User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 29 հատից

Թեմա: Պատմվածք դռների ու Կլաուսի մասին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատմվածք դռների ու Կլաուսի մասին

    Անքնության էի մատնվել, անկողնում տանջվելու փոխարեն նստեցի, էսպիսի բան գրեցի:
    Չգիտեմ՝ ինչ է ստացվել:


    Դռներ

    Պապաս ունի դրանից: Վախ նեղ տարածություններից: Էն ո՞նց են ասում, «կ» տառով խուճուճ բառ է: Կլաուս ինչ-որ: Լավ, կարևոր չի:
    Քչերը գիտեն, որ մենակ պապաս չի. ես էլ ունեմ դրանից: Ընդհանրապես մենք նման ենք: Ես ու պապաս: Նույն խմորից ենք հունցված: Ժամանակ գտնեմ, մեր նմանության մասին մանրամասն կպատմեմ: Էսօր չէ:

    Ու էդպես երկուսս էլ խնդիրներ ունենք Կլաուսի հետ, բայց ինձ մոտ վիճակը ոնց որ թե շատ ծանր չի: Դրա համար էլ, ի տարբերություն պապայիս, ես կարողանում եմ հասարակական տրանսպորտից օգտվել: Ոչ գնացքի, ոչ ավտոբուսի և ոչ էլ անգամ ինքնաթիռի փակ ու նեղ տարածքն ինձ էնքան չի ճնշում, որ շունչս կտրվի:
    Ամեն օր նստում եմ նույն գնացքն ու արվարձաններից հասնում Հայմերանպլաց՝ աշխատանքի: Սովորականի նման:

    Էդպես էր դեկտեմբերի երկուսին, դեկտեմբերի երեքին, դեկտեմբերի չորսին և անգամ դրանից առաջ:
    Իսկ դեկտեմբերի հինգին ձյուն եկավ: Շատ առատ, էնքան առատ, որ քաղաքի բոլոր գնացք-մնացքները խառնվեցին իրար, սկսեցին առաջ ու հետ ընկնել կամ ընդհանրապես տեղից չշարժվել:

    Առավոտվա յոթ անց կես, կտրող ցուրտ ու իրար գլխի հավաքված լիքը մարդ՝ գնացքի սպասող: Մինչ ես մտածում եմ՝ ոնց եմ ժամանակին աշխատանքի հասնելու, տաքսի վերցնեմ, թե չէ, հայտարարում են, որ էդ գծով առաջիկա մի ժամում ոչ մի շարժում չի լինելու: Ու բոլորիս ուղարկում են եսիմ որ գիծ՝ արտահերթ գնացք նստելու, որն ուրիշ քաղաքից է գալիս ու առանց կանգառի գնալու է մինչև կենտրոնական կայարան: Առանց կանգառի նշանակում է մոտ կես ժամ: Ու բոլորս լցվում ենք արտահերթ փրկության վագոնները: Ես հայտնվում եմ վագոնի մեջտեղում, թեև ըստ լցվածության, թվում էր, թե վերջին մարդն եմ լինելու, ով կտեղավորվեր ներսում: Բայց մարդիկ հա լցվում են ու լցվում: Էնքան, որ դռներն արդեն չեն փակվում: Էնքան, որ եթե անգամ ոտքերս կտրեմ գետնից, միևնույն է կմնամ նույն դիրքով ցցված: Ամեն կողմից սեղմված եմ ու շարունակում եմ սեղմվել: Տալոնով հացի հերթ՝ իննսունականներին. մոտավորապես էդպիսի վիճակ: Ինչ-որ մեկը գոռում է, որ հնարավոր չի դռները փակել ու խնդրում, որ վերջին ներս մտածները դուրս գան: Բայց ոչ ոք դուրս գալ չի պատրաստվում ու միայն առաջ են սեղմվում, որ փակվելիքը փակվի, ու պոկվենք տեղից: Ես պատրաստ եմ ինքս դուրս գալ, բայց հասկանում եմ, որ դա այլևս հնարավոր չի:

    Գնացքը շարժվում է: Շուրջս դեմքեր են: Շատ մոտ, անտանելի մոտ: Եթե լեզուս դուրս հանեմ, ու հաշվի առեք, որ իմ լեզուն շատ կարճ է, ապա կկպնեմ դիմացիս թշին: Էնպես չի, որ մոտս էդպիսի ֆանտազիա է առաջացել. ուղղակի գիտեմ, որ դա լրիվ հնարավոր սցենար է: Իսկ դիմացիս թուշը նոր սափրված է, ես տեսնում եմ վրայի բոլոր ծակոտիները՝ մեկ առ մեկ: Բլթակի մոտ փոքր խալ կա՝ հարթ մակերեսով: Ականջը մաքուր-մաքուր է ու փայլում է նոր մաքրած սխտորի պճեղի նման: Բայց դեմքից եկող բույրը ամենևին սխտորային չի: Քաղցր հոտ է գալիս, ոնց որ մեր տան կողքի հացի խանութի չամչով բուլկուց: Լրիվ լցված եմ էդ հոտով, սիրտս սկսում է խառնել, էն դեպքում, որ մի քիչ մեծ հեռավորության վրա գուցե նույնիսկ հաճելի թվար: Տեսնում եմ, թե ինչպես է քունքի մոտ կաթիլ գոյանում: Ու սկսում է կամաց ծորալ ներքև: Անցնում է նոր սափրած ծակոտիների վրայով, շրջանցում հարթ խալը, հասնում է վզին ու ներս սողոսկում հագուստի մեջ: Որովայնիցս սկսում է տաք ալիք բարձրանալ: Գլուխս պտտվում է: Սեղմված եմ: Օդը չի հերիքում: Ինձ մտցրել են նեղ խողովակի մեջ: Ու ես զմռսվել մնացել եմ մեջը:

    Չէ, չկա խողովակ: Չկա խողովակ, ես գնացքում եմ: Փորձում եմ կենտրոնանալ էդ մտքի վրա: Չի ստացվում: Նայում եմ դռանը: Եթե հիմա չբացվի, ես կմեռնեմ: Տաք ալիքը շարունակում է բարձրանալ, հասնում է կոկորդիս: Ո՞ւր են ոտքերս: Չեմ զգում: Դուռը բացեք...
    -Խաղա՞նք:
    Սենյակը լցված է որովայնիցս բարձրացող տաք ալիքով: Նա նստած է դիմացս: Գաճաճ հաստլիկ մարմինը տեղավոր է փափուկ բարձերի մեջ: Մատներով քրքրում է չեչոտ դեմքին աճած շեկ մորուքը:
    -Դու ո՞վ ես,-հարցնում եմ:
    -Ես Կլաուսն եմ: Բա դո՞ւ ով ես:
    Ու քրքջում է: Իմ հանդիպած առաջին Կլաուսը, որ հայերեն է խոսում:
    -Հիմա խաղո՞ւմ ես, թե՞ դուռը փակ մնա:
    -Բացիր դուռը:
    -Չեղավ,-ասում է Կլաուսը,- երբ խաղաս հետս, էն էլ մինչև վերջ ու կանոնները չխախտելով, էն ժամանակ էլ կբացվի դուռը: Իսկ թե խաղը վերջին չհասցնես, կմնաս փակ դռան հետևում: Ընդմիշտ:
    Սենյակում խեղդոց է:

    -Ասա կանոններդ:
    -Ինչ էլ կոպիտ ես խոսում հետս, չեղավ էդպես: Ես նուրբ էակ եմ, սիրտս մի կոտրի:
    Ու սկսում է կոտրտվել իր լխտիկ մարմնով:
    Սահմռկում եմ: Էդ պարարտ թզուկի տեսքից թուքը չորանում է բերանումս:
    -Դե լսիր, իմ աղջիկ: Խաղն էսպես է: Մի բառ եմ ասում, դու ինձ դրա հետ կապված հուշ ես պատմում: Հին, թարմ, ոնց ուզես: Ես հուշիցդ նոր բառ եմ հանում, դու էլ դրա մասին ուրիշ հիշողություն ես պատմում: Էդպես հինգ պատմություն: Միայն թե մի քանի կանոն կա, որոնց պիտի հետևես, թե չէ կպարտվես: Հորինել չի կարելի: Երկար մտածել չի կարելի: Նույն հուշին կրկին անգամ վերադառնալ չի կարելի: Հասկացա՞ր:
    Գլխով եմ անում:
    -Հինգ անգամ, ու դուռը կբացվի: Իսկ թե պարտվես, դուրս չես գա:
    Նորիս գլխով եմ անում: Մենակ թե լեզուս չպապանձվի: Էն կարճ լեզուս, որ հիմա լավ կլիներ մի քիչ երկարեր:

    Կլաուսի պստիկ աչքերը սկսում են փայլել:
    -Հեշտ բառ կասեմ, չվախենաս, իմ աղջիկ:
    Սա ինչի է ինձ «իմ աղջիկ» ասում: Սիրտս կարկտի հատիկ է դառնում:
    -Հասարակ բառ, խնդրեմ: Շրջան:
    Շրջան... Հիմա, արագ: Հորինել չի կարելի:
    -Շրջանայինում եմ առավոտ շուտ, մարդ չկա դրսում: Մենակ մի կին է քայլում առջևիցս: Շատ արագ է քայլում: Տեսնում եմ, որ բաճկոնի գրպանից դրամապանակ է ընկնում: Ինքը հավանաբար չի նկատում: Հասնում եմ դրամապանակին, վերցնում ու վազելով գնում կնոջ հետևից: Սա կարմիր մազերը թափահարելով սլանում է: «Ներեցեք»,- ձայն եմ տալիս: Չի շրջվում: Կպչում եմ ուսին, հետ է նայում: «Ձեր դրմապանակն ընկավ ճանապարհին»: Ու գտածս մեկնում եմ իրեն: Նայում է ինձ, մեկնածս իրին ու պատասխանում. «Սխալվել եք, սա իմը չի»: Ու շրջվում գնում է: Ես մնում եմ փողոցում կանգնած, ափիս մեջ՝ իր դրամապանակը: Գնում եմ հետ, հասնում փողոցի էն հատվածին, որտեղ գտել էի դրամապանակը, ու դնում գետնին՝ նույն տեղում, որտեղից վերցրել էի: Չգիտեմ՝ էդ կարմրահերն ինչի հրաժարվեց իր կորցրածից: Մի պահ մտածեցի բացել դրամապանակը, տեսնել մեջն ինչ գաղտնիք կա, բայց ոչինչ էլ չարեցի: Թողեցի տեղում, գնացի:
    Լռում եմ:

    -Կին,- հնչում է հաջորդ բառը:
    Սա արդեն հեչ դժվար չի: Հիմա ո՞րը պատմեմ, որը թողնեմ: Հմմ...
    -Երկար մտածել չի կարելի:
    -Պատմում եմ: Կանգառում մի երիտասարդ կին է կանգնած: Հագին ակնոց կա՝ բարալիկ եզրերով: Ռամազդորֆում ապրող նախկին հարևանուհիս էլ ուներ հենց նույն ակնոցից: Բայց վաղուց չեմ տեսել էդ հարևանուհուս, ով գիտի, մեկ էլ տեսար, արդեն չունի: Իսկ կանգառի կինը շատ սիրունիկ է: Իր համար կանգնած գիրք է կարդում, էն էլ շատ խելացի տեսքով: Գրքի կազմը կանաչ է, վրան էլ գրված՝ “La Educación Ambiental“: Չգիտեմ՝ դա ինչ է նշանակում, ոչ էլ անգամ գիտեմ, թե որ լեզվով է:
    Կլաուսը ուղիղ աչքերիս մեջ է նայում: Հեչ հաճելի չի, երանի էդպես չնայեր:
    -Էս իմ աղջիկը մենակ էնպիսի բաներ է մտաբերում, որոնցից բան չի հասկացել: «Չգիտեմ», հա «չգիտեմ»: Բա դու ի՞նչ գիտես:
    Ու էլի ծիծաղում է: Իմ վրա է ծիծաղում:

    -Անցանք առաջ: Կանաչ:
    -Կանա՞չ: Հիմա ասեմ, սպասիր: Ուրեմն Երևանում՝ Թումանյան փողոցի վրա, մի խանութ կա, անունը հաստատ չեմ հիշում, «Պ» տառով է սկսվում: Էդ խանութի ցուցափեղկերի մոտ մանեկեններ են կանգնած, որոնց հագին կանաչ սավաններ են, ուրիշ ոչինչ: Իրենք միշտ էդպես կանգնած են՝ նույն կանաչ կտորներով փաթաթված: Չգիտ... Ըմմ... Ուղղակի երևի ձևն է էդպես: Էդ թիթիզ խանութում, որի ներսում երբեք ոչ մի հաճախորդ չի լինում, մի սև կոստյումով տղամարդ է շրջում: Ինքը կլոր, դուրս ցցված փոր ունի: Ենթադրում եմ, որ անգործությունից կուլ է տվել մանեկեններից մեկին:
    Մնաց երկու հատ: Եթե դիմանամ, շուտով դուրս կգամ: Քիչ մնաց:

    -Փոր:
    Ու աչքով է անում: Սարսափելի աչք ունի: Աչք չէ, աչքեր:
    Կարող էր «մանեկեն» ասել կամ «ցուցափեղկ», բայց, չէ, «փոր»: Դու քո փորին նայիր ու ինքդ էլ պատմիր: Դուրս եմ ուզում: Նորից հանդիպում եմ անթարթիչ հայացքին ու գամվում տեղում:
    -Երկար մտածել չի կարելի: Հիմա կպարտվես, իմ աղջիկ:
    -Չէ: Սպասիր մի վայրկյան: Պատմում եմ...
    Հուշն եկել է, բայց բառերը չեն գալիս:
    -Դե՞:
    -Փոքր սենյակում եմ՝ նեղլիկ մահճակալին:
    -Փոքր ու նե՞ղ, բա ես էնտեղ չէի՞:
    -Չէ, բարեբախտաբար:
    Կլաուսը նորից անցնում է մորուքը քջջելուն: Երևի պատասխանս հեչ սրտով չէր:
    -Զգում եմ ձեռքը մաշկիս վրա: «Դուրդ գալի՞ս է, որ փորիկդ շոյում են»,-հարցնում է: «Էնպես չի, որ էդպիսի բան հաճախ է լինում, բայց հա, վատ չի»: Կամաց ծիծաղում է:

    Սուս եմ մնում:
    -Հետո՞:
    -Ու վերջ: Էդ էր քո տված բառով հուշը:
    Կլաուսը տարակուսանքով բարձրացնում է ձախ հոնքը:
    -Ձեռք:
    Ձայն չեմ հանում: Փորձում եմ պոկվել նախորդ հիշողությունից, չի ստացվում:
    -Ձեռքը...
    Աչքը վրայիցս չի կտրում:
    -Նույն հուշին վերադառնալ չի կարելի:
    Բերանի ծայրը վերև է ձգվում: Տրամադրությունը բարձրացել է: Ինձ թվում է, որ հայացքով մաշկիս տակ է մտնում:
    - Երկար մտածել չի կարելի: Նույն հուշին վերադառնալ չի-կա-րե-լի:
    Հա: Նույն ձեռքին վերադառնալ չի կարելի: Բայց ուրիշ ձեռք չկա: Չեմ գտնում:
    Մի բան ասա: Խոսիր հետը: Չեմ կարողանում:
    -Պարտվեցիր, իմ աղջիկ: Չի բացվելու դուռը:

    Տաք ալիքն ինձ խեղդում է:
    Ձայներ են գալիս:
    -Ձեզ ի՞նչ պատահեց: Վա՞տ եք զգում:
    -Պետք է գնացքը կանգնեցնել: Շտապօգնություն կանչեք:
    -Հասնում ենք կանգառին, մի քանի վայրկյան մնաց: Դիմացեք: Լսո՞ւմ եք:
    Կոպերս դժվարությամբ բացում եմ: Կողքիս բոլորը խոսում են: Մեկն ինձ պինդ բռնել է:
    Նայում եմ դռանը: Չի բացվելու: Ինչ-որ բան է կաթում գլխիս մեջ: Ինձ թվում է, վայրկյաններն են:

    Գնացքը խուլ աղմուկով կանգնում է:
    -Դիմացեք, հիմա դուրս կգանք:
    Ոչինչ չի կատարվում:
    -Բացեք դուռը,- գոռում է մեկը:
    Բոլոր դռները փակ են:
    Գնացքը սկսում է նորից շարժվել: Շատ դանդաղ մի քանի մետր առաջ է գնում ու կանգ առնում:
    -Սխալ տեղում էինք կանգնել:

    Դեմքիս սառնություն եմ զգում: Նայում եմ սառը հոսանքի ուղղությամբ: Դուռը բացվել է: Բոլոր դռները բացվել են: Մեկն ինձ օգնում է դուրս գալ:
    -Նստեք էստեղ, հիմա շտապօգնություն կկանչեմ:
    -Չէ, ես լավ եմ, պետք չի: Խնդրում եմ, պետք չի:
    Հազիվ եմ խոսում:
    -Պիտի աշխատանքի գնամ:
    -Ի՞նչ աշխատանք: Մի րոպե սպասեք: Հիմա ջուր կբերեմ:
    Գնում է դեպի մոտակա կրպակը:

    Վեր եմ կենում տեղիցս: Ոտքերս շատ թույլ են, բայց քայլել կարող եմ: Կամաց հեռանում եմ նստարանի մոտից: Պիտի աստիճաններով բարձրանամ ու դուրս գամ կայարանից: Կողքիս վերելակ է բացվում:
    -Ներս գա՞ս: Ավելի արագ կլինի:
    Քարանում եմ: Շեկ հոնքերի տակից վրաս է նայում:
    -Գնացքի դուռը բացվեց,- ասում եմ:
    -Հա, բա ինչ պիտի աներ:
    Քրքջում է:
    -Ես ամենևին էդ դուռը նկատի չունեի, իմ աղջիկ:

  2. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.01.2015), Ariadna (25.01.2015), Chuk (23.01.2015), LisBeth (12.02.2015), Mephistopheles (23.01.2015), My World My Space (02.02.2015), Sambitbaba (23.01.2015), Skeptic (23.01.2015), Smokie (23.01.2015), Tiger29 (23.01.2015), Աթեիստ (23.01.2015), Ամպ (25.01.2015), Այբ (27.01.2015), Արէա (23.01.2015), Մինա (23.01.2015), Մուշու (24.01.2015), Շինարար (23.01.2015), Ուլուանա (27.01.2015), Վոլտերա (23.01.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոետը և աղջիկը (պատմվածք սիրո մասին )
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 19.07.2016, 11:49
  2. Պատմվածք վերևինիս մասին
    Հեղինակ՝ impression, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 21
    Վերջինը: 13.11.2010, 21:06
  3. Գրառումներ: 1
    Վերջինը: 22.09.2010, 01:49
  4. Պատմվածք վերևինիս մասին
    Հեղինակ՝ impression, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 12
    Վերջինը: 04.09.2008, 02:38
  5. Ֆուտուրիստական պատմվածք բնության փոքր նախարարի մասին
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 05.05.2008, 01:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •