Էս թեման հատուկ էս բաժնում եմ բացում, որովհետև ուզում եմ, որ քննարկումն ավելի հոգեբանափիլիսոփայական լինի, ոչ թե կենցաղային: Բայց սեփական օրինակները ողջունվում են: Սկսեմ մի քանի դեպքից.
Դեպք 1
Սոլվայը կիսով չափ դանիացի, կիսով չափ ամերիկացի է: Մեծացել է ԱՄՆ-ում, ապրել տարբեր երկրներում: Բայց ի վերջո տեղափոխվել է Դանիա: Ասում է, որ իր համար հեշտ էր այստեղ, որովհետև լեզուն գիտեր. մորից էր սովորել:
Դեպք 2
Քեռուս երեխաները Ռուսաստանում են ծնվել, երկու կողմից էլ հայ են, բայց հայերեն չգիտեն: Տեղափոխվեցին Հայաստան: Չնայած ինտեգրացիայի լուրջ խնդիրներին, երեխաներն այդպես էլ հրաժարվեցին հայերեն սովորել: Շուտով նորից գնում են Ռուսաստան:
Դեպք 3
Մորաքրոջս աղջիկը Նիդեռլանդներում է ծնվել ու մեծանում: Հայերեն գիտի, բայց շատ վատ: «Ինչի՞ն ա պետք»,- ասում է մայրը:
Դեպք 4
Արմանն ութ տարեկանում տեղափոխվել է Գերմանիա: Քսանչորս տարեկանում հայերեն ահավոր վատ է խոսում, որովհետև թեև մայրը հետը հայերեն է խոսել տանը, ինքը գնալով ավելի ու ավելի է սկսել գերմաներենի անցնել:
Դեպք 5
Մանեն մեծացել է Ֆրանսիայում: Հայ ծնողները փոքրուց պարտադրել են, որ հայերեն խոսի: Հայերեն շատ լավ գիտի, բայց ինքը Ֆրանսիայում կարիերա է անում ու Հայաստան գալիս է երբեմն, միայն արձակուրդներին:
Մի բան էլ Կոպենհագենի դիտարկումներիցս պատմեմ: Հաճախ հետևում եմ, թե սուպերմարկետներում ծնողներն ինչ լեզվով են խոսում իրենց երեխաների հետ: Ընդ որում, ես ապրում եմ ծայրամասում, որտեղ բնակիչները հիմնականում ընտանիքներ են, իսկ սուպերմարկետների հաճախորդները հենց տեղի բնակիչներ: Բնական է, մեծ մասը դանիացիներ են ու դանիերեն են խոսում երեխաների հետ: Բայց երբեմն-երբեմն ամերիկյան անգլերեն եմ լսում, մի անգամ էլ իսպաներեն եմ լսել, մի անգամ՝ գերմաներեն: Սակայն հետաքրքիր է, որ միշտ չադրաներով կնանիք, որ ակնհայտ օտարերկրացիներ են, երեխաների հետ միշտ ջարդած դանիերեն են խոսում...
Հիմա էսքան դեպքեր ու նախաբան տալուց հետո ուզում եմ քննարկենք էս երևույթը: Ինչքանո՞վ է նպատակահարմար երեխային սովորեցնել մի լեզու, որն այն երկրինը չէ, որտեղ ինքը ապրելու է: Արդյոք ծնողն իրավասու՞ է որոշելու, թե որտեղ է երեխան չափահաս դառնալուց հետո ապրելու: Քանի՞ լեզու կարելի է սովորեցնել երեխային: Արժե՞ սովորեցնել այնպիսիք, որոնք ծնողներից ոչ մեկի մայրենին չեն:
Էջանիշներ