Բաժանորդը ժամանակավորապես անհասանելի է...
Անընդհատ զանգում էի: Համառորեն չէր պատասխանում, բայց շարունակում էի զանգել: Պա՜հ, աղջիկը նեղացել է: Մի քիչ, որ կարողանար հասկանալ... Բարկությունս, սակայն իր գագաթնակետին հասավ, երբ մի կանացի ձայն ազդարարեց. «Բաժանորդը ժամանակավորապես անհասանելի է... »: Փաստորեն, զանգերիցս հոգնեց ու հեռախոսը անջատեց: Պա՜հ, էլ ոնց կլիներ: Ինչի՞ էլ աղջիկ չկար: Մի Սոնայով աղջիկները վերջացա՞ն:
Սոնայի մասին մտքերս վանելով (համենայդեպս՝ փորձում էի)՝ դուրս եկա տնից: Ու չնայած Սոնայի հետ պետք է գնայինք Ծիծեռնակաբերդ ծաղիկներ դնելու, բայց քանի որ Սոնան նեղացել ու անհասանելի էր դարձել, զանգեցի ընկերոջս: Պայմանավորվեցինք Ծիծեռնակաբերդում հանդիպել:
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Ծիծեռնակաբերդում բազմությունը շատ էր: Ու թեև պետք է սպասեի ընկերոջս, բայց անկախ ինձնից խառնվեցի ամբոխին ու հոսքի հետ քայլելով սկսեցի բարձրանալ Ծիծեռնակաբերդ: «Ե՞րբ ենք ամուսնանանլու: Երեք տարի է հանդիպում ենք: Չնայած ի՞նչ եմ ասում...մենք ախր նշանված էլ չենք»,- հիշեցի Սոնայի խոսքերը, որ երեկ վեճի ժամանակ երեսիս շպրտեց: Ամուսնանա՜լ: Չէ՛, էդ աղջիկը չի հասկանում, որ հիմա դեռ շուտ է: Բայց չէ, ոտքը դրել է մի կոշիկի մեջ՝ ամուսնանալ, ամուսնանալ, ամուսնանալ: «Եթե մեր հարաբերություններին լուրջ ընթացք չես տալու, ուրեմն ինձ էլ չզանգես», -տուն ուղեկցելիս ասաց ու հիմա էլ զանգերիս չի պատասխանում: Է՜հ, ինչի՞ առաջին անգամն է: Ինչի՞ Սոնային չգիտեմ: Մի երկու օրից ինքը կզանգի:
Մեկը հետևից հրում էր: Դարձա ու խեթ-խեթ նայեցի:
-Ապե՛, կներես, ինձ էլ հետևից են բրթում,-ծամոնը բերանին ասաց ոմն մեկը: Չպատասխանեցի:
Քայլելիս ամեն ինչի մասին մտածում էի, բայց ոչ եղեռնի զոհերի մասին: Չէ, էդ պահին Սոնայի մասին էլ չէի մտածում: Ուշադրությունս լրիվ ուրիշ կողմ էր թեքվել: Հոսքի հետ առաջ գնալով ուշադրությունս կենտրոնացրել էի շրջապատիս վրա: Օրվան հատուկ մռայլ, ողբերգական մթնոլորտն էի ուզում զգա՞լ: Չգիտեմ: Բայց այնուամենայնիվ, չէի զգում: Հանկարծ ոտքս մի բանի դիպավ: Սայթաքեցի, բայց ընկնելու տեղ չկար. մարդկանցով էի շրջապատված: Կոկա-կոլայի դատարկ շիշ էր: Ավելի ուշադիր սկսեցի շուրջս նայել: Գետնին արևածաղիկի թափված կճեպներ, կոնֆետի ինչ-որ թղթեր տեսա...Ներսումս չգիտեմ ինչ կատարվեց: Զայրույթի նման մի բան զգացի շրջապատիս հանդեպ: Մտքերիցս սթափեցրեց հեռախոսիս զանգը: Ընկերս էր՝ Արսենը: Հրմշտոցի մեջ լարեցի լսողությունս:
-Արա՛մ, ու՞ր ես,-հեռախոսի միջից գոռում էր ընկերս,- ես բարձրանում եմ Ծիծեռնակաբերդ...
-Ես էլ,-պատասխանեցի ու անջատեցի: «Ժամանակ գտար զանգելու»,- չգիտես ինչու նեղվեցի:
Առաջ շարժվող հոսքը ոստիկանների ցուցումներով կանգ էր առել: «Հեչ շնորհք չունեն: Չէին կարող չթափել»,-ինքս ինձ էի ասում, բայց մտքերս ցրիվ եղան, երբ կողքից լսեցի արտասահմանյան երաժշտություն: Թեքվեցի դեպի երաժշտությունը: Կողքիս աղջկա նաուշնիկներից էր գալիս երաժշտության ձայնը: «Ցավի մեջ էլ ենք ժամանակակից դարձել» ,-հեգնանքով մտածեցի ու խեթ-խեթ նայելով աղջկան հայացքս շուռ տվեցի:
Աստիճաններով իջնում էինք:
-Ապե՛, ծաղիկ դնելուց կնկարես,-մեկը ասում էր ընկերոջը:
Հայացքս այս անգամ դարձրեցի խոսողներին ու հիմա էլ խեթ-խեթ նրանց նայեցի, բայց ի՞նչ: Ի՞նչը փոխեցի դրանով:
Ծիծեռնակաբերդից իջնում եմ: Մտածում եմ տարբեր բաների մասին (Սոնային էլ նորից հիշել էի)՝ ինչի՞ են մարդիկ էսպես գալիս Ծիծեռնակաբերդ, ինչի՞ էնպես են իրենց պահում, որ ապրիլի 24 դարձել է ավելի շատ աշխարհին ցուցադրություն ցույց տալու օր: Ու՞ր մնաց մեր հարգանքը մեր իսկ ազգի նկատմամբ: Մեկ-մեկ մտածում եմ, որ էնքան ենք ուրիշներին ինչ-որ մի բան ցույց տալու մոլուցքով տարված, որ կորցրել ենք սեփական ազգային դիմագիծը: Բա էդ աշխարհի չի՞ տենում (տարբեր երկրներից լրագրողներ են գալիս), չի՞ ասում , թե էսպես էլ հարգել կլինի...պարտադիր է Ծիծեռնակաբերդ բարձրանալիս հիշել, որ սոված ու ծարավ ես, նաուշնիկներով երգ ես ուզում լսել: Լավ՝ դա էլ դնենք մի կողմ, բայց չի լինի՞ շրջապատը չկեղտոտել: Երևի չի լինի, որ ամեն տարի նույն պատկերն է, ու ես էլ ամեն տարի զարմանում եմ էնպես, կարծես առաջին անգամ եմ ականատես լինում: Ու ամեն տարի թվում է, թե մարդիկ, դրվող ծաղիկները, վառվող կրակը այնքա՜ն հեռու են 15 զոհերից...
-Արա՛մ,-լսեցի անունս: Ընկերս էր:
Նեղված միացնում եմ համակարգիչը: Ներսումս ինչ-որ մի բան կրծում ու հանգիստ չի տալիս: Օրվա մթնոլորտի՞ց էր: Երևի: Մտա ֆեյս: Ընկերներիս 95% լուսանկարները դարձել էին օրվան հատուկ լուսանկարներ: Բա ստատուսնե՜րը: «Amerikan petq e chanachi... », «Turqer@ petq e patasxan tan... », «kotorechiq, bayc menq kanq u micht klinenq... », «sirts mxktum e... »: «Գոնե լատինատառ մի գրեք»,- չդիմացա ու մի ստատուսի տակ մեկնաբանություն թողեցի:
Շարունակում եմ կարդալ: Լավ է՝ հայերեն տառերով էլ ստատուսներ գտա: Մեկը գրել էր. «Խոր ցավով գնացի Ծիծեռնակաբերդ...Շատ հուզիչ պահ էր ու թող աշխարհ տեսնի, թե հայ ազգը ինչ միասնական է վշտի պահին... »: Չդիմացա: Երկրորդ վայրկյանին գրեցի. «Ճիշտ է, միասնական է: Շա՜տ միասնական է, երբ պետք է թափի, կեղտոտի ու... հայրենասիրությունն էլ միայն համացանցում ստատուսներ գրելով արտահայտի: Իսկ կլինի՞ մի օր, որ ազգովի ամեն հարցում միասնականությամբ գործող ուժ դառնանք... »: Չորս կողմից հարձակվեցին: Չէի հասցնում պատասխանել: Ի վերջո, երբ տեսա, որ պաշտպանվելն անօգուտ է, արդեն «դավաճան» էի հայտարարված, դուրս եկա համացանցից:
Միացրեցի հեռուստացույցը: Ամեն հեռուստալիքներով նույն բանն էին ցույց տալիս. Ծիծեռնակաբերդ չդադարող մարդկանց հոսքը ծաղիկներ էր դնում վառվող կրակին: «Հայ ազգը ևս մի անգամ աշխարհին ապացուցեց, որ միասնակն է իր վշտի մեջ: Դա են վկայում Ծիծեռնակաբերդ բարձրացող մարդկանց հոսքը ու ծաղիկների քանակը...թող աշխարհը տե... »,- անջատեցի հեռուստացույցը:
Ապրիլի 24-ից մի շաբաթ էր անցել: Մենակ բարձրանում եմ Ծիծեռնակաբերդ: Ամեն քայլիս հետ զգում եմ, որ կտրված եմ ամեն ինչից: Մի տեսակ ամեն ինչից փախուստ տված մարդու նման եմ զգում ինձ ...Հեռու , շա՜տ հեռու եմ մնացել իրականությունից: Այն իրականությունից, որը շեղում է ուշադրությունդ, կտրում մտքերիդ թելը ... Ահա կհասնեմ Ծիծեռնակաբերդին, աստիճաններով կիջնեմ, ծաղիկներ կդնեմ վառվող կրակին, հայացքս կհառեմ երկնքին ու կասեմ. «Թող Աստված լուսավորի Ձեր հոգիները... »: Ոչ ոք էլ չի շեղի իմ ուշադրությունը: Միայն ես եմ...Հիշողությանս մեջ կենտրոնանում են եղեռնի մասին կարդացածս գրքերը, վավերագրական ու գեղարվեստական ֆիլմերը...Մորթեցի՜ն, հոշոտեցի՜ն...Հանկարծ հիշում եմ Վանի պաշտպանությունը: Վանը պաշտպանվեց ու զոհերը քիչ եղան...
Հեռախոսիս ձայնը կտրեց մտքերիս թելը: Սոնան էր: Զարմացա: Ա՜խր անհասանելի էր դարձել...Չպատասխանեցի ու հեռախոսս անջատեցի: Չէ՛, վրեժ չէի լուծում. ուղղակի այդ պահին խոսելու տրամադրություն չունեի: Հետո կզանգեմ, երբ իջնեմ Ծիծեռնակաբերդից, բայց ո՛չ հիմա...Իսկ ինքը թող հիմա զանգի ինչքան ուզում է և լսի իմ անհասանելությունը ազդարարող այդ կնոջ ձայնը. «Բաժանորդը ժամանակավորապես անհասանելի է... »:
Հ.Գ. Թույլ ու անմշակ պատմվածք է: Ուղղակի շտապեցի տեղադրել:![]()


Մեջբերել
Էջանիշներ