Գրական ֆլեշմոբ՝ «Հինգ ստեղծագործություն հինգ շաբաթում». Առաջին շաբաթ
Սկսում ենք նախագիծը:
Ամեն շաբաթ կբացվի թեմա որոշակի «գրական առաջադրանքով»: Պայմանն այն է, որ շաբաթվա վերջում, ավելի կոնկրետ՝ շաբաթ օրը, Երևանի ժամանակով ժամը 22:00-ին բոլոր հեղինակներն իրենց ստեղծագործությունները տեղադրեն տվյալ թեմայում: Այս շաբաթվա վերջում գործերը տեղադրվելու են հենց այս թեմայում:
Խնդրում եմ հիշել, որ ամեն հեղինակ ինքն է տեղադրելու իր աշխատանքը: Դրա համար ուշադրություն դարձրեք ստեղծագործության տեսքին, տեխնիկական կողմերին (օր.՝ վերնագիրը կպած չլինի տեքստին, մգացված լինի, պարբերությունները երևան և այլն): Կարևոր է, որ բոլորը հնարավորինս նույն ժամանակահատվածում տեղադրեն իրենց գործերը, որպեսզի ամեն ինչ հենց ֆլեշմոբային լինի: Ստեղծագործությունները տեղադրվելուց հետո յուրաքանչյուր ոք կարող է ընթերցել և քննարկել դրանք: Հուսով եմ, ամեն շաբաթ ակտիվ քննարկումներ կլինեն:
Ֆլեշմոբին գրանցվել են յոթ հոգի՝ Վոլտերա, Enna Adoly, StrangeLittleGirl, Այբ, Lusntag Lusine, Smokie, Լոլիտա, սակայն ցանկացած այլ մեկը, ով որևէ շաբաթվա ընթաքում սպոնտան ցանկություն կունենա մասնակցելու ֆլեշմոբին, կարող է դա անել:
Այն մասնակիցը կամ մասնակիցները, որոնք բոլոր հինգ շաբաթների ընթացքում ճիշտ ժամանակին ու պայմաններին համապատասխան ստեղծագործություններ կներկայացնեն, ֆլեշմոբի ավարտին կստանան փոքրիկ գրական մրցանակ:
Չմոռանամ հիշեցնել, որ այս թեմայում մինչև ստեղծագործությունների տեղադրելը, այսինքն՝ մինչև շաբաթ երեկո, գրառումներ անելն արգելվում է: Ցանկացած քննարկում, հարց կամ թեմային վերաբերող այլ գրառումներ կարող եք անել «Ստեղծագործական նախագծերի քննարկումներ» թեմայում:
Այս շաբաթվա գրական առաջադրանքը
Խնդրում եմ ներկայացնել գրական ստեղծագործություն հետևյալ նկարի հիման վրա: Ավելի կոնկրետ՝ ստեղծագործությունն ընթերցելիս պիտի կապ երևա առաջադրված նկարի հետ: Թե ինչպես եք ստեղծելու այդ կապը, թող մնա ամեն մեկիդ կրեատիվությանը:
Ստեղծագործությունը կարող է լինել ինչպես արձակ, այնպես էլ չափածո: Այն պետք է վերնագրված լինի: Ժանրային, թեմատիկ և ծավալային սահմանափակումներ չկան:
Նկարի հեղինակն է Սամվել Սևադան.
Բոլորին մաղթում եմ հաճելի ստեղծագործական շաբաթ:
Ակտի՜վ եղեք
Էջանիշներ