Բյուր, ասածներիդ հետ լրիվ համաձայն եմ, երբ ասում էի հատուկ կրթական ծրագիր է պետք մտավոր խնդիրներ ունեցող երեխեքի համար, նկատի չունեի, որ իրենց պետք է այլ դպրոցներ տանել. ուղղակի պետք են նորմալ մանկավարժներ, ովքեր ամեն ինչ կանեն, որ էդ երեխաները սովորեն իրենց ուժերի ներածին չափով, ոչ թե գրատախտակ կմաշեն` ով հասկացավ, խելացի է, ով չէ` տհաս սկզբունքով: Ուղղակի էսօրվա դրությամբ, սովորական դպրոցի շարքային ուսուցիչը ոչ միայն չի նպաստի, որ մտավոր խնդիրներ ունեցող երեխան սովորի, զարգանա, այլ ընդհակառակը:
Մենք դասարանում մտավոր խնդիրներ ունեցող մի աղջիկ ունեինք: Ինքը միշտ նստում էր շարքի ամենավերջում, դասերին չէր մասնակցում, երբեք որևէ ուսուցիչ չէր հիշում նրա գոյության մասին: Երբ նոր ուսուցիչ պետք է դաս տար, իրեն զգուշացնում էին, որ Հասմիկին դաս չհարցնի: Մի անգամ էլ եկեղեցու պատմության, ում չէին զգուշացրել, դաս հարցրեց իրեն ու երբ ինքը չկարողացավ պատասխանել, սկսեց դասարանով մեկ գոռալ, որ դեբիլ է ու տհաս: Նենց էի տխրում էդ աղջկա համար, երբեք որևէ դասատու չէր փորձում իրեն օգնել, որ սովորի, ուղղակի անտեսում էին իրեն ու երեքներ շարում: Ութ տարի սովորեցի հետը, բայց էդպես էլ ձայնը չէի լսել:
Ես վստահ եմ, որ եթե դասատուները փորձեին իրեն օգնել, այլ ոչ թե անտեսեին, ինքը կաշխատեր, ահագին բան կսովորեր:
Նախ պետք ա մի հատ դասատուներին կրթել, եթե իհարկե բան կհասկանան: Մտավոր խնդիրներ ունեցող երեխաների իրավունքների տեսանկյունից էլ նայելով, պետք չէ, որ նրանց էդպիսի ուսուցիչներ դաս տան, ում ձեռքին ոչ միայն էդ երեխեքը չեն սովորում, այլ ավելի են կոմպլեքսավորվում ու մեկուսանում: Էսպես արտահայտվող կինն էլ էր մանկավարժ. պատկերացնու՞մ եք, թե ինքը ոնց կվերաբերեր մտավոր խնդիրներ ունեցող աշակերտին:
Ես մի ՀԿ-ում լրագրության ու մեդիա դասերի էի գնում ու մեզ հետ տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող երեխաներ էլ էին գալիս. սկսած հենաշարժողական, վերջացրած մտավոր խնդիրներ ունեցողներով: Մտավոր թերզարգացած երեխեքի մեջ նենց հավես ու հետաքրքրիր դեմքեր կային. մեկը փայտի վրա սիրուն քանդակում էր, մյուսը` լողի չեմպիոն էր, ոմանք էլ թատրոնում էին խաղում: Իրենք պատմում էին, որ դպրոցում իրենց և՛ դասատուներն են նեղացնում, և՛ երեխեքը: Մեր հետ շփվելով, էդ կես տարվա ընթացքում իրենք ահագին բացվել էին, ավելի մարդամոտ դարձել: Մի անգամ Հակոբը, ով մտավոր խնդիրներ ուներ, մեզ իր ծնունդին հրավիրեց: Երբ բոլորով գնացինք, իրա մաման ուրախությունից լաց էր լինում, ասում էր, որ չենք պատկերացնի, թե ինչ մեծ բան է իր համար, որ իր տղան ընկերներ ունի, ուրախանում էր, որ ինքն ահագին դեպի լավն է փոխվել էդ շփման ընթացքում:
Ես իրենցից շատ բան եմ սովորել, ու ոչ միայն դեմ չէի լինի, այլև կուզենայի, որ իմ երեխան հաշմանդամություն ունեցողների հետ, այդ թվում` նաև մտավոր, նույն դասարանում սովորեր ու կուզեի, որ էս անտակտ ու հիմար ուսուցիչների փոխարեն լավ մասնագետներ լինեին: Բայց արի ու տես, որ լիքը ծնողներ իրենց երեխաներին հանում են էն դասարաններից, որտեղ հաշմանդամ երեխաներ կան` նույն էս կնոջ տրամաբանությամբ: Հիմա ո՞վ ա տհասը. երեխան, ով մտավոր խնդիրներ ունի, բայց անհրաժեշտ կրթական միջավայրում կարող է սովորել, թե՞ այն ծնողը ով վախենում է, որ իր երեխան կդեգրադանա նրանց հետ շփվելով:
Էջանիշներ