Կատվի վերջին հույզը
Հրդեհը սկսվեց ետնաբեմից դուրս: Ծաղրածուն դուրս եկավ բեմ`հանդիսատեսին զգուշացնելու, բայց մարդիկ կարծեցին, թե դա կատակ է, և սկսեցին ծափահարել:Ծափահարությունները ավելի բուռն դարձան, երբ ծաղրածուն սկսեց խնդրել մարդկանց, որ վերջիններս հեռանան դահլիճից:
Հնարավոր է, որ մեր աշխարհն էլ կործանվի նման ձև` հանդիսատեսի ծափահարությունների ներքո, որոնք կկարծեն, որ դա ընդամենը կատակ է:
Սյորեն Կիերկեգոր
Թափանցիկ պղպջակների մի մեծ հոսք ծածկում է համալսարանային ձանձրալի տեսարանը, այն տեսարանը,որտեղ երեք տղա ընթեցասրահում ինչ-որ բան/հավանաբար մեծ չափերի անհայտ պարունակությամբ մաստակ/ ձայներով ծամծմում ու խաղում էին.
-Թյու՜,պարտվեցի:
Ասում է նա, և տեսարանը փակում են պղպջակները:
Գիթառի աններդաշնակ ձայները հասնում են կատվի ականջներին,նա ճվում է,քսվում ծածկոցին ու փորձում ականջները խրել մահճակալի մեջ: Գիտե՞ք կատուները ավելի լավ են լսում, համենայն դեպս այդ կատուն: Երբ վերջապես աններդաշնակ ձայներին հաջորդում են գեղեցիկ նոտաներով և լավ կատարվող Փինք Ֆլոյդի ''Comfortably numb''-ը, կատուն թեթևացած շունչ է քաշում, ցատկում մահճակալից ու հետևում տիրոջ շարժումներին.՛՛ձանձի՜ՌՌ՛՛, մռռում է նա և հետ դառնում փափուկ մահճակալին:
Կատուն կիսաքնած թավալվում էր ,երբ սկսեցին տնքոցները,դրանք խրվեցին կատվի ականջների մեջ,նրա մորթու մազիկներրը բիզ-բիզ կանգնեցին: Թռավ պատուհանից ու վիրավորված քայլեց մթնշաղով:
Այստեղ բաց թողվեց մի մեծ ու կարևոր փաստ. կատուն սև էր, իսկ ինչպես գիտենք բոլորս,սև կատուների հետ պետք է առավելապես զգույշ լինել: Հավատացեք՝պետք չէ թերագնահատել սև կատվի հնարավորությունները,հատկապես,երբ նա վիրավորված է: Այսպիսով՝տեղ-տեղ նա չէր երևում խավարում:
Փողոցները դատարկ էին, կատուն շուտով հոգնեց և պառկեց մայթին՝ֆոսֆորային աչքերով հետևելով անցուդարձին: Դուք լսել եք, անգամ կարդացել եք գորտի և արքայադստեր հեքիաթը: Մեր հեքիաթում , բնականաբար չկան գորտեր կամ արքայադստրեր, կա միայն մի սև կատու և անասելի շատ մոխրագույն մարդիկ: Հավանաբար հասկացաք,թե ինչ պիտի կատարվի հետո. մեկը,ով համարյա վազելով տաղտկալի աշխատանքային օրվանից հետո գնում էր տուն,կբախվի կատվին ու կմտածի, որ իր կյանքում ինչ-որ բան ընթանում է ոչ այնպես ինչպես պետք է, նա կսկսի ելքեր փնտրել, և գիտե՞ք ինչ՝ վերջ կտա կյանքին:Այո-այո, վերջ կտա,որովհետև զզվանք պատճառող աշխատանքից ազատվելու ու սոված չմնալու միակ ելքը կյանքին վերջ տալն է: Երևի բնաբանը ձեզ հուշեց,որ տաղտկալի աշխատանքից վերադարձողը ոչինչ էլ չի անի: Նա կարհամարհի կատվին, որը,ինչպես նշվեց, վտանգավոր է:
Տկտացնելով կոշիկները՝ նա հազիվ զսպեց ,որ դուրս չվազի լսարանից: Նա քայլում էր մեկ շատ արագ, մեկ դանդաղեցնում էր քայլերը՝հասկանալով,որ տանը նրան է սպասում էլ ավելի հոգնեցնող ամուսինը, ով կկպչի ու կսկսի ձայներ հանել այն նույն մաստակի նման, նա կփակի աչքերը, իսկ ամեն ինչի ապոգեյին կքնի և գուցե երազներում տեսնի մի ուրիշ կյանք, որտեղ նա նամակ է գրում իր ամուսնուն՝ Փարիզից. գիտե՞ք՝ նա ինչքան էր երազում Փարիզում լինել,այդ պահին կկտրվի երազից և կհասկանա ,որ նրա ներկայիս ես-ը անզոր կլիներ նման նամակ գրել: Չեմ տանջի ձեր հետաքրքրասիրությանը.
«Դու զարմանում ես,երբ տեսնում ես նրանց արևը: Իսկ նրանց արևը դեղին չէ, նրանց արևը երկնագույն է. նրանք արև էլ չունեն. նրանցը մեծ երկինք է`առանց ամպիկների եւ ավարտի: Ես կտարրալուծվեմ այդ երկնքում, ինչպես մնացածները, կխորտակվեմ փոշեհատիկի նման, դու չես հասցնի բռնել ձեռքս. ես չեմ կարողանա վստահել քեզ, համակերպվել, որ դու կաս եւ ուրիշ ես նրանց մեջ: ...եւ մտածում ես `մեկ է կավարտվի, ինչու՞ վերջ չտալ հենց հիմա , առանց երկար-բարակի ու սպասման:
Շրխկացնում ես դուռը ու գնում:
Գնում ես, շրջվում եւ ետ վերադառնում, զգուշությամբ փակում դուռը: Նայում աչքերին ու գրկում, եւ արդեն դու ես փորձում ձգել պահը. սկսում դողալ, ներողություն խնդրել ամեն մի կռվի վերջում: Դու պարզապես թույլ ես, դու վախենում ես մենակ մնալուց, վախենում ես լսել սեփական ձայնդ: Նախընտրում ես մնալ մեկի հետ, ով քո ռասսայից էլ չէ եւ անգամ`քո մոլորակից: Դու ստիպված թողնում ես տունդ, աշխատանքդ, մարդկանց, այսինքն վերցնում ես ծայրահեղը` քո միայն մի մասը`հենց քեզ: Ոտքերդ քարշ տալով գնում ես, ճանապարհին կանգնելով ու ետ նայելով տանդ,աշխատասենյակիդ եւ մարդկանց, իսկ նրանք մնում են հեռվում, թաղվում են թանձր մշուշի տակ եւ քո դատարկ մասը սկսվում է լցվել նորով, իսկ նորը միայն ինքն է որ կա`այլմոլորակայի՜նը...»
Տառերը լղոզվում են, հեռվից հեռու լսվում են խռմփոցի ձայներ:Նա բացում է աչքերը, մի կերպ ազատվում ամուսնու գարշելի մարմնի ծանրությունից և ճանապարհվում խոհանոց: Շատերն են սկսում ուտել,երբ մի բան այն չէ: Սա ասվում է այն նպատակով, որ գեր կին ունեցող և իրենց կանանց գիրությունից բողոքող տղամարդիկ խնդիրը իրենց մեջ փնտրեն, այլ ոչ թե տրորեն կնոջ փափուկ ներաշխարհը:
Քաղցրի մեծ քանակութուն կուլ տալուց հետո նա փորձում է վերհիշել երազը և վերլուծել ներկայի կտրվածքով: Դուք երևի համարում եք՝մեր հերոսուհին հիմար է,որ չի նկատում նամակի մեջ եղած ակնհայտ ակնարկը , ամենեևին. նրա կարդացած վերջին գիրքը Ֆրոյդի «Երազների մեկնությունն է» եղել, պարզապես նա ենթագիտակցորեն դադարել է հավատալ երազներին : Սկսում է խորանալ անցյալի կծիկում՝հասկանալու համար,ի՞նչը խանգարեց ,որ նա չգնաց Փարիզ: Հետ մղելով իրականությունը՝ նա գլխացավով վեր կացավ տեղից:
հենց հաջորդ օրը նա հանդիպեց կատվին: Նրա ներսում ինչ-որ ոսկեգույն ճառագաթ փայլատակեց և մինչև կփորձեր հասկանալ ինչն ինչոց է, մարեց: Կատուն վեր կացավ տեղից, հոտոտեց գորշ մարդու շորը, քայլեց աջ ու փռվեց ճանապարհի ուղիղ մեջ տեղին: Կինը նայեց կատվին և չհասցրեց շրջվել ու գնալ. նույն ճառագայթը,որն այս անգամ ճառագում էր մեքենայից շարժվում էր դեպի կատուն, վերջինս անտաբեր պառկած էր : Կինը նետվեց կատվի կողմը. մի քիչ վնասներով, բայց հասավ Փարիզ:
Իսկ իրականում ամեն ինչ այլ կերպ էր.
Կինը շրջվեց ու գնաց՝թողնելով կատվին ճանապարհի մեջ տեղին, նա անգամ չտեսավ մեքենայի մարդուն, ով նրան պիտի Փարիզ տաներ և սովորենցներ, թե ինչպես է պետք սիրային նամակներ գրել: Կինը գնաց, իսկ մառախուղում պտտվում էին բառերը
There is no pain, you are receding
A distant ship, smoke on the horizon
Կասեք՝ կատու՞ն էր մեղավոր,որ սև էր:
Սպասում եմ քլնգոցների
Էջանիշներ