«Մարմինս վառել են, լեզուս վառել են, քիթս կոտրել, պատառաքաղով ձեռքերս ծակծկել են»… ընտանիքում դաժան բռնությունների ենթարկված Մարիամ Գեւորգյանի մասին գրել էինք դեռեւս 2012 թվականին: Այդ ժամանակ Մարիամը պայքարում էր, որ իրեն բռնությունների ենթարկած ամուսինն ու սկեսուրը պատժվեն օրենքի ողջ խստությամբ:
Մարիամի սկեսուրը` Հայկանուշ Միքայելյանը, մեղավոր է ճանաչվել խոշտանգման եւ դիտավորությամբ առողջությանը վնաս հասցնելու մեջ, իսկ ամուսինը` Դավիթ Սիրոյանը, դատապարտվել է ծեծի համար, սակայն երկուսն էլ համաներմամբ ազատ են արձակվել:
Մարիամի մարմնի վրա առկա սպիներն ու այրվածքները երիտասարդ կնոջը թույլ չեն տալիս մոռանալ իր հետ կատարված վայրագությունները: Նա ցանկանում է ազատվել այդ հետքերից եւ վիրահատական ծախսերը հոգալու համար դիմել է դատարան` նախկին ամուսնուց եւ սկեսուրից պահանջելով փոխհատուցել իր առողջությանը հասցված վնասը:
Հասցված վնասի չափը որոշելու համար Արարատ և Վայոց Ձոր մարզերի ընդհանուր իրավասության դատարանը նշանակել էր փորձաքննություն` փորձագետին առաջադրելով հետեւյալ հարցերը. արդյոք հնարավոր է Մարիամ Գեւորգյանի մարմնից բժշկական միջամտությամբ վերացնել հանցագործության արդյունքում ստացված վերքերի հետքերը: Եւ եթե այո, ապա որքան դա կարժենա:
«Մյուս կողմը հավանաբար համաձայնության է եկել փորձագետի հետ, քանի որ վերջինս այնպիսի եզրակացություն է տվել, թե իբր հնարավոր չէ բժշկական միջամտությամբ վերացնել Մարիամի մարմնի վրա առկա հետքերը: Այնինչ մենք դիմել ենք մի շարք բուժհաստատությունների եւ նրանք տեղեկանք են տվել այն մասին, որ մարմնի վրայի սպիները կարելի է վերացնել եւ նույնիսկ նշել են, թե կոնկրետ ինչ եղանակով»,- «WomenNet.am»-ի հետ զրույցում ասաց Մարիամ Գեւորգյանի շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Մուրադյանը:
Վաղը` ժամը 14:00-ին Արտաշատի նստավայրում շարունակվող դատական նիստի ժամանակ Տիգրան Մուրադյանը դատարանին է ներկայացնելու այդ տեղեկանքները եւ փորձելու է պարզել, թե փորձագետն ինչ հիմքով է եզրակացրել, թե անհնար է վերացնել ընտանեկան բռնության ենթարկված կնոջ մարմնի սպիները:
Էջանիշներ