Գլխի ծառ
Ձախ քթանցքից անգույն հեղուկն առանց դադարի հոսում է: Դրան էլ գումարած քրտինքի կաթիլները, որոնք մտնում են մարմնի մեջ ու տաքացնում: Միակ պատկերը, որը կարողանում է առանց ավելորդ ջանքերի ու ճշգրտությամբ ընկալել, սարդոստայնն է` դիմացի պատին տարիներով մեխված: Փակում է աչքերը` ցանցը ծալվում է ու գնդի վերածվում, բացում է թե չէ` ընդարձակվում է պատով մեկ: Պատի միակ փորված անցքից դուրս են թափվում սարդերը` տարբեր չափսերի, տարբեր տեսակների: Աչքերը ջրոտվել են, թարթիչներն իրար միացել, դա դժվարեցնում է աչքն ամբողջությամբ բացելը:
Երեք հարկանի տան բարձրության մտքեր են հավաքվել գլխում` առանձին բառերի, կոչականների ու նշանների տեսքով: Հազիվ է փորձում դրանցից նախադասություններ կազմել, երբ գլուխը շարժելուն պես կորցնում է դասավորությունն ու ստիպված նորից սկսում:
Գլխի կենտրոնից հսկայական ծառ է աճել ու դեռ շարունակում է վեր բարձրանալը, արմատները կպել են մազերին ու աճելուն համընթաց քաշում են, բայց չեն կարողանում պոկել: Եթե կարողանա այդ պահին մտաբերել, թե ինչ տեսք ունի գլխին հենված ծառը, միգուցե ստացվի խանգարել ծառի աճն ու գլխից պոկի մազերի մեջ խրված արմատները: Այդ ժամանակ երևի սարդոստայնն էլ չվերածվի գնդի, իսկ պատի անցքից դուրս վազվզողները սուսուփուս հետ ներս մտնեն:
Ձեռքերը սրբելով սեփական մաշկի վրա` ձգվեց դեպի կողքին դրված ծանոթ առարկան, մի քանի անգամ շոշափեց ու մոտեցրեց ականջին: Գլխում ինչ-որ մեկը սկսեց խոսել.
-Հա՞
-Էլ ոչ մի հա: Արի
-Ի՞նչ ես ուզում, որ անեմ
-Արի: Ու հետդ մկրատ բեր
-Հետո, հետո: Թող ինչքան պետքն է բարձրանա, նոր
-Ասում եմ սեղմում է, մտցնում է անկողնու մեջ, ճյուղերն արդեն աչքերս փակել են, խցկվում եմ ներս, սեղմում է: Մկրատ բեր
Գլխի ձայնն ընդհատվում է: Ձեռքերով փորձում է աչքերն ազատել, ատամները սեղմվում են իրար, անկողինը սկսում է պտտվել ու ցնցվել, բայց սարդոստայնի ցանցը չի շարժվում տեղից: Փոխարենը պակասում են թելիկները, աստիճանաբար մաքրվում են պատից, անցքը փակվում է: Սարդերից մեկը չի հասցնում փախնել ժամանակին ու մի ոտքով մնում է անցքի մեջ:
Ջրոտված աչքերից հեղուկը շարունակում է հոսել, դրան գումարած վզից կաթացող քրտինքը: Գլխի մեջ հնչող ձայնը վերջին անգամ հեգնում է.
-Քո ձեռքով աճեցրած ծառը գլխիդ վրա է: Գլխիդ վրա~: Շուտով արդեն մեջ: Էլ ու՞մ պիտի խնդրես, որ գա ու կտրի: Վեր կաց, ինքդ էլ կտրիր
-Վրաս բեռ է դրած: Անկողինը ճնշում է
-Վեր կաց ու պոկիր
-Ներս է մտցնում: Քարանում եմ
-Վեր կաց ու կտրիր: Պոկիր գլխիցդ
-Ասում եմ սեղմում է: Մկրատ բեր
-Ինքդ վերցրու: Կողքդ դրած է
...
Էջանիշներ