Բյուրի ու Ռուբիի գրածներին լրիվ համաձայն եմ։ Մի երկու բան էլ ավելացնեմ։
Դրականներից.
1. տարածքային հասանելիությունը։
Սա էն բաներից է, որ մինչև ուրիշը չտեսնես, երբեք չես նկատի ու չես գնահատի։ Փոքր երկրի մեծ առավելություններից է։ Հայաստանում, ըստ էության, հեռու տեղեր չկան, ամեն ինչ ձեռքի տակ է։ Նույնիսկ ամենահեռու համարվող տեղերն իրականում ահագին մոտիկ են ու հասանելի, պարզապես մենք դա չենք գնահատում, որովհետև հեռուն չենք տեսել, այսինքն՝ ովքեր որ տեսել են մոտիկից, երևի կգնահատեն, քանի դեռ սովորական չի դարձել
։ Մենակ էն, որ Երևանի ամենահեռավոր ծայրամասից կենտրոն հասնել հնարավոր է ամենաշատը կես ժամում, արդեն շատ բան է ասում։ Օրինակ, ԱՄՆ–ում շատերն ամեն օր աշխատանքի վայր հասնելու համար ճանապարհի վրա մեկ ժամ կարող են ծախսել ու դա նորմալ համարել, նույնիսկ մի քաղաքի ներսում։ Էլ չեմ ասում, որ համեմատաբար փոքր քաղաքում ապրելն ու նույն քաղաքում աշխատելը բարեբախտություն է համարվում։ Փոքր ասելով՝ նկատի ունեմ Երևանից փոքր, բայց շատ չէ։ Իսկ մեզ համար Երևանի ծայրամասից կենտրոն հասնելը ահագին երկար ճանապարհ է թվում։
2. ժամանակային հասանելիությունը
Հայաստանում միշտ կարելի է զանգել ինչ–որ ընկերոջ/ընկերուհի ու տեղում առաջարկել, օրինակ, «իջնել քաղաք զբոսնելու» կամ հավաքվել էսինչ տեղում։ Կես ժամ–մի ժամում կարելի է մի խումբ մարդ հավաքել ու հավես ժամանակ անցկացնել։ Փորձեք նույնն անել ԱՄՆ–ում (կարծում եմ՝ Եվրոպայում էլ է նույնը), ոչ մեկի չեք կարողանա «բերման ենթարկել»
։ Հանդիպման համար պիտի առնվազն մի շաբաթ առաջ պայմանավորվես, հաճախ՝ երկու շաբաթ առաջ։ Մի խոսքով՝ սպոնտան հանդիպումներ կազմակերպելը գործնականում ֆանտաստիկայի ոլորտից է։
Էջանիշներ