ivy-ի խոսքերից
1. Գինու մեջ թաթախված սիրտը
-Մահվան ժամը ֆիքսեցի՞ք:
-Չէ, մոռացա: Մահվան ժամը` 01:10:
-Մարդ կա՞, որ սոված ա: Գնամ հարազատներին ասեմ, որ մահացել ա, ու գնանք մի կտոր հաց ուտենք: Ո՞վ կպատվիրի: Հե՜յ, ի՞նչ ես շշմել: Արի՜, էլ բան չի լինի անել: Էսկոմ արի՜: Ա՜յ մարդ, թո՜ղ էդ անտերը:
-Մի՜ հուզվի: Բժիշկները չեն լացում: Ա՜, էլի խալաթիս արյուն թափեց, կնիգս էլի մունաթ ա գալու:
Ծիծաղելով թփթփացրեցին միմյանց ուսերին ու դուրս եկան սենյակից: Ուռած աչքերով նայում եմ իրենց: Ինչպե՞ս: Ի՞նչ հաց ուտել: Մեկը ուտելիք պատվիրելու գնաց քույրերի սենյակ, մյուսը գնաց լվացվելու: Նայում էր հայելու մեջ ու երևի մտքում մտածում` ոնց սկսի: Երևի կասի, որ ամեն ինչ արեցինք, բայց, ցավոք, անկանխատեսելի բան եղավ, ու հիվանդը մահացավ: Կամ էլ մտածում է` ինչ ուտի: Խորովա՞ծ, քյաբա՞բ, շաուրմա՞. այս է խնդիրը:
Նայում եմ մահացածի դեմքին ու սպասում, որ հիմա կշնչի: Մի մեծ ներշնչում, ինչպես որ առավոտյան էր անում: Հավաքարարը եկավ ու իր հաստ քամագով հրեց ինձ մի կողմ: Վերադարձրեց ինձ իրականություն ու քշեց սենյակից: Ժամանակ չկա: Չեն կարող սպասել մինչև ես համակերպվեմ, որ մահացել է: Հավաքում էր սենյակը ու բարկանում, թե ինչու էս գիշերվա կեսին մեռավ ու չթողեց, որ քնի:
Ախր ո՞նց մահացավ: Առավոտյան ինձ ասում էր, որ հիվանդանոցից դուրս գալուն պես ինձ թթի օղի կհյուրասիրի: Նայեց աչքերիս ու հարցրեց. «Հը՞ն, ո՞նց ա: Լա՞վ ա լինելու ամեն ինչ»:
-Իհա՜րկե: Ամեն ինչ հիմա էլ ա լավ: Արյան անալիզի պատասխանները եկան: Բան չկա:
-Ապրե՜ս բժիշկ ջան: Երեխիս պես քեզ սիրեցի: Այ սենց միշտ օգնես բոլորին:
-Դե դուք հիմա հանգստացեք: Վաղը օբխոդին կխոսենք:
Նայում էի, թե ոնց են տանում դին: Ախր լավ էր: Ստաբիլ էր: Ի՞նչ եղավ: Մտածում էի, որ ես եմ մեղավոր: Մի բան բաց էի թողել: Մի բան սխալ էի արել երևի: Լավ չէի: Սիրտս խառնում էր:
-Բա՜ն, հե~յ, ըըը~, բան ջա՜ն: Ի՞նչ կուտես:
-Սոված չեմ, մերսի:
-Հաստա՞տ:
-Հա, հաստատ: Մերսի:
Նայեց մի քանի վարկյան: Հարցրեց` առաջին անգամ եմ մահացած մարդ տեսնում: Ասացի, որ չէ: Էլի էր բան ուզում հարցնել, բայց հեռախոսի մյուս կողմում արդեն պատասխանեցին: Ինքը պատվիրում էր, իսկ ես գնացի, որ կարդամ մի քիչ: Երկու օրից քննության էի: Աշխատեցի էնպես գնալ, որ հարազատների աչքին չերևամ: Ի~նչ վատ էի: Նայում էի գրքիս, բայց բան չէի կարողանում կարդալ: Ինչ-որ երկար անուններ էին ռուս հեղինակների, որոնք սովետի ժամանակ դեմք են եղել, իսկ հիմա ուսանողների նավսն են: Լսում էի մահացածի կնոջ լացելը, տղան էլ սկսեց բղավել. «Բա հիմա ի՞նչ ենք անելու: Բա հիմա ո՞նց ենք ապրելու»: Քույրերը արագ-արագ գնացին, որ հանգստացնեն: Ասացին, որ չի կարելի, որ էլի հիվանդներ կան: Վա~յ, էդ ի~նչ վատ էի:
Նստած նայում էի առաստաղին, երբ բժիշկները եկան սենյակ: Գերմանիա գնալու մասին էին խոսում: Հետո ամեն մեկը պատմեց իր տեսած առաջին հերձման, դիակի, մահվան մասին: Հետո սկսեցին բացատրել, որ իրենց գործում մահ շատ ա լինում, ամենավերջին օղակն են, ու էս երկրի տված պայմաններում չեն կարողանում օգնել: Ժամանակի ընթացքում սովորում ես:
Գնացի զուգարան ու սկսեցի լացել: Միակ տեղը, որտեղ ինձ չեն գտնի ու փիլիսոփայական խրատներ չեն տա: Երկար լացեցի:
Չգիտեմ` ինչու հենց էդ մարդու մահը տենց ազդեց: Չէ, լավ, ստեցի: Գիտեմ, լավ էլ գիտեմ: Հիշեցի, թե ես ինչ էի զգում, երբ իմ կյանքի ամենակարևոր մարդը կորավ: Ես ընկա անդունդի մեջ ու երկար դուրս չէի գալիս: Ես էլ չգիտեի` բա հիմա ինչ ա լինելու, բա հիմա ոնց ենք ապրելու: Ինձ բոլորը գալիս ու սփոփում էին, ամեն մեկն իր կարծիքն էր հայտնում, ինչն ինձ բնավ հետաքրքիր չէր: Ինչքան հնարավոր է փխրուն էի դարձել: Կոտրվել էի, ջախջախվել: Մութ էր, սև էր ամեն ինչ: Ուզում էի անհետանալ, հետո ուզում էի գոռալ: Երբ մոտս բողոքում էին ինչ- որ, ըստ իս, անիմաստ բանից, ուզում էի մի քանի անգամ ապտակել էդ մարդուն: Նայում էի շուրջս գտնվող մարդկանց ու մտածում` ինչու իրենք ապրում են, իսկ էն մարդը, ով արժանի էր ապրելու, մահացավ: Լացում էի ամեն գիշեր, ամեն անգամ, երբ մենակ էի մնում, ամեն անգամ, երբ տուն էի վերադառնում: Ամեն անկյունում զգում էի իր ներկայութունը: Սպասում էի, թե երբ դուռը կբացվի, ու նա ներս կմտնի: Բայց ներս չէր մտնում: Նրա սիրած երգերը չէի կարողանում լսել: Շունչս կտրվում էր:
Երկար էի մտածում էդ մարդու մասին: Հիմա կարողանում եմ հաց ուտել էն ընթացքում, երբ կողքի սենյակում մի ամբողջ ընտանիք տառապում ա: Մի պահ ուզում եմ գնալ, խոսել իրենց հետ, բայց ի՞նչ ասեմ: Իսկ էդ ժամանակ խոսել անգամ չէի կարողանում:
Էդ գիշեր արթուն մնացի իմ մտքերի, անցյալի, հոգիների, հիշողությունների հետ: Առավոտյան, ոնց որ մնացածը, սկսեցի հերթով կատարել իմ ռիտուալները. լվացվել, հագնվել, քայլել դեպի կանգառ, նստել երթուղային, դնել ականջակալները, բռնել մեկի պայուսակը, մյուսին տեղ տալ, որ նստի, գնալ դասի ու ոչնչով չտարբերվել մնացածից: Խոսել կուրսեցիների հետ, քննարկել սովորած նյութը, պատմել հերթապահությունից: Լսել. «Երնե~կ քեզ, շերտազատվող անևրիզմա ես տեսել»: Լսել ուրիշների դժբախտ պատմությունը ու քայքայվել ներսից:
Հասարակ մարդ, ով ունի իր դժբախտ պատմությունը: Մարդ, ով անցել է իր ողբերգության միջով: Մարդ, ով հաճախ մենակ է մնում իր իսկ ստեղծած հրեշների հետ: Մարդ, ով էլ չի լացում: Մարդ, ում սիրտը թաթախված է գինու մեջ:
Էջանիշներ