User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Ամեն ինչ լավ կլինի

  1. #1
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ամեն ինչ լավ կլինի

    Սեդան անջատեց գազօջախը. ճաշը արդեն եփվել էր: «Հիմա ուր որ է Մարիս պարամունքներից տուն կգա»,- մտածեց Սեդան ու մոտեցավ պատուհանին:
    Մարին ուշանում էր: Սեդան անհանգստացավ: Զանգահարեց աղջկան, բայց Մարին անհասանելի էր: Իսկ հետո հիշելով, որ աղջիկը պարամունքների ժամանակ միշտ անջատում էր հեռախոսը, որից հետո էլ երբեմն մոռանում էր միացնել, մի քիչ հանգստացավ:
    Տան հեռախոսի ձայնը կտրեց Սեդայի մտքերի թելը: Զանգողը Սեդայի ծեր մորաքույրն էր:
    -Սեդա ջան, ո՞նց ես, Մարիս ո՞նց է,-լսողության հետ խնդիրներ ունեցող Անի մորաքույրը համարյա գոռում էր լսափողի միջից:
    -Լավ ենք, Անի մորքուր ջան, դու ո՞նց ես, Սասնիկը, Նանեն ո՞նց են,-ի պատասխան հարցրեց Սեդան, բայց նաև մտքում դժգոհեց. «Ժամանակ գտար զանգելու»:
    Եվ չնայած Սեդան փորձում էր զրույցը կարճ կապել, բայց Անի մորաքույրը համառորեն երկարացնում էր զրույցը.
    -Բա ե՞րբ է Մարիս նվագախմբի հետ ելույթ ունենալու...
    Լսվեց դռան ձայնը: Մարին էր: Մտնելով ներս վայր դրեց ջութակը և փորձելով ժպտալ, դեմքին ժպտանման արտահայտություն տվեց ու նայեց մորը: Սեդան շտապեց հրաժեշտ տալ շատախոս մորաքրոջը և վայր դնել հեռախոսը:
    -Մարի ջան, ինչի՞ ուշացար:
    -Լարված պարապում ենք, մա՛մ...եսիմ,-նորից մի կերպ ժպտալով պատասխանեց Մարին:
    Լուռ ճաշեցին: Սեդան փորձեց հարցեր տալ, բայց Մարիի կարճ պատասխաններից ստիպված եղավ հետաքրքրասիրությունը մի կերպ զսպել:
    Մարին փոխվել էր (համենայդեպս՝ Սեդան էր այդպես կարծում), ու դա կապում էր նոր միջավայրի հետ: Իսկ թե ինչպե՞ս էր ընթանում նվագախմբի հետ պարամունքները, Մարին մանրամասն մորը չէր պատմում (մի երկու բառով, ոչ ավելի): Է՜հ, Մարին շատ գաղտնապահն էր, և դա հուսահատեցնում էր Սեդային, բայց նաև մտածում էր. «Ի՞նչ եմ ուզում, է՜հ: Էրեխես լուրջ ելույթի է պատրաստվում: Ա՜խր պատասխանատվությունը մեծ է»: Երբեմն էլ Սեդան նույնիսկ հպարտությամբ էր լցվում, երբ հետ էր նայում, գնահատում ներկայի ձեռքբերումները և պատկերացնում ապագան, որի հանդեպ մեծ հավատ ուներ: Չէ՞ որ ինքը հավատում էր, որ ամեն ինչ լավ էր լինելու և հիմա էլ, երբ Մարին ավարտել էր Կոնսերվատորիան ու նրան ֆիլարմոնիկ նվագախմբի հիմնական կազմում ընդգրկվելու հնարավորություն էր ընձեռնվել, ապագան խոստանում էր ժպտալ: Ինչ-ինչ, բայց Սեդան վստահ էր, որ իր Մարին, իրոք, տաղանդավոր է:

    Մարին գնալով ինքնամփոփ ու լռակյաց էր դառնում, և Սեդայի հարցերին միշտ խուսափում էր պատասխանել:
    Մի անգամ, երբ Մարիի սենյակից դադարեց ջութակի ձայնը, Սեդան մոտեցավ աղջկա սենյակի դռանը և կամաց բացեց դուռը: Մարին արագ-արագ ինչ-որ բան էր գրում:
    -Մարի՛, ի՞նչ ես գրում, -հարցրեց Սեդան:
    -Ոչինչ,-անակնկալի գալով, և տետրը արագ դարակում դնելով պատասխանեց շփոթված Մարին:
    «Ինչի՞ հետս չես կիսվում»,-մտքում բորբոքվեց Սեդա ու փակեց աղջկա սենյակի դուռը:

    Մի անգամ, երբ Մարին հերթական պարամունքներին էր, մայրը մտավ դստեր սենայկը: Աղջկա համար անհանգստացող ու հետաքրքրասեր մայր զգում էր, որ մի բան կար, որը իրեն կօգներ գտնել իր հարցերի պատասխանները: Չսխալվեց: Դարակներից մեկում գտավ այն կապույտ տետրը, որի մեջ մի քանի օր առաջ տեսել էր, թե ինչպես էր աղջիկը գրում: Չդիմացավ: Բացեց ու սկսեց կարդալ: Մարիի օրագիրն էր: Սկզբում Սեդան զարմացավ. նրան թվում էր, թե ինքը իր աղջկա մասին ամեն ինչ գիտեր...
    «Չեմ կարողանում նվագախմբի անդամների հետ ընկերանալ: Շատ դժվար է: Դրանից շարունակ լարված եմ: Դա էլ խանգարում է, որ լավ նվագեմ: Շարունակ նույնիսկ նոտաներն եմ սխալ նվագում: Դիրիժոր Մինասյանն էլ միշտ դիտողություններ է անում...»:
    Սեդան թերթում է էջերը.
    «Կամաց-կամաց կարծես թե հաղթահարում եմ լարվածությունս ու կարողանում եմ ցույց տալ, թե ինչի եմ ունակ...Պետք է խոստովանեմ, որ դա Լևոնի շնորհիվ է: Նա արտասովոր մարդ է երևում: Նվագախմբի անդամներից նա առաջինը ողջունեց իմ հայտնվելը, չնայած սկզբից ինքն էլ էր անտարբեր, բայց դե...
    Դիրիժոր Մինասյանը երբեք Լևոնին նկատողություն չի անում: Նա, իրոք, փայլուն է նվագում»
    :

    Սեդան հանկարծ փակեց օրագիրը: Սիրտը չգիտես ինչու, բայց արագ էր խփում: «Լավ բան չես անում: Ուրիշների օրագիրը կարդալը լավ բան չէ, թեկուզ էդ ուրիշը քո աղջիկն է»,-ասում էր խղճի ձայնը, սակայն գաղտնապահ դստերից ոչինչ չիմացող մոր համար դժվար էր զսպել հետաքրքրասիրությունը, սակայն նաև որոշեց. «Էլ չեմ կարդա: Կփորձեմ Մարիից ամեն ինչ իմանալ»:

    -Ո՞նց է պարամունքները, գո՞հ ես, Մարի ջան,-ճաշելու ժամանակ հարցրեց Սեդան:
    -Հա՛, գոհ եմ, -կարճ պատասխանեց Մարին:
    «Անդամները քեզ լավ ընդունու՞մ են: Դիրիժորը ո՞նց է հետդ»,-ուզեց նաև հարցնել Սեդան, բայց լեզուն կծեց. վախեցավ, թե Մարին գլխի կընկներ, որ գաղտնի նրա օրագիրը կարդացել էր:

    Սեդան, սակայն չդադարեց գաղտնի կարդալ աղջկա օրագիրը.
    «Լևոնի պես մարդու դեռ երբեք չէի հանդիպել: Նրա պես մարդ հիմա երևի չկա էլ՝ բարի, խելացի, տաղանդավոր...ու շա՜տ նրբանկատ: Չեմ պատկերացնում, թե ինքը ունակ է ինչ-որ մեկին վիրավորել: Ու պատահական չէ, որ բոլորի սիրելին է: Բա ո՜նց է նվագում: Ոչ մեկ նրա նման սահուն ու վարժ չի կարող նվագել: Դրա համար էլ անգամ դիրիժոր Մինասյանը առանձնահատուկ վերաբերմունք ունի նրա նկատմամբ:
    Էսօր էլ, երբ հերթական անգամ լարվեցի և սխալ նոտա նվագեցի, Լևոնը ասաց, որ ես լավ լսողություն ունեմ և ավելի լավ կնվագեմ, եթե չլարվեմ:
    Նա իրավացի է: Ինչքան քիչ եմ լարվում, այնքան լավ եմ նվագում: «Տեսա՞ր, որ ասում էի: Մարի ջան, էդպես շարունակիր ու ամեն ինչ լավ կլինի»,-ընդմիջման ժամանակ ասաց»
    :

    Հաջորդ օրը.
    «Փորձից առաջ, ինչպես նաև ընդմիջմանը Լևոնը նորից ասաց, որ չլարվեմ. «Չես մոռացել, չէ՞ , որ ամեն ինչ լավ է լինելու»: Ճիշտ որ՝ ամեն ինչ շատ ավելի լավ եղավ, քան ես էի պատկերացնում: Նախորդ օրերից ավելի լավ նվագեցի: Դիրիժոր Մինասյանը նույնիսկ խմբի մոտ գովեց...Շա՜տ ոգևորված եմ: Սրանից հետո ավելի լավ եմ պարապելու: Իսկ ես էլ նորից մտածում էի, թե իմ մոտ ոչինչ չի ստացվի... »:
    Հերթական անգամ փակելով օրագիրը Սեդան ժպտաց. նա իհարկե, հավատում էր, որ դեռ ամեն ինչ առջևում էր, ու ամեն ինչ շատ լավ էր լինելու: «Չլինի թե աղջիկս սիրահարվել է», -հանկարծ մտածեց նա: Այդ մտքից չգիտես ինչու նորից ժպտաց ու ընկավ հասուն աղջիկ ունեցող մայրերին հատուկ երևակայությունների գիրկը:

    Հաջորդ օրերի Մարիի գրառումները, սակայն անհանգստացնող էին.
    «Դիրիժոր Մինասյանը հայտարարեց, որ ելնելով մրցույթի պատասխանատվությունից, որոշել է, որ նորեկներից (ես, Նելլին ու Անին) միայն մեկը ընդգրկվի հիմնական կազմի մեջ, իսկ թե երբ կհայտարարի, թե ով է այդ բախտավորը՝ մոտ օրերս պարզ կլինի: Է՜հ, դե արի ու դիմացի:
    Ես էլ ինձ արդեն երևակայում էի միջազգային մրցույթի բեմին:Ի՜նչ հիմարն եմ...
    Անին ու Նելլին վատ չեն նվագում: Ես էլ կարծես հետ չեմ մնում, բայց....օ՜ֆ, չգիտեմ...
    Բայց ինչ ուզում է լինի՝ չեմ հանձնվելու:
    Լևոնը ճիշտ է ասում՝ չպետք է թերագնահատեմ ինձ ու պետք է հավատամ, որ ամեն ինչ լավ կլինի ...»
    :
    Կարդացածից Սեդան մտահոգվեց: Որեմն ի՞նչ: Մի՞թե աղջիկը կարող էր դուրս մնալ հիմնական կազմից: Գրառման շարունակությունը, սակայն ավելի անհանգստացնող էր.
    « Երբեք ինձ երջանիկ ու բախտավոր չեմ համարել: Միշտ անհաջողակի մեկն եմ եղել...
    Գիտեմ՝ մորս համար շատ դժվար է եղել մենակ մեծացնել, կրթության տալ ինձ ...ու հիմա էլ ամեն ինչ անում է ինձ համար...ավելին՝ մտածում է, թե ես իրականում ոչ մի բանից դժգոհելու առիթ չունեմ, բայց հարցը դժգոհելու մեջ չի: Ուղղակի երբեմն ձեռքբերածի մեջ դու չես գտնում քո տեղը: Ու թվում է, թե դու ինչ-որ շա՜տ կարևոր օղակից դուրս ես գտնվում...Անընդհատ փորձում ես մտնել այդ օղակի մեջ, օղակի, որը միայն ուրիշներին է թվում, թե դու այդ օղակում ես: Իսկ իրականում՝ այդտեղ «անունով» չեն լինում, այլ պետք է զգաս, որ այդտեղ ես:
    Մորս շա՜տ եմ սիրում (ինքն էլ ինձ): Երբեմն էնպես եմ ուզում հետը կիսվել, բայց չեմ կարող. նա ինձ չի հասկանա: Ինձ մնում է միայն փորձել ժպտալ, երբ մայրս նայում է ինձ, ու ուզում է տեսնել, որ իմ մոտ ամեն ինչ կարգին է... Իսկ երբ փորձում ես ինքդ քեզ ստիպել ժպտալ, իրականում շատ դժվար է:
    Երբ փոքր էի, հետո ավելի հասուն... շատ է եղել, երբ մտածել եմ, որ զզվում եմ կյանքից: Բայց նաև մտածել եմ, որ իրավունք չունեմ այդպես մտածել. մորս համար դժվար կլիներ դա իմանալ...»
    :
    Գրառումը, թեև շարունակվում էր, բայց Սեդան մի պահ կանգ առավ. «Ճիշտ որ՝ միշտ մտածել եմ, թե աղջիկս կյանքից դժգոհելու առիթ չունի: Աստված եմ, ինչու՞մ եմ թերացել: Մարին ինչու՞ չի հասկանում, որ ինձնից լավ իրեն ոչ ոք չի հասկանա»:
    Շարունակում է կարդալ.
    « Իրականում մարդուն առաջ գնալու համար շատ բան պետք չէ: Ինքդ քո ուժերի նկատմամբ հավատի մի բարակ թել ուենալու դեպքում էլ բավական է, որ թևեր առնես, պարզես թևերդ ու պատրաստվես թռիչքի: Թռիչք, որը երևակայությամբ պատկերացնում ես, թե ինչպիսին պետք է լինի, ու վստահ ես, որ այն քեզ տանելու է վերև, շա՜տ վերև...
    Երբեք չեմ հավատացել, թե իմ մոտ ինչ-որ մի բան ՀԱՍՏԱՏ ստացվելու է, բայց Լևոնի շնորհիվ սկսել եմ հավատալ, որ ինձ մոտ ամեն ինչ դեռ կստացի...ամեն ինչ լավ կլինի»
    :
    Կարդացածից մայրը տեղը չէր գտնում: Որոշեց, ի վերջո, լրջորեն խոսել դստեր հետ: Եվ անհանգիստ քայլելով սկսեց սպասել, թե Մարին երբ էր տուն գալու: Սակայն երբ աղջիկը տուն եկավ, նորից վախեցավ դստեր արձագանքից: Ավելի ճիշտ՝ որոշեց մի քիչ էլ հետևել աղջկա գրառումներին:

    Մի օր Մարին դադարեց օրագրում գրառումներ անել: «Չլինի գլխի է ընկել, որ... »,-վախեցած մտածեց Սեդան, բայց մտածելով նաև, որ աղջիկը էդ դեպքում հաստատ չէր լռի, հանգստացավ: Նրա անհանգստությունը, սակայն իր գագաթնակետին հասավ, երբ մի օր Մարին սովորականից շուտ տուն եկավ ու ոչինչ չասելով միանգամից փակվեց սենյակում:
    Սեդան փորձեց մտնել դստեր սենյակը: Անօգուտ: Աղջիկը ներսից փակել էր դուռը:
    -Մարի՛, խիղճ ունեցի: Մեղք չե՞մ: Ի՞նչ է եղել...
    Մարին չէր արձագանքում:
    -Ամեն հարցում քո հետ եմ, բալես,-դուռը թակելով (դողացող ձայնով) ասաց Սեդան:
    -Դուրս մնացի հիմանական խմբից,-դռան հետևից լսվեց Մարիի ձայնը:
    -Բալե՛ս...Մարի ջան...
    -Մա՛մ, հանգիստ թող,- Մարին այս անգամ համարյա գոռում էր:
    Սեդան այլևս չպնդեց: Եվ աղջկա ձայնից հասկանալով, որ նա լաց է լինում, Սեդայի սիրտը կծկվեց...
    Առավոտյան Մարին ինչ-որ նոտաների հաստ տետրը ձեռքին (մոր հարցերին չպատասխանելով) դուրս եկավ տնից: Ինչ-որ վատ բան կանխազգալով Սեդան մտավ դստեր սենյակը ու դարակից հանեց աղջկա օրագիրը: Չգիտես ինչու, բայց զգում էր, որ աղջիկը մի քանի օր չգրելով, երեկ գրել էր: Չէր սխալվում:
    « Նելլին ընդգրկվեց հիմնական խմբում: Ճիշտ է, ես ինձ նախապատրաստում էի դրան, բայց չէի պատկերացնում, որ իրականությունը ընդունելը ավելի դժվար կլիներ:
    Թարսի բան էր, երբ դիրիժոր Մինասյանը ասաց դա, Լևոնն էլ էդտեղ չէր: Եկա տուն առանց Լևոնին տեսնելու: Երևի արդեն իմացել է... »
    :
    Թեև էջում ահագին տեղ կար, բայց գրառման շարունակությունը Մարին հաջորդ էջից էր գրել:
    « Անընդհատ սպասում էի, որ կզանգի, կամ հաղորդագրություն կուղարկի: Ո՛չ զանգեց, ո՛չ հաղորդագրություն ուղարկեց: Իսկ ես սպասում էի...
    Թե ի՞նչն էր փոխվելու նրա զանգելուց, կամ հաղորդագրություն գրելուց: Չգիտեմ: Չնայած գիտեմ: Սպասոմ էի նրանից լսել, որ դեռ ամեն ինչ առջևում է, որ դեռ ամեն ինչ լավ կլինի...Կտրված թևերիս նորից աճելու հույս էր ներշնչելու: Չէ՞ որ աշխարհի վերջը չի գալիս, երբ թեկուզ մի լուսավոր կետ կա...
    Վերջապես հաղորդագրություն գրեց: Ձեռքերս դողում էին, երբ վերցրեցի հեռախոսս ու պատրաստվում էի կարդալ հաղորդագրությունը: Երանի՜ չկարդայի: « Մարի՛, իմացել եմ արդեն: Պարտադիր էր՝ լաց լինելով հեռանալ: Էդ քո բնավորությամբ երբեք ո՛չ մի բանի չես հասնի: Նոտաներս վաղը կբերես: Եթե ուշացա, Նելլիին կտաս »
    :
    Օրագիրը հաղորդագրության մեջբերված խոսքերով ավարտվում էր:

    Սեդան տեղը չէր գտնում: Շարունակ զանգահարում էր Մարիին: Անօգուտ: Անհասանելի էր: «Աստված ջան, մեռնեմ քեզ, բալիս մենակ չթողնես... »,-վատ բան կանխազգացող մայրը աղաչում էր Աստծուն:
    Լսվեց տան հեռախոսի ձայնը: Դժկամությամբ մտածելով, որ Անի մորաքույրն էր զանգահարողը (տան հեռախոսին մենակ նա էր զանգում), նյարդայնացած պատասխանեց.
    -Ալլո՛, լսում եմ:
    -Բարև Ձեզ, ոստիկանությունից է...

    Հատված լրահոսից.
    « ...ժամը 13:00-ի սահմաններում Կիևյան կամուրջից ինքնասպանություն է գործել 21-ամյա Մարի Սարգսյանը: Հանգամանքները քննվում են...»:
    Վերջին խմբագրող՝ Այբ: 22.04.2014, 15:44:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Vardik! (22.04.2014)

  3. #2
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քիչ անմշակ է, բայց չդիմացա ու տեղադրեցի:
    Մարդ ես, կարող է նորից մեքենայի տակ ընկնեմ, ու էս անգամ էլ ընդհանրապես չկարողանամ մտնել ակումբ:

    Հա՛, գիտեմ, որ հաջողված պատմվածք չի, բայց ոչինչ՝ կարող եք հանգիստ քննադատել:
    Վերջին խմբագրող՝ Այբ: 22.04.2014, 16:09:

  4. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այբ ջան, կարդացի:
    Ինչպես գրել ես, զգացվում է, որ դեռ անմշակ է: Դրա համար շարադրանքի մասին ոչինչ չեմ գրի:
    Բայց մշակելու դեպքում անգամ ինձ էստեղ սյուժեն է, որ մի քիչ «անհանգստացրեց»:
    Հուսով եմ, սա քո ներքին վիճակի արտացոլումը չի (սա որպես հոգեբան եմ անհանգստանում):
    Հիմա գեղարվեստական տեսանկյունից:
    Գործումդ երեք հիմնական կերպարներ կային՝ Սեդան, Մարին ու Լևոնը (որին ծանոթանում ենք միայն Մարիի օրագրային գրառումների միջոցով):
    Թեև այդ երեքից միայն Մարին էր դեռահաս աղջիկ, բայց կարդալուց էնպիսի տպավորություն էր, որ բոլոր երեքն էլ նույն սեռն ու տարիքն ունեն: Դեռահաս աղջիկներ են:
    Հնարավոր է, դա նրանից է, որ գրողն ինքը ջահել աղջիկ է: Կարծում եմ, հենց դրանից էլ կլինի:
    Մոր կերպարի մեջ ինձ մի քիչ «իրավիճակի տերը» լիենելու ունակությունը պակասեց: Շատ վախվորած ու անհամարձակ էր մայրը: Չնայած չի բացառվում, որ կան էդպիսի մայրեր:
    Լևոնը, որ Մարիի համար ոգեշնչման աղբյուր էր ու միշտ առաջ գնալու ուժ էր տալիս, ինչ-որ շատ անհասկանալի ձևով ուղարկեց վերջին էսէմէսը. դրա տեքստը չէր սազում մինչ այդ ստեղծած Լևոնի կերպարին: Դա ավելի շուտ տասներեք տարեկան աչոնիկի ռեակցիա էր, որ մի քիչ զայրացած էր իր ընկերուհու վրա:
    Առավել ևս հասկանալի չի, թե էդպիսի մի փոքր դեպքը ինչի պիտի ինքնասպանության առիթ տար: Այն, որ Նելլին կարող է ընտրվել իր փոխարեն, Մարին վաղուց արդեն գիտեր: Լևոնի հաղորդագրությունն էլ թեև մի քիչ անհասկանալի էր ու կերպարին չէր սազում, բայց միևնույն է, էնքան սարսափելի բան չէր, որ մարդ դրա պատճառով իրեն կամուրջից գցի: Ուրեմն աղջիկը ընդհանուր սուիցիդալ էր, բայց դա պատմվածքում լավ չի երևում: Էն, որ ինքնամփոփ է, երևում է, բայց, որ էդպիսի լուրջ խնդիրներ ունի, չի երևում:
    Բացի դրանից, ինձ հետաքրքիր է, թե որն է պատմվածքիդ հիմնական «խոսքը», ինչ ես ուզեցել դրանով ասել: Ես դա չեմ զգում գրածդ կարդալիս:
    Ինքդ մտածիր էս հարցի շուրջ, մեզ պատասխան տալը կարևոր չի:

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Vardik! (22.04.2014), Այբ (22.04.2014)

  6. #4
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այվիի գրածի հետ հիմնականում համամիտ եմ ու դեռ մի բան կուզեի ավելացնել/հարցնել:
    Վերնագրի իմաստը ո՞րն էր: Ու՞մ համար լավ կլինի ամեն ինչ:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Այբ (22.04.2014)

  8. #5
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Այբ ջան, կարդացի:
    Ինչպես գրել ես, զգացվում է, որ դեռ անմշակ է: Դրա համար շարադրանքի մասին ոչինչ չեմ գրի:
    Բայց մշակելու դեպքում անգամ ինձ էստեղ սյուժեն է, որ մի քիչ «անհանգստացրեց»:
    Հուսով եմ, սա քո ներքին վիճակի արտացոլումը չի (սա որպես հոգեբան եմ անհանգստանում):
    Հիմա գեղարվեստական տեսանկյունից:
    Գործումդ երեք հիմնական կերպարներ կային՝ Սեդան, Մարին ու Լևոնը (որին ծանոթանում ենք միայն Մարիի օրագրային գրառումների միջոցով):
    Թեև այդ երեքից միայն Մարին էր դեռահաս աղջիկ, բայց կարդալուց էնպիսի տպավորություն էր, որ բոլոր երեքն էլ նույն սեռն ու տարիքն ունեն: Դեռահաս աղջիկներ են:
    Հնարավոր է, դա նրանից է, որ գրողն ինքը ջահել աղջիկ է: Կարծում եմ, հենց դրանից էլ կլինի:
    Մոր կերպարի մեջ ինձ մի քիչ «իրավիճակի տերը» լիենելու ունակությունը պակասեց: Շատ վախվորած ու անհամարձակ էր մայրը: Չնայած չի բացառվում, որ կան էդպիսի մայրեր:
    Լևոնը, որ Մարիի համար ոգեշնչման աղբյուր էր ու միշտ առաջ գնալու ուժ էր տալիս, ինչ-որ շատ անհասկանալի ձևով ուղարկեց վերջին էսէմէսը. դրա տեքստը չէր սազում մինչ այդ ստեղծած Լևոնի կերպարին: Դա ավելի շուտ տասներեք տարեկան աչոնիկի ռեակցիա էր, որ մի քիչ զայրացած էր իր ընկերուհու վրա:
    Առավել ևս հասկանալի չի, թե էդպիսի մի փոքր դեպքը ինչի պիտի ինքնասպանության առիթ տար: Այն, որ Նելլին կարող է ընտրվել իր փոխարեն, Մարին վաղուց արդեն գիտեր: Լևոնի հաղորդագրությունն էլ թեև մի քիչ անհասկանալի էր ու կերպարին չէր սազում, բայց միևնույն է, էնքան սարսափելի բան չէր, որ մարդ դրա պատճառով իրեն կամուրջից գցի: Ուրեմն աղջիկը ընդհանուր սուիցիդալ էր, բայց դա պատմվածքում լավ չի երևում: Էն, որ ինքնամփոփ է, երևում է, բայց, որ էդպիսի լուրջ խնդիրներ ունի, չի երևում:
    Բացի դրանից, ինձ հետաքրքիր է, թե որն է պատմվածքիդ հիմնական «խոսքը», ինչ ես ուզեցել դրանով ասել: Ես դա չեմ զգում գրածդ կարդալիս:
    Ինքդ մտածիր էս հարցի շուրջ, մեզ պատասխան տալը կարևոր չի:
    Այվի ջան, հանգիստ եղի, հերոսուհին ես չեմ:
    Հա՛, շտապել եմ...
    Փորձել էի ներկայացնել ծնողի ու երեխայի հարաբերությունները. մի կողմից ամբողջ կյանքը երեխային նվիրած ծնողին, մյուս կողմից՝ երեխային, որի համար ծնողի սերը բավական չէ կյանքում հաստատվելու համար:
    Լևոնի կերպարով էլ փորձել եմ ցույց տալ էն, որ իրականում մարդը այնպիսին չէ, ինչպիսին թվում է: Եվ լինելով ինքնամփոփ աղջկա ոգևորման արդյունք, նա դրանով էր կատարյալ երևում, ոչ թե իրոք կատարյալ էր: Աղջիկն էլ ինքնասպանություն գործեց, որովհետև էլ չկար մեկը, համենայնդեպս այդ պահին, որ առաջ շարժվելու հույս տար, իսկ Լևոնի հաղորդագրությունն էլ ընդամենը վարագույրն է, որը բացվում է աղջկա համար. նա իրականում չէր հասկացել, ավելի ճիշտ՝ չափազանցրել էր Լևոնի վերաբերմունքը: Չի ստացվել էդ ամեն ինչը համոզիչ ներկայացնել:

    Վերնագիրը իրականում չակերտների մեջ պիտի առնեի: Ուղիղ իմաստով չեմ գրել:
    Դեռ մանրամասն կգրեմ:
    Վերջին խմբագրող՝ Այբ: 22.04.2014, 17:01:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (22.04.2014)

  10. #6
    Մշտական անդամ Vardik!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2013
    Գրառումներ
    361
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում ես քննադատե՞նք:
    Իսկ դու կասե՞ս, Այբ ջան, ու՞ր ես տենց շտապում: Արդեն որերորդ հապճեպ գրված նյութն ա քո: Համոզված եմ՝ լիքը չգրված բաներ են մնացել, որ ավելի սիրուն կդրաձնեին էս պատմվածքդ: Շտապում ես միանգամից շատ բան ասել, դրա համար էլ բաց ես թողում որոշ բաներ, որոնք, ըստ քեզ, ընթերցողն ինքն էլ կհասկանա:

    Լիքը եռանդ, ասելիք ունես, բայց գրիր առանց շտապելու: Կստացվի շատ ավելի լավ:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Այբ (22.04.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Եվ արյուն կլինի (Նավթ) / There Will Be Blood
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 0
    Վերջինը: 02.08.2010, 16:03
  2. Կլինի՞ արդյոք իշխանափոխություն
    Հեղինակ՝ Լ.յ.ո.վ., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 454
    Վերջինը: 29.03.2010, 21:53
  3. Ի՞նչ կլինի Հայաստանում, եթե իշխանափոխություն չլինի
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 153
    Վերջինը: 29.01.2009, 15:26
  4. Պատերազմ կլինի՞
    Հեղինակ՝ Armenoid, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 20.05.2008, 11:34
  5. Ի՞նչ կլինի, եթե կտրվեն տրանսֆերները
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 24.12.2006, 18:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •