Սա էլ՝ երրորդը:
Դիտարկում 3.
Ջիմ
Չորրորդ հարկ: Միջանցք: Դահլիճի դուռը փակ է. ներսում դաս է: Աստիճանները դեռ դատարկ են. հաջորդ դասին դեռ կես ժամ կա: Միջանցքում վեց փակ դարակներ են՝ երեքը վերևում, երեքը՝ ներքևում: Վերին երեքը և ստորին մեկը կողպված են տարբեր տեսակի կողպեքներով: Պատի տակ նստարան է, վրան՝ Ֆիթնես Վորլդի ամսագիր, տակը՝ մի զույգ սպորտային կոշիկներ:
Դահլիճի դռան մոտ մեծ աղբաման կա, վերևը՝ լավ մարզված, յուղած փայլուն մաշկով աղջկա ու տղայի նկարով պոստեր: Նրանց ձախ կողմում կանաչ և սպիտակ տառերով տեքստ է գրված (ալարում եմ ուղեղիս զոռ տալ, որ հասկանամ՝ ինչ է), տակը ավելի խոշոր. «Կարդալ ավելին այսինչ-այնինչ կայքում»:
Ներքևի կիսահարկում մեծ պատուհան կա, որը նայում է նեղլիկ փողոցին ու դիմացի շենքին: Թեև արդեն բավական մութ է, պատուհաններից քչերում է լույս վառվում: Դրանցից մեկում սպիտակ կլոր ջահեր են վառվում: Մի տղամարդ անցավ: Մորուքով էր ու շորտերով, ուրիշ բան չնկատվեց:
Կիսահարկում սպիտակ միոտանի սեղան կա, կողքը՝ երկու աթոռ, մեկը՝ թափանցիկ, մյուսը՝ կանաչ:
Չորրորդ հարկից կիսահարկ իջնող պատին մանուշակագույն գրաֆիտի է: Լավ չի հասկացվում՝ ինչ պատկեր է, բայց ոնց որ խնձորներ են:
Շենքի ներքևի հարկերից տղամարդկային երկխոսություն լսվեց ու մարեց: Լսվում է նաև աերոբիկայի արագ տեմպով երաժշտությունն ու ֆիթնես մեքենաների աղմուկը:
Ժամանեց դասի առաջին մասնակիցը: Զարմանալիորեն տղա (անունը դնենք առաջին տղա): Հագին սև երկար սպորտային տաբատ է, որը գրկում է ոտքերը, վրայից՝ շատ կարճ մուգ կապույտ շորտեր: Մոխրագույն բրդե գուլպաներով է, սպիտակ մայկայով: Շիկահեր է, բայց մորուքը մուգ է: Երիտասարդ է՝ քսաննանց: Նստեց երկար նստարանին, վերցրեց ամսագիրը, սկսեց թերթել:
Երկրորդ մասնակիցը նույնպես տղա է: Ոտքից գլուխ սև է հագել, կանգնեց կիսահարկում, սկսեց ժիմ անել:
Երրորդն աղջիկ է՝ շագանակագույն մազերով, երկար հյուսով: Տասնվեց-տասնյոթ տարեկան կլինի: Մոխրագույն հագուստով է, դեմքը կարմրած է: Կանգնեց դարակների մոտ, կռացավ ու գլխով կպավ ոտքերին: Երկու տղաները գնացին: Սև հագածը վերադարձավ, նստեց կանաչ աթոռին, ոտքերը չռեց, ձեռքերը խաչեց: Հանդուգն հայացքով նայում է առաստաղին:
Աղջիկը նստեղ, մի ոտքը ծալեց, դրեց նստարանին, ոտնաթաթը՝ մյուս ոտքի ազդրին, իսկ մյուս ոտքը մնաց գետնին: Ջրի շիշ ունի: Կում արեց: Վերցրեց ամսագիրը, սկսեց թերթել, կանգ առավ մի էջի վրա:
Սև հագած տղան պատուհանից դուրս է նայում, մատներով տմբտմբացնում ջրի իր շշին:
Ներքևից նորից տղամարդու ձայն է լսվում:
Մի աղջիկ եկավ: Ճանաչում եմ: Քաշվանք: Մեզ հետ է աշխատում: Անունը չեմ հիշում, բայց կարծեմ ռոբոտիկայով էր զբաղվում: Մի ամերիկուհու գիտեմ՝ Քեյթը, ոնց որ դրա նմանակը լինի: Բրդե սվիտր է հագել: Բարևեց, նստեց մի երկու աստիճան ներքև, սկսեց հեռախոսը փորփրել:
Մարդկանց հոսքն արագացավ: Հերթով գալիս են, հարմարվում երկար նստարանին կամ աստիճաններին:
Առաջին տղան վերադարձավ, նստեց հատակին՝ ծալապատիկ: Հայացքը գցեց բլոկնոտին:
Դեպի վերևի կիսահարկ տանող աստիճաններին՝ ամենավերևում, մի կին ու տղամարդ են նստած: Տղամարդը մկանուտ է ու ոտաբոբիկ, կինը սպորտային կոշիկներով է: Զրուցում են, բայց ձայնը չի հասնում:
Առաջին տղան նայում է ուղիղ իր դիմաց, քթի տակ ժպտում:
Վերելակի դուռը բացվում է (փաստորեն, դահլիճի դռան ուղիղ դիմաց վերելակ կա): Սև հագած կոս արած բլանդինկա դուրս եկավ, կանգնեց վերելակի մոտ, ոտքերը խաչեց, նայեց ինձ ու ժպտաց:
Աստիճաններին էլ տեղ չկա: Նոր եկածները կանգնում են: Շատերը սև հագած կոս արած բլանդինկաներ են: Ոմանք գորգիկներով են, ոմանք՝ նաև շշերով: Բայց բոլորի ձեռքին սպիտակ թղթիկներ կան. դասի տոմսն է:
Ինձ ամենամոտ նստած աղջիկը հեռախոսն է փորփրում: Էկրանը ճաքած է: Դասի տոմսը ծալել ու բռնել է ձախ ձեռքում: Քթին պիրսինգ ունի: Մազերը շագանակագույն են, պոչիկով է: Վերևից սև է հագել, ներքևից՝ կանաչ նախշերով յոգայի տաբատ ու սպորտային կոշիկներ, որոնք սև են, կապերը՝ վարդագույն: Հեռախոսով ինչ-որ քվեարկության արդյունքներ է ստուգում:
Եկավ սև խուճուճ մազերով, ակնոցավոր, համեմատաբար ինտելեկտուալ տեսքով մի կին: Ձեռքին կանաչ գորգիկ է, դասի տոմսն ամրացված է գորգիկի ռեզինին: Հանեց կուրտկան, հանեց սվիտրը: Սև գուլպաներն անփութորեն ծալված են դեպի ներքև:
Դահլիճի դուռը բացվեց: Բոլորը հերթ կանգնեցին, որ մտնեն:
Էջանիշներ