Սեդան անջատեց գազօջախը. ճաշը արդեն եփվել էր: «Հիմա ուր որ է Մարիս պարամունքներից տուն կգա»,- մտածեց Սեդան ու մոտեցավ պատուհանին:
Մարին ուշանում էր: Սեդան անհանգստացավ: Զանգահարեց աղջկան, բայց Մարին անհասանելի էր: Իսկ հետո հիշելով, որ աղջիկը պարամունքների ժամանակ միշտ անջատում էր հեռախոսը, որից հետո էլ երբեմն մոռանում էր միացնել, մի քիչ հանգստացավ:
Տան հեռախոսի ձայնը կտրեց Սեդայի մտքերի թելը: Զանգողը Սեդայի ծեր մորաքույրն էր:
-Սեդա ջան, ո՞նց ես, Մարիս ո՞նց է,-լսողության հետ խնդիրներ ունեցող Անի մորաքույրը համարյա գոռում էր լսափողի միջից:
-Լավ ենք, Անի մորքուր ջան, դու ո՞նց ես, Սասնիկը, Նանեն ո՞նց են,-ի պատասխան հարցրեց Սեդան, բայց նաև մտքում դժգոհեց. «Ժամանակ գտար զանգելու»:
Եվ չնայած Սեդան փորձում էր զրույցը կարճ կապել, բայց Անի մորաքույրը համառորեն երկարացնում էր զրույցը.
-Բա ե՞րբ է Մարիս նվագախմբի հետ ելույթ ունենալու...
Լսվեց դռան ձայնը: Մարին էր: Մտնելով ներս վայր դրեց ջութակը և փորձելով ժպտալ, դեմքին ժպտանման արտահայտություն տվեց ու նայեց մորը: Սեդան շտապեց հրաժեշտ տալ շատախոս մորաքրոջը և վայր դնել հեռախոսը:
-Մարի ջան, ինչի՞ ուշացար:
-Լարված պարապում ենք, մա՛մ...եսիմ,-նորից մի կերպ ժպտալով պատասխանեց Մարին:
Լուռ ճաշեցին: Սեդան փորձեց հարցեր տալ, բայց Մարիի կարճ պատասխաններից ստիպված եղավ հետաքրքրասիրությունը մի կերպ զսպել:
Մարին փոխվել էր (համենայդեպս՝ Սեդան էր այդպես կարծում), ու դա կապում էր նոր միջավայրի հետ: Իսկ թե ինչպե՞ս էր ընթանում նվագախմբի հետ պարամունքները, Մարին մանրամասն մորը չէր պատմում (մի երկու բառով, ոչ ավելի): Է՜հ, Մարին շատ գաղտնապահն էր, և դա հուսահատեցնում էր Սեդային, բայց նաև մտածում էր. «Ի՞նչ եմ ուզում, է՜հ: Էրեխես լուրջ ելույթի է պատրաստվում: Ա՜խր պատասխանատվությունը մեծ է»: Երբեմն էլ Սեդան նույնիսկ հպարտությամբ էր լցվում, երբ հետ էր նայում, գնահատում ներկայի ձեռքբերումները և պատկերացնում ապագան, որի հանդեպ մեծ հավատ ուներ: Չէ՞ որ ինքը հավատում էր, որ ամեն ինչ լավ էր լինելու և հիմա էլ, երբ Մարին ավարտել էր Կոնսերվատորիան ու նրան ֆիլարմոնիկ նվագախմբի հիմնական կազմում ընդգրկվելու հնարավորություն էր ընձեռնվել, ապագան խոստանում էր ժպտալ: Ինչ-ինչ, բայց Սեդան վստահ էր, որ իր Մարին, իրոք, տաղանդավոր է:
Մարին գնալով ինքնամփոփ ու լռակյաց էր դառնում, և Սեդայի հարցերին միշտ խուսափում էր պատասխանել:
Մի անգամ, երբ Մարիի սենյակից դադարեց ջութակի ձայնը, Սեդան մոտեցավ աղջկա սենյակի դռանը և կամաց բացեց դուռը: Մարին արագ-արագ ինչ-որ բան էր գրում:
-Մարի՛, ի՞նչ ես գրում, -հարցրեց Սեդան:
-Ոչինչ,-անակնկալի գալով, և տետրը արագ դարակում դնելով պատասխանեց շփոթված Մարին:
«Ինչի՞ հետս չես կիսվում»,-մտքում բորբոքվեց Սեդա ու փակեց աղջկա սենյակի դուռը:
Մի անգամ, երբ Մարին հերթական պարամունքներին էր, մայրը մտավ դստեր սենայկը: Աղջկա համար անհանգստացող ու հետաքրքրասեր մայր զգում էր, որ մի բան կար, որը իրեն կօգներ գտնել իր հարցերի պատասխանները: Չսխալվեց: Դարակներից մեկում գտավ այն կապույտ տետրը, որի մեջ մի քանի օր առաջ տեսել էր, թե ինչպես էր աղջիկը գրում: Չդիմացավ: Բացեց ու սկսեց կարդալ: Մարիի օրագիրն էր: Սկզբում Սեդան զարմացավ. նրան թվում էր, թե ինքը իր աղջկա մասին ամեն ինչ գիտեր...
«Չեմ կարողանում նվագախմբի անդամների հետ ընկերանալ: Շատ դժվար է: Դրանից շարունակ լարված եմ: Դա էլ խանգարում է, որ լավ նվագեմ: Շարունակ նույնիսկ նոտաներն եմ սխալ նվագում: Դիրիժոր Մինասյանն էլ միշտ դիտողություններ է անում...»:
Սեդան թերթում է էջերը.
«Կամաց-կամաց կարծես թե հաղթահարում եմ լարվածությունս ու կարողանում եմ ցույց տալ, թե ինչի եմ ունակ...Պետք է խոստովանեմ, որ դա Լևոնի շնորհիվ է: Նա արտասովոր մարդ է երևում: Նվագախմբի անդամներից նա առաջինը ողջունեց իմ հայտնվելը, չնայած սկզբից ինքն էլ էր անտարբեր, բայց դե...
Դիրիժոր Մինասյանը երբեք Լևոնին նկատողություն չի անում: Նա, իրոք, փայլուն է նվագում»:
Սեդան հանկարծ փակեց օրագիրը: Սիրտը չգիտես ինչու, բայց արագ էր խփում: «Լավ բան չես անում: Ուրիշների օրագիրը կարդալը լավ բան չէ, թեկուզ էդ ուրիշը քո աղջիկն է»,-ասում էր խղճի ձայնը, սակայն գաղտնապահ դստերից ոչինչ չիմացող մոր համար դժվար էր զսպել հետաքրքրասիրությունը, սակայն նաև որոշեց. «Էլ չեմ կարդա: Կփորձեմ Մարիից ամեն ինչ իմանալ»:
-Ո՞նց է պարամունքները, գո՞հ ես, Մարի ջան,-ճաշելու ժամանակ հարցրեց Սեդան:
-Հա՛, գոհ եմ, -կարճ պատասխանեց Մարին:
«Անդամները քեզ լավ ընդունու՞մ են: Դիրիժորը ո՞նց է հետդ»,-ուզեց նաև հարցնել Սեդան, բայց լեզուն կծեց. վախեցավ, թե Մարին գլխի կընկներ, որ գաղտնի նրա օրագիրը կարդացել էր:
Սեդան, սակայն չդադարեց գաղտնի կարդալ աղջկա օրագիրը.
«Լևոնի պես մարդու դեռ երբեք չէի հանդիպել: Նրա պես մարդ հիմա երևի չկա էլ՝ բարի, խելացի, տաղանդավոր...ու շա՜տ նրբանկատ: Չեմ պատկերացնում, թե ինքը ունակ է ինչ-որ մեկին վիրավորել: Ու պատահական չէ, որ բոլորի սիրելին է: Բա ո՜նց է նվագում: Ոչ մեկ նրա նման սահուն ու վարժ չի կարող նվագել: Դրա համար էլ անգամ դիրիժոր Մինասյանը առանձնահատուկ վերաբերմունք ունի նրա նկատմամբ:
Էսօր էլ, երբ հերթական անգամ լարվեցի և սխալ նոտա նվագեցի, Լևոնը ասաց, որ ես լավ լսողություն ունեմ և ավելի լավ կնվագեմ, եթե չլարվեմ:
Նա իրավացի է: Ինչքան քիչ եմ լարվում, այնքան լավ եմ նվագում: «Տեսա՞ր, որ ասում էի: Մարի ջան, էդպես շարունակիր ու ամեն ինչ լավ կլինի»,-ընդմիջման ժամանակ ասաց»:
Հաջորդ օրը.
«Փորձից առաջ, ինչպես նաև ընդմիջմանը Լևոնը նորից ասաց, որ չլարվեմ. «Չես մոռացել, չէ՞ , որ ամեն ինչ լավ է լինելու»: Ճիշտ որ՝ ամեն ինչ շատ ավելի լավ եղավ, քան ես էի պատկերացնում: Նախորդ օրերից ավելի լավ նվագեցի: Դիրիժոր Մինասյանը նույնիսկ խմբի մոտ գովեց...Շա՜տ ոգևորված եմ: Սրանից հետո ավելի լավ եմ պարապելու: Իսկ ես էլ նորից մտածում էի, թե իմ մոտ ոչինչ չի ստացվի... »:
Հերթական անգամ փակելով օրագիրը Սեդան ժպտաց. նա իհարկե, հավատում էր, որ դեռ ամեն ինչ առջևում էր, ու ամեն ինչ շատ լավ էր լինելու: «Չլինի թե աղջիկս սիրահարվել է», -հանկարծ մտածեց նա: Այդ մտքից չգիտես ինչու նորից ժպտաց ու ընկավ հասուն աղջիկ ունեցող մայրերին հատուկ երևակայությունների գիրկը:
Հաջորդ օրերի Մարիի գրառումները, սակայն անհանգստացնող էին.
«Դիրիժոր Մինասյանը հայտարարեց, որ ելնելով մրցույթի պատասխանատվությունից, որոշել է, որ նորեկներից (ես, Նելլին ու Անին) միայն մեկը ընդգրկվի հիմնական կազմի մեջ, իսկ թե երբ կհայտարարի, թե ով է այդ բախտավորը՝ մոտ օրերս պարզ կլինի: Է՜հ, դե արի ու դիմացի:
Ես էլ ինձ արդեն երևակայում էի միջազգային մրցույթի բեմին:Ի՜նչ հիմարն եմ...
Անին ու Նելլին վատ չեն նվագում: Ես էլ կարծես հետ չեմ մնում, բայց....օ՜ֆ, չգիտեմ...
Բայց ինչ ուզում է լինի՝ չեմ հանձնվելու:
Լևոնը ճիշտ է ասում՝ չպետք է թերագնահատեմ ինձ ու պետք է հավատամ, որ ամեն ինչ լավ կլինի ...»:
Կարդացածից Սեդան մտահոգվեց: Որեմն ի՞նչ: Մի՞թե աղջիկը կարող էր դուրս մնալ հիմնական կազմից: Գրառման շարունակությունը, սակայն ավելի անհանգստացնող էր.
« Երբեք ինձ երջանիկ ու բախտավոր չեմ համարել: Միշտ անհաջողակի մեկն եմ եղել...
Գիտեմ՝ մորս համար շատ դժվար է եղել մենակ մեծացնել, կրթության տալ ինձ ...ու հիմա էլ ամեն ինչ անում է ինձ համար...ավելին՝ մտածում է, թե ես իրականում ոչ մի բանից դժգոհելու առիթ չունեմ, բայց հարցը դժգոհելու մեջ չի: Ուղղակի երբեմն ձեռքբերածի մեջ դու չես գտնում քո տեղը: Ու թվում է, թե դու ինչ-որ շա՜տ կարևոր օղակից դուրս ես գտնվում...Անընդհատ փորձում ես մտնել այդ օղակի մեջ, օղակի, որը միայն ուրիշներին է թվում, թե դու այդ օղակում ես: Իսկ իրականում՝ այդտեղ «անունով» չեն լինում, այլ պետք է զգաս, որ այդտեղ ես:
Մորս շա՜տ եմ սիրում (ինքն էլ ինձ): Երբեմն էնպես եմ ուզում հետը կիսվել, բայց չեմ կարող. նա ինձ չի հասկանա: Ինձ մնում է միայն փորձել ժպտալ, երբ մայրս նայում է ինձ, ու ուզում է տեսնել, որ իմ մոտ ամեն ինչ կարգին է... Իսկ երբ փորձում ես ինքդ քեզ ստիպել ժպտալ, իրականում շատ դժվար է:
Երբ փոքր էի, հետո ավելի հասուն... շատ է եղել, երբ մտածել եմ, որ զզվում եմ կյանքից: Բայց նաև մտածել եմ, որ իրավունք չունեմ այդպես մտածել. մորս համար դժվար կլիներ դա իմանալ...»:
Գրառումը, թեև շարունակվում էր, բայց Սեդան մի պահ կանգ առավ. «Ճիշտ որ՝ միշտ մտածել եմ, թե աղջիկս կյանքից դժգոհելու առիթ չունի: Աստված եմ, ինչու՞մ եմ թերացել: Մարին ինչու՞ չի հասկանում, որ ինձնից լավ իրեն ոչ ոք չի հասկանա»:
Շարունակում է կարդալ.
« Իրականում մարդուն առաջ գնալու համար շատ բան պետք չէ: Ինքդ քո ուժերի նկատմամբ հավատի մի բարակ թել ուենալու դեպքում էլ բավական է, որ թևեր առնես, պարզես թևերդ ու պատրաստվես թռիչքի: Թռիչք, որը երևակայությամբ պատկերացնում ես, թե ինչպիսին պետք է լինի, ու վստահ ես, որ այն քեզ տանելու է վերև, շա՜տ վերև...
Երբեք չեմ հավատացել, թե իմ մոտ ինչ-որ մի բան ՀԱՍՏԱՏ ստացվելու է, բայց Լևոնի շնորհիվ սկսել եմ հավատալ, որ ինձ մոտ ամեն ինչ դեռ կստացի...ամեն ինչ լավ կլինի»:
Կարդացածից մայրը տեղը չէր գտնում: Որոշեց, ի վերջո, լրջորեն խոսել դստեր հետ: Եվ անհանգիստ քայլելով սկսեց սպասել, թե Մարին երբ էր տուն գալու: Սակայն երբ աղջիկը տուն եկավ, նորից վախեցավ դստեր արձագանքից: Ավելի ճիշտ՝ որոշեց մի քիչ էլ հետևել աղջկա գրառումներին:
Մի օր Մարին դադարեց օրագրում գրառումներ անել: «Չլինի գլխի է ընկել, որ... »,-վախեցած մտածեց Սեդան, բայց մտածելով նաև, որ աղջիկը էդ դեպքում հաստատ չէր լռի, հանգստացավ: Նրա անհանգստությունը, սակայն իր գագաթնակետին հասավ, երբ մի օր Մարին սովորականից շուտ տուն եկավ ու ոչինչ չասելով միանգամից փակվեց սենյակում:
Սեդան փորձեց մտնել դստեր սենյակը: Անօգուտ: Աղջիկը ներսից փակել էր դուռը:
-Մարի՛, խիղճ ունեցի: Մեղք չե՞մ: Ի՞նչ է եղել...
Մարին չէր արձագանքում:
-Ամեն հարցում քո հետ եմ, բալես,-դուռը թակելով (դողացող ձայնով) ասաց Սեդան:
-Դուրս մնացի հիմանական խմբից,-դռան հետևից լսվեց Մարիի ձայնը:
-Բալե՛ս...Մարի ջան...
-Մա՛մ, հանգիստ թող,- Մարին այս անգամ համարյա գոռում էր:
Սեդան այլևս չպնդեց: Եվ աղջկա ձայնից հասկանալով, որ նա լաց է լինում, Սեդայի սիրտը կծկվեց...
Առավոտյան Մարին ինչ-որ նոտաների հաստ տետրը ձեռքին (մոր հարցերին չպատասխանելով) դուրս եկավ տնից: Ինչ-որ վատ բան կանխազգալով Սեդան մտավ դստեր սենյակը ու դարակից հանեց աղջկա օրագիրը: Չգիտես ինչու, բայց զգում էր, որ աղջիկը մի քանի օր չգրելով, երեկ գրել էր: Չէր սխալվում:
« Նելլին ընդգրկվեց հիմնական խմբում: Ճիշտ է, ես ինձ նախապատրաստում էի դրան, բայց չէի պատկերացնում, որ իրականությունը ընդունելը ավելի դժվար կլիներ:
Թարսի բան էր, երբ դիրիժոր Մինասյանը ասաց դա, Լևոնն էլ էդտեղ չէր: Եկա տուն առանց Լևոնին տեսնելու: Երևի արդեն իմացել է... »:
Թեև էջում ահագին տեղ կար, բայց գրառման շարունակությունը Մարին հաջորդ էջից էր գրել:
« Անընդհատ սպասում էի, որ կզանգի, կամ հաղորդագրություն կուղարկի: Ո՛չ զանգեց, ո՛չ հաղորդագրություն ուղարկեց: Իսկ ես սպասում էի...
Թե ի՞նչն էր փոխվելու նրա զանգելուց, կամ հաղորդագրություն գրելուց: Չգիտեմ: Չնայած գիտեմ: Սպասոմ էի նրանից լսել, որ դեռ ամեն ինչ առջևում է, որ դեռ ամեն ինչ լավ կլինի...Կտրված թևերիս նորից աճելու հույս էր ներշնչելու: Չէ՞ որ աշխարհի վերջը չի գալիս, երբ թեկուզ մի լուսավոր կետ կա...
Վերջապես հաղորդագրություն գրեց: Ձեռքերս դողում էին, երբ վերցրեցի հեռախոսս ու պատրաստվում էի կարդալ հաղորդագրությունը: Երանի՜ չկարդայի: « Մարի՛, իմացել եմ արդեն: Պարտադիր էր՝ լաց լինելով հեռանալ: Էդ քո բնավորությամբ երբեք ո՛չ մի բանի չես հասնի: Նոտաներս վաղը կբերես: Եթե ուշացա, Նելլիին կտաս »:
Օրագիրը հաղորդագրության մեջբերված խոսքերով ավարտվում էր:
Սեդան տեղը չէր գտնում: Շարունակ զանգահարում էր Մարիին: Անօգուտ: Անհասանելի էր: «Աստված ջան, մեռնեմ քեզ, բալիս մենակ չթողնես... »,-վատ բան կանխազգացող մայրը աղաչում էր Աստծուն:
Լսվեց տան հեռախոսի ձայնը: Դժկամությամբ մտածելով, որ Անի մորաքույրն էր զանգահարողը (տան հեռախոսին մենակ նա էր զանգում), նյարդայնացած պատասխանեց.
-Ալլո՛, լսում եմ:
-Բարև Ձեզ, ոստիկանությունից է...
Հատված լրահոսից.
« ...ժամը 13:00-ի սահմաններում Կիևյան կամուրջից ինքնասպանություն է գործել 21-ամյա Մարի Սարգսյանը: Հանգամանքները քննվում են...»:
Էջանիշներ