Երեկ ինձ էլ էս հարցը տվեցին։ Քիչ առաջ պատասխանեցի կայքում, էստեղ էլ եմ դնում.
Ինձ համար իդեալական կյանքը Հայաստանում է՝ Երևանից հեռու գտնվող էկոավանում, որը հիմնել ենք մի խումբ համախոհներով՝ առողջ ապրելակերպի մեր պատկերացումներին համապատասխան։ Էնտեղ, իմ ընտանիքից բացի, նաև եղբորս, քրոջս ընտանիքներն են ապրում, ծնողներս, ինչպես նաև մի քանի մտերիմ ընկերներ՝ իրենց ընտանիքներով։ Էկոավանում առողջ ապրելակերպը բնական ու համատարած երևույթ է։ Ընտանիքս ունի ոչ շատ մեծ, բայց հարմարավետ տուն, մեծ (մոտ 1 հեկտար) հողատարածքով, որտեղ համ ծաղիկներ են աճում, համ լիքը մրգատու ծառեր ու հնարավոր այլ բարիքներ։ Կա նաև մի քանի հավես տաղավար։
Տանը ես ընդարձակ ու լուսավոր արվեստանոց ունեմ, որտեղ կարող եմ հանգիստ ստեղծագործել։ Ինտերնետ էլ կա անպայման։ Մեր հողատարածքում ունենք նաև հյուրերի համար նախատեսված տնակ՝ մի քանի սենյակով, որտեղ պարբերաբար վարձով մնում են ինչպես Հայաստանի այլ վայրերից, էնպես էլ արտասահմանից եկած հյուրեր։ Սենյակներն անձամբ ես եմ ձևավորում ու պատրաստում ու դա անում եմ շատ հավեսով։ Այցելուների համար կա նաև առանձին հյուրանոց։ Էկոավանը հատուկ սրահներ ունի, որտեղ բնակիչները կարող են հավաքվել, միասին ժամանակ անցկացնել, նաև տարեցների ու ծերերի համար նախատեսված ակումբներ՝ համապատասխան ժամանցի կազմակերմամբ։
Էս ամենի հետ մեկտեղ, էկոավանում կա ուրիշի անձնական տարածքի նկատմամբ մեծ հարգանք, ու ոչ ոք անհարկի չի ներխուժում ուրիշի անձնական տարածք։ Բացի տիրող մտայնությունից, դրան նպաստում է նաև յուրաքանչյուր ընտանիքին պատկանող հողատարածքի մեծությունը։
Էկոավանում նաև կազմակերպվում են զանազան խմբակներ, ստեղծագործական կարողությունները խթանող դասընթացներ։ Ընդհանրապես միշտ համարել եմ, որ դասավանդելը հեչ իմ գործը չի. ոչ սիրում եմ, ոչ էլ առանձնապես լավ եմ էդ գործից։ Բայց հիմա որ մտածում եմ, ստեղծագործական ոլորտում հաճույքով կդասավանդեի ու, կարծում եմ, լավ կստացվեր։ Նաև ակտիվ ստեղծագործում եմ։ Գրում էլ եմ։ Նույնիսկ հաջողացնում եմ գիրք հրատարակել։ Դասավանդելն ինձ համար նախընտրելի է նաև նրանով, որ չի ենթադրում առավոտից իրիկուն աշխատավայրում լինել, ինչն ինձ համար քաղաքակիրթ կյանքի ամենասխալ երևույթներից է։ Մի խոսքով՝ ապրուստս վաստակում եմ դասավանդելով, սենյակներ վարձու տալով, ու ամենակարևորը՝ ստեղծագործելով բազմազան ոլորտներում՝ նկարչություն, կոլաժ, քանդակագործություն, մակրամե, գորգիկներ, զարդեր և այլն։ Աշխատանքներս էլ վաճառում եմ տեղի բնակիչներին, նաև պարբերաբար ցուցահանդես–վաճառքներ են կազմակերպվում թե՛ էկոավանում, թե՛ Երևանում։ Նաև տեղական խանութ(ներ) ունենք այցելուների համար, որտեղ նույնպես վաճառվում են իմ և մյուս ստեղծագործող էկոավանցիների աշխատանքները։
Ամուսինս էլ համ գիտությամբ է զբաղվում, համ ֆիզիկա է դասավանդում էկոավանում։ Ազատ ժամանակ նաև զբաղվում է իր հին հոբբիով՝ արծաթագործությամբ։
Երևան այցելում ենք ամիսը մեկ՝ մոտավորապես 3-5 օրով՝ կախված հանգամանքներից։ Հա, Երևանում էլ մի փոքրիկ բնակարան ունենք։ Էդ այցելությունների ընթացքում նաև ամեն անգամ Ակումբի հանդիպումներ են լինում, որոնց, իհարկե, ես միշտ գնում եմ։
Էկոավանում նաև հատուկ ֆոնդ ունենք, որի միջոցով պարբերաբար օգնում ենք կարիքավորներին (Երևանում ու տարբեր շրջաններում ապրող. էկոավանում կարիքավորներ չկան)։
Երեք կամ չորս երեխա ունենք։ Ցանկալի է՝ երկու տղա, երկու աղջիկ։ Բոլորս առողջ ենք ու էներգիայով լի։ Անկախ իրենց մյուս նախասիրություններից ու ընտրելիք մասնագիտությունից՝ բոլոր երեխաներս էլ արվեստասեր են ու ոչ միայն տեսական մակարդակով։
1-2 տարին մեկ ընտանիքով գնում ենք ճամփորդության՝ որևէ նոր երկիր տեսնելու։
Այցելուներ ընդունելու գրաֆիկը պիտի շատ լավ կազմակերպված լինի, էնպես, որ այցելուներն անընդհատ չլինեն։ Ճիշտ է, նրանք հենց մեր տանը չեն մնում, բայց օգտվում ենք նույն բակից ու այգուց։ Ես մարդկանց սիրում եմ, բայց նաև վատ եմ լինում ինչպես միանգամից շատ մարդկանց ներկայությունից, էնպես էլ ուրիշ (ընտանիքից դուրս) մարդկանց երկարատև ներկայությունից (անկախ քանակից ու որակից)։ Գոնե ժամանակ առ ժամանակ մենակ լինելն ինձ համար գրեթե կենսական կարևորության հարց է։ Հակառակ դեպքում դիսկոմֆորտի մեջ եմ ընկնում։ Մի խոսքով՝ երկու շաբաթ այցելու ունենալուց հետո մի էդքան ժամանակ էլ այցելուներ չենք ընդունում։Բայց ընդունելիս էնպես ենք անում, որ իրենց ջերմ (ընտանեկան) ու հարմարավետ միջավայրում զգան։
Բացի մի քանի ամենամտերիմ ընկերներից, որոնք էկոավանում ապրելու շնորհիվ հասանելի հեռավորության վրա են ապրում, Երևանում կամ մարզերում ապրող ընկերներիս էլ ամիսը մեկ այցելում են մեզ։ Բայց քանի որ ես գերադասում եմ ամեն մարդու հետ առանձին շփվել, նրանցից յուրաքանչյուրն առանձին է գալիս, որոշ մարդկանց դեպքում մեկ–մեկ բացառություններ լինում են։ Մի խոսքով՝ ամիսը մեկ մի ընկեր/ընկերուհի է մեզ այցելում ու մի քանի օր մնում մեզ մոտ։ Էդպիսի շփումն ինձ լրիվ բավարարում է։ Դե, վիրտուալն էլ կողքից միշտ լինում է։ Բայց սովորաբար կոմպի առաջ օրական երկու ժամից ավել չեմ անցկացնում։
Հուսով եմ՝ շատ չձանձրացաք։
Էջանիշներ