-Իսկապե՞ս:- Նիկոլայը նստեց ճոճանակին ու հետաքրքրասեր հայացքով նայեց Իվանին:
- Հա, երբ ժամկետային զինծառայող էր: Կարծեմ՝ արիության համար մեդալ էլ է ստացել: Չնայած զինվորական կրթություն չուներ, բայց հանգիստ կարող էր սպայի փայլուն կարիերա ունենալ, եթե երկու մեծ թերությունները չխանգարեին: Առաջինը՝ նա բացարձակապես զուրկ է քծնելու կարողությունից: Դու ուշադրություն մի դարձրու վերադասներին մշտապես պաշտպանող ու արդարացնող նրա ճառերին: Նա դա անում է՝ փորձելով վերականգնել հայրենասիրության խաթարված պատկերացումները: Այն ամենը ինչ նա տեսել էր Չեչնիայում, հանգեցրեց երկրորդ թերության առաջացմանը. նա սկսեց ինքնամոռաց խմել...
- Պետերից բամբասելը զինվորականին հարիր չէ,- Քեռին մոտեցավ նրանց:- Բարձրացեք վերև՝ քնելու, վաղը երկար ճանապարհ ունենք անցնելու:
Նիկոլայը վեր կացավ ճոճանակից, իսկ Իվանը դիմեց Քեռուն.
- Կներես հարցիս համար, գիտեմ, որ չես սիրում այս թեմայով խոսել, բայց ինձ երկար ժամանակ տանջում է այս հարցը. դու հիշո՞ւմ ես բոլոր մարդկանց, ում սպանել ես:
Մի փոքր լռելուց հետո Քեռին պատասխանեց.
- Այո: Մենք պարտավոր ենք չմոռանալ մեր սպանած բոլոր մարդկանց ու մտածել նրանց մասին: Դա այն գինն է, որը վճարում ենք նրանց կյանքը խլելու համար:
Երկար ժամանակ նրանք անխոս կանգնած էին խաղահրապարակում: Վերջապես, Իվանը հարցրեց նրանց.
- Կարծում եք Աստված կների՞ մեզ մեր արարքների համար:
- Ես Աստծուն չեմ հավատում,- պատասխանեց Նիկոլայը:
- Դուք, մոսկվացիներդ, բոլորդ անհավատ եք,- ասաց Քեռին,- անգամ հայր Դմիտրին: Ես նույնիսկ լսել եմ, որ նա ներքաշված էր գեյերի հետ կապված ինչ-որ սկանդալում, ու դրանից փախչելու համար էլ միացել է մեզ: Չգիտեմ՝ ինչքանով է ճիշտ:
- Այդ դեպքում մի ժամ առաջ ինչո՞ւ էիր պաշտպանում նրան, - զարմացավ Իվանը,- ու դեռ քիչ մնաց գլուխս կոտրեիր:
- Չե՞ք տեսնում, թե նա ինչքան վախեցած է,- պատասխանեց Քեռին,- ամեն վայրկյանի պատրաստ է պանիկայի մեջ ընկնել: Իրեն կառավարել չկարողացող մարդուն ինչպե՞ս կարող ես վստահել: Դրա համար էլ ճիշտ եմ համարում...
Քեռու խոսքն ընդհատեց Դենիսի սարսափելի ճիչը: Երեքով վազեցին վերև: Դենիսի դեմքը ծամածռվել էր զարմանքի ու վախի արտահայտությամբ:
- Ի՞նչ է պատահել,- հարցրեց Քեռին:
Դենիսը չէր կարողանում խոսել: Մատնացույց էր անում դիմացի պատը, անհասկանալի բառեր մրմնջում: Վերջապես, կակազելով մի կերպ արտաբերեց.
- Նրանք... նրանք տարան նրան... տարան Սերյոգային...
Իվանը նայեց Դենիսի ցույց տված ուղղությամբ ու նկատեց, որ Սերգեյն այդտեղ չէ: Հատակի այն հատվածում, որտեղ վերջինս պառկել էր քնելու, սև հետք էր գոյացել: Նիկոլայը շոշափեց հետքը. նավթ էր: Քեռին փորձում էր գնահատել իրադրությունը:
- Հանգստացիր ու բացատրիր՝ ինչ է տեղի ունեցել:
- Նրանք... նրանք մարդու նման են, բայց մարդ չեն... նրանք տարան Սերյոգային...
- Իսկ ո՞ւր է տեր հայրը:
Դենիսը նույն հայացքով նայում էր պատին: Վերևում դրխկոց լսվեց, ասես՝ մի խումբ մարդիկ վազում են կտուրի վրայով: Քեռին Իվանին ու Նիկոլային կարգադրեց ավտոմատները բերել մարտական վիճակի և նրանց հետ շտապեց վերև՝ ընթացքում լիցքավորելով իր ատրճանակը: Հայր Դմիտրին անշարժ կանգնած էր կտուրին, և Նիկոլայը մոտեցավ, որպեսզի հարցուփորձ անի, բայց երբ լապտերն ուղղեց նրա վրա, քիչ մնաց ուշագնաց լիներ: Մի կերպ շուռ եկավ, հենվեց կտուրի քարեզրին ու փսխեց ներքև: Իվանն ու Քեռին նկատեցին, որ հայր Դմիտրին անտենայի վրա ցցի է հանված: Նիկոլայը, դեռևս չկարողանալով վերլուծել կատարվածը, տեսավ, թե ինչպես երկրորդ հարկի լուսամուտը փշրվեց ու ինչ-որ բան ընկավ ներքև: Նա լապտերը թեքեց այդ ուղղությամբ. Դենիսի որովայնին կեռխաչի տեսքով խորը կտրվածք կար, և աղիքները դուրս էին թափվել: Նա դեռ հոգեվարքի մեջ էր, սակայն մի քանի վայրկյան անց դադարեց շարժվել: Կտուրի դուռը ճռռոցով բացվեց, ու երկու մարդակերպ արարածներ հայտնվեցին կտուրին: Նրանց մոխրագույն միատարր կերպարանքների վրա միայն աչքերն էին տարբերվում, որոնք պսպղում էին լուսնի արծաթափայլ լույսով: Կրակոցներն իզուր էին. փամփուշտներն անցնում էին այդ էակների միջով, կարծես՝ նրանք մշուշից լինեին:
- Տղերք, ես կփորձեմ նրանց պահել, իսկ դուք փախեք, որքան ուժ ունեք: Դեռ ջահել եք: Իմ մասին մի մտածեք, ես զգում էի, որ էստեղից դուրս չեմ գալու: Դե՛հ, ի՞նչ եք սպասում:
Իվանը ցատկեց ներքև՝ կոտրելով ոտքը: Նիկոլայը շենքից մի քանի մետր հեռու գտվող ցածր կրպակ տեսավ և թափավազքով ցատկեց նախ դրա վրա, ապա՝ գետնին, մոտեցավ Իվանին, օգնեց ոտքի կանգնել և, ամուր բռնելով նրա թիկունքից, արագ քայլերով հեռացավ շենքից, երբեմն-երբեմն կանգնելով, որպեսզի վիրավոր ընկերը շունչ քաշի...
Լույսը բացվում էր, ու դիտաշտարակում կանգնած քնաթաթախ ժամապահը նայում էր ծիծեռնակների երամին, երբ նկատեց հարավից մոտեցող երկու զինվորի:
Էջանիշներ