Աբովյան-Երևան ուղևորափոխադրումներն այս պահի դրությամբ չեն վերականգնվել: NewsBook-ի թղթակցին այս մասին ասաց «Քինգ դե լյուքս» ընկերության տնօրեն Արտակ Եղոյանը:
Նա հավաստիացրեց, որ ուղևորափոխադրումներ չիրականացնելու հրահանգ իրենք ստացել են ոստիկանությունից` դեռ երեկ:
«Այդ պահին ընկերությունում չեմ եղել, չգիտեմ` զանգել, թե եկել-զգուշացրել են: Թե չէ մենք ինչո՞ւ պետք է ուզեինք, որ մեր ավտոբուսները չաշխատեին»,- հարց հնչեցրեց Եղոյանը` հավելելով, որ ոստիկանությունից պատճառաբանել են` Աբովյանից Երևան երթևեկությունը պետք է դադարեցվի անվտանգության նկատառումներով ելնելով:
Հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու համար զրուցեցինք նաև ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ, ով հայտարարեց, որ իրենց կողմից իջեցված հրահանգի մասին խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում:
«Նման բան չի կարող լինել: Ոստիկանությունն ուղևորափոխադրումներով զբաղվում է միայն այն ժամանակ, երբ վարորդները խախտում են երթևեկության կանոնները»,- շեշտեց նա:
Հիշեցնենք, որ մի շարք մարզերից Երևան եկող տրանսպորտային գծերն այսօր առավոտյան չեն շահագործվել:
Էջանիշներ