«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհրդի անդամները այսօր ներկայացնում են իրենց ծրագիրը:

Նախաձեռնության շտաբի ղեկավար Ժիրայր Սէֆիլյանը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են իշխանափոխություն իրականացնել դեկտեմբերի 1-ին: Նա չմանրամասնեց, թե ինչ միջոցներով են հասնելու իշխանափոխության, սակայն իշխանություններին երկու ճանապարհ հուշեց՝ հեռանալ խաղաղ ճանապարհով, կամ՝ ժողովրդի կողմից բռնությամբ:

«Այս անգամ մենք սովորականի նման չենք գնալու Ազատության հրապարակ ու գնանք տուն: Այդ օրն իշխանափոխություն ենք անելու»,- ասաց Ժ. Սէֆիլյանը:

Գարեգին Չուգասզյանը պարզաբանեց, թե ինչո՞ւ է պետք պայքարել սահմանադրական փոփոխությունների դեմ՝ նշելով.

«Ի տարբերություն վերջին մի քանի նախագահական ընտրությունների՝ այժմ հնարավորություն է ընձեռվել մասնատված ընդդիմադիր դաշտի համախմբման համար: Ընդդիմադիր ուժերը, մոռանալով երկպառակությունները, միավորվելու են կարևոր խնդրի շուրջ, այն է՝ երկրում սահմանադրականության հաստատման խնդիրը և իշխանությունը զավթած հանցավոր բանդայի քրեական կառավարումից ազատվելու խնդիրը: Հայտնի է, որ բռնակալական վարչախմբի հակասահմանադրական պայմաններում անգամ լավագույն Սահմանադրությունը ընդամենը թղթի կտորի արժեք ունի: Մեր երկրի հակասահմանադրական վիճակի յուրահատկությունն արտահայտվում է կիսագրագետ և ապիկար ավազակներից բաղկացած Հանրապետական կուսակցության հաստատած մենատիրությամբ»,- ասաց Գ. Չուգասզյանը

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ծրագիրը ներկայացնելիս «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն անդրադարձավ այն հարցին, թե ինչպե՞ս պետք է կառավարել երկիրը մինչև արտահերթ ընտրությունները:

«Մինչև արտահերթ ընտրությունները ձևավորվելու է անցումային կառավարություն՝ ժողովրդի վստահության կառավարություն, որը պետք է կարողանա երկիրը պահել կայուն վիճակում. այստեղ առաջնահերթ է ուժային կառույցների և հատկապես պաշտպանության ոլորտի կայունությունը: Կայունության ընթացքը ենթադրում է, որ որևէ օրենսդրական փոփոխություն չի լինելու», ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Ա. Մարտիրոսյանի հավաստմամբ՝ ժողովրդի վստահության կառավարության երկրորդ հիմնական գործառույթը լինելու է արտահերթ ընտրությունների նախապատրաստումը:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը իրատեսական է համարում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ծրագիրը. «Եթե կարողացանք դիմակայել արտաքին թշնամուն, ապա ներքին թշնամուն դիմակայելը և հաղթանակ տոնելը մեզ համար հասանելի է, ուղղակի մեզ մնում է միայն կազմակերպված հանդես գալ: Մենք կարող ենք մեր նպատակին հասնել միայն անհնազանդությամբ և ընդվզումով: Սերժ Սարգսյանն ո՞վ է. նա մի մարդ է՝ իր վախերով, իր թուլություններով, նաև իր փոքրությամբ: Մենք միայն մի խնդիր ունենք, կազմակերպվելու և ցույց տալու, որ մենք այս փոքրիկ մարդկանցից չենք վախենում», ասաց Զարուհի Փոստանջյանը:

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը նշեց. «Եթե երկիրը հայտնվում է որբի կարգավիճակում, ապա ցանկացած քոչվոր կարող է հավակնել և գալ այդ որբի գլուխը խուզելու: Հենց այս վիճակից դուրս գալու համար էլ ստեղծվել է մեր ճակատը: Ճակատ, որը պետք է ապահովի Հայաստանի ինքնիշխանությունը»:

Նոր Հայաստան» նախաձեռնության համաժողովին ներկա են ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը և ՀԺԿ-ից Ստեփան Մինասյանը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր ելույթում ասաց.

«Ես այսօր ծրագրային ելույթ չեմ ունենալու: Մենք մեր ծրագիրը կհրապարակենք հոկտեմբերի 30-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի ժամանակ: Այստեղ ես եկել եմ մասնակցելու մեկ կարևոր նպատակով: Շատ է խոսվում մամուլում, և կարծես իշխանական քարոզչամեքենայի պրոպագանդիստական գլխավոր մեխը հենց դա է, որով նրանք փորձում են դեմն առնել իրենց հանցավոր ծրագրերի դեմ աճող դիմադրությանը, այն է՝ փորձում են ներկայացնել մեր ժողովրդին, որ իբր չկա որևէ միասնականություն մեր ընդդիմության մեջ, որ իբր ամեն քաղաքական ուժ կամ խմբավորում գնում է առանձին ծրագրերով, և քանի որ չկա այդ միասնությունը, ուրեմն ոչ մի բան ընդդիմությունը չի կարողանալու անել: Սա բացարձակ կեղծիք է: Իրականում այստեղ եկել եմ մեկ նպատակով՝ հայտարարելու, ժողովրդին և հանրությանը տեղեկացնելու և իշխանություններին էլ նույն ուղերձն ուղարկելու, որ իրականում այն ճակատը, որ ձևավորվեց սեպտեմբերի 12-ին՝ միասնական ճակատ է և միասնականորեն իրագործելու է այս ռեժիմի տապալման գործը...», ասաց Զուրաբյանը:

Լևոն Զուրաբյանի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ։
Աղբյուր՝ http://www.news-line.am/am/news/view/17223.html


Նաև ներկայացնեմ, Զուրաբյանի ելույթն ամբողջությամբ.

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ելույթը «Նոր Հայաստանի» համաժողովի ընթացքում.

«Ես այսօր ծրագրային ելույթ չեմ ունենալու: Մենք մեր ծրագիրը կհրապարակենք հոկտեմբերի 30-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի ժամանակ: Այստեղ ես եկել եմ մասնակցելու մեկ կարևոր նպատակով: Շատ է խոսվում մամուլում, և կարծես իշխանական քարոզչամեքենայի պրոպագանդիստական գլխավոր մեխը հենց դա է, որով նրանք փորձում են դեմն առնել իրենց հանցավոր ծրագրերի դեմ աճող դիմադրությանը, այն է՝ փորձում են ներկայացնել մեր ժողովրդին, որ իբր չկա որևէ միասնականություն մեր ընդդիմության մեջ, որ իբր ամեն քաղաքական ուժ կամ խմբավորում գնում է առանձին ծրագրերով, և քանի որ չկա այդ միասնությունը, ուրեմն ոչ մի բան ընդդիմությունը չի կարողանալու անել: Սա բացարձակ կեղծիք է: Իրականում այստեղ եկել եմ մեկ նպատակով՝ հայտարարելու, ժողովրդին և հանրությանը տեղեկացնելու և իշխանություններին էլ նույն ուղերձն ուղարկելու, որ իրականում այն ճակատը, որ ձևավորվեց սեպտեմբերի 12-ին՝ միասնական ճակատ է և միասնականորեն իրագործելու է այս ռեժիմի տապալման գործը:

Մենք ամենակարևոր երկու հարցում միասնական ենք: Առաջին՝ մենք մերժում ենք այս ռեժիմը և ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանից այս ռեժիմը հեռանա, և բացվի ժողովրդավարության դուռը, Հայաստանի զարգացման հեռանկարը, և երկրորդ՝ մենք միասնական ենք սահմանադրական փոփոխությունների մերժման խնդրում: Մենք չենք ընդունում այս սահմանադրական փոփոխությունները մի շարք պատճառներով, բայց ամենակարևոր պատճառն այն է, որ բոլորս էլ հասկանում ենք, թե ինչու համար են արվում այս սահմանադրական փոփոխությունները:
Դրանց միակ նպատակը նույն այդ Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգումն է, հավերժացումը: Հավերժացում բառն, իհարկե, մի քիչ ավելորդ էր: Այս երկու կարևոր նպատակների շուրջ մենք միասնական ենք, և այստեղ բոլորս հաստատում ենք այդ միասնականությունը:

Բայց մենք պետք է նաև ազնիվ լինենք մեր հանրության առջև և ասենք, որ այո՛, կա մի հարց, որում դեռ կա անհամաձայնություն, բայց այն շատ փոքր է՝ այն հարցերի համեմատությամբ, որոնց շուրջ մենք ձեռք ենք բերել համաձայնություն: Դա ընդամենը անհամաձայնություն է քաղաքացիական անհնազանդության կազմակերպման տեխնոլոգիայի շուրջ: Ընդամենը այսքանը: Եվ թող որևէ մեկն ավելի մեծ հակասություններ մեր մեջ չփնտրի:
«Նոր Հայաստանը» ասում է, որ, մեծ հաշվով, այս հանրաքվեն մեծ նշանակություն չունի, և իշխանափոխության հարցը պետք է լուծել անկախ հանրաքվեի գործընթացից: Իշխանափոխության խնդիրը դրվում է հանրաքվեից անկախ:

Այս առումով ես ցանկանում եմ մի բան ասել: Իհարկե, քաղաքացիական անհնազանդություն պետք է կազմակերպել այս ռեժիմի հեռացման նպատակով:

ՀԱԿ-ը՝ որպես հավաքական, ես նկատի ունեմ նաև ՀԺԿ-ին, որովհետև 2008 թվականին միասին ենք հիմնադրել «Հայ ազգային կոնգրես» դաշինքը, եթե ուզում եք՝ միակ քաղաքական ուժն է Հայաստանի նորանկախ պատմության մեջ, որը երկու անգամ ձեռնարկել է զանգվածային քաղաքացիական անհնազանդություն, մի անգամ 2008 թվականի փետրվարի 19-ի ընտրությունների կեղծումից հետո, ինչը ավարտվեց մեծ ողբերգությամբ՝ Մարտի մեկով, բայց ինչ-որ առումով ցույց տվեց այդ քաղաքականության արդյունավետությունը: Իշխանությունը հասկացավ, որ քաղաքական մեթոդներով պարտվում է, դրա համար մարտի 1-ին անցան բռնությունների, կրակոցների, ուժային կառույցների և բանակի կիրառմանը: Սա ցույց տվեց, որ դա աշխատող քաղաքական տեխնոլոգիա էր, որը հասավ իր նպատակին՝ բերեց իշխանությանը հասցրեց մի անկյուն, երբ նա հասկացավ, որ քաղաքական առումով նա պարտված է, մնում է միայն ուժային տարբերակը:

Մյուսը՝ 2011 թվականի սեպտեմբերի 30-ին սկսեցինք շուրջօրյա հանրահավաքների մի ամբողջ գործընթաց: Ցավոք սրտի, այդ գործընթացն ավարտվեց նրանով, որ իշխանությունը բլոկադա մտցրեց, Երևանը բլոկադայի մեջ մտցրեց մարզերից: Առաջին անգամ էինք նման բան տեսնում, որ իշխանությունը սեփական ժողովրդի դեմ կիրառի բլոկադա: Ոստիկանական և տարբեր բռնաճնշումների միջոցով կարողացավ այնպես անել, որ մարզերի ժողովուրդը չկարողանա հասնել Երևան, և այն նպատակները, որ մենք դրել էինք մեր առջև, այսինքն՝ արտահերթ ընտրությունների նպատակը, մենք չկարողացանք իրականացնել: Սակայն այդ ժամանակ նաև դեր խաղաց այն հանգամանքը, որ իշխանափոխության գործընթացը, որ մենք նախաձեռնել էինք 2011 թվականին, չկապվեց որևէ այլ մոբիլիզացիոն գործընթացի հետ: Եվ այս առումով մենք շատ կարևորում ենք հանրաքվեի անցկացումը: Հանրաքվեն իրականում շատ լավ մոբիլիզացիոն գործիք է: Եթե մենք ուզում ենք ժողովրդին ոտքի հանել, ուրեմն հանրաքվեն իշխանությունների կողմից մեզ նվիրված լավագույն գործիքն է, որովհետև դրանով, ըստ էության, իշխանությունը մեկ հարց է դնում՝ Սերժ Սարգսյանը մնալու է, թե չէ: Եթե մենք ժողովրդին կարողանանք հասկացնել, որ այդ հանրաքվեի տապալումը նշանակում է այս իշխանության տապալում, ուրեմն մենք ժողովրդին ոտքի կհանենք:

Ես ուզում եմ ասել, որ հոկտեմբերի 30-ին կհրապարակենք մեր ծրագիրը և տեր կկանգնենք «ոչ»-ի քարոզարշավին: Մեր բանակցությունների ընթացքում մենք հստակ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ որտեղ գալիս ենք միասնության և համաձայնվում ենք իրար հետ, մենք դա միասնաբար անում ենք, իսկ որտեղ կա հակասություն, առանց իրար քննադատելու, կշտամբելու, առանց իրար խանգարելու, ամեն քաղաքական ուժը անում է այն, ինչը ճիշտ է համարում, որովհետև, վերջին հաշվով, մենք մեր գործողություններով, անգամ եթե դրանք ինքնուրույն գործողություններ են, իրար օգնում ենք:

Այո՛, մենք միասնական ենք ռեժիմի հեռացման և այս սահմանադրական փոփոխությունների մերժման գործում, և հաջողություն եմ մաղթում ոչ թե ձեզ, մեզ կամ էլ «Ոչ»-ի ճակատին, այլ մեր ժողովրդին»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Աղբյուր՝ http://www.news-line.am/am/news/view/17226.html