Freeman-ի խոսքերից
2003-04 թվական, այն ժամանակ արդեն երշիկը համով չէր, խոտն ավելի կանաչ չէր, տղամարդիկ իսկական տղամարդ չէին, իսկ ալֆա ցենտավրայի փռչոտ կանաչ արարածներն իսկական ալֆա ցենտավրայի փռչոտ կանաչ արարածներ չէին:
10,5 տարեկան էի, էնքան եմ փոխվել դրանից հետո, որ հավատս չի գալիս, որ էդ իմ մանկությունն ա:
Նախ՝ չէի սիրում մարդկանց հետ շփումը (հա, լավ, էդ հիմա էլ չեմ սիրում), ավելի ճիշտ ատում էի, երբ ինձ հարց էին տալիս, մանավանդ անծանոթ մարդիկ, չէի էլ պատասխանում:
Նենց չէր, որ մարդկանց չէի սիրում, հակառակը: Թեկուզ անծանոթ մարդու հետ տեղի ունեցող ամենափոքր դժբախտությունը շատ ծանր էի տանում:
Դպրոցում լավ էի սովորում, չնայած համարյա դաս չէի անում, մի հատ արագ-արագ կարդալն իմ համար բավական էր, որ մեր սահմանամերձ գյուղի դպրոցի ուսուցիչների մեծ մասից լավ տիրապետեի առարկաներին ու իրենց սխալները գտնեի (Հիմա էլ եմ մի հատ արագ-արագ կարդում, բայց արդյունքը միշտ չի, որ գոհացուցիչ ա): Զարմանալու բան չկա՝ էդ ժամանակ մեր դպրոցում մի երեք-չորս հոգի էին բարձրագույն կրթություն ստացել, որոնցից երկուսն էլ ծնողներս էին, իրենք էլ դեռ դաս չէին տալիս:
Դասագրքերը կարդում էի տարվա սկզբում, հետո սկսում էի կարդալ գյուղի ու դպրոցի աղքատ գրադարանների գրքերը, որոնցից դուրս եկածները չեմ էլ վերադարձել՝ շաբաթը մեկ մի տաս հատ գիրք էի վերցնում, ո՞վ էր հաշվելու վերադարձնելուց, ու քանի որ մենակ ես էի օգտվում գրադարաններից, ոչ մեկ չէր էլ նկատում պակասը:
Հաջորդ բնորոշ հատկանիշը, որ հիմա էլի չկա՝ կենդանիների ու բնության նկատմամբ մեծ սերն էր:
Երազում էի Ջերալդ Դարելի նման գազանանոց բացելու մասին, որտեղ ոչնչանալուց կփրկեի կենդանիներին ու իրենց համար բնականին մոտ պայմաններ կստեղծեի:
Երազում էի նաև նոր տեսակներ ստեղծելու մասին՝ բարձր դասարանների գրքերից մի քիչ պատկերացում կազմել էի գենետիկայի մասին, ինչը հետաքրքրությունս խորացրել էր: Իհարկե տնային կենդանիներ չունեի ու սահմանափակվում էի գորտեր ու բզեզներ պահելով:
Բայց փորձերս էլ դեռ սահմանափակվում էին տարբեր բույսեր իրար վրա պատվաստելով՝ միշտ անհաջող: Հետո իմացա, թե ինչու խաղողը չի պատվաստվում ծիրանենու վրա :դ
Իսկ ամռանը որոշել էինք, որ պետք ա մեր մոտից Գյումրի կարիճ տանենք, որովհետև այնտեղ չկային:
Մի քանիսին բռնեցինք, բայց իրենք էլ հիասթափեցրին՝ մինչև տեղ հասնելը երկուսն էին մնացել (մինչև տանելը կարիճներին ուրիշ մանր-մունր կենդանիների հետ էինք կռվեցնում, իսկ իրենք երբեմն անամոթություն էին ունենում պարտվել), որոնք էլ առանց սերունդ տալու սատկեցին:
Էջանիշներ