ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ելույթը «Նոր Հայաստանի» համաժողովի ընթացքում.
«Ես այսօր ծրագրային ելույթ չեմ ունենալու: Մենք մեր ծրագիրը կհրապարակենք հոկտեմբերի 30-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի ժամանակ: Այստեղ ես եկել եմ մասնակցելու մեկ կարևոր նպատակով: Շատ է խոսվում մամուլում, և կարծես իշխանական քարոզչամեքենայի պրոպագանդիստական գլխավոր մեխը հենց դա է, որով նրանք փորձում են դեմն առնել իրենց հանցավոր ծրագրերի դեմ աճող դիմադրությանը, այն է՝ փորձում են ներկայացնել մեր ժողովրդին, որ իբր չկա որևէ միասնականություն մեր ընդդիմության մեջ, որ իբր ամեն քաղաքական ուժ կամ խմբավորում գնում է առանձին ծրագրերով, և քանի որ չկա այդ միասնությունը, ուրեմն ոչ մի բան ընդդիմությունը չի կարողանալու անել: Սա բացարձակ կեղծիք է: Իրականում այստեղ եկել եմ մեկ նպատակով՝ հայտարարելու, ժողովրդին և հանրությանը տեղեկացնելու և իշխանություններին էլ նույն ուղերձն ուղարկելու, որ իրականում այն ճակատը, որ ձևավորվեց սեպտեմբերի 12-ին՝ միասնական ճակատ է և միասնականորեն իրագործելու է այս ռեժիմի տապալման գործը:
Մենք ամենակարևոր երկու հարցում միասնական ենք: Առաջին՝ մենք մերժում ենք այս ռեժիմը և ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանից այս ռեժիմը հեռանա, և բացվի ժողովրդավարության դուռը, Հայաստանի զարգացման հեռանկարը, և երկրորդ՝ մենք միասնական ենք սահմանադրական փոփոխությունների մերժման խնդրում: Մենք չենք ընդունում այս սահմանադրական փոփոխությունները մի շարք պատճառներով, բայց ամենակարևոր պատճառն այն է, որ բոլորս էլ հասկանում ենք, թե ինչու համար են արվում այս սահմանադրական փոփոխությունները:
Դրանց միակ նպատակը նույն այդ Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգումն է, հավերժացումը: Հավերժացում բառն, իհարկե, մի քիչ ավելորդ էր: Այս երկու կարևոր նպատակների շուրջ մենք միասնական ենք, և այստեղ բոլորս հաստատում ենք այդ միասնականությունը:
Բայց մենք պետք է նաև ազնիվ լինենք մեր հանրության առջև և ասենք, որ այո՛, կա մի հարց, որում դեռ կա անհամաձայնություն, բայց այն շատ փոքր է՝ այն հարցերի համեմատությամբ, որոնց շուրջ մենք ձեռք ենք բերել համաձայնություն: Դա ընդամենը անհամաձայնություն է քաղաքացիական անհնազանդության կազմակերպման տեխնոլոգիայի շուրջ: Ընդամենը այսքանը: Եվ թող որևէ մեկն ավելի մեծ հակասություններ մեր մեջ չփնտրի:
«Նոր Հայաստանը» ասում է, որ, մեծ հաշվով, այս հանրաքվեն մեծ նշանակություն չունի, և իշխանափոխության հարցը պետք է լուծել անկախ հանրաքվեի գործընթացից: Իշխանափոխության խնդիրը դրվում է հանրաքվեից անկախ:
Այս առումով ես ցանկանում եմ մի բան ասել: Իհարկե, քաղաքացիական անհնազանդություն պետք է կազմակերպել այս ռեժիմի հեռացման նպատակով:
ՀԱԿ-ը՝ որպես հավաքական, ես նկատի ունեմ նաև ՀԺԿ-ին, որովհետև 2008 թվականին միասին ենք հիմնադրել «Հայ ազգային կոնգրես» դաշինքը, եթե ուզում եք՝ միակ քաղաքական ուժն է Հայաստանի նորանկախ պատմության մեջ, որը երկու անգամ ձեռնարկել է զանգվածային քաղաքացիական անհնազանդություն, մի անգամ 2008 թվականի փետրվարի 19-ի ընտրությունների կեղծումից հետո, ինչը ավարտվեց մեծ ողբերգությամբ՝ Մարտի մեկով, բայց ինչ-որ առումով ցույց տվեց այդ քաղաքականության արդյունավետությունը: Իշխանությունը հասկացավ, որ քաղաքական մեթոդներով պարտվում է, դրա համար մարտի 1-ին անցան բռնությունների, կրակոցների, ուժային կառույցների և բանակի կիրառմանը: Սա ցույց տվեց, որ դա աշխատող քաղաքական տեխնոլոգիա էր, որը հասավ իր նպատակին՝ բերեց իշխանությանը հասցրեց մի անկյուն, երբ նա հասկացավ, որ քաղաքական առումով նա պարտված է, մնում է միայն ուժային տարբերակը:
Մյուսը՝ 2011 թվականի սեպտեմբերի 30-ին սկսեցինք շուրջօրյա հանրահավաքների մի ամբողջ գործընթաց: Ցավոք սրտի, այդ գործընթացն ավարտվեց նրանով, որ իշխանությունը բլոկադա մտցրեց, Երևանը բլոկադայի մեջ մտցրեց մարզերից: Առաջին անգամ էինք նման բան տեսնում, որ իշխանությունը սեփական ժողովրդի դեմ կիրառի բլոկադա: Ոստիկանական և տարբեր բռնաճնշումների միջոցով կարողացավ այնպես անել, որ մարզերի ժողովուրդը չկարողանա հասնել Երևան, և այն նպատակները, որ մենք դրել էինք մեր առջև, այսինքն՝ արտահերթ ընտրությունների նպատակը, մենք չկարողացանք իրականացնել: Սակայն այդ ժամանակ նաև դեր խաղաց այն հանգամանքը, որ իշխանափոխության գործընթացը, որ մենք նախաձեռնել էինք 2011 թվականին, չկապվեց որևէ այլ մոբիլիզացիոն գործընթացի հետ: Եվ այս առումով մենք շատ կարևորում ենք հանրաքվեի անցկացումը: Հանրաքվեն իրականում շատ լավ մոբիլիզացիոն գործիք է: Եթե մենք ուզում ենք ժողովրդին ոտքի հանել, ուրեմն հանրաքվեն իշխանությունների կողմից մեզ նվիրված լավագույն գործիքն է, որովհետև դրանով, ըստ էության, իշխանությունը մեկ հարց է դնում՝ Սերժ Սարգսյանը մնալու է, թե չէ: Եթե մենք ժողովրդին կարողանանք հասկացնել, որ այդ հանրաքվեի տապալումը նշանակում է այս իշխանության տապալում, ուրեմն մենք ժողովրդին ոտքի կհանենք:
Ես ուզում եմ ասել, որ հոկտեմբերի 30-ին կհրապարակենք մեր ծրագիրը և տեր կկանգնենք «ոչ»-ի քարոզարշավին: Մեր բանակցությունների ընթացքում մենք հստակ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ որտեղ գալիս ենք միասնության և համաձայնվում ենք իրար հետ, մենք դա միասնաբար անում ենք, իսկ որտեղ կա հակասություն, առանց իրար քննադատելու, կշտամբելու, առանց իրար խանգարելու, ամեն քաղաքական ուժը անում է այն, ինչը ճիշտ է համարում, որովհետև, վերջին հաշվով, մենք մեր գործողություններով, անգամ եթե դրանք ինքնուրույն գործողություններ են, իրար օգնում ենք:
Այո՛, մենք միասնական ենք ռեժիմի հեռացման և այս սահմանադրական փոփոխությունների մերժման գործում, և հաջողություն եմ մաղթում ոչ թե ձեզ, մեզ կամ էլ «Ոչ»-ի ճակատին, այլ մեր ժողովրդին»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Էջանիշներ