Լույսը
Հաջորդ ժամը տասնմեկին կանչեցին: Հազիվ երևացող տառերով քսերոքս արած ցուցակ տվեցին, թե ինչ պետք է տանեմ հետս: Անաստեզիոլոգին(հետը խոսելիս հայերեն կես-կատակ թարգմանությունն էի հիշում էդ բառի ու հազիվ էի ծիծաղս զսպում էդ նեղ մաջալին) ասացի, թե իրականում ինչ կուզեի հետս տանել վիրահատարան, բայց խրոխտ տեսքով, նույն բարձրություն ու լայնություն ունեցող կինը սառը տոնով ասաց.
– Մեզ մոտ Ամերիկա չի, աղջիկ ջան, ինչ ամուսին վիրահատարանում:
Էստեղ եմ:
Սպասելու վայրը հիվանդանոցի միջանցքն է, երկու բազմոցներով ու մի քանի աթոռներով: Կողքիս նստած կինն առանց նախաբանի կամ ներկայանալու հայտնում է, որ իր չորրորդին է սպասում ու հարցնում, թե իմ որերորդն է: Եթե ես մտածում եմ, որ էդ պահին է շատ խոսում, ինձ դաժան բացահայտում է սպասվում հաջորդ օրը, հետվիրահատական բաժնում, հայերեն ասած՝ բոքսում:
Քույրն անունս է հարցնում, պարզում, որ Դավիթն է բժիշկս ու ասում, որ մոտ մի ժամից կտանեն ինձ: Մաման, Քրիստը, Սասը, Չուկը ներքևում սպասում են: Ուրախանում եմ, որ երկար չի տևի, սպասելուց ահավոր բան չկա նման դեպքերում:
Մի ուրիշ քույր անվավոր ձողի վրա կախ տված երկու տոպրակ կաթիլայինները գլգլացնում է մոտս, ասեղով մտնում ձախ ձեռքիս երակի մեջ, արագ-արագ ինչ-որ բան հանում, ինչ-որ բան դնում, ասեղը սկոչում մաշկիս վրա ու էդ ամբողջ ընթացքում դեմքիս չնայելով ու մի բառ չասելով՝ մանրաքայլ հեռանում:
Ու էդ կաթ-կաթ (մի պահ մի հարյուր կաթիլի չափ հաշվել եմ պարապությունից) մեջս լցվող հեղուկից էլ սկսվում է իմ կյանքի երևի ամենակեղեքիչ սպասումը:
Ես հո չգիտեի, որ մի ֆեյսբուք մարդ պարոն Դերդերյանի՝ ստատուսով դրած մալուխի նկարի տակ (ում պատմես՝ չի հավատա) ինձ հետ միասին սպասում է ու նյարդայնանում: Լավ էր, որ չգիտեի, ավելի կգժվեի:
Էդ ընթացքում, ներքև, հիվանդանոցի բակ է գալիս տաքսիստ Ռազմիկը, որ նախորդ օրը մորս դրամապանակն էր գտել իր մեքենայի միջից ու բջջայինի համարով զանգել էր՝ վերադարձնելու համար պայմանավորվելու(համարը գտնելու համար մամայի VTB-ի քարտով գնացել էր բանկ ու խնդրել, որ քարտի տիրոջ համարը տան. չի կարելի նման բան անել, բայց տվել էին, երբ բացատրել էր պատճառը): Արդեն խաչ էինք քաշել գտնելու հույսի վրա: Կորցնելու լուրով մաման որ զանգեց, Սասի հետ քաղաքում զբոսնում էինք. մտանք Mi Mi, մամայի համար նոր դրամապանակ առանք:
Բայց էդ օրը... ուրիշ մի օր էր դա, հաշվի չէինք առել: Դրամապանակի հետ միասին նաև Աստվածաշունչ էր բերել նվեր: Պարզվեց՝ հավատացյալ է: Մորս առաջարկած գումարից հրաժարվել էր: Հետո միշտ մտածել եմ՝ տեսնես աստվածավախ լինե՞լն էր պատճառը, որ վերադարձրեց, թե՞ պարզապես լավ մարդ էր:
Անցնում է խոստացված մեկ ժամը, իսկ տոպրակի կաթիլները նույնիսկ կես չեն ընկել: Հուսահատ ու անօգուտ նայում եմ կողքերս՝ կարդալու, զբաղվելու բան գտնելու հույսով: Հետս բան չեմ բերել: Ո՞վ կմտածեր, որ մաշված կաշվե բազմոցի վրա թթու կդնեն ինձ, կաթիլայինի ջրի մեջ: Շատախոսն էլի բռնում է հայացքս՝ խոսակցությունը շարունակելու հույսով:
Սպասման երրորդ ժամի վերջում ձանձրույթս աստիճանաբար վերածվում է նյարդային անհամբերության: Չի կարելի նյարդայնանալ, շատ լավ գիտեմ, բայց չեմ կարողանում ինձ զսպել: Մի քանի անգամ անվավոր գլգլիկը հետևիցս քաշ տալով երկար միջանցքի մի ծայրից մյուսն եմ գնում: Բաց դռնով պալատների բոլոր հիվադների հագուկապն անգիր արեցի: Մի երկուսի էլ անունը գիտեմ արդեն:
Հինգերորդ ժամի սկզբում գալիս է քույրը: Երկու-երեք քայլի վրա կանգնած(հայացքս շատ վախենալու է երևի, չի մոտենում) ասում է.
– Աղջիկ ջան, բերում ենք կատալկեն: Դավիթի մոտ երկու հատ չէպէ եղավ, դրա համար սենց ուշացավ:
– Բա ինչի՞ չէիք ասում, - զարմանում եմ ինձ վրա, որ հանգիստ եմ հարցնոմ, չեմ գոռում:
– Խառն էինք, բալես:
Գնաց:
Հինգ րոպեից մոտենում են երկու հոգի, ասում որ մտնեմ մոտակա պալատը (ոչինչ, կնանիք են, մտի) փոխվեմ, շապիկս հագնեմ:
Պայուսակս վերցնում են մոտները, օգնում որ պառկեմ ու առաստաղ: Առաստաղ, հիվանդանոցային երկար լույսեր, ծեփոնը թափված առաստաղ: Ու սիրտս: Արագ-արագ: Արագ-արագ:
Վիրահատարանը սպիտակ-սպիտակ է: Դավիթի դեմքին դիմակ կա բժշկական, ակնոցով է ինչպես միշտ ու բարևից զգում եմ, որ ժպտում է:
– Ոնց ես, Լիլիթ:
Անունս երկրորդ այցելությունից սկսած հիշում է: Մի փաստ, որից, ինչ մեղքս թաքցնեմ, շոյվում եմ միշտ շատ:
– Լավ եմ:
Սպիտակ խալաթով աղջիկը սովոր, գործունյա արագությամբ թևիս է քաշում ճնշումի ճռճռան գոտին, ստուգում է սրտիս աշխատանքը: Անաստեզիոլոգը (նախորդ օրվա քառակուսին չի) խնդրում է, որ թեքվեմ կողքի և մեջքիցս սրսկում է ռոմանտիկ անունով Էպիդուրալ թմրեցուցիչը: Խոսեցնում են, կատակում: Քիչ անց Դավիթի ասիստենտը, գեղեցկադեմ բժշկուհի Կարինեն ասում է.
– Ոտքիդ ո՞ր մասին եմ կպել, Լիլիթ:
– Բայց չեք կպել, - հաստատ համոզված եմ:
– Դավիթ Լևոնիչ, պատրաստ է:
Ու հասկանում եմ, որ ես ոտքեր չունեմ էդ պահին: Ախր չկան... Բարձրացնում եմ, չի բարձրանում: Չեմ հասցնում էդ սյուռ վիճակը թոթափել՝ դիմացս քաշում են անթափանց շղարշը: Դեմքիս դնում են թթվածնային դիմակը:
Դավիթի սիլուետն եմ տեսնում աղոտ: Ձայները շատ հստակ են: Չեմ հասկանում ինչ եմ զգում:
-– Լավ ե՞ս:
Գլուխս եմ շարժում դրական:
Ու մեկ էլ հասկանում եմ վերջապես, որ շղարշից էն կողմ կյանք է ծնվում: Կյանք եմ տալիս...
Դիմակը հանեցին:
Լացի ձայն է՞: Ավելի շատ տզզոց ոնց որ լինի...
Տզզոցը ձեռքին կինը գնում է դեպի լվացարանը. ինձ բերելուց հասցրել էի նկատել, աջ պատի մոտ էր:
– Անունն ի՞նչ ես դնելու:
Դավիթի ձայնը սովորականի պես բարի է, հանդարտ ու ծովի ավազի պես փափուկ:
Կինը հետ է գալիս ու վարդագույն շորի մեջ փաթաթված կյանքը դնում ձեռքերիս մեջ:
– Լուսե... - առաջին անգամ դիմում եմ աղջկաս:
Հուլիսի տասնվեցն էր:
Էջանիշներ