ոտքից գլուխ կապույտ հագնված ընկերներից մեկի հետ առջևում կանգնած աղջիկներին հավաքել է գլխին: Նա միակն է, որին բոլորը ճանաչում են, բոլորի հետ շփվում է, բոլորի հետ հերթով մի թեմայից խոսում է, վարորդը ինչ-որ կարևոր բան ասելիս իրեն է ասում, որ բոլորին փոխանցի, աղջիկները հազար կողմից ծամոն են տալիս ուզելուց հետո, իր կատակներն ամենածիծաղելին են: Բայց նրա նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ. Որոշների համար էդ կատակները շատ ցինիկ են ու ոչ տեղին, դրա համար կամ անտարբեր են նրա նկատմամբ, կամ թեթև ժպտում են, որոշներն էլ անգամ չեն լսում: Ինչու՞ է ուշադրություն գրավում. Մոտ 30 մարդ կա էդ ավտոբուսի մեջ, բայց մենակ իր ձայնն է լսվում, մենակ ինքն է ուշադրություն գրավում, մենակ ինքն է բոլորին կապում իրար: ՈՒսանողականի մեջ միակ մարդն է, ում անունը կարելի է իմանալ, որովհետև մենակ իր անունն են տալիս: Հա, մեկ էլ մի կարևոր բան. Խոսակցությունները: Ընկերոջ հետ ինչ-որ բաներ քչփչալուց հետո դառնում է դիմացը նստած աղջիկներից մեկին ու հարցնում,-«համասեռամոլությունը գեներով անցնու՞մ ա, թե՞ ձեռքբերովի ա»: Աղջիկը զարմանում է հարցից, բայց ուշքի գալիս ու պատասխանում,-«կարողա գեներով էլ անցնի, ձեռքբերովի էլ լինի, նայած էլի»: Եղոն ձեռքը խփում է ծնկին ու ափսոսանք արտահայտող տոնով ընկերոջն ասում՝,-«արա խի՞ սենց եղավ, է»: Երկրորդ շարքում նստած աղջիկներից մեկը գլուխը վեր է բարձրացնում ու զզվանքով լի մի հայացք նետում տղաների կողմը, բարձր ճպացնում ու նորից կախում գլուխը, իբր քնում է, բայց զգացվում է, որ լսում է բոլոր խոսակցությունները: Հետո արդեն էն գրածս վերջում նստած Էրո անունով տղայի պահը. «Էրո, այ Էրո, Էրո՜, էս ի՞նչ են խոսում քո մասին, էդ ու՞մ մասին ես մտածում, էլ մեզ չբարևես արա, Էրո՜»: Էս երկուսի մեջ ակնհայտ հակամարտություն կա ու Էրոն մի տեսակ ամաչում է գլուխը վեր բարձրացնել, չի պատասխանում, ինչից գոռացողի ձայնի տոնն ավելի է բարձրանում, բայց էլի անարդյունք ու հանգստանում են երկուսն էլ, անցնում իրենց գործին: Հասնում ենք տեղ:
Կարճ կապել չեմ կարողանում, կներեք
Էջանիշներ