Եթե նույնիսկ այդ հետազոտության ժամանակ հստակ սահմանվել են «երջանկություն» կոչվածի չափանիշները, ապա դա դեռ չի նշանակում, որ մենք գործ ունենք հետազոտության հետ, որն իրավունք ունենք կոչել գիտական: Եվ այստեղ խնդիրն այն է, որ արդեն գիտական դարձած հետազոտության (հոդվածի և այլն) դեպքում ընդունող-չընդունողի մասին խոսելն ավելորդ է. գիտական հետազոտությունը, վերլուծությունը պետք է այնպիսի կառուցվածք և բովանդակություն ունենա, իրականացվի այնպիսի մեթոդաբանությամբ, որ որևիցե կոմպետենտ անձ անհամաձայնություն չկարողանա արտահայտել: Հենց դրա համար է, որ գիտական, ակադեմիական գրականություն հրապարակող թե տեղական, թե արտասահմանյան հանդեսներում խմբագրակազմերը և ղեկավարությունները ներկայացնում այնպիսի մարդիկ, ովքեր գիտական մեծ փորձ և կոմպետենտություն ունեն: Նպատակն այն է, որ ներկայացված ցանկացած գիտական աշխատանք մանրամասն քննարկվի, ուսումնասիրվի, համապատասխանի «գիտական» կոչվելու չափանիշներին, որ վաղն ինչ-որ մեկը չկանգնի ու գոռալով ասի՝ «ընդունում եմ սա» կամ «չեմ ընդունում»՝ կասկածի տակ դնելով դրա «գիտական» կամ «ճշգրիտ», «հիմնավոր» լինել կամ չլինելը:
Մի քիչ մանրամասնեմ օինակներով:
Օրինակ՝ եթե մենք « Երջանիկները մեր հասարակությունում» կամ «Թերսնվողները մեր հասարակությունում» վերաբերյալ հետազոտություն իրականացնենք հարցման միջոցով՝ գնահատելու համար համապատասխանաբար երջանիկներին և թերսնվողների ընկնող մասնաբաժինն ընդհանուր ազգաբնակչության շրջանում և եթե նույնիսկ փակ կամ բաց հարցերի միջոցով կարողանանք բացահայտել ընտրանքի (հարցման մասնակիցների) «կողմնակի բնորոշիչները (հատկանիշները)»՝ տարիքը, սեռը, ընտանեկան կարգավիճակը, եկամուտը, աշխատանք ունենալը և այլն, այնուհետև մենք զեկույց (կամ մեկ այլ կերպ) պատրաստենք (ներկայացնենք) այն մասին, որ, օրինակ, հարցման մասնակիցների ամուսնացած, 25-30 տարեկան, ամսական 100000 դրամ եկամուտ ունեցող, մշտական աշխատանք ունեցող անձանց 99 տոկոսը երջանիկ են կամ թերսնվող չեն, ապա դա դեռ չի նշանակում, որ մեր հետազոտությունը գիտական կոչվելու իրավունք ունի: Այսպիսի օրինակները բազմաթիվ են...
Գիտական աշխատանքում տարածվածության նկարագրությունից և արդյունքների ներկայացումից զատ, պետք է նաև կատարել ճշգրիտ վերլուծություն, մեկնաբանություններ, համեմատություններ, ուսումնասիրություն, հիմնավոր եզրահանգումներ, որոնց ճշգրտությունը, համադրելիությունն ու հիմնավորվածությունը որևէ կոմպետենտ անձի կողմից կասկածի տակ չպետք է (չի կարող) դրվի: Կոնկրետ այս դեպքում հարցմանը, արդյունքների ստացմանը ու դրանց ներկայացմանը (այդքան տոկոսների նկարագրությունը և այլն) պետք է պարտադիր հաջորդեր խորը և օբյեկտիվ վերլուծություն՝ պատճառահետևանքային կապերի վերհանման նպատակով: Իհարկե, ես էլ չեմ կարդացել և ես էլ չեմ կարող հիմնավոր կասկածի տակ դնել հետազոտության արժանահավատությունը, չեմ էլ կարող վստահաբար ասել, որ այն գիտական կոչվելու իրավունք չունի: Բայց մեկ բան պարզ է, կարծում եմ: Այս տիպի հետազոտությունների բուն նպատակը (գիտական նպատակը) սովորաբար լինում է ոչ թե երջանիկների և դժբախտների թվաքանակների (մասնաբաժինների) ներկայացումը՝ որոշակիացրած նրանց մոտ նախկինում նախամուսնական սեռական հարաբերության լինել-չլինելով, այլ նախաամուսնական սեռական կապերի լինել-չլինելու և ամուսնական կյանքում «երջանիկ զգալու» պատճառահետևանքային կապերի բացահայտումը և հիմնավոր վերլուծութունը: Իսկ եթե վերջին հատվածը բացակայում է և մեզ ներկայացնում են միայն հարցման (հետազոտության) արդյունքները, ապա մենք գործ ունենք ընդամենը հարցման միջոցով հետազոտության և դրա արդյունքների ներկայացման հետ (թեկուզ եթե ներկայացված տվյալները սուպեր ճշգրիտ են), այլ ոչ թե գիտական հետազոտության:
Այսպիսի բաների մասնագետը Ահարոնն է: Մեկ էլ նա է անընդհատ ինչ-որ հետազոտություններ անում ու հրամցնում դրանք հանրությանը՝ առանց հիմավորումների, իր ստացած հարցումների արդյունքների վերլուծությունների և ուսումնասիրությունների: Դրանք գիտական չեն: Դրանք ընդամենը հետազոտություններ են, որոնք այսօր Հայաստանում ամեն օր ինչ-որ մարդիկ հարցումների միջոցով կատարում են:
Իսկ ինչը՞ մեզ՝ հասարակ մարդկանց, հիմք տվեց այս հետազոտության վրա ծիծաղել, քննադատել և այլն: Պատճառը մեկն է՝ պարզ և ռաձիատըրշիկի մակարդակով մեզ ներկայացված տեսքը և բովանդակությունը: Եվ եթե նույնիսկ Վիրջինիայի համալսարանի հետազոտողներն իրականացրել են լրջագույն և բարդ գիտական աշխատանք՝ ընդգրկելով անհրաժեշտ քանակի և տեսակի ընտրանք, ապա դրա՝ միայն այս ոճով ներկայացումն ընթերցողի մոտ գիտականի կամ թեկուզ լուրջ աշխատանքի տպավորություն չի թողնում:
Էջանիշներ