Մեկն արդեն եկավ
Սպասում եմ ակտիվ քննարկումների ու վերլուծությունների:
Դիտարկում 1.
Սրճարանում
Բարձր նստատեղը նայում է դեպի փողոց: Դիմացի մոլն արդեն փակվել է, ու մարդկանց հոսքը միակողմանի է: Մայթին հեծանիվների կայանատեղի է, կողքը՝ ավտոբուսի կանգառ: Կանգառում մարդ չկա, միայն մի սև կոտրված հովանոց է ընկած:
Սեղանին նախորդ հաճախորդներից մնացած խմորեղենի կտորներ են ու լատեի դատարկ բաժակներ: Խմորեղեններից մեկը շոկոլադով է, մյուսը՝ վարդագույն. երևի ինչ-որ հատապտուղ է: Սրահից թարմ խմորեղենների ու սուրճի հոտ է գալիս. տեղում են թխում ու պատրաստում:
Երկար սեղանի մյուս ծայրին ակնոցներով, սև երկար մազերով, չթրաշված մի տղամարդ է ուտում: Արագ-արագ սենդվիչ է ուտում ու հյութ խմում: Ծամում է ճպճպացնելով:
Սրճարանի մնացած մասը չեմ տեսնում. դեմքով դեպի պատուհանն եմ: Զանազան խոսակցություններ ու մանկական ձայներ են հասնում ականջիս: Երաժշտություն է միացած, բայց շատ ցածր է, գրեթե անհնար է որսալ, թե ինչ երգ է:
Սուրճս անսպասելիորն համեղ է: Հետաքրքիր թթվայնություն ունի: Բաժակի վրա գրված է՝ coffee collective: Ասում են՝ քաղաքի լավագույնն է:
Փողոցում մեքենա կանգնեց: Վարորդի դուռը բաց է: Դռան մոտ կանգնած մի կին ու տղամարդ երկար գրկախառնվում են, իրար նայում, նորից գրկախառնվում, նորից իրար նայում: Ի վերջո նստում են մեքենան՝ տղամարդը վարորդի տեղում, կինը, որը տղամարդուց շատ ավելի երիտասարդ է, հետևում: Մեքենայի մեջ նաև
երրորդ անձ կա.
վարորդի կողքի նստատեղին դեռահաս տղա է: Տղամարդը գրպանից անձեռոցիկ է հանում, աչքերը սրբում: Կապում է ամրագոտին, ու մեքենան շարժվում է:
Էջանիշներ