Նիկոլայը մի պահ մտածեց. ինչ-որ բան էր փորձում մտաբերել:
- Հերոստրատի մասին լսե՞ս ես:
- Դա այն հույնը չէ՞ր, որ պատմության մեջ մտնելու համար աշխարհի հրաշալիքներից մեկը հրկիզել էր:
- Այո, Արտեմիսի տաճարը: Բայց դա ի՞նչ կապ ունի իմ հարցի հետ:
- Կտեսնես: Ես հիմա քսանյոթ տարեկան եմ, շուտով կբոլորի քսանութս: Քո մոտ եղե՞լ են այնպիսի պահեր, երբ թվացել է, որ կյանքդ իզուր ես անցկացրել: Որ ոչ մի նշանակալից բան չես արել, էնպիսի բան, որը կարող ես թոռներիդ հպարտորեն պատմել: Մի ժպտա, այս մտքերն ինձ ամիսներով հանգիստ չէին տալիս: Ինստիտուտն ավարտելուց հետո բանկերից մեկում միջին վարձատրությամբ աշխատանք գտա ու սկսեցի օֆիսային պլանկտոնի միապաղաղ կյանք վարել: Ու էդպես ավելի քան հինգ տարի: Իսկ երբ արևմտյան պատժամիջոցների հետևանքով բանկը սնանկացավ, աշխատանքս կորցրեցի, դեպրեսիաս խորացավ, ու վուալա. հիմա աշխարհի ամենամահացու տարածքներից մեկում սիգարետ եմ ծխում: Բայց դու չես հասկանա, իհարկե, քո կենսուրախությամբ հանդերձ:
- Է՜խ, Կոլյա, մարդկանց թվում է, թե կատակասեր մարդիկ երջանիկ են, այն դեպքում երբ նրանց այդ «կենսուրախությունն» ընդամենը հոգեբանական պաշտպանական ռեակցիա է: Մի զարմացիր:
Էջանիշներ