Պետեկամուտների կոմիտեի արդեն նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը անցած շաբաթ կառավարությանը ներկայացրեց «Այլընտրանքային ստուգումների մասին» տխրահռչակ օրենքի նախագիծը:
Դրանից հետո նա դարձավ ՀՀ ֆինանսների նախարար, իսկ այդ նախարարությունը, ինչպես արդեն նշել էինք, այս օրենքի ընդգծված հակառակորդն էր: Ավելի քան երկու տարի ՊԵԿ-ին չեր հաջողվում այս նախագիծը հասցնել կառավարություն հենց ֆինանսների նախարարության տված խիստ բացասական եզրակացության շնորհիվ: Հիմա իրավիճակը կտրուկ փոխվել է: Ֆիննախը իր նոր նախարարի գլխավորությամբ ոչ միայն դեմ դուրս չի գա այս նախագծին, այլ նաեւ կդառնա դրա աջակիցը: Բնականաբար:
Այս նախագիծը օրենք դառնալու պարագայում պետեկամուտների կոմիտեն կդառնա ամբողջ տնտեսության միանձնյա տերն ու տիրակալը: Այս նախագծով ենթադրվում է, որ տնտեսվարողները կարող են դիմել ՊԵԿ-ին իրենց մոտ ստուգում անցկացնելու խնդրանքով եւ դրա համար համապատասխան վճարում կատարել` 10-500 միլիոն դրամ` կախված շրջանառությունից: ՊԵԿ-ի իրականացրած այդ «այլընտրանքային ստուգման» արդյունքում հայտնաբերված խախտումների համար տնտեսվարողները պատասխանատվություն չեն կրի: Նրանք ընդամենը պետբյուջե կվճարեն այդ խախտման հետեւանքով չվճարված գումարները եւ վերջ: Սա է օրենքի նախագծի տրամաբանությունը: Բայց եթե նախկինում ՊԵԿ-ը հարկերից չարամիտ խուսափելու դեպքում տնտեսվարողին քրեական պատասխանատվությունից ազատելու դրույթ չէր ներառում նախագծում, ապա անցած շաբաթ կառավարության հավանությանը արժանացրած նախագծում այդ դրույթը արդեն կա: Այսինքն` եթե տնտեսվարողը ինքն է դիմել իր մոտ ստուգում անելու խնդրանքով, ապա ստուգման արդյունքում հայտնաբերված եւ քրեական պատասխանատվություն ենթադրող խախտումը նույնպես «ջրվում է»: Այս դրույթը ինքնակամ ստուգում հրավիրելու ձգտումը տնտեսվարողի համար դարձնում է առանձնապես գրավիչ:
Իսկ հիմա պատկերացնենք, թե ինչ տեղի կունենա այս նախագիծը օրենք դառնալու պարագայում` հաշվի առնելով հայ իրականությունը: Տնտեսվարողը չի դիմում ՊԵԿ-ին իր մոտ այլընտրանքային ստուգում անցկացնելու խնդրանքով: ՊԵԿ-ը այդ ստուգումն իրականացնում է սովորական ռեժիմով: Այդ ստուգման ընթացքում օգտվելով մեր հարկային օրենսդրության, մեղմ ասած, բացերից` ՊԵԿ-ը նրա մոտ հայտնաբերում է 5 միլիոն դրամի խախտում, որի հետ տնտեսվարողը համաձայն չէ: Մինչ տնտեսվարողը կփորձի վիճարկել այս խախտումը, նրա դեմ քրեական գործ է հարուցվում եւ նա կալանավորվում է: Հիմա հաջորդ տարբերակը: Աչքի առաջ ունենալով այս հեռանկարը` տնտեսվարողը արդեն ինքն է դիմում ՊԵԿ-ին, որ իր մոտ «այլընտրանքային ստուգում» անցկացնեն: Այդ դեպքում հայտնաբերված 5 միլիոն դրամի վիճելի խախտման համար նա այլեւս քրեական պատասխանատվության չի ենթարկվի եւ ամենամեծ դժբախտությունը, որ կարող է նրա հետ պատահել, այն է, որ նա պետք է պետբյուջե վճարի այդ գումարը: Մի քանի փորձից կարող ենք կռահել, թե որ տարբերակն է տնտեսվարողի համար ավելի նախընտրելի: Պետք է սպասել, որ այս նախագիծը օրենք դարձնելուց հետո ՊԵԿ-ից այլընտրանքային ստուգման խնդրագրեր ներկայացնող տնտեսվարողների երկար հերթեր են առաջանալու: Ստուգումներ իրականացնողները հայտնաբերված խախտումները ջրելու կամ նվազեցնելու համար հսկայական կաշառքներ են ստանալու: Տնտեսվարողները պարզապես ոչ մի շանս չեն ունենալու ՊԵԿ-ի այսպիսի ջանասիրությամբ գործի դրված մեխանիզմին դիմակայելու: Կոռուպցիան էլ ավելի խորացնելու, այն ավելի համակարգված ու անհաղթահարելի դարձնելու ավելի լավ մեխանիզմ պարզապես դժվար է մտածել:
Իսկ ինչպե՞ս է ժամանակակից աշխարհում: Կան աուդիտորական ընկերություններ, որոնք տնտեսվարողի պատվերով եւ որոշակի գնի դիմաց աուդիտ են անցկացնում տնտեսվարողի մոտ: Թերացումներ եւ խախտումներ հայտնաբերելու դեպքում առաջարկում են տնտեսվարողին պետբյուջե վճարել այդ հարկերը իրենց տույժ-տուգանքներով: Երբ տնտեսվարողը բոլոր այդ վճարումները անում-վերջացնում է, աուդիտորները իրենց վրա են վերցնում հարկային մարմնի հետ այդ տնտեսվարողի շփումների ամբողջ «հաճույքը»: Սա տարիներով փորձարկված, հոյակապ արդյունքներ տված մեխանիզմ է, քանի որ աուդիտորները, ի տարբերություն հարկային մարմնի, բյուջեն ամեն գնով լցնելու գործում շահագրգիռ կողմ չեն: Այս մեխանիզմի մեջ դժվար է, եթե չասենք անհնարին, կոռուպցիոն ռիսկ հայտնաբերելը: Տնտեսվարողները հնարավորություն ունեն իրենց համար աուդիտորներ ընտրել, թե ով ավելի էժան գին կառաջարկի իր ծառայությունների դիմաց: Իսկ հարկային մարմինը, հարկ եղած դեպքում, ընդամենը վերստուգում է աուդիտորների իրականացրած աշխատանքը: Այս մեխանիզմի դեպքում աուդիտորի աշխատանքը վերստուգելու կարիք, ըստ էության, չի առաջանում, որովհետեւ աուդիտորները իրենք են պատասխանատվությունը վերցնում իրենց վրա եւ տնտեսվարողի հետ հայտնաբերած խախտումները թաքցնելու շահագրգռվածություն չունեն: Եւ ուրեմն` բնական հարց է ծագում, թե ինչո՞ւ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու մասին ամպագոռգոռ հայտարարություններ անող մեր իշխանությունները չեն գնում այս ճանապարհով: Պատասխանը շատ պարզ է` եթե գնան այդ ճանապարհով, մեր հարկայինի դերը կտրուկ կնվազի, հարկային տեսուչների թիվը կտրուկ կնվազի, կաշառքները կնվազեն, կավելանան անկախ աուդիտորները, որոնք իշխանության վերահսկողությունից դուրս են...: Իսկ դա անթույլատրելի բան է «Ապահով Հայաստանում»:
Էջանիշներ