Տարբեր տարիքներում հանցանքներն էլ են տարբեր լինում:
Քանի՜ անգամ եմ փոքր ժամանակ մեր իններորդ հարկից նայելուց մտածել էդ գործողության կայֆի, էդ պարային վայրէջքի մասին: Բա ինչքա՜ն մեծ էր բռնվելու վախը,

էդ ժամանակ դա կարող էր դիտվել որպես վատ, շա՜տ վատ արարք, հիմա որ հիշում եմ էնքա՜ն հասարակ, մանկական ցանկություն էր ու էնպե՜ս կայֆ էր:

Ու մի օր ես չդիմացա...
Էսօրվա պես եմ հիշում թե ինչպես ես՝ ոչ այնքան վճռական տրամադրված, նկատվելու վախի տակ, ինքս համոզված չլինելով, որ վերջը կանեմ դա, բարձրացրի ձեռքս ու... փոքրիկ երկնագույն, սիրուն կտորը հրաժեշտի պար ցուցադրեց, (եթե գեշը ընտրեի երևի էդպես չտպավորվեր):

Դժվարը սկսելն էր` դրանից հետո շատ ավելի համարձակ էի:

Էդ նույն օրը մի, կամ երկու անգամ է՛լ մեղանչեցի: Չեմ կարող ասել, թե քանի՞ անգամ եմ ուզել նորից ու նորից անել ու քանի՞ անգամ եմ արել: Բայց մի օր... հե՛նց այն օրը ու այն պահին, երբ զգում էի, որ կասկած եմ առաջացնելու, անտեսելով ներքին վախս ու առաջ տանելով ներքին ձայնիս սուրբ գաղափարը...

գնացի փոքրիկ, մանկական, ծաղկազարդ կտորե մեշոկի միջից կտորիկներ վերցնելու: Քույրս էլ կա՛մ կատակի համար, կա՛մ չգիտեմ որտեղից ու չգիտեմ ի՞նչ կասկածելով՝ որոշեց, որ չպիտի թողնի: Ինձանից փախնելով, պարելով, կտորը չտալով ու «ինչի՞դ ա պետք» երգելով՝ պատասխանի էր սպասում: Իհարկե չէի ասում ու պնդում էի, որ տա: Վերջը չեմ հիշում ոնց հաջողացրեցի վերցնել, արագ գնացի բալկոն, ինքն էլ իհարկե հետևիցս եկավ:

Մի խոսքով, հերթական կտորը վայրէջք կատարեց ու...
- Մաա՜մ


Արդյունքում ո՛չ մի պատիժ, ո՛չ մի զրկանք, ո՛չ մի անկյուն կանգնել:

Ընդամենը զայրույթ

ու զգուշացում՝ «էլ չտեսնեմ նման բան»: Բայց ասենք հիմա, որ իրանց հիշացնեմ, կամ խոսանք էդ մասին, ժպիտով կհիշեն ու ծիծաղով:

Այդպես էի մտածում մի քանի օր առաջ ու չսխալվեցի:
Իսկ դրանից հետո երևի իսկապես էլ նման բան չեմ արել:

Էջանիշներ