Սգո ծառայության գովազդային վահանակ հիշեցնող սև տախտակի վրա գրված էր սրճաղաց: Անձրև էր գալիս: Տեղ չունեի թաքնվելու: Որոշեցի մտնել իմ մանկական ընկերոջ` Մոխի կրպակը: Սպիտակ ներկված մետաղյա խուց էր, որտեղից ուժեղ սրճի հոտ էր գալիս ու խառնվում ասվալտի խոնավ հոտի հետ: 10 տարի չէի տեսել Մոխին: Գրեթե նույնն էր մնացել: Միայն ատամներն էին ավելի սևացել ու կուզ էր հավաքել մեջքին: Հեռախոսի մեջ ինչ-որ բան էր փորփրում : Ինձ տեսնելուն պես ոտքի կանգնեց . գլուխը քիչ էր մնում խփեր վերևից կախված լամպին: Բերանը բացեց ու մերկացրեց մոխրացած ատամները, որոնցով հաց ուտելը նույնը կլիներ, ինչ անզեն ձեռքով փայտ մեխելը: Թավ ձայնով ու հիմար տոնայնությամբ ասաց.
_ Բարլուս, մեծահարուստ : Էս չլնի՞ հիմա կոֆեի գործ ես անում:
Էլի նույն տափակն էր: Էն տիպի մարդկանցից էր, որ անընդհատ ցիտում են տարբեր հիմար հումորային հաղորդումներից դրվագներ կամ միևնույն դատարկ անեկդոտը 800 անգամ պատմում են: Ի՞նչ ընդհանուր բան եմ ունեցել նրա հետ, որ ընկերություն եմ արել: Չգիտեմ: Նրա ստվարաթղթի գույնի տաբատը 90-ականների ոճով էր,որը նրան ամենայն հավանականությամբ տվել էր հայրը: Կոշիկներն , ինչպես միշտ փայլում էին: Միշտ այնպես էր փայլեցնում կոշիկները, որ քեզ դրանք լիովին նոր թվային: Իսկ եթե նրա օպտիկական ակնոցները դնեիր մանրադիտակի տակ, հազիվ թե մի աննշան քերծվածք նկատեիր վրան: Մաքրասիրությունը նրա առաջին ու վերջին դրական հատկությունն էր:
Կրպակում ևս իդեալական մաքրություն էր: Աղացը փայլում էր: Գետնին չկար և ոչ մի սրճի հատիկ: Ոչ մի ավելորդ իր: Ժամանակակից տեխնիկայից` միայն հեռախոսը լիցքավորելու լար: Ոտքերի մոտ իր հանգիստն էր վայելում մի փողոցային սև կատու: Միայն այդ կատուն ժամանակ ուներ տանելու Մոխի ներկայությունը: Մնացած ամբողջ աշխարհը թքած ուներ նրա, նրա կատակների, նրա սրճաղացի ու նրա սև ատամների վրա ...
Կրպակի ամենավերին հատվածում խրոխտ կանգնած էր մի կավե բաժակ` վրան գրված կապուչինո: Մի տեսակ չէր համապատռասխանում այդ կապուչինո բառը ընդհանուր մթնոլորտի հետ: Մյուս կողմից դա միակ օտարածին բառը չէր` արաբիկա, բռազիլ և այլն: Սրճի հոտն ամենուրեք էր: Նույնիսկ կատուն այնպես էր կլանել այդ հոտը, որ թվում էր թրջես, սրճի սև հեղուկ զանգված կդառնա ու կարող ես խմել նրան:
Էջանիշներ