Այս հետազոտությունն, իհարկե, շատ հետաքրքիր է, հատկապես եթե այն հնարավոր լինի վերարտադրել (ամեն ինչ էլ կարող է պատահել): Գրառմանս մեջ թվարկվել են մի քանի մեխանիզմներ, որոնք տեսականորեն կարող են բացատրել տվյալ էֆեկտը (միայն սպերմայի պահպանման հնարավոր էֆեկտն էր հոդվածում բացառվում, ինչպես հասկացա, հայրության տեստերի միջոցով): Բայց հայտնաբերված երևույթը ես տելեգոնիա չէի անվանի: Երբ խոսում են տելեգոնիայի մասին, ամեն դեպքում նկատի են ունենում առաջին արուից հենց ժառանգական հատկանիշների փոխանցումը: Եթե խոսքը գնար գունավորման կամ բացառապես գեներով պայմանավորված որևէ այլ հատկանիշի մասին, ապա դա կլիներ իսկական տելեգոնիա: Իսկ արուի չափը ոչ այնքան ժառանգական հատկանիշ է, ինչքան՝ ձեռքբերովի (հատուկ դիետայի շնորհիվ): Եվ ինքը՝ էֆեկտը խիստ ոչ սպեցիֆիկ է: Կոպիտ ասած՝ նույն հաջողությամբ կարելի է տելեգոնիա համարել սեռավարակի հետևանքները: Առաջին տղամարդն իր զուգընկերուհուն վարակել է ՄԻԱՎ-ով, կինը երկրորդ տղամարդուց հղիացել է և ՄԻԱՎ-ով հիվանդ երեխա է ունեցել: Երեխայի մոտ առկա է այն հատկանիշը, որը եղել է իր մոր առաջին տղամարդու մոտ՝ թուլացված դիմադրողականություն: Սա նույնպես առաջին (ու ոչ միայն) տղամարդուց կնոջ բոլոր հաջորդ սերունդներին հատկանիշի փոխանցում է: Մենք այդ մասին վաղուց գիտենք ու դա տելեգոնիա չենք անվանում: Թե ինչպես ճիշտ անվանել հոդվածում նկարագրված էֆեկտը, որը նկատվել էր ճանճերին խաչասերելիս, մենք կիմանանք միայն այն ժամանակ, երբ կհաջողվի գլուխ հանել դրա համար պատասխանատու մեխանիզմից:
Դրանից բացի, պետք է նշել, որ հոդվածում խոսքը գնում է միջատների մասին, այսինքն չարժի ուսումնասիրությունների արդյունքները տեղափոխել մարդկանց վրա: Եթե Դուք աղջիկ եք, և Ձեր առաջին տղամարդը շատ էր ուտում ու տառապում էր ավելորդ քաշից, դա չի նշանակում, որ Ձեր բոլոր երեխաները գեր են լինելու: Դուք ամեն դեպքում աղջիկ եք, այլ ոչ թե՝ ճանճ: Նաև, ըստ երևույթին, բանն այն չէ, որ առաջին արուն ինչ-որ առումով հատուկ է, այլ այն, որ արուի հետ զուգավորումն ազդեցություն է թողնում էգի վրա, որը նրա սերնդի վրա արտահայտվում է ոչ թե միանգամից, այլ որոշակի ուշացումով: Ի դեպ, մենք նման պատկերի ականատես կլինեինք, եթե սերնդի զարգացման վրա ազդեին առաջին զուգընկերոջ ինչ-որ մանրէներ, որոնց ժամանակ է պետք, որպեսզի բազմանան և ազդեն էգի վրա: Բայց հոդվածում այդպիսի բացատրություն չի քննարկվում:
Ցանկացած դեպքում, հոդվածի ամբողջ հետաքրքրությամբ հանդերձ, սա այն տելեգոնիան չէ («գիտություն կուսության մասին»), որին ցանկանում են հավատալ ավանդական բարոյականության կողմնակիցները, և հանուն որի, ճակատագրի հեգնանքով, աղջիկներին անհրաժեշտ է որքան հնարավոր է հաճախ, որքան հնարավոր է շուտ սկսել սեքսով զբաղվել բարետես, ուժեղ, խելացի երիտասարդների հետ այն հույսով, որ այդ գծերը կփոխանցվեն հետագայում ծնված երեխաներին, թեկուզ ոչ այնքան շքեղ ամուսնուց:
Էջանիշներ