Սեպտեմբերի 12-ին «Չե՛ք անցկացնելու» նախաձեռնության անդամները նախատեսել են «Ոչ»-ի ճակատի համաժողով անցկացնել, սակայն, այդ հարցում հանդիպել են մի շարք խնդիրների: Երեւանյան հյուրանոցները հրաժարվել են դահլիճ տրամադրել նրանց: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում պատմեց նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը: Նրա խոսքով, հյուրանոցների մի մասը միանգամից է հրաժարվել դահլիճ տրամադրել՝ ասելով, որ ազատ դահլիճ չունեն, մյուս մասը՝ համաձայնվելուց որոշ ժամանակ անց չեղյալ է արել համաձայնությունը:
Այսպես, նախնական համաձայնությունից հետո հրաժարվել են դահլիճ տրամադրել «Մարիոթ Արմենիա», «Անի Պլազա», «Գոլդեն Թյուլիփ», «Հիլթոն», «Էրէբունի Պլազա», «Հայաթ», «Էլիտ Պլազա», «Երեւան Պլազա» «Օպերա Սյուիտ» հյուրանոցները եւ Մոսկվայի տունը: Ընդ որում, նրանց մի մասը նախաձեռնության անդամներին ասել է, թե պայմանավորվածությունից հետո են «պատահաբար պարզել», որ իրականում մոտակա բոլոր օրերին իրենց դահլիճները զբաղված են լինելու, մի մասն էլ բաց տեքստով ասել են, որ չեն ցանկանում «խնդիրներ» ունենալ, եւ որ իբրեւ թե իրենց մոտ քաղաքական միջոցառումներ չեն անցկացվում:
Ամեն դեպքում, նախաձեռնության համաժողովը կկայանա, որին մասնակցելու են նաեւ Հայ ազգային Կոնգրես, «Ժառանգություն», Հայաստանի ժողովրդական կուսակցությունները, Հիմնադիր խորհրդարանը, տարբեր ՀԿ-ների եւ քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ:
Էջանիշներ