ԳԼՈՒԽ ՅՈԹԵՐՈՐԴ
ԿՅԱՆՔԻ
ՉԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ՏԵՍԱՆԿՅԱՆ ՄԵՋ
ՄՈՒՏՔԻ ՈՒՂԻՆԵՐԸ
ԽՈՐԻՆ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄ
ՄԱՐՄԻՆ
Ես զգում եմ էներգիա իմ մարմնում, հատկապես ձեռքերիս և
ոտքերիս մեջ, բայց ինչ-որ պատճառով ինձ չի հաջողվում հետևել ձեր խորհրդին և ավելի խորը թափանցել մարմին:
Այդ պրակտիկան դարձրեք խորհրդածում: Այն կարող է կարճ լինել` լրիվ բավական է տաս-տասնհինգ րոպեն: Ծրագրավորեք այն այնպես, որպեսզի ձեզ չշեղեն հեռախոսի զանգերն ու այցելուները: Նստեք աթոռին, բայց թիկնակին մի հենվեք: Կարող եք խորհրդածման համար հարմար այլ դիրքեր էլ ընդունել: Միակ պայմանը` մեջքը պետք է ուղիղ մնա. դա կօգնի ձեզ չկորցնել արթնությունը:
Համոզվեք, որ ձեր մարմինը թուլացած է: Փակեք աչքերդ: Մի քանի անգամ խորը շունչ քաշեք: Զգացեք ձեր շնչառությունը փորի ներքին մասում: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես, ամեն ներշնչման և արտաշանչման հետ միասին, այն թեթևակի լայնանում և սեղմվում է: Հետո զգացեք ձեր մարմնի ներքին էներգետիկական դաշտը: Մի մտածեք նրա մասին, ուղղակի զգացեք այն: Այդ կերպ դուք ձեր գիտակցությունը խլում եք մտքից: Կարող եք օգտվել նաև վերևում նկարագրված "լուսավոր" տեսապատկերականացման տեխնիկայից, եթե այն ձեզ օգնում է տրամադրվել ներքին ընկալման վրա:
Երբ դուք հստակորեն զգաք ձեր ներքին մարմնի էներգետիկական դաշտը, ազատվեք, եթե կարող եք, բոլոր տեսողական պատկերներից և ամբողջովին կենտրոնացեք ձեր ներքին զգացման վրա: Եթե ստացվի, դեն նետեք ձեր ֆիզիկական մարմնի մտավոր պատկերը, որը կարող է ներկա լինել ձեր գլխում: Ձեր մեջ չպետք է լինի ոչինչ, բացի սեփական ներկայության համապարփակ զգացումը, Լինելության զգացումը: Զգացեք ձեր ներքին մարմնի անսահմանությունը: Խորացեք այդ զգացման մեջ: Դարձեք այն: Միաձուլվեք ձեր էներգետիկական դաշտի հետ այնպես, որպեսզի անհետանա ընկալման այն թվացյալ երկվությունը, որը դիտարկողին բաժանում է դիտարկվողից, - ձեզ` ձեր մարմնից: Միաժամանակ տարրալուծվում են նաև տարբերությունները ներքինի և արտաքինի միջև. ոչ մի ներքին մարմին դուք այլևս չունեք: Խորը ներթափանցելով սեփական մարմին, դուք դուրս եք ելնում ոչ թե մարմնի սահմաններից, այլ նրա սահմանափակումների շրջանակներից:
Մնացեք մաքուր Լինելության այդ ոլորտում այնքան, որքան հարմար կգտնեք: Հետո վերադարձեք ձեր ֆիզիկական մարմնի, շնչառության և ֆիզիկական զգացումների գիտակցմանը: Բացեք աչքերդ: Նստեք մի քանի րոպե առանց շարժման, անշտապ զննելով շրջապատող միջավայրը և ջանալով չտալ մտավոր նախորոշումներ նրան, ինչ տեսնում եք: Այդ ամբողջ ժամանակ շարունակեք զգալ ձեր ներքին մարմինը:
∫
Լինելության` ձևի մեջ չսահմանափակված ոլորտ մուտքը ծնում է իսկական ազատության զգացում: Այն ձեզ ազատում է ձևի գերությունից և ձեզ ձևի հետ նույնացնելու անհրաժեշտությունից: Դա կյանքն է մաքուր, չշերտավորված տեսքով, դեռևս բազմաթիվ բեկորների չմանրատված կյանքը: Այն կարելի է կոչել ինչպես կուզեք` կյանքի չարտահայտված Տեսանկյուն, անտեսանելի Աղբյուր, ամենայն գոյի Լինելություն: Դա խորին հանգստության և լռության, բայց դրա հետ մեկտեղ նաև ուրախության ու կենսական ուժերի առատության ոլորտն է: Ներկա լինելով կյանքի ներկա պահի մեջ, դուք ինչ-որ չափով "թափանցիկ" եք դառնում լույսի համար` անտեսանելի Աղբյուրից ճառագող մաքուր գիտակցության համար: Դուք հասկանում եք, որ այդ լույսը գոյություն ունի ոչ թե ձեզանից առանձին, այլ որ հենց այն է ձեր իսկական էությունը:
Էջանիշներ