Մի հատ էլ եկավ
Դիտարկում 2.
Մոլ, կիրակի, 16:30 - 16:55
Մոլի առաջին հարկի միջանցքում իրարից հավասար հեռավորության վրա քառակուսիներ են շարված, որոնք նախատեսված են մարդկանց նստելու համար: Դիտարկողը նստած է այդպիսի քառակուսիներից մեկի մի կողմի վրա: Շատ բարձր հնչում է Լեոնարդ Կոհենի I'm Your Man-ը: Դիտարկողի կողքը նստած է սև մազերով, թուխ մաշկով ակնոցավոր միջին տարիքի մի տղամարդ ու քթի տակ ձայնակցում է Կոհենին: Նարնջագույն փուչիկը ձեռքին նրան մոտենում է մի գանգրահեր տղա ու գոռալով ինչ-որ բան ասում, որ լսվի: Տղամարդը երեխային նստեցնում է իր տեղում, ինքը պպզում ու տղայի կոշիկները հանում:
Քառակուսու կողքը բեմ կա, որի վրա կանգնած դիջեյը խորացած իր գործն է անում: Ակնոցավոր տղամարդն ու երեխան գնում են: Կոհենն ավարտվում է, նոր երգ է սկսվում, առաջին տողը՝ "Seven in the Morning."
Դիտարկողի ուղիղ դիմացը Ֆոտեքսն է՝ սուպերմարկետ: Այնտեղ զանազան տոպրակները ձեռքներին մարդիկ են դուրս գալիս: Սևամորթ մի փոքրիկ աղջիկ ու տղա: Աղջկա ձեռքին հոթ դոգ կա: Լպստում է կետչուպոտ մատները:
Քառակուսու երկրորդ կողմին երկու կանայք են նստած, մեկը տարիքով շատ մեծ՝ մոխրագույն մազերով, մյուսը մեջքով է, չի երևում, գլխին՝ վարդագույն գլխարկ: Մի պահ ձեռքը հետ է տանում, երևում է՝ սպիտակ, թմբլիկ, երտասարդ, մատնեմատի եղունգը փոքր-ինչ մյուսներից երկար, մատին՝ ծաղկի տեսքով արծաթագույն մատանի:
Հաջորդ երգը՝ Բրյուս Սփրինգսթինի Fire-ը: Քառակուսուց քիչ այն կողմ կանգնած է սևամորթ ընտանիք (երկու կին, սայլակով երեխա, մի տղամարդ), բացակա հայացքով շուրջն է նայում, հետո շարժվում են կոնկրետ ուղղությամբ:
Դիջեյը ձեռքը տանում է ականջակալին:
Քառակուսու երրորդ կողմում միջին տարիքի երկու կանայք են նստած: Մեկը կծում է սենդվիչը, մյուսն ինչ-որ բան է ասում: Կողքները նաև մի շիշ ջուր կա: Սենդվիչ ուտող կինը ձեռքերն է մաքրում անձեռոցիկով: Քիթը կարմրած է: Տեսավ, որ դիտարկողն իրեն է նայում, ժպտաց, հայացքը թեքեց ու սկսեց նայել անորոշ ուղղությամբ:
Քառակուսու չորրորդ կողմում մի զույգ տեղավորվեց: Դիտարկողը նրանց մեջքով է նստած, չի տեսնում: Պերիֆերիկ տեսողությունը հուշում է, որ կինը շիկահեր է ու շշից ինչ-որ բան է խմում:
Դիտարկողի հեռախոսը զանգեց: Պատասխանելու համար կանգնեց ու հեռացավ քառակուսուց, որ երաժշտությունը չխանգարի: Նկատեց, որ չորրորդ կողմում նստածները ոչ թե զույգ են, այլ կին ու երեխա:
Դիտարկողը վերադարձավ իր տեղը: Նրա կողքին մի ասիացի նստեց ու սկսեց վարդագույն սմարթֆոնը փորփրել: Հագին սպիտակ բոթասներ են, ներբաններն անդուր նարնջագույն, վարդագույն ու կապույտ:
Տոպրակները ձեռքներին մարդիկ արագ-արագ վազում են վերջին գնումների. մոլը հինգ րոպեից փակվում է:
Ասիացին կանգնեց: Փոր ունի ու ոչ կիպ հագուստ՝ նարնջագույն լմփոշ սվիտր ու յոգայի տաբատ:
Քառակուսու կենտրոնում կանաչ ծառ կա: Դիտարկողը տերևները շոշափեց: Արհեստական է:
Կինն ու երեխան գնացին, մոխրագույն մազերով կինն ու հետի վարդագույն գլխարկավորը տեղափոխվեցին նրանց տեղը:
Դիջեյը հայացքը բարձրացրեց, հեռվում ինչ-որ մեկին ժպտաց: Երկու աղջիկներ մոտեցան դիջեյին: Երաժշտությունը դադարեց: Դիջեյը մոտեցավ աղջիկներին, հերթով գրկեց նրանց, սկսեցին զրուցել: Բեմից սարքավորումները հավաքում են: Մոլը փակվում է:
Էջանիշներ